Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղագործական շուկան Հայաստանում

ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ

ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ

Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:


–   Այսօր  հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների դասակարգումը ըստ դուրսգրման ձևի` առանց դեղատոմսի, դեղատոմսով, հոգեմետ դեղատոմսով… Դեղամիջոցների այս շատ կարևոր բաժանումը մեզ մոտ սկսվում և ավարտվում է գրանցամատյաններում, մինչդեռ արտերկրներում դասակարգումը խստորեն պահպանվում է մինչև յուրաքանչյուր դեղատան առաջին սեղան։ Հայաստանում  ինչո՞ւ ի սկզբանե դա տեղի չունեցավ, կային լուրջ պատճառնե՞ր, թե՞` ընդամենը անհետևողականություն։


–   Իսկապես, համաձայն եմ Ձեզ հետ: Ի տարբերություն մի շարք այլ երկրների, մեր երկրում վերջնականորեն չձևավորվեց և չկայացավ դեղատոմսային համակարգը այնպես, ինչպես պետք է: Նոր հեծանիվ հայտնաբերել պետք չէ. այս ամենը կարգավորված է ՀՀ օրենսդրությամբ, որտեղ հստակ գրված է, որ գոյություն ունեն դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղեր: Ինչպես նշեցիք, այս ամենն ամրագրված է օրենքում, բայց լիարժեք չի գործում: Ինչու՞` հստակ ասել չեմ կարող, քանի որ պատճառները շատ են, մեղավորներ գտնելն էլ` ամենահեշտն է: 


Պատճառներից է, օրինակ, տրամադրվող դեղատոմսերի որոշակի ստանդարտների չհամապատասխանելը, որտեղ պետք է անպայման նշվեն բժշկի տվյալները, հիվանդության մասին որոշ տեղեկություններ։ Այսօր բժիշկները գրառումներն անում են որևէ ընկերության կողմից տրամադրված նոթատետրի թղթերի վրա, այլ ոչ բուժհաստատության կողմից կնիքով հաստատված դեղատոմսի։ Ցանկացած դեղամիջոց` բացի ապացուցված արդյունավետությունից, ունի նաև կողմնակի ազդեցություններ, և միայն բժիշկը կարող է որոշել` որ հիվանդին ինչ չափաբաժնով և ինչ դեղամիջոց է պետք, իսկ այդ մասին տեղեկությունը պացիենտին պետք է փոխանցվի դեղատոմսով:    


Խնդրի պատճառներից է նաև չհամակարգված աշխատանքը: Հիվանդը դիմում է առաջնային օղակի բժիշկներին, որոնք աշխատում են ծանրաբեռնված` անկետաների լրացմամբ ու փաստաթղթերի ձևակերպմամբ, սահմանափակելով բուն խորհրդատվության կամ բուժում նշանակելու հիվանդներին տրամադրվող ժամանակահատվածը։ Եթե դրան գումարվի դեղատոմսի պատշաճ կերպով լրացումը, առհասարակ հիվանդի հետ շփվելու ժամանակ չի մնա: Մյուս պատճառը. հիվանդն ընդհանրապես չի դիմում բժշկի, այլ ընտրում է ինքնաբուժման ճանապարհը: 


Խնդիրը որոշ չափով հնարավոր կլինի լուծել դեղատներում, եթե դեղագործներն այցելուից դեղամիջոցը գնելու դիմաց պահանջեն համապատասխան դեղատոմս։


–   Այս իրավիճակը` կապված դեղատոմսով դեղամիջոցների անվերահսկելի օգտագործմանը, ըստ Ձեզ, բերո՞ւմ է ակնառու առողջական խնդիրների։


–   Իհարկե: Գուցե դեղն առանց դեղատոմսի ձեռք բերելու անմիջական վնասն ակնհայտ չլինի, բայց այն, որ հիվանդը չի դիմում բժշկի և չի ստանում մասնագիտացված դեղորայքային բուժում, արդեն մեծ վնաս է: Այսօր ցանկացած դեղատնից կարելի է ձեռք բերել այնպիսի տարածված և մեծ կարևորություն ունեցող դեղամիջոցներ, ինչպիսիք են, օրինակ, սիրտ-անոթային համակարգի բուժմանն ուղղված դեղամիջոցները: Ճիշտ է, դեղագետը փորձում է օգնել հիվանդին` առաջարկելով արդյունավետ և լայն տարածում ունեցող դեղամիջոց, բայց հաշվի չի առնվում մի կարևոր խնդիր. գուցե այդ հիվանդին այդ դեղամիջոցը հակացուցված է, ավելի մեծ կամ փոքր դեղաչափ է անհրաժեշտ: Արդյունքում հիվանդը ստանում է ոչ ադեքվատ բուժում:


Հատկանշական է ազգային մտածելակերպով պայմանավորված խնդիրը. ցավոք, մեր հասարակությունը չունի սեփական առողջությանը լուրջ վերաբերվելու մշակույթ: Վերջին տասնամյակում որոշակի առաջընթաց նկատվում է, սակայն բավարար արդյունքի դեռ չենք հասել:
Փորձենք ամփոփել. պատկերացնու՞մ եք, ամեն օր, ամեն րոպե մեր դեղատներում ազատ վաճառվում են դեղամիջոցներ, որոնք չպետք է վաճառվեին առանց դեղատոմսի: Արդյունքում, եթե յուրաքանչյուր անհատի վրա ազդեցությունը մեծ չէ, ընդհանրական` մի ամբողջ հասարակություն է, այստեղ արդեն ավելի քան ակնառու է խնդիրը:  

 

  «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյան
 

«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյան

 

–   Միայն դեղատոմսով դուրս գրվող հատկապես ո՞ր դեղամիջոցները, որոնք ազատորեն ձեռք են բերվում հայաստանյան դեղատներում, կարող են մեծ վնաս պատճառել մարդու առողջությանը։  


–   Մի շատ կարևոր օրինակ եմ ուզում բերել. ամբողջ աշխարհում չի թույլատրվում առանց բժշկի դեղատոմսի գնել հակաբիոտիկներ: Հայաստանում միանգամայն անարգել հնարավոր է առանց դեղատոմսի ձեռք բերել հակաբիոտիկներ, ինչն արատավոր երևույթ է: Հիվանդը` հակաբիոտիկ գնելիս, սովորաբար ընտրում է մաքսիմալ արդյունավետը: Արդյունքում. ցանկացած փռշտոցի դեպքում անգամ լայն սպեկտորի հակաբիոտիկ է օգտագործվում: Բոլորիս հայտնի է, թե մարդու առողջությանն ինչ լուրջ վնաս կարող է հասցնել հակաբիոտիկների ոչ ռացիոնալ, անիմաստ օգտագործումը։ Հակաբիոտիկի նկատմամբ մանրէները ձեռք են բերում կայունություն, և, անհրաժեշտության դեպքում,  անգամ լայն սպեկտորի հակաբիոտիկը կորցնում է բուժիչ ազդեցությունը:


Հաջորդ սխալ քայլը. ցանկացած հակաբիոտիկային թերապիայից հետո նշանակվում են օժանդակ նշանակություն ունեցող հակասնկային կամ այլ պրոբիոտիկներ: Դրանց կարևորությունը ոչ ոք չի հերքում, երբեմն պետք է նշանակել, բայց` միայն բժշկի, այլ ոչ դեղագետի կողմից:  Ցավոք, շատ են դեպքերը, երբ բժիշկը դուրս է գրում դեղատոմսը, իսկ դեղատներում ավելացնում են օժանդակ դեղամիջոցներ:


–   Այսօր Հայաստանում գրանցված դեղամիջոցների 75%-ը դեղատոմսով դուրս գրվող է` բավական մեծ  թիվ, հետևաբար կարևոր է, որ դուրս գրվեն միայն դեղատոմսով։ Ինչպե՞ս եք պատկերացնում դրան հասնելու ճանապարհը, ի՞նչ մեթոդներով և ե՞րբ է  հնարավոր հասնել այդ կանոնակարգի իրականացմանը։


–   Պետք է մշակել դեղատոմսային համապատասխան համակարգ, վերահսկել, խախտումների դեպքում` պատժամիջոցներ կիրառել: Մենք չունենք այդ, բժիշկը դեռևս չունի համակարգված դեղատոմսային բլանկ: Սա կարևոր է նաև նրանով, որ կհեշտացնի առողջապահական համակարգում վիճակագրական տվյալների հավաքագրումը, միաժամանակ կմեծացնի բժշկի պատասխանատվությունը:


Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, տեղաշարժեր կան։ Նորամուծությունները` առողջության ապահովագրությունը, աշխատանքների համակարգչայնացումը, որոշակի առաջընթաց են բերում ոլորտ: Օրինակ, եթե ես չեմ սխալվում, `Առողջապահության նախարարությունն առաջիկայում ունի  նախագիծ, որ յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր համակարգիչն ու նրա ողջ աշխատանքը դառնա համակարգված: Դա, միանշանակ, կբերի ոլորտի բարելավման:  


Դրական նշանակություն ունի արդեն մեզ մոտ տարածում գտնող առողջության ապահովագրումը: Ապահովագրության դեպքում բժիշկը հեշտությամբ է դեղատոմս դուրս գրում, և անհնար է դառնում առանց դեղատոմսի դեղորայքի գնումը, քանի որ հիվանդը պարտավոր է ներկայացնել դեղատոմսը համապատասխան ապահովագրական ընկերությանը, ով վճարում է բուժման դիմաց։ Սա էլ է միջոց, որ Հայաստանում վերջնականապես հաստատվի դեղատոմսային համակարգը:


«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյան–   Ի՞նչ դերակատարում ունեն դեղագործական ընկերությունները և ներկայացուցչություններն այս խնդրում։


–   Եթե մեր երկրում վերահսկվեր դեղագործական ընկերությունների գործունեությունը, բոլորը կաշխատեին էթիկ նորմերի համաձայն և միայն կօգնեին բժիշկներին: Ցավոք, այստեղ կա երկկողմանի խնդիր: Ոչ բոլոր բժշկական ներկայացուցիչներն են ճիշտ մատուցում նյութը. շատ դեպքերում մասնագիտական զրույցի փոխարեն տեղի է ունենում դեղամիջոցի գովազդ: Բժիշկները չպետք է անվերապահորեն հավատան ներկայացված տեղեկատվությանը, նրանց կողմից դեղամիջոցների ավելի խորը ուսումնասիրությունը, մասնագիտական վերապատրաստումն ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնի դեղագործական ընկերությունների հետ համագործակցելը, նոր դեղամիջոցներ կիրառելը:


–   Կա՞ն դեղագործական ընկերությունների գործունեությանը վերաբերող համակարգված էթիկ նորմեր, թե՞ դրանք մշակվում են  յուրաքանչուր ընկերության կողմից։


–   Ոչ, այդպիսի նորմեր չկան: Որոշ կանոններ կան, բայց, իհարկե, ցանկացած դեղագործական ընկերություն ինքն է մշակում իր էթիկ նորմերը, որոնց պետք է հետևեն ընկերության բժշկական ներկայացուցիչները:


–   Ընդհանուր առմամբ ի՞նչ գնահատական կտաք այսօրվա դեղագործական ընկերությունների գործունեությանը:


–   Իմ գնահատականը սուբյեկտիվ կլինի, քանի որ ինքս դեղագործական ընկերություն եմ ներկայացնում։ Բոլոր դեպքերում, ասեմ, որ ցանկալի է փոխեն իրենց վերաբերմունքը, ավելի շատ աշխատեն էթիկայի նորմերի համաձայն:


–   Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն պետք է լինի դեղագործական ընկերությունների ռազմավարությունը, ի՞նչը և ինչպե՞ս կփոխեիք։


–   Ավելի ճիշտ կլիներ, որ գործեր համապատասխան կանոնակարգ, որը կկարգավորեր դեղագործական ընկերությունների գործունեությունը, որի համաձայն կգործեին բոլորը: Հայաստանում այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, գործում է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, որը որոշակի քայլեր է ձեռնարկում, բայց այն հասարակական մակարդակի է:


–   Ներկրվող դեղամիջոցների որակի, գնային քաղաքականության փոխհարաբերության մասին… Ինչպե՞ս ընտրել, ինչի՞ն նախապատվություն տալ: Խոսքն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոցներին է վերաբերում։


–   Կզարմանաք, եթե ասեմ, որ արտասահմանում այդքան մեծ քանակությամբ դեղեր գրանցված չեն, և դեղատներում չեք տեսնի դեղորայքի այդպիսի մեծ բազմազանություն, ինչպիսին հայաստանյան դեղատներում է: Մի կողմից թվում է, թե շատ լավ է. կա ընտրության մեծ հնարավորություն, բայց նույն դեղամիջոցից առկա բազմաթիվ տեսակները կարող են շփոթություն ստեղծել բժշկի և դեղագետի մոտ: Գնային առումով գուցե և ճիշտ է` թանկարժեք դեղամիջոցների փոխարեն էժան տարբերակ առաջարկելը, բայց միշտ չէ, որ էժանն ապացուցված է, ավելին. երբեմն ապացուցված չէ նունիսկ թանկարժեք դեղամիջոցը:


–   Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ բժշկական կազմակերպությունների կողմից դեղերի գնման գործընթացում շեշտադրվում է գնային քաղաքականությունը:


–   Դեղը շուկա են ներմուծում դեղագործական ընկերությունները` ըստ պահանջարկի, եթե չունենա պահանջարկ, երբեք չեն ներկրի, օրինակ` մեծ քանակով թանկարժեք դեղ: Այս խնդիրը կարգավորվում է բիզնեսի կանոններով: Հայաստանում գին-որակ հարաբերությունը դեռևս համապատասխան մակարդակի վրա չէ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ամալյա Կուռոյան, դեզագետ,Կանաչ դեզատուն

06.05.2013

Աոհասարակ համաձայն եմ այն մտքի հետ, որ ահռելի մեծ քանակի դեղորայք է ներմուծվում այնպիսի փոքրիկ երկիր, ինչպիսին Հայաստանն է, մանավանդ նույն դեղի տարբեր անվանումներ: Այո, դա իսկապես շփոթեցնում է և′ բժիշկին, և′ դեղագետին, և′, հատկապես, հիվանդներին: Վերջիններս չեն էլ պատկերացնում, թե ինչն է գնային այդ մեծ տարբերության պատճառը, կամ արդյոք, դա նույն դեղն է, թե ոչ: Իսկ դեղատների համար դա նաև պատձառ է հանդիսանում ամեն ամսվա վերջում կուտակված սարսափելի մեծ թվով ժամկետանց դեղերի կուտակմանը, որը խոսում է այն մասին, որ մեր երկիրը չունի այդքան պահանջարկ, որքան որ դեղերի բազմազանությունն է, այլ այդ պահանջարկը արհեստականորեն ստեղծել են հիմնականում ցածր որակի դեզորայք ներկայացնող դեղագործական ընկերությունները: Սա մեծ խնդիր է, հարկավոր է մտածել և գտնել ռացիոնալ լուծում:

Տիգրան Ուզունյան

05.05.2013

Այսօր մեր երկրում ունենք բազմաթիվ օրենքներ և որոշումներ, սակայն դրանց նկատմամբ էլ հարկավոր է լինել վճռական և պարտադրել որ կատարվեն:

Արտավազդ Թոսունյան

05.05.2013

Այսօր հստակ կա առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի ցանկ, որը սակայն չի գործում: Հարկավոր է ընդամենը լինել վճռական և պարտադրել որպեսզի այդ կարգը գործի:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ