Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով երկօրյա կոնֆերանսը ավագ և միջին բուժաշխատողների համար։

Միջոցառումը համախմբել է Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի մասնագետներին:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը բժշկական համալսարանի և ռեկտորի անունից ողջունեց ներկաներին։ «Երկրորդ անգամ Երևանում կազմակերպվում է նմանատիպ գարնանային դպրոց։ Եվ որքանով տեղեկացված եմ, դուք չեք սահմանափակվում միայն Երևանով, այցելում եք նաև մարզեր, խոսում կլինիցիստների հետ՝ կիսվելով ձեր փորձով և գիտելիքով։ Մեր գործընկերներն անցյալ տարի Գերմանիայում էին, սա մեր մասնագետների միջև փորձի լայնածավալ փոխանակման արդյունք է», – ընդգծեց պրոռեկտորը՝ մաղթելով մասնակիցներին արդյունավետ ակադեմիական և կլինիկական համագործակցություն։

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը վստահեցրեց, որ առաջիկա 2 օրվա ընթացքում մասնակիցները մեծ հաճույք կստանան մասնագիտական տեսանկյունից։

Ողջույնի խոսքերին հետևեց մեր երկրի մշակութային վայրերի մասին պատմող փոքրիկ տեսանյութ։

Մասնագիտական փուլը մեկնարկեց Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսի՝ «2024 թվականը՝ սրտաբանության ոլորտում» դասախոսությամբ։ Մինչ զեկույցին անդրադառնալը գերմանացի մասնագետն իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի բնության և մարդկանց մասին:

Սրտային անբավարարության ոլորտում ռիսկի գործոնները նվազեցնելու նպատակով Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը կարևորեց կանխարգելումը, խնամքը և ճիշտ գնահատումը։ Նա մանրամասնորեն ներկայացրեց Քրոնիկ կերոնար համախտանիշի 2024 թվականի ուղեցույցը։ Մեջբերելով կլինիկական հետազոտությունների համախմբված վերլուծության տվյալները՝ գերմանացի մասնագետը հատուկ շեշտադրեց վաղ և ինտենսիվ բուժման անհրաժեշտությունը։

Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և Պֆեիֆֆերս հիմնադրամի Սրտաբանության կլինիկայի մասնագետ Նաիրա Երիցյանը հանդես եկավ «Սրտային անբավարարություն. նորագույն դեղորայք և թերապևտիկ բացերի լրացում» խորագրով զեկույցով։ Նա ներկայացրեց, թե ինչպես է բնորոշվում սրտային անբավարարության ընթացքի վատթարացումը, իսկ զեկույցի ավարտին փաստեց․ «Սրտային անբավարարությունը կոմպլեքս պրոցես է, որը պահանջում է բազմապրոֆիլային մասնագետների ներառում»։

Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի պրոֆեսոր Ալեքսանդր Շմայսերը և նույն կլինիկայի Էխոկարդիոգրաֆիայի ծառայության ղեկավար Թոմաս Գրոշեկն անդրադարձան սրտի փականային հիվանդությունների դեպքում էնդովասկուլյար թերապիային։

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի դոցենտ Լաուրա Սահակյանը և Նաիրա Երիցյանը համակարգեցին սրտային անբավարարության դեպքերի ինտերակտիվ քննարկումը։

Պրոֆեսոր Համայակ Սիսակյանի զեկույցը կոչվում էր «Ինոտրոպներ սուր սրտային անբավարարության դեպքում․ ընկեր թե՞ թշնամի»։ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ սրտաբանության ծառայության ղեկավար Արամ Տերտերյանն անդրադարձավ վազոդիլատատորների կիրառմանը։

Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի սրտային անբավարարության բաժնի վարիչ Տարեկ Բեկֆանին քննարկման ներկայացրեց սուր սրտային անբավարարության դեպքերը։

ԵՊԲՀ Ուլտրաձայնային համալսարանական ուսումնական կենտրոնում (Ջեֆերսոնի լսարան) զուգահեռ քննարկվում էր բուժքրոջ դերը սրտային անբավարարության կառավարման մեջ։ Գործնական դեպքերի վրա հիմնված ինտերակտիվ քննարկման արդյունքում շեշտադրվեց մասնագիտացված բուժքրոջ դերը բազմամասնագիտական սրտային անբավարարության թիմում, ներկայացվեցին բուժքույրերի համար շարունակական բժշկական կրթության գերմանական և հայկական մոդելները։

Վաղը՝ ապրիլի 9-ին, գարնանային դպրոցը կշարունակի աշխատանքները՝ վերհանելով բժշկագիտական այս կարևոր ոլորտի արդի խնդիրները։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թմրամիջոցների վնասներն ու վտանգները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թմրամիջոցների վնասներն ու վտանգները

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ