Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 

 

Աշխատաժողովը բացեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ընդգծելով, որ ԱՀԿ-ն ապրիլի 25-ը նշում է որպես Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր, ինչը Երկիր մոլորակի հարյուրավոր երկրների բնակչության ուշադրությունը մալարիայի խնդրին ուղղելու, ինչպես նաև մալարիայի դեմ պայքարի և արդյունավետ վերահսկողության գործում փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է ընձեռում, քանզի այս համաճարակային հիվանդությունը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, և, փաստորեն, մոլորակի բնակչության մոտ կեսը` 3,3 միլիարդ մարդ ապրում է այս հիվանդության մշտական սպառնալիքի ներքո:

 

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն արձանագրեց, որ յուրաքանչյուր տարի գրանցվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 մլն դեպք` շուրջ 700 հազար մահվան ելքով:

 

«Թեև վերջին տասնամյակում համաշխարհային հանրությունը, մասնավորապես, մեր հանրապետությունը, մալարիայի դեմ պայքարում շոշափելի հաջողությունների է հասել, այնուամենայնիվ արձանագրված հաջողությունը շատ փխրուն է և մեծապես կախված է մեր կողմից իրականացվող միջոցառումների անընդհատությունից և համակարգվածությունից, որքան էլ, որ սկսած 2006 թվականից, Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր այլևս չեն արձանագրվել և 2011 թվականին մեր հանրապետությունը ԱՀԿ-ի կողմից վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք»,-եզրակացրեց պարոն Վանյանը:

 

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Ղուկասյանը ներկայացրեց ԱՀԿ-ի մոտեցումները մալարիայի հիմնախնդիրներին և 2012 թվականի Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրվա ուղերձները:

 

Աշխատաժողովի մասնակիցները համակ ուշադրությամբ լսեցին ՀՀ ԱՆ տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցի «Մալարիայի էլիմինացման և վկայագրման գործընթացը» զեկուցումը, որը վերաբերում էր Հայաստանում մալարիայի նորագույն պատմության վերջին երկու տասնամյակներին:

 

Որոշակի անդրադարձ կատարելով` բանախոսը նշեց, որ հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում մալարիան ուղեկցել է մեզ և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: Արդեն իսկ 1994-ին մեր հանրապետության տարածքում արձանագրվեցին այս հիվանդության տեղական ծագման դեպքեր: Ի դեմս միջազգային կազմակերպությունների, Հայաստանում մալարիան վերացնելու ուղղությամբ համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց, ինչը 2006-ին պսակվեց հաղթանակով, երբ Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր այլևս չարձանագրվեցին:

 

Եվ այն, որ ԱՀԿ-ի կողմից այսօր Հայաստանը վկայագրվել է մալարիայից ազատ տարածք, պարոն Դավիդյանցը համարեց մեր պետության, Առողջապահության նախարարության, հայ համաճարակաբանների, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին զինվորագրված բժիշկների, բժշկական գործի կազմակերպիչների հաղթանակը:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ  հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը ՙՀայացք անցյալից դեպի ապագա՚ խորագրի ներքո ներկայացրեց մալարիայի` նախկին անվանումներով` ջերմախտի կամ ճահճատենդի հնագույն պատմությունը, դրա թափանցումը Հայաստան` վկայակոչելով Ստրաբոնի Քրիստոսից առաջ 166 թվականին արած վկայությունն այն մասին, թե Արաքսի ճյուղավորման և ջրականգ ունեցող տարածքներում ճահճատենդը մարդկանց համար չարիք էր դարձել:

 

Տիկին Ավետիսյանը վկայակոչեց նաև Մխիթար Հերացու «Ջերմաց մխիթարություն», Ամիրդովլաթ Ամասիացու ՙԱնգետաց անպետը», Գրիգորիսի և հայ այլ երևելի բժշկապետերի աշխատությունները, որտեղ ոչ միայն հիշատակվում է այս հիվանդության մասին, այլև բուժման հետաքրքիր եղանակներ են առաջարկվում:

 

Ուշագրավ է այն փաստը, որ Երևանում 1923-ին հիմնադրվել է արևադարձային գիտահետազոտական ինստիտուտ, որը զբաղվում էր հանրապետությունում մալարիայով հիվանդների հայտնաբերման և բուժման խնդիրներով, քանի որ 1910-1934թթ. Հայաստանի բնակչության 33 տոկոսը վարակված էր այդ հիվանդությամբ: 

 

Համաճարակային հիվանդությունների, մասնավորապես, մալարիայի դեմ նախապայքարում անուրանալի է Քրիստափոր Փիրումովի վաստակը, բժիշկ-գիտնական, ում անունն առանձնակի ջերմությամբ հնչեցրեց բանախոսը:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Թադևոսյանը, որպես մալարիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցառում, կարևորեց կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման աշխատանքները, ինչը, հատկապես վերջին 2-2,5 տասնամյակում բարձիթողի վիճակում էր:

 

Միջոցառման ավարտին պարոն Ա.Վանյանն Առողջապահության նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մալարիայի և համաճարակային հիվանդությունների դեմ պայքարում ընդգրկված մի խումբ աշխատողների:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6.2012 (630)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ