Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հոգեբան-հոգեբույժը` ստալինյան բռնությունների զոհ. Գրիգոր Տեր-Հակոբյանի (Գրո) ծննդյան 125-ամյակը

Մեր ոչ շատ հեռավոր անցյալում գիտության, բժշկության, գրականության և արվեստի բնագավառի շատ երևելիներ ունենք, որոնցից ամեն մեկն իր ուրույն հետքն է թողել ընտրած բնագավառում` մի քանի քայլով առաջ մղելով  առաջադիմության, նորարարության գնացքը: Նրանցից շատերին բախտ չվիճակվեց վայելելու արածի քաղցր պտուղները. հորջորջվելով «ժողովրդի թշնամիներ», իրենց մահկանացուն կնքեցին ստալինան ճամբարներում, մի մասն էլ, որ հրաշքով դիմակայեցին անասելի բռնություններին ու կտտանքներին, Ստալինի անփառունակ վախճանից հետո, խրուշչովյան «ձնհալի» տարիներին արդարացվեցին և վերադարձան հայրենիք, սակայն, որքան էլ հետագա տարիներին մեդալներով ու շքանշաններով, կառավարական այլ պարգևներով գնահատվեց նրանց վաստակը, այնուամենայնիվ, մինչև վերջին շունչ, նրանց հոգում մխաց հանիրավի բռնության, անարդարության դառնակսկիծ ծուխը: Վերջիններիս թվին է պատկանում հայ նշանավոր հոգեբույժ, Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի հիմնադիր, հանրապետության վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր, Հայաստանի առողջապահության բնագավառի բժշկական ծառայության ականավոր գործիչ Գրիգոր Տեր-Հակոբյանը, ում ծննդյան 125-ամյակը լրացավ օրերս:

 

Նա ծնվել է 1887 թվականին Նախիջևան քաղաքում, սովորել Երևանի արական գիմնազիայում, այնուհետև, ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Անլեգալ հեղափոխական գործունեության համար 1910-ին Տեր-Հակոբյանը բանտարկվել է, մեկ տարի անց, ազատվելուց հետո, էքստեռն հանձնել ավարտական քննությունները` աշխատանքի հրավիրվելով Մոսկվայի համալսարանին պատկանող նյարդաբանական հիվանդանոցի կլինիկայում` որպես փորձագետ-օրդինատոր: Առաջիկա տարիներին անուն հանած պրաֆեսոր Կ.Սեպայի ղեկավարությամբ ձեռնարկում է «Բավեդովյան հիվանդության էության մասին» դոկտորական ատենախոսության ուսումնասիրությունը, որը, դժբախտաբար, անավարտ է թողնում` հանկարծակի ծանր հիվանդանալու պատճառով:

 

Վերադառնալով Երևան, 1914-ին ստանձնում է նորաբաց հոգեբուժարանի գլխավոր բժշկի պարտականությունները: Հայաստանում խորհրդային կարգերի բռնահաստատումից հետո նրան ժամանակավոր վստահվում է սոցապ ժողկոմի պաշտոնը, իսկ ընդամենը 10 օր անց նշանակվում է Առողջապահության ժողկոմիսարի տեղակալ, 1921-24թթ. հոգեբանական կլինիկայի տնօրենն էր, միաժամանակ գլխավորում էր ԵՊԲԻ-ի հոգեբանության ամբիոնը, դասավանդում դատական հոգեբանության դասընթացը: Մինչև 1937 թվականը գլխավորել է հոգեբանության ամբիոնը: Մեկ տարի առաջ նա հասցրել էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, մեկը մյուսի հետևից հրատարակում էր մալարիայի, շիզոֆրենիայի պիրոդեն թերապիայի, սուլֆազինով շիզոֆրենիան բուժելու վերաբերյալ արժեքավոր  աշխատությունները, երկարամյա տառապանքի արդյունք է նրա «Նյարդաբանական տերմինների բառարանը»:

 

Դժբախտաբար, արդեն 1936-ի վերջերից ստալինյան բռնություններն ու ճամբարային աքսորները լայնորեն «կիրառվում» էին նաև Հայաստանում և դրանցից անմասն չմնաց նաև Գրիգոր Տեր-Հակոբյանը, ում բեղմնավոր բժշկագիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց 1937-ին, երբ կեղծ մատնության հետևանքով, «ինքնախոստովանանքի» արդյունքում նա ճանաչվեց խորհրդային իշխանությունների թշնամի, անհուսալի հեղափոխական տարր և նետվեց ՆԳԺԿ-ի ներքին բանտ: Մինչ մեղադրական ակտը և դատը, նա հեռացվեց ԵՊԲԻ-ի հոգեբանության ամբիոնի վարիչի և զբաղեցրած այլ պաշտոններից:

 

Երկու տարի պահանջվեց, երբ ՆԳԺԿ-ի խոնավ ու մութ նկուղներում կտտանքների ենթարկվող բժիշկ-հոգեբանի նյարդերը տեղի տվեցին և, համարյա անգիտակից, նա ստորագրեց քննիչի ձեռքով գրված մեղադրական արձանագրության տակ: Զավեշտալին այն է, որ զինդատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ «Գրոն 1935-ից եղել է Հայաստանի էսեռների հակախորհրդային անլեգալ կազմակերպության մասնակից` աշխատանք տանելով խորհրդային իշխանության տապալման ուղղությամբ, ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդային կառավարության անդամների դեմ ահաբեկչական ակտեր կազմակերպելու գործին»:

 

Արդյունքում` Անդրկովկասյան ռազմական օկրուգի զինտրիբունալի արտագնա նստաշրջանի Երևանում կայացած փակ դատական նիստը որոշեց Գ.Տեր-Հակոբյանին ազատազրկել, տեղափոխել ուղղիչ աշխատանքային ճամբար` 6 տարի ժամանակով, զրկելով նրան քաղաքացիական իրավունքներից: «Պատիժը» հոգեբույժը կրեց հեռավոր Ղազախստանի Ակմոլինսկ (Ցելինագրադ) և Կարագանդա քաղաքների ճամբարներում:

 

Պատիժը կրելուց հետո նա վերադարձավ հայրենիք, շարունակեց զբաղվել բժշկական գործունեությամբ և միայն 1956-ին նրա վրայից հանվեց «Ժողովրդի թշնամու» խարանը` հանցակազմի բացակայության պատճառով: Նա լիովին արդարացվեց, սակայն մինչև վախճան` 1969-ի հունիսի 11-ն ապրեց բեկված ճակատագրով մարդու կյանքով` այդպես էլ հնարավորություն չունենալով ամբողջությամբ իրականացնելու տասնամյակների հեռվում գծագրած երազանքները, որոնք վերաբերում էին իր ժողովրդի առողջությանը...

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ