Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանը պատրաստվում է 2011թ. մարդահամարին. տեղի է ունեցել համապետական հանձնաժողովի նիստը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նիստի ժամանակ արձանագրվել է, որ 2010թ. հոկտեմբերի 21-30-ը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի չորս գյուղական համայնքներում անցկացված փորձնական մարդահամարից ակնկալիքները հիմնականում արդարացվել են, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կայացել է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրել է փորձնական մարդահամարի նախապատրաստման և անցակացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները` 2011թ. բուն մարդահամարի գործընթացն իրականացնելիս դրանցից խուսափելու համար: Մասնավորապես նշվել է, որ քաղաքային համայնքում որոշակի դժվարություններ են առաջացել փողոցների անվանացուցակների և շինությունների համարանիշների բացակայության պատճառով, բացի այդ, նկատվել է սխեմատիկ հատակագծերում նշված հասցեների և համայնքի հասցեատնտեսությունների միջև անհամապատասխանություն, ինչը կարգավորելու համար ԱՎԾ-ն ակնկալում է ՏԻՄ-երի աջակցությունը:

 

Գյուղական վայրերում համայնքների կողմից վարվող գրքերում նկատվել են բնակիչների տվյալների անճշտություններ: ԱՎԾ-ն այս խնդրի լուծման հարցում ևս ակնկալում է մարզպետարանների, ՏԻՄ-երի և Ոստիկանության անձնագրային բաժինների աջակցությունը:

Նշվել է, որ խնդիրներ են ծագել նաև հողաչափերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստանալու հարցում: Որոշ տնտեսություններ հրաժարվել են տեղեկություններ տրամադրել տնտեսության սեփականություն հանդիսացող հողաչափերի վերաբերյալ` պատճառաբանելով, թե սեփականաշնորհված հողերից հրաժարվելու պահաջ են ներկայացրել: Նիստում պարզաբանվել է, որ քանի դեռ տվյալ հողատարածքն այլ սեփականատիրոջ անունով չի ձևակերպվել, այն շարունակում է համարվել բնակչի սեփականությունը:

 

Արմեն Գևորգյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել հասցեագրման խնդիրներ ունեցող բնակավայրերի ցանկը, որպեսզի ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կարողանա համայնքների հետ համատեղ սկսել հասցեագրման աշխատանքները:

 

Որոշվել է 2011թ. հունվարի երկրորդ կեսին մարզպետների մասնակցությամբ անցկացնել հատուկ խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն 2011թ. հոկտեմբերի 12-21-ը բուն մարդահամարի գործընթացը համագործակցված կազմակերպելու և փորձնական մարդահամարի ընթացքում ի հայտ եկած խնդիրները համատեղ լուծելուն, ինչպես նաև այդ նպատակով մարզային վարչական հանձնաժողովների ձևավորմանը վերաբերող հարցեր:

 

Քննարկվել են նաև 2011թ. մարդահամարի գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հետ կապված հարցեր: Փոխվարչապետ, մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել 2011թ. բուն մարդահամարի կազմակերպմանը: Մասնավորապես 585 հազ. դոլար է տրամադրել Նորվեգիայի կառավարությունը, 200 հազ. դոլար` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, 100 հազ. դոլար` Համաշխարհային բանկը, 400 հազ. շվեյցարական ֆրանկ` Շվեյցարիայի կառավարության զարգացման և համագործակցության կազմակերպությունը, 12 հազ. եվրո` Իտալիայի կառավարությունը, 100 հազ. դոլարի նյութական աջակցություն` Հնդկաստանի կառավարությունը:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ մինչ այժմ եղած կառուցողական համագործակցությունը կշարունակվի:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ