Հայաստանի բժշկագիտություն 4.2010
Ռիթմիկ և առիթմիկ ընթացքով պարզ տեսաշարժիչ ռեակցիաների ցուցանիշների համեմատական վերլուծությունը
Բանալի բառեր. ռեֆլեքսամետրիկ թեստ, ռիթմիկ և առիթմիկ ընթացք, տեսաշարժիչ ռեակցիաներ, գաղտնի շրջան, փոփոխականություն, ռեակցիայի արագություն, ֆունկցիոնալ վիճակ, կոռելյացիոն և ռեգրեսիոն վերլուծություն
Պարզ տեսաշարժիչ ռեակցիաների (ՏՇՌ) ցուցանիշների դինամիկայի ուսումնասիրության մեթոդը լայնորեն կիրառվում է հոգեֆիզիոլոգիական հետազոտություններում կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ֆունկցիոնալ վիճակը (ՖՎ) գնահատելու նպատակով:
Հայտնի են բազմաթիվ հետազոտություններ, որտեղ ՖՎ-ը որոշվում է պարզ, սենսոր ազդակների ներկայացմամբ պատասխան ռեակցիաների գաղտնի շրջանի տևողության և դրանց դինամիկայի [4, 8, 9]: Որոշ հեղինակներ ընդգծում են, որ ռեակցիայի ժամանակը արտահայտում է գլխուղեղի ընթացիկ ՖՎ, բնութագրելով նյարդային շղթաներով դրդման տարածման արագությունը [6,7]: Մեր հետազոտություններում ՖՎ գնահատման ստանդարտ ցուցանիշներից բացի, ուսումնասիրվում են այդ ցուցանիշների ժամանակային փոփոխականությունները և դիտարկվում են դրանց հարաբերակցությունները: Հարկ է նշել, որ փոփոխականությունը, որն արտացոլում է մարդու ներքին վիճակի անվերահսկելի տատանումները, որպես բնութագրող ցուցանիշ մինչ այժմ կիրառված չէ և կարող է հանդիսանալ ՖՎ գնահատման հուսալի և ինֆորմատիվ չափանիշ:
Աշխատանքի նպատակն է հանդիսացել համեմատական վերլուծության ենթարկել տեսողական ազդակների ռիթմիկ և առիթմիկ ներկայացմամբ պարզ ՏՇՌ ցուցանիշների դինամիկան, ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները սեռային և անհատական-տիպային հատկանիշներով առանձնացված խմբերի մոտ:
Նյութը և մեթոդները
Հետազոտություններին մասնակցել են 17-19 տարեկան, գործնականորեն առողջ 163 ուսանողներ և ուսանողուհիներ: Յուրաքանչյուր մասնակից հեազոտվել է մեկ անգամ, պարապունքներից հետո, օրվա միևնույն ժամին (ժամը 14oo–16oo): Նախապես բոլոր ուսանողներին առաջադրվել է Այզենկի հարցաթերթիկը [11], որի միջոցով գնահատվել է նրանց էքստրա-ինտրավերտությունը և նեյրոտիզմի մակարդակը: Գլխուղեղի ՖՎ որոշելու համար կիրառվել է հայտնի «Պարզ տեսաշարժիչ ռեակցիաների ժամանակը» [6,7] ռեֆլեքսամետրիկ թեստի համակարգչային մոդիֆիկացիան, որն ընդգրկված է լաբորատորիայում հատուկ մշակաված համակարգչային համակարգում [2]: Թեստում ազդակ է հանդիսացել էկրանի կապույտ ֆոնի վրա որոշակի ինտերվալով հայտնվող դեղին գույնի քառակուսին (3x3 սմ. չափսի): Թեստն անցկացվել է երկու տարբերակով` տեսողական ազդակների ռիթմիկ (առաջին տարբերակ) և առիթմիկ (երկրորդ տարբերակ) ներկայացմամբ: Ռիթմիկ տարբերակում ազդակները տրվել են 1 վրկ ինտերվալով, քանակը կազմել է 128, թեստի տևողությունը` 3 րոպե, պատասխան ռեակցիայի ժամանակային լիմիտը սահմանվել է 100 մվրկ: Երկրորդ տարբերակի դեպքում ազդակները ներկայացվել են պատատահական (առիթմիկ) հաջորդականությամբ, 1-3վրկ ինտերվալով, ազդակների քանակը` 256, տևողությունը` 12.5 րոպե, ժամանակային լիմիտը` 100-300 մվրկ: Սահմանված ժամանակային լիմիտից շուտ և ուշ ֆիքսած ռեակցիաները ծրագրի կողմից խոտանվել են, սակայն այդպիսի պատասխանների քանակով դատել են հետազոտվողների գերդրդվածության (IRIR) և պարոքսիզմալ արգելակման (INHB) մասին: Համակարգչային ծրագիրը թեստի ավարտից հետո` ռեակցիաների ժամանակի դինամիկ շարքի ինտերվալոգրամի հիման վրա տվել է ՏՇՌ ժամանակի բաշխման հիստոգրամը, ըստ որի հաշվարկվել են ստանդարտ ցուցանիշներ, ինչպիսիք են տեսաշարժիչ ռեակցիաների գաղտնի շրջանները (M), միջին արժեքի ստանդարտ շեղումը (SD), վարիացիայի գործակիցը (CV%), թեստի կատարման ընթացքում հոգնածության մակարդակը բնութագրող ցուցանիշը (DYN): Որոշվել է նեյրոդինամիկ գործընթացների ռեակտիվության մակարդակը (NPR), դրդողականության գործընթացի տոնուսը (TEP), ԿՆՀ ֆունկցիոնալ հնարավորությունները (FSNS) և հաշվարկվել է ինտեգրալ ցուցանիշ` ԿՆՀ ֆունկցիոնալ վիճակի ինդեքսը (IFS): Ստացված ցուցանիշների հարաբերակցությունը ուսումնասիրվել է նկարագրական վիճակագրության, կոռելյացիոն և ռեգրեսիոն վերլուծության մեթոդներով: Արդյունքների արժանահավատությունը որոշվել է ըստ Ստյուդենտի t չափանիշի:
Արդյունքները և դրանց քննարկումը
Ռեֆլեքսամետրիկ թեստի երկու տարբերակները, չնայած արտաքին նմանությանը, էապես տարբերվել են միմյանցից ինչպես իրենց բարդության աստիճանով, այնպես էլ ըստ ֆիզիոլոգիական առանձնահատկությունների: Առաջին տարբերակում որոշվել է մշակվող ժամանակային ստերիոտիպի պայմաններում ի պատասխան ռիթմիկ ներկայացված տեսողական ազդակների համապատասխան արագությամբ և ճշտությամբ շարժողական ռեակցիա ցուցաբերելու հետազոտվողների ունակությունը (ռիթմի յուրացում): Երկրոդի դեպքում որոշվել է մոնոտոն-երկարատև, մեծ լարում և ուշադրություն պահանջող աշխատանքի պայմաններում տեսաշարժիչ ռեակցիաների արագության դինամիկան:
Երկու տարբերակների ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ տեսողական ազդակների ռիթմիկ ներկայացման դեպքում M-ը 17%-ով (p‹ 0.001), փոքր է պատահական ներկայացմամբ թեստի համապատասխան ցուցանիշից (Աղյուսակ): Առաջին տարբերակում երկրորդի համեմատությամբ վարիացիայի – CV և գերդրդվածության – IRIR ցուցանիշները 18% և 43% (p< 0.001) համապատասխանաբար, բարձր են: Հոգնածության մակարդակը բնութագրող ցուցանիշը – DYN 26% (p< 0.001) փոքր է երկրորդ տարբերակի համապատասխան ցուցանիշից: Երկու տարբերակներում դիտարկված մյուս ցուցանիշների` NPR, TEP, FSNS, IFS միջև էական և արժանահավատ տարբերություններ չեն արձանագրվել:
Ռիթմիկ ընթացքով թեստի դեպքում հետազոտվածները, ի տարբերություն առիթմիկ ներկայացման, կարողացել են ցուցաբերել պատասխան ռեակցիայի համարժեք արագություն և ճշտություն առաջադրված ռիթմը յուրացնելու համար, սակայն դա կատարել են բավականին լարված վիճակում, ինչի մասին են վկայում CV և IRIR ցուցանիշների բարձր արժեքները: Միևնույն ժամանակ, առաջին տարբերակում DYN-ցուցանիշի նվազ արտահայտվածությունը երկրորդի համեմատությամբ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամաքով, որ թեստը երկարատև չի եղել և երիտասարդ տարիքի հետազոտվողների մոտ հոգնածություն չի առաջացրել:
Հայտնի են աշխատանքներ, որտեղ տեսողական ազդակներն ռիթմիկ և պատահական հաջորդականությամբ ներկայացնելու դեպքում պատասխան ռեակցիայի ժամանակը ավելի փոքր է ռիթմիկ ընթացքով թեստում, ինչն ըստ հեղինակների տեսակետի, կապված է սպասվող ազդակի հավանական կանխատեսման հետ [10]: Մեր կարծիքով առաջին տարբերակում դրսևորված գաղտնի շրջանի փոքր արժեքները պայմանավորված են նաև այդ հանգամանքով:
Պարզաբանվել են տարբեր ցուցանիշների միջև նկատվող կոռելյացիոն և գծային ռեգրեսիոն կապերի առանձնահատկությունները: Ներթեստային կոռելյացիոն վերլուծությունը ցույց տվեց, որ գաղտնի շրջանի և փոփոխականության ցուցանիշների միջև առկա են արտահայտված դրական կապեր. առաջին տարբերակում կոռելյացիայի գործակիցը` r =0.57, երկրորդում r =0.66: Ավելի ցայտուն բացասական կապ է հայտնաբերվում M և FSNS (r = -072) և M և IFS (r = -0.73) ցուցանիշների միջև: Համանման կոռելյացիա է նկատվում SD և IFS ցուցանիշների միջև (r = -056), որոնց ռեգրեսիոն վերլուծության սկատերոգրամը պատկերված է նկ. 1-ում:
Աղյուսակ
Տեսողական ազդակների ռիթմիկ (Ա: և առիթմիկ (Բ: ներկայացմամբ ընթացող ռեֆլեքսամետրիկ թեստի երկու տարբերակներում գրանցված տեսա-շարժիչ ռեակցիաների հիմնական ցուցանիշները բոլոր հետազոտվածների մոտ և առանձնացված խմբերում (M±σ):
Ծանուցում. Հապավումների բացատրությունները նայել տեքստում; n – հետազոտվածների քանակը; p- խմբերի միջև արժանահավատությունը ըստ Ստյուդենտի t-չափանիշի
(*** - p< 0.001, ** - p < 0.01, * - p < 0.05 համապատասխանաբար):
Նկ. 1 Տեսողական ազդակների ռիթմիկ ներկայացմամբ տարբերակի ցուցանիշների փոխկապվածության սկատերոգրամը ըստ ԿՆՀ ֆունկցիոնալ վիճակի ինդեքսի (IFS) և ռեակցիայի ժամանակի փոփոխականության (SD) տվյալների: Սկատերոգրամներում տրենդները համապատասխանում են գծային ռեգրեսիայի հավասարումներին: Կետագծերով արտահայտված են վերլուծվող ցուցանիշների ռեգրեսիոն կապվածության 95% արժանահավատ ինտերվալները:
Տրենդի վայրընթաց ուղղվածությունը վկայում է ցուցանիշների միջև բացասական կապի մասին: ԿՆՀ ֆունկցիոնալ վիճակի ինդեքսի և փոփոխականության միջև ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տարբերակներում նկատվում է լավ արտահայտված բացասական կապվածություն:
Ինչպես նշվեց, առիթմիկ ընթացքով տարբերակում ռիթմիկի համեմատությամբ, զգալիորեն մեծ է ռեակցիայի ժամանակը և նկատում ենք, որ ավելի բարձր է փոփոխականության ցուցանիշը, որն արտահայտվել է դրական կոռելյացիայի համեմատաբար բարձր գործակցով: Ռիթմիկի դեպքում գաղտնի շրջանի տևողությունը փոքր է և դրան համապատասխան փոքր է փոփոխականության ցուցանիշը և կոռելյացիայի գործակիցը: Ուստի, պատասխան ռեակցիայի ժամանակի փոքր արժեքները դրսևորվում են փոփոխականության նվազ արտահայտվածությամբ, ֆունկցիոնալ հնարավորությունների բարձր մակարդակով, որով և բնութագրվում է թեստային խնդիրների կատարման հաջողվածությունը և արդյունավետությունը: Հարկ է նշել, որ մեր կողմից ուսումնասիրված մեկ այլ հոգեբանական գործընթացի` վերբալ կարճատև հիշողության արդյունավետության և նրա փոփոխականության միջև բացահայտվել է նմանատիպ օրինաչափություն [1]:
Հետևաբար, տեսաշարժիչ ռեակցիաների ժամանակը և փոփոխականությունը սերտ կոռելյացիայի մեջ են գտնվում ուղեղի ֆունկցիոնալ հնարավորությունների հետ, արտահայտում են ուղեղային գործընթացների կարգավորիչ համակարգերի ընթացիկ վիճակը:
Հայտնի է, որ սեռային տարբերությունները դրսևորվում են մարդու օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաներում` սոմատովեգետատիվ համակարգից մինչև նրա բարձրագույն նայրդային գործունեությունը: Միևնույն ժամանակ հոգեֆիզիոլոգիական գործընթացներում սեռային դիֆերենցիացիայի հարցը անբավարար է ուսումնասիրված, ուստի ներկայումս գույություն ունեցող պատկերացումները ավելի շուտ կրում են վարկածային բնույթ, քան հանդիսանում են գիտական տեսություն:
Սեռային և անհատական-տիպային հատկանիշներով առանձնացված խմբերի միջխմբային համեմատությունը ցույց տվեց, որ առաջին տարբերակում ուսանողները ՏՇՌ գաղտնի շրջանի մեծությամբ գերազանցում են ուսանողուհիներին (16.2%-ով, p< 0.001 արժանահահավատությամբ): Հայտնի են աշխատանքներ, որտեղ նշվում է միջսեռային տարբերությունների փաստը ռեակցիայի արագության առումով, ընդգծվում է ռեակցիայի արագության ցուցանիշով տղաների առավելությունը աղջիկների նկատմամբ [6], որը և հաստատվում է մեր հետազոտությունում: Էքստրա-ինտրավերտերի խմբերում գաղտնի շրջանի արժեքների միջև տարբերությունները չնչին են և արժանահավատ բնույթ չեն կրում: Ազդակների առիթմիկ ներկայացման դեպքում ևս ուսանող-ուսանողուհիների խմբերում նկատվում է ուսանողների արժանահավատ առավելությունն ուսանողուհիների նկատմամբ (7.5% -ով, p<0.01): DYN ցուցանիշի միջխմբային վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչպես երկարատև, մոնոտոն, այնպես էլ լարված աշխատանքի կատարման ընթացքում ուսանողների հոգնածության ցուցանիշը նշանակալիորեն և արժանահավատ փոքր է ուսանողուհիների համապատասխան ցուցանիշից: Ամենայն հավանականությամբ, ուսանողները համեմատաբար լավ արդյունքի են հասնում նվազագույն էներգետիկ ծախսերի հաշվին:
Էքստրա-ինտերավերտերի խմբերում ազդակների ռիթմիկ ներկայացմամբ տարբերակում էական տարբերություններ չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ երկարատև, մոնոտոն աշխատանքի պայմաններում նկատվում են ինտրավերտերի հոգնածության ցուցանիշի համեմատաբար փոքր արժեքներ, ինչը հավանաբար պայմանավորված է վերջիններիս անհատական առանձնահատկություններվ: Հայտնի է, որ ինտրավերտերը էքստրավերտերի համեմատությամբ, ավելի դիմացկուն են երկարատև, մոնոտոն աշխատանքի նկատմամբ, այդպիսի պայմաններում նրանց ՖՎ բարձր մակարդակը կարող է համեմատաբար երկար ժամանակ պահպանվել [3]:
Ուսումնասիրված մյուս ցուցանիշները – NPR; TEP; FSNS և IFS գրանցված ռիթմիկ և առիթմիկ ընթացքով ռեֆլեքսամետրիկ երկու թեստերում պատկերված են նկ.2-ում:
Նկ. 2. Ռեֆլեքսամետրիկ թեստերում ստացված մի շարք ցուցանիշների միջխմբային առանձնահատկություններն արտահայտող դիագրամ: Նշանակումներ. A – տեսողական ազդակների ռիթմիկ և B – առիթմիկ ընթացքով թեստերի համապատասխան ցուցանիշներ: M-ուսանողներ, W-ուսանողուհիներ. Հապավումների բացատրությունները նայել տեքստում:
Ռեֆլեքսամետրիկ առաջին թեստում ուսանողները գերազանցել են ուսանողուհիներին նյարդային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների մակարդակով (10.8%-ով, p< 0.01) և համեմատաբար բարձր ֆունկցիոնալ վիճակով (5.9%-ով, p< 0.01): Ազդակների պատահական ներկայացման դեպքում բացի FSNS և IFS ցուցանիշների արժանահավատ տարբերություններից, ուսանողների մոտ ուսանողուհիների համեմատությամբ նկատվում է դրդողականության արտահայտված առավելություն: Էքստրա-ինտրավերտերտերի միջև ըստ վերը նշված ցուցանիշների, երկու տեստերի արդյունքներում էլ տարբերություններ չեն արձանագրվել:
Այսպիսով պարզ դարձավ, որ
- տեսողական ազդակների առիթմիկ ներկայացման դեպքում ռիթմիկի համեմատությամբ, զգալիորեն մեծ է պատասխան ռեակցիաների գաղտնի շրջանը:
- ուսանողների մոտ, ուսանողուհիների համեմատությամբ, դիտվել է պատասխան ռեակցիների մեծ արագություն;
- բացահայտվում է արտահայտված դրական կոռելյացիա պատասխան ռեակցիաների գաղտնի շրջանի և նրա փոփոխականության ցուցանիշների միջև:
- պատասխան ռեակցիաների գաղտնի շրջանների փոփոխականության ցուցանիշները ենթադրաբար կարող են հանդիսանալ գլխուղեղի ընթացիկ ֆունկցիոնալ վիճակի փոփոխման չափորոշիչներ:
Գրականություն
- Թադևոսյան Ն.Է., Գևորգյան է.Գ., Վահանյան Լ.Գ., Թադևոսյան Ի.Գ., Կոստանյան է.Գ., Մալոյան Վ.Հ., Հայրապետյան Ն.Ա. Վերբալ կարճատև հիշողության ցուցանիշների ուսումնասիրությունը ուղեղի ֆունկցիոնալ վիճակի գնահատման համար: ՙՀայաստանի բժշկագիտություն՚, ՀՀ ԳԱԱ, 2010, հ. L, 2, էջ 109-117:
- Геворкян Э.Г. Создание методов компьютерной диагностики общего функционального состояния организма. В сб.: Современные аспекты радиационной медицины. Ереван, 1995, с. 8-11.
- Григорян В.Г., Агабабян А.Р. ЭЭГ – показатели функционального состояния оператора при длительной монотонной работе на компьютере. Журн. ВНД, 1999, т. 49, 2, с. 220-226.
- Зайцев А.В., Скорик Ю.А. Математическое описание распределения времени сенсомоторных реакций. Физиология человека, 2002, т.28, 4, с. 123-126.
- Лебедева И.С., Изнак А.Ф., Сулейман Х.С. Межполовые различия во взаимосвязи ЭЭГ и параметров зависимости времени реакции от интенсивности звука. Научный центр психического здоровья РАМН. М., 1994, с. 5-15.
- Лоскутова Т.Д. Оценка функционального состояния центральной нервной системы человека по параметрам простой двигательной реакции. Физиол. журн. СССР,1975, т. 61, 1, с. 6 – 11.
- Лоскутова Т.Д. Время реакции как психофизиологический метод оценки функционального состояния центральной нервной системы. В кн.: Нейрофизиологические исследования в экспертизе трудоспособности. Л., 1978, с. 165-194.
- Минх А.А. Общая гигиена. М., 1997.
- Попова Т.В., Корюкова Ю.И., Маркко Д.А. Центральные механизмы утомления при локальной мышечной деятельности статистического характера. Физиология человека, 2007, т. 33, 4, с. 95 - 101.
- Фейнгенберг И.М. Быстрота моторной реакции и вероятностное прогнозирование. Физиология человека, 2008, т. 34, 5, с. 51-61, с. 95 - 101.
- Eysenk H. J. The biological basis of personality. Springfield, 1967.

Կարդացեք նաև
Բանալի բառեր. ադհեզիններ, հեմոլիտիկ ակտիվություն, Proteus mirabilis, Proteus vulgaris:
Ախտածնության գործոնների (ադգհեզիններ և հեմոլիզիններ) ուսումնասիրությունը Enterobacteriaceae ընտանիքի ներկայացուցիչների...

Բանալի բառեր. աղիքային դիսբակտերիոզ, միկրոֆլորա, էնտերոբակտերիա,...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն