Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունը` արդի գերխնդիրներից է

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունը` արդի գերխնդիրներից է

Շնչառական վիրուսային սուր հիվանդությունների (ՇՎՍՀ) ժամանակ հակաբիոտիկների անհիմն նշանակումը հակաբիոտիկակայունության ձևավորման վտանգավոր գործոններից մեկն է:

 

Գրիպի և մրսածության ժամանակ հակաբիոտիկների նշանակումն ու կիրառումը լայնորեն տարածված են` չնայած այն հայտնի փաստին, որ վերին շնչուղիների սուր վարակների 95%-ը հրահրվում է ոչ բակտերային հարուցիչներով, ավելի քան 200 տարբեր վիրուսներով: 

 

Այսօր վերին շնչուղիների վիրուսային հիվանդությունների յուրահատուկ բուժում չկա, իսկ վիրուսավարակների ժամանակ հակամանրէային դեղերի նշանակումը չի ազդում դրանց ընթացքի վրա: Այն կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ կա մանրէային բարդությունների զարգացման վտանգ: 

 

Հակաբիոտիկներով ՇՎՍՀ-ի անարդյունավետ բուժումը հանգեցնում է բուժվողների զուր ծախսերի: Ավելին` կարող է նպաստել հակաբիոտիկակայուն մանրէների քանակի աճին և այդ հատկության ամրապնդմանը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՇՎՍՀ-ի դեպքերի մեծամասնությունը «հակաբիոտիկների կարիք չունի»: Սակայն հաճախ բժիշկները ՇՎՍՀ-ի ժամանակ նշանակում են հակաբիոտիկներ, երբեմն` բուժվողների դրդմամբ: Էլ չենք ասում, որ վերջիններս ակտիվորեն, հաճախ` հարկադրված զբաղվում են նաև հակաբիոտիկներով ինքնաբուժմամբ` դրանով վտանգելով հետագայում այդ հակաբիոտիկներով բակտերային վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությանը: 

 

Ահա թե ինչու բժշկական ու դեղագործական ուսումնական հաստատությունների, բուժհիմնարկների, պոլիկլինիկաների, բոլոր օղակների բուժաշխատողները պետք է գիտակցեն հակամանրէային դեղերի նոր դասերի ստեղծման ճգնաժամային իրավիճակը և բուժման ստանդարտ ձեռնարկներ, ուսումնական դասագրքեր ու հիմնական դեղերի ցանկ կազմելիս` կանխավ պատճառաբանված զգուշավորությամբ կատարեն հակաբիոտիկների ընտրություն: 

 

Հակաբիոտիկների պատշաճ նշանակման, դրանց հանդեպ զգայունության որոշման վերահսկման և մանրէակայունության զարգացման դիտարկման նպատակով անհրաժեշտ է իրականացնել բուժհիմնարկի «մանրէակայունության անձնագրի» ստեղծումը: 

 

Հիմնվելով բուժկազմակերպության մանրէաբանական լաբորատորիայում հակաբիոտիկների նկատմամբ մանրէների զգայունության մասին ստացված իրական տվյալների վրա, պետք է յուրաքանչյուր տարի վերանայել վարակիչ հիվանդությունների ուղեցույցներում ներառված հակաբիոտիկների ցանկը` դրանք փոխարինելով առավել արդյունավետ դեղերով: Չպետք է մոռանալ, որ մանրէաբանությունը հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մասին օպերատիվ տեղեկատվության կարևոր օղակն է, իսկ հակաբիոտիկների նշանակումն առանց մանրէների զգայունության որոշման` մանրէակայունության ձևավորման հիմնական գործոններից է: Հակաբիոտիկների նշանակման ժամանակ մանրէների զգայունության որոշումը պետք է առօրյա բնույթ ստանա ինչպես հիվանդանոցում, այնպես էլ պոլիկլինիկայում:

 

Ցավոք` այսօր հակաբիոտիկներ նշանակվում են առանց դրանց հանդեպ մանրէների զգայունությունը որոշելու: Արդի տեխնոլոգիաների միջոցով` մանրէների աճի միջավայրում հակաբիոտիկների հանդեպ դրանց զգայունության հրատապ որոշման մեթոդի ներդրումը բժիշկներին թույլ կտա հակաբիոտիկներն առավել ռացիոնալ ու հիմնավորված ձևով օգտագործել: 

 

Հակաբիոտիկների գնման առևտրային մրցույթներ (տենդերներ) անցկացնելիս հակաբիոտիկի հետ մեկտեղ` անհրաժեշտ է ընդգրկել նաև դրանց նկատմամբ զգայունությունը որոշելու համար բավարար քանակով սկավառակներով և սննդային միջավայրերով մատակարարման մասին պահանջ: 

 

Ինչ վերաբերում է դեղագործներին ու դեղագետներին, ապա այսօր նրանք բուժվողի համար վերջին, սակայն հաճախ նաև` առաջին օղակն են լինում: ԱՊՀ շատ երկրներում կա հակաբիոտիկների դեղատոմսային բացթողման մասին օրենք, բայց մեր իրականության մեջ հակաբիոտիկներն անարգել կարելի է ձեռք բերել նաև առանց դեղատոմսի: 

 

Հետևելով դեղագետների միջազգային դաշնության հանձնարարականներին (ՙՄանրէակայունության քաղաքականության և հսկողության մասին որոշում՚, Վիեննա, 2000թ.)` հակամանրէային դեղերը պետք է որակվեն որպես խստորեն` միայն դեղատոմսով բաց թողնվող դեղեր: 

 

Պետք է նպաստել հակաբիոտիկների բացթողման կարգավորման և հսկողության գործընթացի խթանմանը, երաշխավորել որակյալ, գրանցված հակաբիոտիկների բացթողումը, ամեն կերպ խոչընդոտելով կեղծված դեղերի ի հայտ գալուն: Անհրաժեշտ է բնակչության շրջանում ինքնաբուժման և հակաբիոտիկների անհսկելի կիրառման վտանգի մասին քարոզարշավներ իրականացնել: 

 

Կրթական համակարգում` բժիշկների և դեղագետների դիպլոմային և հետդիպլոմային ուսուցման ծրագրերում անհրաժեշտ է ներդնել ու հատուկ ուշադրության արժանացնել բժշկական պրակտիկայում հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման սկզբունքները և դրանց նկատմամբ մանրէների կայունության զարգացման դեմ ուղղված միջոցառումները. թույլ չտալ դեղագործական ցանցից հակամանրէային դեղերի բացթողումը անասնաբուժության համար և հակառակը: Պետք է դեղագործների ուսուցողական ծրագրերի մեջ ընդգրկել ՙանասնաբուժական դեղատուն՚ բաժինը, բժիշկների, մանրէաբանների և համաճարակաբանների հետ մասնակցել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցին նվիրված համատեղ ուսուցողական ծրագրերին, սեմինարներին և գիտաժողովներին:

 

Բնակչությանը անհրաժեշտ է ակտիվորեն բացատրել հետագա սերունդների համար հակաբիոտիկների պահպանման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Մանրէակայունության կասեցման ազգային կրթական ծրագրերում պետք է ներառվեն բնակչության բոլոր շերտերը` այդ թվում և դպրոցականները: 

 

Հայտնի է, որ գյուղատնտեսության և անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկները սկսեցին կիրառվել դրանց գյուտից անմիջապես հետո: Դրանք լայնորեն կիրառվում էին անասնաբուժության մեջ` որպես կենդանիների շատ հիվանդությունների բուժամիջոց: Սակայն հակաբիոտիկներն անասնաբուծության մեջ կիրառվում են նաև որպես գյուղատնտեսական մի շարք կենդանիների ու թռչունների աճի խթանիչ: Ապացուցված է, որ կերի մեջ փոքր քանակի հակաբիոտիկներ ավելացնելիս նախ նկատվում է տարբեր հիվանդությունների հետևանքով անասունների անկման զգալի կրճատում և կենդանիների ու թռչունների աճի ու զարգացման արագացում, որն իր հերթին նպաստում է կերի ծախսերի 5-10%-ով կրճատմանը: 

 

Որպես անասունների կերի հավելում կիրառվող հակաբիոտիկների ոչ մեծ խտությունները բացասաբար չեն ազդում օրգանիզմի և արտադրանքի որակի վրա: Անասունների աճի վրա հակաբիոտիկների փոքր խտությունների ազդեցության հարցերին են նվիրված բազմաթիվ հետազոտություններ: Սակայն այդ նյութերի խթանիչ ազդեցության մեխանիզմը լիովին պարզաբանված չէ: Հենց նման կենդանիներն էլ կարող են արտադրել հակաբիոտիկների նկատմամբ անընկալունակ մանրէներ: Արդյունքում դրանք կարող են թափանցել սպասարկող անձնակազմի օրգանիզմ (օրինակ` ձեռքերի քերծվածքների դեպքում) կամ շրջակա միջավայր, որտեղից մարդը կարող է վարակվել այդ բազմակայունությամբ օժտված մանրէներով: 

 

Հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, անասնաբուժարաններում և անասնակեր պատրաստելիս հակաբիոտիկների չմտածված ու անհսկելի կիրառումը հանգեցրել է մանրէների կայունացման նոր աղբյուրների ծագման: Հակամանրէային դեղերի զգույշ, արդարացված կիրառումը միանգամայն անհրաժեշտ է ոչ միայն մարդու, այլ նաև կենդանիների բուժման ժամանակ, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության մեջ:

 

2000թ. ԱՀԿ-ն իրականացրեց հետազոտություններ, որոնք հաստատեցին անասնաբուծության մեջ հակաբիոտիկների կիրառման բացասական ազդեցությունը, և խորհուրդ տրվեց դադարեցնել կամ կտրուկ պակասեցնել այդ ոլորտում աճի այն խթանիչների օգտագործումը, որոնք կարող են կիրառվել մարդու բուժման համար: Նաև առաջարկվեց ստեղծել գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների շրջանառությունը հսկող խիստ համակարգ: 2006թ. Եվրամիությունը հայտարարեց անասնաբուծության մեջ հակաբիոտիկների կիրառումից հրաժարվելու մասին` չարգելելով դրանք որպես դեղեր անասնաբուժության մեջ օգտագործումը: Պետական մակարդակով այս արգելքը քաղաքական որոշում է: Եվրամիության ղեկավարությունը հակաբիոտիկների հասցրած վնասը համարում է հիվանդացության ու մահացության բարձրացմամբ պայմանավորված այնպիսի քաղաքական սպառնալիք, որը գերազանցում է այդ դեղերի կիրառման առևտրային շահը: Սակայն գործնականում աճի խթանիչներից հնարավոր չեղավ հրաժարվել: 

 

Անհրաժեշտ է իրավիճակի հավաստի վերլուծություն կատարել և գյուղատնտեսության ու անասնաբուժության մասնագետներին բերել հակաբիոտիկների անհսկելի կիրառումից ծագող վտանգը գիտակցելուն: Դրա արդյունքում պետք է գյուղատնտեսության ու անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկների կիրառման ակտիվ դիտարկում իրականացնել, ամրապնդելով գյուղատնտեսության և անասնաբուժության մեջ հակաբիոտիկների կիրառման օրենսդրությունը: 

 

Շրջակա միջավայրում հակաբիոտիկների անհսկելի տարածումը նույնպես հանգեցնում է դրանց հանդեպ մանրէային, կայուն նոր շտամների գոյացմանը: Այս մեղքի մեծ բաժինը ընկնում է դեղագործական արդյունաբերության վրա: Այսօր դեղերի զգալի մասն արտադրվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում` առաջին հերթին Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ քիչ ուշադրություն է հատկացվում շրջակա միջավայրի պահպանմանը:

 

Մեծ խնդիր է նաև դեղերի ոչնչացումը, որը շատ երկրներում կատարվում է անպատշաճ ձևերով, կամ ընդհանրապես այն չի կատարվում և դեղերը հայտնվում են շրջակա միջավայրում: Ուստի անհրաժեշտ է նաև նման էկոլոգիական խնդիրներ լուծել: 

 

Այս համատարած երևույթ դարձած բարդ խնդրի լուծման հարցում շատ կարևոր է առողջապահության, գյուղատնտեսության և արտաքին միջավայրի նախարարությունների հետ սերտ համագործակցությունը, նաև լրատվամիջոցների աջակցությունը` տարբեր երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման հիմնահարցերը լուսաբանելու, ազգային ու տեղական մակարդակներով պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար: 

 

Ակնհայտ է, որ մանրէների կայունությունը հակամանրէային դեղերի նկատմամբ բազմաշերտ, բարդ խնդիր է ու դրան դիմակայելու և սահմանափակելու համար անհրաժեշտ են բազում, ընդհանուր համաձայնեցված ջանքեր ազգային և համաշխարհային մակարդակով:

 

Սկիզբը` հանդեսի 2011 թ. N 4-ում

Հեղինակ. Անահիտ Այվազյան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ