Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր

Մեր պատվիրակությունը Թբիլիսիում. հարցազրույց գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ

Մեր պատվիրակությունը Թբիլիսիում. հարցազրույց գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ

Ուսումնական տարվա առաջին օրերին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց Ամերիկաավստրիական հիմնադրամի, Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի հովանու ներքո «Բժշկական կրթությունը հարավկովկասյան երկրներում» խորագրով սիմպոզիումին:


Այս առիթով է ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պատվիրակության անդամ, Միքայել Նարիմանյանի հետ իմ հարցազրույցը:

 

Առաջին խնդրանքս էր ներկայացնել տպավորություններն այդ սիմպոզիումից:

 

- Նախ նշեմ, որ ԵՊԲՀի պատվիրակությունը սիմպոզիումին մասնակցել է հետևյալ կազմով` Ս. Ավետիսյան` ռեկտորի պաշտոնակատար, Մ. Նարիման յան` գիտական գծով պրոռեկտոր, Ե. Սահակյան` միջազգային կապերի գծով պրոռեկտոր, Ս. Առաքել յան` հանրային առողջության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ա. Պետրոսյան` միջազգային համագործակցության բաժնի ավագ մասնագետ:

 

Սիմպոզիումն ուղղված էր բժշկական կրթության տարբեր փուլերում դասավանդման առանձնահատկություններին: Ֆիլադելֆիայի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Ստեֆան Լյուդվիգը ներկայացրեց մեզ համար շատ հետաքրքիր զեկուցում, որը կոչվում էր «Լավ դասախոս»: Զեկուցման մեջ ներկայացվում էր, թե ինչպիսին պետք է լինի լավ դասախոսն իրենց պատկերացմամբ, ինչ հատկություններով պետք է օժտված լինի այն մարդը, որը դասավանդում է կլինիկական մասնագիտություն ներ: Զեկուցման մեջ խոսվեց դասավանդման ևս մեկ մեթոդի, մի հետաքրքիր երևույթի մասին, որը կոչվում էր «դերային խաղեր»: Այս մեթոդով դասավանդման ընթացքում, բացի սիմուլյատորներից, մուլյաժներից, ֆանտոմներից, օգտագործվում է նաև մարդկային գործոնը: Այսինքն` մասնակիցները «խաղում են» հիվանդության զարգացումը, սրացումը, ողջ ընթացքը: Այս մեթոդով երբեմն հիվանդությունը ներկայացվում է առանց տիպիկ ախտանիշերի, և ուսանողը ինքը պետք է գտնի բացակայող ախտանիշերը սիմուլյացիոն այդ գործընթացում: Քննարկումներում ընդգծվեց մենթորի դերը, այն մարդու, որն ամբողջ կյանքի ընթացքում կարող է դիտվել որպես կլինիկական դասընթացների ղեկավար:

 

Ի դեպ` պրոֆեսոր Ստեֆան Լյուդվիգը 2013 թվականի ապրիլ ամսին կայցելի Երևանի պետական բժշկական համալսարան`ԵՊԲՀի մանկաբուժական կլինիկայի և Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի միջև համագործակցության ծրագրերով:

 

Իսկ չե՞ք կարծում, որ սիմպոզիումի հիմնական նպատակը Անդրկովկասի 3 հանրապետությունների կրթական օջախների, գիտնականների մերձեցո՞ւմն էր: Գլխավոր միտումն այդ չէ՞ր, արդյոք:

  

- Միտումն այդ էր, բայց դա, իհարկե, կլինի փուլա յին գործընթաց` հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ պատճառներ: Բացի դրանից` մենք բոլորս հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր բուհերում իրականացվող կրթական գործընթացները, և դրանց հիման վրա ուրվագծելու համագործակցության նոր հեռանկարներ, նոր կապեր, ինչի ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է:

 

Այդ առթիվ կցանկանայի մեր շնորհակալությունը հայտնել սիմպոզիումի նախաձեռնողներին և կազմակերպիչներին` նշելով, որ այն շատ արդյունավետ էր մեր երկրներում բժշկական կրթության զարգացման համար: Մեր վրացի բարեկամները կիսվեցին իրենց դասավանդման մեթոդներով, ներկայացրին, թե ինչպես են ներդնում ընդհանուր եվրոպական չա փանիշերով OSCE քննությունը, որը համարվում է գործնական ունակությունների գնահատման լավագույն մեթոդ: Նրանք մեզ ծանոթացրին նաև իրենց կլինիկաների հետ, որոնք առանձնանում էին ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը չունի համալսարանական կլինիկաներ` որպես այդպիսիք:

 

Կան հիվանդանոցներ և կլինիկաներ, որտեղ գործում են ամբիոններ, ինչպես մեզ մոտ մի քանի տարի առաջ: Նրանք նշեցին, որ համալսարանական կլինիկա ունենալը մեծ առավելություն է, և այս առումով մենք մի շատ կարևոր քայլով առաջ ենք անցել մեր հարևան երկրից:

 

Ինչ վերաբերում է մեր բուհերի համագործակցությանը, ապա պետք է ասեմ, որ համալսարանների ղեկավարները` Սամվել Ավետիսյանը և Զուրաբ Բա դաչկորիան հանդիպել են մի քանի անգամ, և այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են համագործակցության տարբեր ձևեր: Վրացական կողմը նշեց, որ շատ շնորհակալ է կազմակերպական այն բարձր մակարդակի, այն ջերմ վերաբերմունքի համար, որ ցուցաբերվել է մեզ մոտ վրացի ուսանողներին ամառային դպրոցի ընթացքում թե´ համալսարանի ադմինիստրացիայի և թե´ ուսանողների կողմից:

 


Ելնելով իրավիճակից` երկու խոսք Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների առնչությունների մասին:

 

- Սիպոզիումն անցավ գործնական մթնոլորտում, լսվեցին նաև այս հանրապետության ներկայացուցիչների զեկուցումները, որոնց շուրջ կարծիքներ փոխանակվեցին:

 

Այսպիսով, ինչո՞վ էր արդյունավետ այս սիմպոզիումը մեր երեք հանրապետությունների կրթական ոլորտի համար:

 

- Հստակ կարող եմ ասել, որ Հայաստանի և Վրաս տանի համագործակցության մասին կրթական և գիտական ոլորտներում մենք կարող ենք գտնել երկուստեք հետաքրքրող այն խնդիրները, որոնց լուծման գործընթացում մեր երկու երկրների համագործակցությունը արդյունավետ կլինի: Կարող ենք ստեղծել հետազոտական խմբեր, որոնց գործունեությունը շարունակական կլինի, ինչպես նաև կկարողանանք իրականացնել փորձի և հնարավորությունների փոխանակում: Ես կարծում եմ, որ այդ խնդիրների լուծումները պետք է հիմնվեն ռեալ ինտեգրացիայի վրա, երբ ինտեգրացվում են բազային և կլինիկական կրթությունները:

 

Ինչո՞վ է շահագրգիռ Ամերիկաավստրիական հիմնադրամը Հարավային Կովկասում կրթական և գիտական ոլորտներում կապերի մերձեցման հարցում:


- Ես կարող եմ ասել, որ նրանք շահագրգռված են այստեղ ներդնելու դասավանդման իրենց մեթոդաբանությունը` որպես նորամուծություն և սեփական փորձը տարածելու մեր երկրների կրթական ոլորտում: Նպատակը նաև միջազգային կապերի ամրապնդումն է, մեր հնարավորությունների ներդրումն իրենց կրթական ոլորտում, քանի որ, ես կարծում եմ, նրանք ճիշտ են գնահատում մեր մտավոր ներուժը: Ելնելով այս ամենից` կարող ենք վստահաբար ասել, որ մեր համագործակցությունն ունի փոխադարձ օգտակարություն և արդյունավետություն:

 

Ասացեք, խնդրեմ, այս սիմպոզիումն ունի՞ ին-չոր կապ զալցբուրգյան սեմինարների հետ:

 

- Ունի և շատ անմիջական, քանի որ հենց Ամերիկաավստրիական հիմնադրամն է այդ սեմինարների նախաձեռնողը և կազմակերպիչը: Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգողղեկավար Վոլֆ գանգ Աուլիցկին ներկայացրեց զալցբուրգյան սեմինարների գործընթացի վերաբերյալ տեղեկություններ և հեռանկարային մոտեցումները: Եվ հատկանշական է, որ պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիցկու զեկուցման հիմքում զալցբուրգյան սեմինարներին մասնակցության ակտիվությունն էր, որում մեր համալսարանի ակտիվությունը գերակշռող էր: Պրոֆեսոր Աուլիցկին նշեց, որ 1998 թվականից մինչև այժմ Զալցբուրգի ծրագրերին Երևանի պետական բժշկական համալսարանից և Հայաստանի այլ կլինիկաներից մասնակցել է 682 բժիշկ, դասախոս և կլինիկական օրդինատոր: Այս թիվը կրկնակին է Վրաստանի և Ադրբեջանի մասնակիցների թվի: Նա առաջարկեց պայմանագիր ստորագրել Ավստրիայի բաց բժշկական համալսարանի և ԵՊԲՀ միջև (ներկայումս գործում է հուշագիր): Այդ նպատակով ԵՊԲՀ պատվիրակությունը հրավիրվեց Ավստրիա, իսկ ինքը ցանկություն հայտնեց այցելել Երևան: Պրոֆեսոր Աուլիցկին պատրաստականություն հայտնեց զալցբուրգյան ծրագրերում ներառել նաև հետազոտական աշխատանքները: Նա նաև հայտնեց իր երախտագիտությունը Երևանի պետական բժշկական համալսարանին 2009 թվականին Ավստրիայի Շլոսս Արենբերգ պատմական դղյակի հրդեհից հետո դղյակի վերականգնման համար կազմակերպված բարեգործական միջոցառումների ընթացքում մեծ ֆինանսական հանգանակության համար և նշեց, որ ի նշան երախտագիտության` այդ դղյակի սրահներից մեկը անվանվել է «Հայկական»:

 

Որպես ամփոփիչ խոսք` մեր պատվիրակության տպավորությունն ինչպիսի՞ն էր, ի՞նչ ենք պատրաստվում անել, որպեսզի նման սիմպոզիումների ժամանակ ավելի լավ ներկայանանք, բացի այդ մի քանի խոսք` հետագա գործունեության առնչությամբ կոնկրետ պայմանավորվածությունների մասին:

 

- Ինչպես արդեն նշեցի` Հայաստանի և Վրաստա նի համալսարանների ղեկավարների հանդիպումների ժամանակ քննարկվել են համագործակցության տարբեր ձևեր, ինչպես նաև դրանց իրականացման ժամկետներծ: Մեր պատվիրակության համար մեծ հետաքրքրություն առաջացրեց Վրաստանի վերաբերմունքը իրենց երկրի մարզային առողջապահության նկատմամբ: Նրանք օգտագործում են շատ հետաքրքիր մոդել` ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր միջոցներով կառուցել հիվանդանոց, և տվյալ մարզի բնակչությունը 3 տարի ապահովագրվում է տվյ ալ ընկերությունում, այսինքն` հետագայում ապահովագրական ընկերությունը իր կառուցած հիվանդանոցն աշխատեցնում է որպես սեփական կլինիկա:

 

Եվս մեկ առավելություն` նրանք ունեին բավականին լավ սիմուլիացիոն կենտրոն, սա ինքնին նշանակում է, որ այս կրթօջախում մեծ նշանակություն է տրվում գործնական հմտությունների ձեռքբերմանը մուլյաժների, ֆանտոմների, սիմուլիատորների օգնությամբ, և OSCE քննության ներդրումը նրանց բժշկական կրթական համակարգում խոսում է այն մասին, որ նրանք այս ասպարեզում հասել են նշանակալի հաջողությունների:

 

Ինչ վերաբերում է կոնկրետ պայմանավորվածություններին, ապա համաձայնություն ձեռք բերվեց Եվրամիության կրթական ծրագրերին մասնակցելու պայմաններին համապատասխան անդրկովկասյան բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կազմել կոնսորցիում` TEMPUS ծրագրերին մասնակցելու հայտեր ներկայացնելու համար: Այս գործընթացը հանձնարարվեց իրականացնելու երեք հանրապետությունների պետական բժշկական համալսարանների միջազգային համագործակցության պատասխանատուներին:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵՊԲՀի և ԹՊԲՀի միջև գործող պայմանագիրն ընդլայնել` ներառելով ուսանողների, բժիշկների, դասախոսների փոխանակային ծրագրեր և համատեղ հետազոտական աշխատանքների իրագործում:

 

Սիմպոզիումի ծրագրով այց կազմակերպվեց համալսարանական 2 կլինիկաներ, ինչպես նաև սիմուլիացիոն (գործնական հմտությունների) կենտրոն:

 

Շնորհակալություն հարցազրույցի համար: Այն հնարավորություն տվեց համոզվելու, որ միջոցառումը եղել է արդյ ունավետ և այն ամենը, ինչ մեր պատվիրակության համար համարվել է ընդօրինակման արժանի կկիրառվի նաև մեր կրթական համակարգում

Հեղինակ. Սեդա Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Այս ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը

Գիտական խորհրդի հերթական նիստում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Նարիման յանը ներկայացրեց համալսարանի 2010-12թթ. գիտական գործունեության վերլուծությունը...

Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության
Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության

Հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կա-յացավ «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը...

Ծրագիրը միտված է հոգեբանական ծառայության բարելավմանը
Ծրագիրը միտված է հոգեբանական ծառայության բարելավմանը

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց Fulbright ծրագրի կրթաթոշակառու Ջոն Սարոյանին...

Մեր հարցմանը պատասխանում է ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ Մարինա Հայրապետյանը
Մեր հարցմանը պատասխանում է ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ Մարինա Հայրապետյանը

Ի լրացումն 20.01.2010թ. թիվ 02/01 «Գիտելիքների ստուգման թեստային մեթոդների միասնականության մասին մեթոդական ցուցումների» և ի փոփոխումն ուսումնական գծով պրոռեկտորի 17.10.2011թ. թիվ 02-36/21 շրջաբերականի՝ ամբիոնների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ