Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Ատամների առողջությունից մինչև ժպիտի ազդեցություն. վերլուծական

ԵՊԲՀ. Ատամների առողջությունից մինչև ժպիտի ազդեցություն. վերլուծական

Ատամների գույնը առողջության, ժառանգականության և ժպիտի արտացոլումն է: Այն ձևավորվում է մի քանի հիմնական բնական և արտաքին գործոնների համադրությամբ` էմալի թափանցիկությամբ, դենտինի գույնով, ժառանգականությամբ, մի շարք արտաքին գործոններով, որոնք փոխում են ատամների գույնը, ինչպես նաև տարիքով:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` Ամերիկյան Էսթետիկ ստոմատոլոգիայի ակադեմիայի (AACD) հարցման տվյալներով՝ չափահասների 74%-ը կարծում է, որ ոչ գրավիչ ժպիտը կարող է նույնիսկ բացասաբար ազդել կարիերայի վրա։

Այս տվյալները ընդգծում են սպիտակեցման հոգեբանական ազդեցությունը, որն արտահայտվում է ինքնագնահատականի, ինչպես նաև սոցիալական ու մասնագիտական փոխգործակցության բարելավմամբ։

Ատամների գույնը և կառուցվածքը գենետիկորեն փոխանցվող հատկանիշներ են, ոմանց մոտ ատամները բնականաբար ավելի սպիտակ են, իսկ մյուսներինը՝ ավելի դեղնավուն կամ մոխրագույն։ Հարկ է նշել, որ մեծապես ազդում են նաև արտաքին գործոնները, ահա դրանցից մի քանիսը` սննդի և խմիչքի ազդեցությունն առաջնայիններից է:

Հատկապես ատամների գույնի վրա ազդում են սուրճը, սև թեյը, կարմիր գինին, գազավորված ըմպելիքները, շոկոլադը, չիպսերը, հատապտուղները (հատկապես՝ սև հաղարջ, մոշ), թթվային մթերքներից կիտրոնը, լիմոնադը (նվազեցնում է էմալի հաստությունը):

Ծխելն առաջացնում է մուգ դեղին կամ շագանակագույն բծեր, որոնք դժվար են մաքրվում։ Վնասվածքներ կամ վարակները հատկապես մանուկ հասակում ատամի վնասումը կամ բորբոքումները կարող են գունավորել ատամի ներսը։. Բժշկական դեղամիջոցները նույնպես ազդում են ատամի գույնի վրա։ Տարիքի հետ էմալը մաշվում է, և դենտինի դեղնավուն երանգը ավելի է նկատվում։ Հետաքրքիր փաստ է, որ բնական ատամը երբեք կատարյալ սպիտակ չէ։

Ամենաբնական գույնը համարվում է «սպիտակադեղնավուն» կամ «սպիտակամոխրագույն» երանգների միախառնությունը։

Հայկական պոպուլյացիայի մոտ ատամների գերակշռող (հաճախ հանդիպող) երանգը հիմնականում համարվում է բնական դեղնավուն-սպիտակը։

Սա պայմանավորված է մի քանի գործոններով՝ գենետիկա, սննդակարգ, շրջակա միջավայրի ազդեցություն և ընդհանուր հիգիենիկ մշակույթ: Հայ բնակչության մեծամասնության մոտ ատամների գույնը ունի դենտինի դեղնավուն ենթաշերտի ավելի բարձր տեսանելիություն` /A3 կամ A3.5 դեղնավուն-սպիտակ/ բնական տաք երանգ, սա բնորոշ է Միջին Արևելքի և Կովկասի, արևելյան և միջերկրածովյան գենետիկ խմբերին, որոնց մոտ էմալի հաստությունը հաճախ բարակ է՝ ի տարբերություն, օրինակ, հյուսիսեվրոպական ազգերին։ Բացի այդ մեր սննդակարգը և սովորությունները նույնպես նպաստում են գույնի ձևավորմանը:
   

  • Սուրճ, թեյ, կարմիր գինի, հատապտուղներ և հագեցած համեմունքներ (օրինակ՝ սև պղպեղ, սումախ)՝ կանոնավոր օգտագործման դեպքում դանդաղ, բայց մգացնում են էմալը։
  • Հաճախ օգտագործվող մրգաթթուներ (կիտրոն, սև սալոր և այլն) կարող են մաշեցնել էմալը՝ դարձնելով դենտինը ավելի տեսանելի։
  • Ծխախոտ օգտագործողների շրջանում գերակշռում են մուգ դեղին կամ շագանակագույն երանգներ, հատկապես տարիքով խմբերում։

Շատերի համար «պատշաճ սպիտակ» ատամը հաճախ համարվում է B1 (բնական պայծառ սպիտակ), որը իրականում շատերի մոտ բնածին չէ, այլ՝ սպիտակեցման արդյունք։

Ատամների սպիտակեցումը կարող է ապահովել էսթետիկ արդյունքներ, բայց ինչպես ցանկացած բժշկական կամ կոսմետիկ միջամտություն, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Ահա դրանց համառոտ վերլուծությունը։

Առավելությունները`
   

  • Էսթետիկ տեսք, ատամների սպիտակեցումը բարելավում է ժպիտը՝ դարձնելով այն ավելի պայծառ և գրավիչ։
  • Ինքնավստահության բարձրացում, շատ մարդիկ իրենց ավելի ինքնավստահ են զգում հասարակության մեջ, երբ ունեն սպիտակ ու մաքուր ատամներ։
  • Արագ արդյունքներ, պրոֆեսիոնալ սպիտակեցումը կարող է արդյունք տալ մեկ այցելությունից հետո։
  • Ոչ ինվազիվ գործընթաց է, սպիտակեցումը ընդհանուր առմամբ չի վնասում ատամի կառուցվածքը։

Թերությունները`

 

  • Էմալի վնասման ռիսկեր` անորակ կամ հաճախակի սպիտակեցումը կարող է վնասել էմալը՝ թուլացնելով ատամը։
  • Զգայունություն` հաճախ սպիտակեցումից հետո մարդիկ բախվում են ատամների և լնդերի զգայունության բարձրացման խնդրին (հատկապես՝ սառը կամ տաք ուտելիքի նկատմամբ)։
  • Ժամանակավոր արդյունք` սպիտակեցման արդյունքը ժամանակավոր է և կարող է տևել մի քանի ամիսից մինչև 1-2 տարի՝ կախված սննդակարգից, ծխախոտ օգտագործելուց և խմիչքներից (սուրճ, գինի և այլն)։
  • Անարդյունավետություն որոշ դեպքերում` սպիտակեցումը արդյունավետ չէ բորբոքված, խնդրահարույց ատամների (օրինակ՝ պլոմբ կամ պսակ ունեցող) համար։
  • Գերշահագործման վտանգ` տնային սպիտակեցման միջոցների (օրինակ՝ սոդա, կիտրոն, ակտիվացրած ածուխ) հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել լնդերի այրում, բծեր, կամ նույնիսկ հակառակ ազդեցություն՝ դեղնավուն երանգ։

Ո՞ւմ չի կարելի սպիտակեցնել ատամները:

Ընդհանուր հակացուցումներ.
   

  • 18 տարեկանից ցածր տարիք
  • Հղիություն և կրծքով կերակրում
  • Սպիտակեցնող նյութի բաղադրիչների նկատմամբ ալերգիա
  • Որոշ ուռուցքային հիվանդություններ

Ընդհանուր խորհուրդներ
   

  • Խորհրդակցեք ստոմատոլոգի հետ՝ նախքան որևէ սպիտակեցման մեթոդ փորձելը։
  • Մի օգտագործեք տնային միջոցները հաճախ՝ առանց մասնագետի վերահսկողության։
  • Պահպանեք ատամների հիգիենան սպիտակեցումից հետո՝ արդյունքը երկար պահպանելու համար։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ