Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Արաբական խալիֆայության հայազգի բախտիշու բժիշկների գերդաստան

Արաբական խալիֆայության հայազգի բախտիշու բժիշկների գերդաստան

Արաբական նվաճումների հետևանքով VII-VIII դարերում Արաբական խալիֆայության իշխանության տակ անցան Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Իսպանիան: Մոլեռանդորեն իսլամ դավանելով հանդերձ` այդ կայսրությունում հանդուրժողականություն ցուցաբերվեց օտար ավանդույթների և գիտելիքների նկատմամբ:

 

Հունա-հռոմեական արժեքավոր ձեռագրերը, որոնք քրիստոնեության առաջին տարիներին ոչնչացվում էին, արաբների կողմից խնամքով պահպանվեցին, թարգմանվեցին, հարստացվեցին և դարձան արաբական քաղաքակրթության հիմքը, որի զարգացման գործում իրենց ավանդն ունեցան պարսիկները, ասորիները, իսպանացիները, հրեաները, հայերը, հնդիկները և այլ ազգեր:

 

Արաբական խալիֆայությունում VIII դարից սկսած այլ գիտությունների շարքում արագորեն սկսեց զարգանալ նաև բժշկագիտությունը: 

 

428-431 թթ. Կոստանդնուպոլսի պատրիարք, ազգությամբ ասորի Նեստորը հիմնադրեց քրիստոնեական նոր հոսանք, որը հետագայում կոչվեց նեստորականություն: Այդ աղանդի հետևորդները տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին` ասորիներ, հույներ, հայեր, հրեաներ և այլն: Շուտով նեստորականները, որպես հերետիկոսներ, սկսեցին ենթարկվել հալածանքների և Փոքր Ասիայի Եդեսիա քաղաքից, որտեղ նրանց կրոնական ու գիտական կենտրոնն էր, տեղափոխվեցին Պարսկաստանի Մծբին ու Ջունդիշապուր քաղաքներ, հիմնեցին իրենց աստվածաբանական դպրոցներն ու եկեղեցիները: Շուտով Մծբինը դարձավ նեստորական մշակույթի կարևորագույն կենտրոն, որի աստվածաբանական և բժշկական դպրոցները փոխարինեցին Եդեսիայի դպրոցներին:

 

Հետագա 200 տարիների ընթացքում քրիստոնյա նեստորականները Մծբին և Ջունդիշապուր քաղաքները վերածեցին բժշկական խոշոր կենտրոնների: Արաբական խալիֆայության այդ և մյուս քաղաքներում ծաղկում էին գիտությունն ու արվեստները, գործում էին իմաստության տներ, գրադարաններ, դեղատներ, բժշկական ակադեմիաներ և դրանց կից առողջացման տներ` հիվանդանոցներ: 

 

1980 թ. Մոսկվայում հրատարակված Բժշկական մեծ հանրագիտարանում կարդում ենք.«Հայ բժիշկները, ի շարս հույների և ասորիների, նշանակալի դեր են խաղացել Արաբական խալիֆայության ժողովուրդներին հին հունական բժշկական գրականությանը ծանոթացնելու գործում: Արաբական բժշկության ծագման դարաշրջանի հռչակավոր բժիշկների շարքում էին հայ բժիշկներ Բախտիշուն և Սերապիոնը»

 

Ջուրջուսիբնջիբրայիլիբնբախտիշու  (? - 765)

 

VIII դ. Ջունդիշապուր քաղաքում է ապրել և աշխատել հռչակավոր բժիշկ, քրիստոնյա հայ Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշուն (Գևորգ որդի Գաբրիելի որդի Բախտիշու): Լինելով Ջունդիշապուրի բժշկական դպրոցի ներկայացուցիչ` նա հիմնադրել և ղեկավարել է քրիստոնա-նեստորական ուղղվածության բժշկական դպրոցը: 765 թ. նա բուժում է ծանր հիվանդ խալիֆ Ալ-Մանսուրին, որին մինչ այդ ոչ մի բժիշկ չէր կարողացել բուժել: Եվ, չնայած Ջուրջուս իբն Բախտիշուն քրիստոնյա հայ էր և հրաժարվել էր իսլամ ընդունելուց, խալիֆը նրան նշանակում է մայրաքաղաք Բաղդադի գլխավոր բժիշկ: Ջուրջուս իբն Բախտիշուն բժիշկների Բախտիշու գերդաստանի նահապետն է: Նրա վեց սերունդների ժառանգները 250 տարի շարունակ եղել են խալիֆների արքունական բժիշկներ, մեծ հռչակ են ձեռք բերել և հարգվել բոլոր տիրակալների կողմից: Գեորգի Բախտիշուն VIIIդ. եղել է Իրանի հարավում գտնվող հանրահայտ Ջունդիշապուրյան հիվանդանոցի ղեկավարը: Բախտիշու գերդաստանի անդամներից ոմանք բժշկական աշխատությունների թարգմանիչներ ու հեղինակներ էին և մեծ է եղել նրանց դերը բժշկության զարգացման գործում:

 

Գոնեն` խունայնիբնիսխակալ-իբադի  (800/809-850/873/877)

 

Բժշկական մեծ հանրագիտարանի «Բժշկություն» բառահոդվածի «Բժշկությունը արաբական խալիֆայությունում» ենթավերնագրի տակ կարդում ենք, որ IX-X դդ. բնագիտական և բժշկական գիտելիքների հիմնական կենտրոնները գտնվում էին արաբական խալիֆայության արևելյան տարածքներում: Այդ շրջանի ամենահայտնի բժիշկները գործում էին Բաղդադում, Իրանի տարածքում և Միջին Ասիայում: IX դ. արաբական բժիշկները (Գոնենը, նրա որդի Իսահակ իբն Գոնեն իբն-Իսահակը և ուրիշներ) հիմնականում զբաղվում էին անտիկ և բյուզանդական հեղինակներից թարգմանություններ կատարելով: Բժշկության բուռն զարգացումը հրամայական պահանջ էր առաջացնում հաղորդակցվելու եվրոպական իմաստասերների և բժիշկների աշխատություններին, ուստի որոշ հետազոտողներ կատարում էին թարգմանություններ: Այդ գործում մեծ էր Բաղդադի և Ջունդիշապուրի թարգմանական դպրոցների դերը, որոնց ջանքերով անտիկ հեղինակներ Արիստոտելի, Պտղոմեոսի, Դիոսկորիդեսի, Գաղիանոսի և այլոց աշխատությունները հունարենից ու լատիներենից թարգմանվեցին ասորերենի, ապա` արաբերենի և կազմեցին արաբական գիտական համակարգի հիմքը: Այդ գիտնականներից էր Բախտիշու ընտանիքի զավակ, հռչակավոր բժիշկ, գիտնական և թարգմանիչ Գոնեն իբն Իսահակը: Գիտական, փիլիսոփայական և բժշկական գրքեր հայթայթելու նպատակով նա ճանապարհորդել է Բյուզանդական կայսրությունում, որից հետո իր շուրջը համախմբելով թարգմանիչների, որոնց մեջ էր նաև իր որդի Իսահակը, կատարել են թարգմանություններ: Գոնենի գրչին են պատկանում Արիստոտելի, Արքիմեդի, Գաղիանոսի, Էվկլիդեսի, Հիպոկրատի, Պլատոնի, Սորանոսի, Օրիբասիսի և այլոց աշխատությունների թարգմանությունները: Հիշյալ թարգմանություններից բացի, նա գրել է ավելի քան 100 աշխատություն, որոնցից առավել նշանակալի է ՙԱչքի ախտահարումը՚ տրակտատը, որում ամփոփել է աչքի հիվանդությունների մասին իր փորձը: Այն առաջին ակնաբուժական աշխատությունն է արաբական բժշկության մեջ, որում շարադրված են աչքի անատոմիան, ֆիզիոլոգիան, տեսողության մասին տեսությունը, աչքի հիվանդությունների ընդհանուր ախտաբանությունը և բուժումը: Ըստ Ե. Գրիցակի` արաբական բժիշկների ամենավաղ գրած աշխատությունը ակնաբուժության մեջ մասնագիտացած բժիշկ Գոնենի «Աչքի ախտահարուը» տրակտատն է: Ըստ Լ. Մենյեի, դարաշրջանի ամենանշանավոր դեմքը Գոնենն է եղել: 

 

Իսահակիբնհունայնիբնիսահակ (830-910)

 

Գոնենի որդի Իսահակը ծաղիկ հիվանդության բուժման նպատակով կիրառել է արյուն բաց թողնելու և տաք թրջոցներ դնելու մեթոդները: «Bachtishua-ն այդ հիվանդության ժամանակ ի հայտ եկող մանուշակագույն և սև երանգներով թարախաբշտերը համարել է վատ նշան»: Այստեղ ևս տեսնում ենք, որ Լ. Մենյեն Գոնենի որդի Իսահակին անվանում է նաև Բախտիշու, որը վկայում է, որ ինչպես որդի Իսահակը, այնպես էլ հայր Գոնենը պատկանել են Բախտիշու ընտանիքին, ուստի և շարունակել են մնալ հայ-քրիստոնյա-նեստորական: Հունայն իբն Իսահակը եղել է հռչակավոր բժիշկ և թարգմանիչ: XII-XIII դարերում նրա աշխատությունները ֆրանսիական բժիշկների մոտ մեծ հեղինակություն էին վայելում: 

 

Ջիբրայիլիբնբախտիշու (X դար)

 

Նա եղել է Բախտիշու արքունական բժիշկների տոհմի երրորդ սերնդի ներկայացուցիչը և իր ժամանակի ականավոր բժիշկներից մեկը: Ջիբրայիլ իբն Բախտիշուն երկար տարիներ ղեկավարել է մուսուլմանական աշխարհում մեծ համբավ ունեցող երեք խոշոր հիվանդանոցներից մեկը` Բաղդադի «ալ-Ադուդի» հիվանդանոցը, որտեղ աշխատում էին 24 բժիշկ: Հիվանդանոցը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից, որոնցում եղել են լավ կահավորված ու հարմարավետ բազմաթիվ սենյակներ: 

 

Աբուսայել (X դար)

 

Աբուսայելը Բախտիշու գերդաստանից է, եղել է Ավիցեննայի ուսուցիչներից մեկը: 

 

Բախտիշու բժիշկների հռչակավոր գերդաստանի մասին գրվել են բժշկության պատմությանը վերաբերող բազմաթիվ հայ և օտար աղբյուրներում, մինչդեռ միայն Բժշկական մեծ հանրագիտարանի հեղինակային կոլեկտիվը և Տ. Սորոկինան են նշում նրանց հայ-քրիստոնյա լինելը, որը հեղինակները վերցրել են արաբ գիտնական Ա. Խաիրալլահի 1946 թ. Բեյրութում անգլերեն լեզվով լույս տեսած աշխատությունից: 

Այսպիսով, արաբական խալիֆայության դարաշրջանում Բախտիշու բժիշկների գերդաստանի VIII-XI դդ. ազգությամբ հայ արքունական բժիշկները իրենց կլինիկական, մանկավարժական, տեսական, թարգմանչական ու տերմինաշինական գործունեությամբ հսկայական ավանդ են ներդրել ինչպես արաբական, այնպես էլ համաշխարհային բժշկագիտության զարգացման գործում: Մի բան, որ երկար տարիներ հանիրավի դուրս է մնացել հայ գիտնականների տեսադաշտից: 

Հեղինակ. Հարություն Մինասյան «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ