Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 1.2012

Ծիտրոն պարտեզայինի եթերայուղի (Saturejae aetheroleum) հիման վրա ստացված քսուքի ազդեցությունը այրվածքային վերքերի ռեգեներացիայի ընթացքի վրա

Բանալի բառեր. ծիտրոն պարտեզային, այրվածքային վերք, վերքամոքիչ ազդեցություն

Մանրէային վարակվածությունը հանդիսանում է այրվածքային վերքի առաջացման ժամանակ նկատվող բարդությունների կարևորագույն պատճառներից մեկը: Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում այնպիսի աէրոբները, ինչպիսիք են Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, Esherichia coli, Klebsiella, Enterococcus, Candida [3]: Հայտնի է նաև, որ այրվածքի դեպքում նվազում է նեյտրոֆիլների ֆագոցիտային և մանրէասպան ակտիվությունները: Այդ պատճառով այրվածքային վերքի բուժման համար կարևոր ուղղություն է հանդիսանում հակամանրէային դեղամիջոցների կիրառումը [8]: Քանի որ այրվածքի դեպքում վերքի մակերևույթի մազանոթների ֆունկցիան խափանված է, ապա համակարգային ազդման հակամարէային դեղերը արդյունավետ չեն ինֆեկցված մասում ազդման համար: Այդ պատճառով նպատակահարմար է տեղային հակամանրէային քսուքների կիրառումը այրվածքային վերքի մակերևույթին: Ներկայումս կիրառվող հակամարէային քսուքներն ունեն մի շարք թերություններ, ինչպիսիք են դրանց նկատմամբ գերզգայունությունը, մանրէների կայունությունը, որը հանդիսանում է նոր, արդյունավետ հակամանրէային դեղերի փնտրման հիմնական պատճառը: Դրա համար հետաքրքրություն են առաջացնում բուսական ծագման բնական հակամանրէային միջոցները [10]: 

 

Մեր կողմից կատարված վաղ հետազոտությունները [2] ցույց են տվել, որ ծիտրոն պարտեզայինի (Satureja hortensis L.) տերևներում պարունակվող եթերայուղն օժտված է հակամանրէային բարձր ակտիվությամբ: Այս տվյալները հիմք հանդիսացան ծիտրոն պարտեզայինի տերևների եթերայուղի հիման վրա ստացված քսուքի արդյունավետության հետազոտության համար այրվածքային վերքի ռեգեներացիայի խթանման ընթացքի վրա: 

 

Նյութը և մեթոդները

 

Քսուքի պատրաստումը: 5 գ. եթերային յուղը մաս-մաս ավելացվել է 45 գ. էմուլսիոն քսուքային SS-4 տեսակի հիմքին՝ անընդհատ խառնման պայմաններում մինչև միասեռ զանգվածի ստացումը: Ստացված քսուքը պահվել է 4-5oC-ում:

 

Վերքամոքիչ ակտիվության հետազոտությունն իրականացվել է 12 սպիտակ արու 180-200 գ քաշով առնետների վրա: Առնետները բաժանվել են 2 խմբի` ստուգիչ և փորձարարական, յուրաքանչյուր խմբում 6-ական առնետ: Թերմիկ այրվածք ստանալու նպատակով օգտագործվել է 4x3 սմ չափի թիթեղ, որով կատարվել է այրվածք առնետների մեջքի հատվածում: Առնետների դեպիլացված մաշկին եթերային նարկոզի պայմաններում հպվել է 200oC տաքացված ուղղանկյուն թիթեղը, ինչի արդյունքում կենդանիները ստացել են 3–րդ աստիճանի այրվածք: Այրվածքի ստացման երկրորդ օրվանից սկսած օրական 2 անգամ այրվածքային վերքի մակերեսը մշակվել է քսուքով փորձարարական խմբում, իսկ ստուգիչ խմբի կենդանիների վերքին քսվել է SS-4 տեսակի քսուքային հիմք: 3, 7, 10, 14-րդ օրերին իրականացվել է մանրէաբանական հետազոտություն և որոշվել է վերքի  pH-ը:

 

Քսուքի վերքամոքիչ ակտիվության որոշումը իրականացվել է վերքային մակերեսի չափսերի փոփոխման գնահատմամբ ստուգիչ և փորձարարական խմբի կենդանիների այրված հատվածներում պլանիմետրիկ եղանակով [5] համակարգչային գրաֆիկական Adobe Photoshop ծրագրի կիրառմամբ [4]:

 

Մանրէաբանական հետազոտության իրականացման համար վերքի մակերևույթից վերցված քսուքը տեղադրվել է ստերիլ մակնիշավորված փորձանոթի մեջ և իրականացվել է մանրէաբանական զննում: Աղիքային խմբի միկրոօրգանիզմների հայտնաբերման համար ցանքս է կատարվել «ագար-էնդո» սննդային միջավայրի վրա, իսկ ոսկեշող ստաֆիլակոկի դեպքում դեղնուցաաղային ագարի վրա:

 

Այրվածքային մակերեսի pH-ը որոշվել է մուլտիթեստ ԻՊԼ-112 (semico) pH-մետրի օգնությամբ:

 

Ստացված տվյալների վիճակագրական մշակումն իրականացվել է Microsoft Excel 2000 [1] ծրագրի օգնությամբ:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Այրվածքային վերքի մակերեսի գնահատմամբ ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել ծիտրոն պարտեզայինի եթերայուղի հիման վրա ստացված քսուքի վերքամոքիչ ակտիվության առկայության մասին: Փորձարարական խմբում 3-րդ օրը վերքային մակերեսը 19%-ով ավելի է փոքրացել ստուգիչ խմբի համեմատությամբ: 7-րդ օրը փորձարարական խմբում վերքային մակերեսը ստուգիչ խմբի համեմատությամբ փոքրացել է 9,9 %-ով,  իսկ 10-րդ և 14-րդ օրերին համապատասխանաբար 23% և 24%-ով: Փորձի ժամանակահատվածի վերջում` 21-րդ օրը, նույն ցուցանիշը կազմել է 7,3 %:

 

 

 Նկ. 1 Այրվածքային վերքի մակերեսի փոփոխությունը ստուգիչ և փորձարարական խմբերում

 

Վերը բերված տվյալները վկայում են, որ ծիտրոն պարտեզայինի եթերայուղի հիման վրա ստացված քսուքի կիրառման պայմաններում վերքի մակերեսը նվազում է ավելի արագ, հատկապես սկզբնական շրջանում, քան ստուգիչ խմբում:

 

Ծիտրոն պարտեզայինի տերևների եթերայուղի հիման վրա ստացված քսուքի վերքամոքիչ ակտիվության մեխանիզմի պարզաբանման համար իրականացվել է հակաբակտերիալ հետազոտություն և վերքի մակերևույթի pH–ի որոշում: 

 

Մանրէաբանական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ երկու խմբում էլ հայտնաբերվել են տարբեր մանրէներ, ինչպիսիք են Esherichia coli, Staphylococcus aureus, Proteus mirabilis, Pseudomonas aeruginosa: Տարբեր ժամանակահատվածներում (3, 7, 10 և 14-րդ օրերին) կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ծիտրոն պարտեզայինի քսուքի կիրառման պայմաններում մի շարք մանրէներ, որոնք առկա են եղել ստուգիչ խմբում, բացակայել են փորձարարական խմբում: Այսպես, 3-րդ օրը ստուգիչ խմբում հայտնաբերվել է Klebsiella-ի ինտենսիվ աճ, որը բացակայում էր փորձարարական խմբում: 7-րդ օրը Esherichia coli-ի աճ չի  նկատվել փորձարարական խմբում, մինչդեռ ստուգիչ խմբում նույն օրը հայտնաբերվել է չափավոր աճ: Proteus mirabilis-ի աճը բացակայել է փորձարարական կենդանիների խմբում 10-րդ և 14-րդ օրերին, մինչդեռ այն հայտ-նաբերվել է ստուգիչ խմբում (Աղյուսակ):

 

Աղյուսակ 

Ծիտրոն պարտեզայինի եթերայուղի հիման վրա ստացված քսուքի ազդեցությունը վերքի միկրոֆլորայի վրա հետազոտության տարբեր օրերին 


Ժամկետ

 

4-րդ օր

7-րդ օր

10-րդ օր

14-րդ օր

 

խումբ

ստուգ.

քսուք

ստուգ.

քսուք

ստուգ.

քսուք

ստուգ.

քսուք

Proteus mirabilis

++

++

++

++

-

-

++

-

Staphylococcus aureus

+

-

+++

+

-

++

+++

++

Esherichia coli

++

++

++

-

++

-

++

-

Klebsiella

+++

-

-

-

-

-

-

-

Pseudomonas aeruginosa

-

++

++

++

++

++

++

++

 Ծանուցում. + - թույլ, ++ -չափավոր, +++- ինտենսիվ աճ

 

Այրվածքային վերքի մակերևույթի վրա չափված pH-ի միջին արժեքները ստուգիչ և փորձարարական խմբում (3, 7, 10 և 14-րդ օրերին) ներկայացված են նկ. 2-ում:

 

 

 Նկ. 2. Վերքային մակերևույթի pH-ի փոփոխությունը ստուգիչ և փորձարարական խմբերում

 

Բերված արդյունքները վկայում են, որ փորձարարական խմբի կենդանիների pH–ը միտում ունի փոքրանալու և 14-րդ օրը փորձարական խմբի pH–ի միջին արժեքը մոտ 0,3 միավորով փոքր է ստուգիչ խմբի pH–ի միջին արժեքից (p‹0,001):

 

Ստացված արդյունքների մեկնաբանման համար նշենք, որ վերքի մակերևույթը լավ միջավայր է հանդիսանում տարբեր մանրէների աճի համար [6], որտեղ նկատվում է մի շարք ֆերմենտների ակտիվության բարձրացում, ինչպիսիք են պրոտեազները, ուրեազները և այլն: Դրանց ակտիվության բարձրացումը վնասակար ազդեցություն է թողնում վերքի ռեգեներացիայի ընթացքի վրա` ընկճելով հյուսվածքների գրանուլացիան և էնդոգեն, կենսաբանորեն ակտիվ սպիտակուցներին, ինչպիսիք են աճի գործոնները, ցիտոկինները, կոլագենը: Հայտնի է նաև, որ վերքի մակերևույթին բնորոշ է ավելի բարձր pH-ի արժեքը, ի համեմատ չվնասված մաշկի, որը բացատրվում է Proteus mirabilis մանրէի բարձր ուրեազային ակտիվությամբ, ինչը բերում է ամոնիակի կուտակման և pH-ի բարձրացման [7, 9]: Այս պատճառով, պրոտեոլիտիկ հավասարակշռության խախտման և վերքի վերականգնման համար մեծ նշանակություն ունի pH-ի կարգավորումը:

 

Քանի որ մեր քսուքի կիրառման ընթացքում հայտնաբերվել է ոչ միայն Proteus mirabilis մանրէների աճի բացակայություն, այլև pH-ի միջին արժեքի իջեցում ստուգիչ խմբի համեմատ, ապա կարելի է եզրակացնել, որ տվյալ քսուքը բարենպաստ ազդեցություն է թողնում վերքի ռեգեներացիայի  ընթացքի վրա:

 

Այսպիսով, փորձի արդյունքում ստացված տվյալները վկայում են ծիտրոն պարտեզայինի եթերայուղի հիման վրա ստացված քսուքի վերքամոքիչ ակտիվության առկայության մասին, որը հիմք է հանդիսանում ստացված քսուկը առաջարկել որպես վերքամոքիչ միջոց այրվածքային վերքերի բուժման համալիր թերապիայում:

 

Գրականություն

 

  1. Лапач С.Н., Чубенко А.В., Бабич П.Н. Статистические методы в медико-биологических исследованиях с использованием Excel. Киев, 2000.
  2. Balasanyan M., Manjikyan A., Gabrielyan S., Melikyan L., Phytochemical analysis and antibacterial, antifungal activities of Satureja hortensis plant, The New Armenian Medical Journal, 2010, volume 4,1, p. 77-78.
  3. Bowler P. G.,  Duerden B. I., Armstrong D. G. Wound Microbiology and Associated Approaches to Wound Management, Clinical Microbiology Reviews, April 2001, vol. 14,2, p. 244-269.
  4. Georgiev TG., Hamburg M. Adobe Systems Inc., 2003, San Jose, CA, USA.
  5. Harvey N. Mayrovitz, Wound Areas by Computerized Planimetry of Digital Images: Accuracy and Reliability,  Advances in Skin & Wound Care: The Journal for Prevention and Healing, May 2009, vol. 22,5, p. 222 – 229.
  6. Joan L. Slonczewski, John W. Foster Microbial Infection of Burn Wounds. Microbiology, second edition, 2010.
  7. Juha Niinikoski, Gunta Grislis, Thomas K. Hunt Respiratory Gas Tensions and Collagen in Infected Wounds. From the Department of Surgery, University of California School of Medicine, San Francisco, 1972.
  8. Kristi L. Frank, José Luis del Pozo and Robin Patel From Clinical Microbiology to Infection Pathogenesis, Clin. Microbiol. Rev., January 2008;21:111-133doi:10.1128/CMR.00036-07
  9. Lars Alexander Schneider, Andreas Korber, Stephan Grabbe and Joachim Dissemond, Influence of pH on wound-healing, Archives of dermatological research, vol., 298, Number 9, 413-420, DOI: 10.1007/s00403-006-0713-x.
  10. Marjorie Murphy Cowan Plant Products as Antimicrobial Agents, Clinical Microbiology Reviews, Oct. 1999, vol.12,4, p. 564-582. 

 

Հեղինակ. Մ.Գ. Բալասանյան*, Ա.Պ. Մանջիկյան*, Բ.Ջ. Ենոքյան*, Դ.Ս. Գրիգորյան** *ԵՊԲՀ Ֆարմացիայի ամբիոն **Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն 0025, Երևան, Կորյունի փ., 2 УДК 615.454.1:615.322 + 617-001.17:616-003.9
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածինների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակությունը

Բանալի բառեր` նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա 

ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկան նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...

Աղիքային անաէրոբ բակտերիաների ուսումնասիրությունը տարբեր հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. միկրոֆլորա, անաէրոբներ, բիֆիդում  բակտերիաներ, բակտերոիդներ, պայմանական ախտածին մանրէներ

Մարդու նորմալ միկրոֆլորան կարևոր դեր է կատարում օրգանիզմի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական տարբեր պրոցեսներում  [2,7] : Նորմալ ֆունկցիոնալ աղիների պայմաններում, նրանք...

Ֆիզիկական զարգացումը որպես առողջական վիճակի կարևոր ցուցանիշ

Բանալի բառեր. ֆիզիկական զարգացում, առողջական վիճակ, երե-խաներ, ուսանողներ, նախա- և զորակոչային տարիքի պատանիներ

Ինչպես հայտնի է, առողջական վիճակի գնահատման կարևոր ցուցանիշներից մեկը ֆիզիկական զարգացումն է [67]: Այն թույլ է տալիս բնութագրել օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ կարգավիճակը, և...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ