Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)

Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)

Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ, հրապարակագիր Գարեգին Ամատեանի կենսագրական տուեալներին եւ ընդհանրապէս` իր մասին:

 

Դեռևս 1938թ. իր գիտական, գրական եւ ազգային հասարակական գործունէութեամբ պատուաւոր տեղը գտած է «Հայ  Հանրագիտակ»-ի մէջ, յետագայում` «Պատմութիւն Հայոց Արաբկիրի» գրքում (1969): Իր մասին հանդիպում ենք նաեւ «Արեւ» թերթում,«Յուշարար-Միութիւն» հանդէսում (1982, թ.7, 15), «Առողջապահութիւն» հանդէսում (1988, թ.5): Աւելի ուշ` 2002թ., Երեւանում լոյս տեսած Հ. Մինասեանի «100 հայ հոգեբոյժներ» Ա գրքում եւ այլն:

 

Գարեգին Ամատեանը ծնուել է 1888թ. նոյեմբերի 26-ին, Արեւմտեան Հայաստանի Արաբկիր գաւառի Անջրդի գիւղում, յայտնի մանկավարժ, արձակագիր, ազգագրագէտ, հրապարակախօս Սարգիս Ամատեանի ընտանիքում: Նախնական կրթութիւնը ստացել է Երզնկայում: 1901-1906թթ. սովորել է Կ. Պօլսի Ռ. Պէրպէրեան գիշերօթիկ վարժարանում, իսկ 1906-1908թթ.` Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանում, ապա` Լօզանի համալսարանի բժշկական բաժնում: 

 

Ամատեանը հասակ է առել ու առնականացել Ռուբէն Սեւակի, Վահան Թէքէեանի, Սիամանթոյի եւ Վահրամ Փափազեանի միջավայրում` կրելով դարաշրջանի պարադոքսների եւ «ինչու»- ների ծանրութիւնը:

 

Մեծ Եղեռնից շանթահար ծաւալել է հայրենասիրական բուռն գործունէութիւն: Ֆրանսիական մամուլում մէկը միւսի ետեւից լոյս են տեսել նրա յօդուածները: 1914-1918թթ. աշխատակցել է շվեցարական թերթերին, որտեղ տպագրուել են հայկական մշակոյթի, Մեծ Եղեռնի եւ Հայկական հարցի վերաբերեալ իր յօդուածները: 1910-1917թթ. Լօզանից աշխատակցել է Թիֆլիսի «Մշակ» օրաթերթին:  1918թ. հրատարակել է «Քրիստոնեաների բնաջնջումը Թուրքիայում» վերնագրով գրքույկը, նպատակ ունենալով Մեծ Եղեռնը ծանօթացնել եւրոպացիներին:  

 

1914թ. Լօզանում պաշտպանել է աւարտական թեզ եւ ստացել բժշկագիտութեան դոկտորի տիտղոս: 1914-1919թթ. աշխատել է Համալսարանի հոգեբուժական կլինիկայում որպէս ասիստենտ: Երիտասարդ գիտնականն անցել է շվեցարական եւ ֆրանսիական առաջնակարգ կլինիկական դպրոցներով, ստացել «Շէֆ տը քլինիք»- ի տիտղոս: Կարդացել է դասախօսութիւններ, հրապարակել բազմաթիւ բժշկական յօդուածներ եւ մի գիրք` «Հոգեվերլուծում»: 

 

Գ.Ամատեանը 1919թ. մեկնում է Իզմիր, որտեղ ապրել է մինչեւ 1922թ. մինչեւ Իզմիրի պարպումը: 1922-1928թթ. կրկնակի պաշտօններով նշանակուել է տնօրէն եւ բժիշկ Հ.Բ.Ը.Միութեան Պէյրութի «Քէլէկեան» եւ «Սիսուան» որբանոցներում:

 

1928-1930թթ. աշխատել է որպէս բժիշկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, միաժամանակ լինելով քաղաքի վարժարանների հոգաբարձուների խորհրդի ատենապետը: 1930-1933թթ. ապրել է Փարիզում, աշխատել եւ կատարելագործուել հոգեբուժութեան եւ ներքին հիւանդութիւնների կլինիկաներում, աշխատակցել ՀՕԿ-ին: 1933 թ. ընտանիքով տեղափոխուել է Կահիրէ, աշխատել է որպէս բժիշկ:

 

1948թ. եգիպտահայոց հայրենադարձի երկրորդ կարաւանով Ամատեանը ընտանիքի հետ մեկնում է Երեւան: Քսանմէկ տարի աշխատել է Երեւանի հանրապետական հոգեբուժական կլինիկական հիւանդանոցում, որպէս հոգեբոյժ, թմրաբոյժ, նորաստեղծ թմրաբուժական բաժնի ղեկավար: 1958թ. պատկառելի տարիքում ալեզարդ գիտնականը պաշտպանում է թեկնածուական թեզ, դառնալով առաջին գիտնական թմրաբոյժը հայ իրականութեան մէջ: 

 

Ամատեանը մասնակցել է հանրապետական, միութենական եւ միջազգային գիտաժողովների: Հեղինակ է աւելի քան 400 աշխատանքների,  գրել է նաեւ բանաստեղծութիւններ, որոնք ամփոփուել են «Աշնան երգեր» վերնագրով գրքում: 

 

...Մահից ընդամէնը մէկ ամիս առաջ ստացած իր վերջին գիրքը` «Դարերու ընթացքին թրքացած հայեր, քրդացած հայեր» վերնագրով (Պէյրութ, 1980) մեծ հաճոյք պատճառեց հեղինակին եւ սպեղանի եղաւ իր դառնացած սրտին: 

 

1970թ. Ֆրանսիայում լոյս է տեսել «Եղեռնապատում» գրքոյկը` նուիրուած 1915թ. Մեծ Եղեռնի մէկուկէս միլիոն զոհերի յիշատակին, Եփրատունի ծածկանունով, իսկ 1972թ.` «Բժշկա-առողջապահական զրոյցներ» գիտահանրամատչելի գիրքը` Պէյրութում:

 

Հայրենիքում աշխատել է մինչեւ 1969թ.: Պարգեւատրուել է «Առողջապահութեան գերազանցիկ»-ի նշանով եւ «Աշխատանքի վեթերան» մետալով:

 

Ամատեանի յօդուածները լոյս են տեսել նաեւ նրա մահից յետոյ Արգենտինայի «Սեւան» շաբաթաթերթում, «Նոր Արաբկիր» տեղեկատուի մէջ, Փարիզի «Աշխարհ» շաբաթաթերթում, Պէյրութի «Արարատ» օրաթերթում եւ այլն: Նրա գործերը պահպանւում են Երեւանի Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանում, Հայաստանի պետական արխիւում, Հայաստանի ԱԱ եւ Երեւանի Մխիթար Հերացու անուան ԵՊԲՀ գրադարաններում:

Հեղինակ. Վերժին Մուրադխանեան-Ամատեան,Թորոնթօ, Գանատա
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ