Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, Վլադիմիր Աշոտի Դավիդյանցը

Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, Վլադիմիր Աշոտի Դավիդյանցը

Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ, Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Աշոտի Դավիդյանցը: Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում:

1976թ-ին ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, Վ.Դավիդյանցն աշխատանքային կենսագրությունն սկսեց Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում, աշխատելով սկզբում որպես ավագ լաբորանտ, հետո՝ գիտաշխատող: Այնուհետև, 1985-1989 թվականներին աշխատեց Երևանի սանիտարա-համաճարակային կայանի բաժնի վարիչ, հետո՝ Երևանի գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ: 1989թ-ից աշխատանքի անցավ Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Առողջապահության ազգային ինստիտուտ), 1998թ-ից մինչև օրս ԱԱԻ-ի համաճարակաբանության ամբիոնի վարիչն էր:


Զուգահեռաբար, 1992-1996թթ-ին ՀՀ ԱԱԻ-ի հանրային առողջության ինստիտուտի տնօրենն էր, 1996-1998 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրենը:


1998-2005 թվականներին Վ.Դավիդյանցը նշանակվեց ՀՀ ԱՆ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, այդ թվականներին զգալիորեն զարգացավ համաճարակաբանության ոլորտը՝ համահունչ միջազգային և ԱՀԿ-ի չափանիշներին: Այս ամենին հաջորդեցին Հանրային առողջության հայկական ասոցիացիայի նախագահի, 2005թ-ին՝ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնները:


Վ. Դավիդյանցը 1996թ-ից եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001թ-ից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001թ-ից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002թ-ից՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների անդամ, իսկ 2004թ-ից՝ ՌԴ ԲԳԱ-ի պատվավոր դոկտոր էր:


2013թ-ից առ այսօր պրոֆեսորն աշխատել է ԱՄՆ-ի Պաշտպանության վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում՝ Համագործակցային ներգրավման ծրագրում (DTRA CBEP), որպես մասնագիտական գծով փոխտնօրեն՝ մեծագույն ներդրում ունենալով բժիշկների շարունակական մասնագիտական կրթության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում:


Վ. Դավիդյանցի ջանքերի, այդ թվում, գիտական աշխատանքների շնորհիվ Հայաստանում իրականացվեցին Աղի յոդացման, ինչպես նաև պոլիոմիելիտի և մալարիայի էլիմինացման ծրագրերը:


Մեծանուն գիտնականը եղել է բազմաթիվ ծրագրերի ղեկավար և փորձագետ (ԱՀԿ, ԱՄՆ և Կանադայի միջազգային զարգացման գործակալություններ, Եվրամիություն, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, ԱՄՆ կենսատեխնոլոգիական ծրագիր, տրոպիկական հիվանդությունների ուսումնասիրման ծրագրեր և այլն): Նա հետազոտություններ է իրականացրել ինֆեկցիոն հիվանդությունների, պարազիտար և օպորտունիստական հիվանդությունների համաճարակաբանության աշխարհագրության բնագավառում:


Վ. Դավիդյանցի ղեկավարությամբ գրվել, մշակվել ու հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատություններ, մասնագիտական կրթական նյութեր, գրքեր, որոնք արդյունավետորեն ինտեգրվել են ՀՀ-ի գիտակրթական համակարգում՝ ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:


Նա ինքն ավելի քան 300 գիտական աշխատությունների, այդ թվում՝ մենագրությունների, ձեռնարկների, ատլասների հեղինակ է: Անգնահատելի է Վլադիմիր Դավիդյանցի դերը նաև որպես գիտական խորհրդատու և գիտական աշխատանքների ղեկավար, նրա շնորհիվ գիտության ոլորտում իրենց ճանապարհն են հարթել բազմաթիվ ուսանողներ, պաշտպանվել է շուրջ երկու տասնյակ ատենախոսական աշխատանք։


Մեծ գիտնականի, հասարակական գործչի, ուսուցչի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողություններում:


Առողջապահության ազգային ինստիտուտի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վլադիմիր Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին։

Սկզբնաղբյուր. Առողջապահության ազգային Ինստիտուտ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ