Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 4.2010

Աղիքային դիսբակտերիոզի ուսումնասիրությունը տարբեր հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. աղիքային դիսբակտերիոզ, միկրոֆլորա, էնտերոբակտերիա, կանդիդամիկոզ, աղիքային ցուպիկ

 

Դիսբակտերիոզը աղիքային նորմալ միկրոֆլորայի որակական և քանակական փոփոխությունն է, որը կարող է օրգանիզմում առաջացնել մի շարք ախտաբանական վիճակներ [3,9]:Աղիքային նորմալ միկրոֆլորան կարևոր դեր է խաղում օրգանիզմի կենսագործունեության տարբեր պրոցեսներում` վիտամինների, ֆերմենտների սինթեզ, իմունային համակարգի հաստատուն վիճակի պահպանում, անտագոնիստական հատկությունների դրսևորում ախտածին մանրէների նկատմամբ և այլն [1,2,8]:

 Բակտերիաների տարածվածությունը աղեստամոքսային համակարգի տարբեր հատվածներում շատ անհավասարաչափ է, յուրաքանչյուր հատված ունի իրեն բնորոշ հարաբերական կայուն միկրոֆլորան: Աղիքային միկրոֆլորայի տեսակային և քանակական կազմը առավել բազմազան և հարուստ է հաստ աղիներում [5,6,10]: Չոր կղանքի ավելի քան 30%-ը կազմում են մանրէները [9]: Տարբեր հեղինակների տվյալներով գործնականորեն առողջ հասուն մարդկանց մոտ 1գ. կղանքում գտնվում են 7-40 մլդ. մանրէներ [8,9]: 

 Ըստ Լ.Գ. Պերետցի` կղանքի հետ արտազատված մանրէների միայն 0,5% է գտնվում կենդանի վիճակում և հայտնաբերվում մանրէաբանական ցանքսի ժամանակ [8]: Բազմաթիվ հեղինակների տվյալներով հաստ աղիների միկրոֆլորայի մեջ անաէրոբ բակտերիաները կազմում են ընդհանուր  բակտերիաների թվի 90%-ը, իսկ ֆակուլտատիվ անաէրոբները 5%-ը [4,7,11]: Նորմալ միկրոֆլորայի որակական և քանակական կազմը կարող է փոփոխվել կապված տարիքի, սննդի, սեզոնի, սոմատիկ և վարակիչ հիվանդությունների, բուժական տարբեր դեղամիջոցների օգտագործման  հետ [3,6,10]:

 Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել աղիքային նորմալ միկրոֆլորայի փոփոխությունները կապված տարբեր հիվանդությունների հետ:

 

Նյութը և մեթոդները

 

Մանրէաբանական  հետազոտության է ենթարկվել 481 անձանց կղանքը, որոնց հիվանդության նկարագրում նշված էին տարբեր հիվանդություններ: Հետազոտվածներից 112-ը հիվանդացել էին աղիքային սուր վարակիչ հիվանդություններով, 165-ը տառապում էին աղեստամոքսային համակարգի սոմատիկ հիվանդություններով, 103-ը լյարդի և լեղուղիների հիվանդություններով, 67-ի մոտ կային արտահայտված ալերգիկ երևույթներ և 34-ի մոտ նորագոյացություններ:

 Աշխատանքի ժամանակ օգտագործվել են հետազոտության մանրադիտակային, մանրէաբանական, շճաբանական, կենսաքիմիական, գենետիկական մեթոդներ:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Հետազոտված հիվանդներից դիսբակտերիոզ է հայտնաբերվել 177-ի մոտ  (36,8±2,2%) : Ընդ որում հայտնաբերվել են դիսբակտերիոզի տարբեր ձևեր` կանդիդամիկոզային` 59 հիվանդի մոտ( 33,3±3,5%),  պրոտեուսային` 44-ի (24,9 ±3,2%) , պայմանական ախտածին մանրէների տարբեր  ձևերով (Enterobacter, Klebsiella, Arizona) պայմանավորված` 38-ի (21,5±3,1%), աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևերով պայմանավորված` 36 հիվանդի մոտ (20,3±3,0%) : Պետք է նկատի ունենալ, որ դիսբակտերիոզի բոլոր ձևերի ժամանակ դիտվել է  Bifidum  բակտերիաների քանակի նվազում:

 Վարակիչ հիվանդություններով հիվանդացածների մոտ դիսբակտերիոզ է հայտնաբերվել 37 դեպքում (33,0±4,4%): Այս խմբի 12  հիվանդների մոտ (32,4±7,7%)  հայտնաբերվել է կանդիդամիկոզային, 10-ի մոտ (27,0±7,2%) պրոտեուսային, 8-ի մոտ (21,6±6,7%) պայմանական ախտածին մանրէների տարբեր ձևերով պայմանավորված և 7-ի մոտ (18,9±6,4%)   աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևերով պայմանավորված դիսբակտերիոզ:

 Աղեստամոքսային համակարգի սոմատիկ հիվանդություններով տառապողների մոտ դիսբակտերիոզ է հայտնաբերվել 59 դեպքում (35,7±3,7%): Հայտնաբերված դեպքերը եղել են` 20-ի մոտ (33,8±6,1%) կանդիդամիկոզային, 16-ի մոտ  (27,1±5,7%) պրոտեուսային, 12-ի մոտ  (20,3±5,2%) պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված և 11-ի մոտ  (18,5±5,0%) աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևերով պայմանավորված: 

 Լյարդի և լեղուղիների հիվանդություններով տառապողների մոտ դիսբակտերիոզ է հայտնաբերվել 37 դեպքում (35,9±4,7%)` կանդիդամիկոզային դիզբակտերիոզ 12-ի մոտ (32,4±7,7%) պրոտեուսային 7-ի (18,9±6,4%), պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված 7-ի  (18,9±6,4%), աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևերով պայմանավորված 11-ի մոտ  (29,7±7,5%):

 Ալերգիկ երևույթներով հիվանդներից դիսբակտերիոզ է հայտնաբերվել 30 դեպքում (44,8±6,1%): Ընդ որում կանդիդամիկոզային դիսբակտերիոզ է հայտնաբերվել 10-ի մոտ (33,3±8,6%), պրոտեուսային 8-ի (26,6±8,0%), պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված 7-ի (23,3±7,7%)  և աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևերով պայմանավորված 5-ի  (16,7±6,8%)  մոտ:

 Նորագոյացություններով տառապողների մոտ դիսբակտերիոզ է հայտնաբերվել 14 դեպքում ( 41,1±8,4%)` 5  հիվանդի մոտ ( 35,7±12,8%)  կանդիդամիկոզային, 3 հիվանդի մոտ (21,4±10,8%) պրոտեուսային, 4-ի մոտ (28,6±12,1%)  պայմանական ախտածին  էնտերոբակտերիաներով պայմանավորված  և  2-ի մոտ  (14,2±9,3%) աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևերով պայմանավորված:

 

Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, բոլոր ստուգված խմբերի հիվանդների մոտ  բավական բարձր տոկոսով   (33,0±4,4%-ից  մինչև 44,8±6,1%)  հայտնաբերվել է  դիսբակտերիոզ:

 

Դիսբակտերիոզի տարբեր  ձևերից ավելի հաճախ հայտնաբերվել է կանդիդամիկոզային (33,3±3,5%) և պրոտեուսային (27,7±3,4%) դիսբակտերիոզը:

 

Գրականություն

 

  1. Бондаренко В.М., Учайкин В.Ф., Мурашова А.О., Абрамов Н.А. Дисбиоз. Современные возможности профилактики и лечения М., 1995.
  2. Бухарин О.В. Экология микроорганизмов человека. Екатеринбург, 2006.
  3. Дорофейчук В.Г., Лекомцева Г.А. Дисбактериоз кишечника у детей в период новорожденности и его последствия . Педиатрия, 1982, 1, с. 72-79.
  4. Ефимов Б.А., Смеянов В.В. Нормальная микрофлора  кишечника, дисбактериозы и их лечение. Методические разработки. М., 1994.
  5. Иванова Е.В., Перунова Н.Б., Валышев А.В. и др. Видовая характеристика и факторы персистенции бифидофлоры кишечника в норме и при дисбиозах. Журн. микробиол., 2009, 2, с. 89-93.
  6. Катаева Д.В., Степанова К.Б., Степанова Т.Ф. и др. Возрастные особенности дисбиоза толстой кишки. Журн. микробиол., 2010,1, с. 76-80.
  7. Красноголовец В.Н. Дисбиоз кишечника, М.,1989.
  8. Перетц Л.Г. Значение нормальной микрофлоры для организма человека. М., 1955.
  9. Петровская В.Г. Марко О.П. Микрофлора кишечника в норме и в патологии. М., 1976.
  10. Таболина В.А. Бельмер С.В., Гасилина Т.В., Мухина Ю.Г., Корнева Т.И. Рациональная терапия дисбактериоза кишечника у детей. Методические рекомендации. М., 1996.
  11. Gavini F.,Cayuela C., Antoine I.M. et al. Differences in the distribution of bifidobacterial and enterobacterial species in human fecal microflora of three different   (children, adults,elderly) age groups.  Microb. Ecol. Health  Dis., 2001, 13 (1 ), 40-45.

Հեղինակ. Ն. Մ. Հարությունյան, Ա.Ա. Լալայան, Կ.Գ. Շաքարյան Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի քաղառբաժնի N12 պոլիկլինիկա 0060 Երևան, Խուդյակովի փ. 1 УДК 616.981.47
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 4.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ռիթմիկ և առիթմիկ ընթացքով պարզ տեսաշարժիչ ռեակցիաների ցուցանիշների համեմատական վերլուծությունը

Բանալի բառեր. ռեֆլեքսամետրիկ թեստ, ռիթմիկ և առիթմիկ ընթացք, տեսաշարժիչ ռեակցիաներ, գաղտնի շրջան, փոփոխականություն, ռեակցիայի արագություն,  ֆունկցիոնալ վիճակ, կոռելյացիոն ...

Ադհեզիվության գործոնների և հեմոլիտիկ ակտիվության հայտնաբերումը Proteus mirabilis-ի և Proteus vulgaris-ի շտամների մոտ

Բանալի բառեր.  ադհեզիններ, հեմոլիտիկ ակտիվություն, Proteus mirabilis, Proteus vulgaris: 

Ախտածնության գործոնների (ադգհեզիններ և հեմոլիզիններ) ուսումնասիրությունը Enterobacteriaceae ընտանիքի ներկայացուցիչների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ