Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Աչքերը նույնպես ծերանում են.ինչպես խուսափել տեսողության տարիքային խնդիրներից

Աչքերը նույնպես ծերանում են.ինչպես խուսափել տեսողության տարիքային խնդիրներից

Աչքերին հոգ տանել է պետք ողջ կյանքի ընթացքում: Բայց կան ժամանակահատվածներ, երբ տեսողությունը հատուկ ուշադրության կարիք ունի:


1-3 տարեկան


Երեխայի մոտ կարող է շլաչքություն սկսվել: Դրա պատճառը կարող է բնածին կարճատեսությունը կամ հեռատեսությունը լինել, ինչպես նաև գլխի վնասվածքը, ինֆեկցիոն հիվանդությունները` գրիպ, դիֆթերիա, խոզուկ և այլն:Բուժումը պարտադիր է:

 

Այս նպատակով բժիշկը հատուկ ակնոց է նշանակում, որը հնարավորություն է տալիս ծանրաբեռնել թույլ աչքը, ինչպես նաև կան սարքավորումներ, որոնք մարզում են աչքի մկանների համաժամանակյա աշխատանքը: Ծայրահեղ դեպքում ցուցված է վիրահատությունը: 

 

17 տարեկան

 

Դպրոցն ավարտելու տարիներին տեսողության խնդիրներ է ունենում յուրաքանչյուր հինգերորդ դպրոցականը: Ամենատարածվածը կարճատեսությունն է: Ռիսկի գործոններն են ժառանգականությունը և ընթերցանության մեծ ծանրաբեռնվածությունը, համակարգչի անվերահսկելի օգտագործումը:  

 

Տեսողական հոգնածության նշանները դրսևորվում են ընթերցելիս`

 

  • 10 րոպե անց ցածր դասարանների դպրոցականների մոտ,
  • 25 րոպե անց միջին դասարանների աշակերտների մոտ,
  • 45 րոպե անց ավագ դասարանցիների մոտ:  

 

Հարկ է հետևել, որ երեխան կարդալիս ընդմիջումներ անի:

 

20-40 տարեկան

 

Ռիսկի գործոն է համակարգչի հետ աշխատելը: Մարդը նորմայում աչքերը թարթում է 1 րոպեում 20-25 անգամ: Երբ նա նայում է համակարգչի էկրանին, առավել հազվադեպ է թարթում, այդ պատճառով էլ աչքերն ավելի վատ են խոնավանում և մաքրվում փոշու հատիկներից ու մանրէներից: Արդյունքը լինում է բլեֆարիտը (կոպի անկյունի բորբոքում) և չոր աչքի համախտանիշը: Ճիշտ է, աշխատելն անհրաժեշտ է, բայց հարկ է նաև կանխարգելմամբ զբաղվել:

 

  • Յուրաքանչյուր ժամը մեկ ընդմիջում անել 10-15 րոպե, չնայել համակարգչի էկրանին, եթե հնարավոր է, վեր կենալ տեղից և առավել արագ թարթել աչքերը:
  • Կոպերը մաքրել հատուկ լոսյոնով կամ դեղաբույսերի թուրմերով, օրինակ, երիցուկի, եղեսպակի:
  • Սրբվել միշտ մաքուր սրբիչով, կեղտոտ ձեռքերով աչքերը չտրորել:
  • Չծխել, ծուխը քայքայում է աչքի մակերեսի պաշտպանիչ շերտը:  


40 տարեկան

 

Ընդամենը 10-20 տարի առաջ կատարակտան հիմնականում 60-անց մարդկանց հիվանդությունն էր: Այսօր հիվանդների մոտ 50%-ը 39-64 տարեկան մարդիկ են: Բյուրեղիկում նյութափոխանակության խանգարումը սկզբից հանգեցնում է մթագնմանը, իսկ հետո` տեսողության կորստին: 

 

Բյուրեղիկի արհեստական ոսպնյակով փոխարինման վիրահատությունը տևում է ընդամենը 15 րոպե, որը թույլ է տալիս վերացնել կատարակտան: 

 

45 տարեկան

 

Դրսևորվում է տարիքային կարճատեսությունը: Պատճառն այն է, որ բյուրեղիկը պահող մկանները կամաց-կամաց թուլանում են: Դա հիվանդություն չէ, այլ օրգանիզմի բնական գործընթացը: Այնպես որ, հուզվելու հարկ չկա, պարզապես պետք է համապատասխան ակնոց ձեռք բերել: 

 

Բիֆոկալ լինզաներ

 

Պետք են այն մարդկանց, ում մոտ բացի տարիքային հեռատեսությունից առկա է նաև կարճատեսություն: Դրանք բաժանված են շերտերով` հեռուն նայելու և մոտ առարկաները տեսնելու համար:

 

50 տարեկան

 

Մարդկանց 1,5%-ը տառապում է գլաուկոմայով: Ներակնային բարձր ճնշումը վնասում է տեսողակայն նյարդը և տեսադաշտը աստիճանաբար նեղանում է: Ռիսկի գործոններն են անոթների խնդիրները, պարանոցային օստեոխոնդրոզը, աչքի վնասվածքները, կարճատեսությունը, ժառանգականությունը: Ներակնային ճնշումը նորմայում պետք է լինի 18-22 մմ սնդ.սյ.: 

 

65 տարեկան

 

Մարդկանց 15%-ի մոտ կարող է լինել տարիքային մակուլյար դեգեներացիա: Մակուլան ցանցենու կենտրոնական հատվածն է, տվյալ դեպքում այն աստիճանաբար քայքայվում է և մարդը կորցնում է կենտրոնական տեսողությունը: Ռիսկի գործոններն են անոթային խնդիրները, ծխելը, ոչ ճիշտ սնվելը, առանց մուգ ակնոցների արևի տակ հաճախ գտնվելը: 

 

Կանխարգելման համար հարկ է սննդաբաժնի մեջ ներառել զեակսանտին և լյութեին պարունակող մթերք, օրինակ, եգիպտացորեն, չիչխան, դեղին գույնի միրգ ու բանջարեղեն, մուգ կանաչ տերևով բանջարեղեն: 

 

Բժշկի մոտ պետք է գնալ

 

Խնդիրները կանխարգելելու համար հարկ է այցելել ակնաբույժին.

 

  • Մինչև 1 տարեկան երեխային ակնաբույժի մոտ պետք է տանել 3 անգամ` 1, 6 և 12 ամսական հասակում: 
  • 1 - 3 տարեկան` կես տարին մեկ անգամ:
  • 3 - 23 տարեկան` տարին մեկ անգամ, եթե չկան ախտորոշված հիվանդություններ, 2 տարին մեկ անգամ, եթե մոտ ազգականների մոտ կարճատեսություն կա ախտորոշված:
  • 23 տարեկանից հետո` տարին մեկ անգամ: Այս դեպքում կարճատես մարդկանց խորհուրդ է տրվում ոչ միայն ստուգել տեսողության սրությունը, այլև աչքի հատակի ստուգումներ անցկացնել:  

 

Տեսողության համար օգտակար է 

 

Մաքուր օդը


Արձանագրվել է, եթե երեխան հաճախ է լինում բնության գրկում, նրա մոտ կարճատեսության զարգացման հավանակությունը շատ ցածր է: Զբոսանքները վերացնում են տեսողական ծանրաբեռնվածությունը, որն առաջանում է ընթերցելիս, գրելիս կամ համակարգչով աշխատելիս: Ինչպես նաև մարզում են տեսողական մկանները, քանի որ քայլելիս հարկ է մեկ ոտքերի տակ նայել, մեկ հեռուն: Եվ վերջապես, զբոսնելիս արյունը հարստանում է թթվածնով, որն էլ նպաստում է աչքի սնուցմանն ու նորմալ աշխատանքին:

 

Սպորտի ցիկլիկ տեսակները

 

Այս տեսակին են պատկանում վազքը, լողը, հեծանիվ վարելը, դահուկները: Դրանք նպաստում են արյան հոսքին դեպի եղջերաթաղանթ և լավացնում են աչքի մկանների աշխատանքը: Նշանակում է, կանխարգելում են կարճատեսությունը, մակուլյար դեգեներացիան, ոսպնյակի մթագնումը և տարիքային հեռատեսությունը:

 

Բնական լուսավորություն

 

Մեր աչքն այնպես է «կառուցված», որ ընկալի հենց արևային լույսի սպեկտրը: Իսկ ովքեր ստիպված են ողջ օրն աշխատել արհեստական լուսավորված սենյակում, հաճախ են տեսողական խնդիրների հետ ընդհարվում: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հետևել, որ աշխատասենյակը օրվա մեծ մասը բնական լուսավորություն ստանա: Սակայն, եթե բնական լուսավորությունը պակաս է, հարկ է արհեստական լամպերը միացնել, քանի որ կիսախավարը տեսողության վրա ավելի վատ է ազդում, քան արհեստական լամպերը:

 

Մերսում

 

Հատկապես օգտակար է պարանոցային հատվածի մերսումը: Քանի որ հենց այդ հատվածով են անցնում աչքը սնուցող թթվածնի և սննդարար նյութերի արյունատար անոթները: Գրասենյակներում աշխատող շատ մարդկանց մոտ պարանոցային հատվածում մկանները սեղմված են լինում, պատահում է նաև պարանոցային օստեխոնդրոզ: Դա վատացնում է արյան շրջանառությունը: Որակավորված մերսողն օգնում է հարթել այդ խնդիրները: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ