Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 3.2008


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Սեդրակ Սիմոնի Շարիմանյանի հիշատակին (նվիրված ծննդյան 110-ամյակին)

Սեդրակ Սիմոնի Շարիմանյանի հիշատակին (նվիրված ծննդյան 110-ամյակին)

Այս տարի լրացավ հայ վիրաբուժության պատրիարքի, Հայաստանում գիտական վիրաբուժության հիմնադիրներից մեկի, վիրաբուժության արժանավոր դպրոցի հիմնադիր, իմաստուն մանկավարժի և կլինիցիստի, ազնվագույն քաղաքացու, գիտության վաստակավոր գործչի` պրոֆեսոր Սեդրակ Շարիմանյանի 110-ամյակը:

 

Ս. Շարիմանյանը ծնվել է 1898թ. Թիֆլիսում: Ավարտելով տեղի գիմնազիան` նա ընդունվում է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը և ավարտում այն 1924թ.: Կարճ ժամանակ անց պրոֆ. Հ.Ս.Քեչեկի կողմից հրավիրվում է Երևան և 1926թ.սկզբից աշխատանքի անցնում նրա կողմից ղեկավարած կլինիկայում, որտեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո գործուղվում է Ղափան և աշխատում այնտեղ որպես տեղի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ: Այնտեղից կլինիկա վերադառնալուց հետո Ս.Շարիմանյանը գործնականի հետ մեկտեղ լայնորեն ծավալում է նաև գիտական աշխատանք, որի արդյունքը դառնում է 1936թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը` առաջինը Երևանի բժշկական ինստիտուտում:

 

1936-1938թթ. Լենինգրադում, գիտական գործուղման ընթացքում, դոկտորական ատենախոսություն պատրաստելուց, հաջողությամբ պաշտպանելուց և Երևան վերադառնալուց հետո Ս.Շարիմանյանը 1940թ. ստանձնում է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչի պարտականությունները: Այդ պաշտոնում նա շարունակեց աշխատել շուրջ 33 տարի: 

 

Լենինգրադյան գործուղման ընթացքում Ս.Շարիմանյանը նաև մասնագիտանում է որպես նյարդավիրաբույժ և 1938 թվականից սկսում է Երևանում ակտիվորեն ծավալել գործունեություն նյարդավիրաբուժության ասպարեզում, հաջողությամբ կատարելով ժամանակին համապատասխան այդ մասնագիտությանը պատկանող համարյա բոլոր վիրահատությունները, հիմք դնելով դրանով նյարդավիրաբուժությանը Հայաստանում:

 

Հայրենական պատերազմի ծանր տարիներին Ս.Շարիմանյանը չխնայելով իրեն, աշխատել է գիշեր ու զոր ուժերի գերագույն լարվածությամբ հոսպիտալներում, որպես առաջատար ընդհանուր վիրաբույժ և նյարդավիրաբույժ:

 

Ս. Շարիմանյանը շուրջ 30 տարի, լինելով Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, ոչ միայն կարողանում էր փայլուն կերպով ու բազմակողմանիորեն կազմակերպել ընկերության աշխատանքը, այլև դարձնել այն երիտասարդ վիրաբույժների պատրաստման և կրթման դպրոց:

 

Ս.Շարիմանյանին իր ղեկավարած կլինիկայում հաջողվում է ստեղծել վիրաբուժական արժանավոր ու կուռ կոլեկտիվ, որում աճել ու ձևավորվել են այնպիսի անվանի վիրաբույժ-գիտնականներ, ինչպիսիք են պրոֆեսորներ Վ.Մալխասյանը, Վ.Սարուխանյանը, Ս.Մելիք-Իսրայելյանը, Ս.Հովհաննիսյանը, Ի.Տոտկալոն:

 

Ս.Շարիմանյանը հանդիսանում է մայրենի լեզվով գրած (և չորս անգամ վերահրատարակված) ընդհանուր վիրաբուժության առաջին դասագրքի հեղինակ:

 

Մասնագիտական և հասարակական անձնվեր ու նվիրական գործունեության շնորհիվ Ս.Շարիմանյանը արժանացել է Միութենական և Հայաստանի Գերագույն Խորհրդների պատգամավորի պատվավոր կոչմանը: Ի տարբերություն սովետական ժամանակաշրջանի պատգամավորության ձևական գործելաոճին, Ս.Շարիմանյանը ըմբռնում էր  իր պատգամավորական պարտականությունները որպես ծառայություն ժողովրդին և կատարում էր այն ամենայն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ:

 

Հայրենիքը, բարձր գնահատելով Ս.Շարիմանյանի կատարած աշխատանքը բժշկական, գիտական և պետական-հասարակական գործունեության ասպարեզներում, պարգևատրել է նրան Լենինի երկու շքանշաններով և կառավարական այլ բարձր պարգևներով:

 

Մարդկային բարձր հատկանիշներով օժտված բժիշկ-հումանիստի, իր ժողովրդին ազնիվ ու անշահախնդիր մեծ ծառայություն մատուցած, բոլոր ուժերը մարդու առողջության գործին անմնացորդ նվիրած, տաղանդավոր կլինիցիստի, մանկավարժի և գիտնականի, ջերմ հայրենասերի, հայրենական բժշկության մեջ իր արժանավոր տեղը վաստակած մեծ անհատականության` Սեդրակ Շարիմանյանի պայծառ կերպարը կմնա հետնորդների հիշողության մեջ, որպես առաքինության, բարոյականության և մասնագիտական օրինավորության խորհրդանիշ:

Հեղինակ. Պրոֆ. Ռ.Ա.Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ