Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն: Երբեմն այն տարածվում է մի ամբողջ մկանային խմբի վրա:

Պատճառները

Մկանային սպազմի (ՄՍ) առաջացման մեխանիզմը մի քանի փուլից է բաղկացած.

  • նյարդային գրգիռի ձևավորում,
  • ազդեցություն մկանի հյուսվածքի վրա,
  • մկանի ակամա (կայուն) կծկում,
  • մկանի թուլացում։


Կարևոր ախտաբանական գործընթացը մկանի բջիջներում էներգիայի և հեղուկի պակասն է և նրանց գերգրգռականությունը:

Հաճախ հանդիպող պատճառներն են.

  • փափուկ հյուսվածքների վնասվածքները,
  • մկանի գերլարումը (ֆիզիկական ծանրաբեռնվածություն),
  • մարզումները տարվա շոգ եղանակին,
  • նստակյաց աշխատանքը,
  • կեցվածքի շեղումը (կիֆոզ, սկոլիոզ, լորդոզ),
  • ողնուղեղի ախտաբանությունը, որն առաջացնում է նյարդային բջիջների քայքայում և մկանային հյուսվածքի բորբոքում,
  • ֆիզիկական շարժողականության երկարատև բացակայությունը,
  • ֆասետային հոդի օստեոպորոզը (պարանոցային շրջանի մանր հոդերի ախտահարում)
  • օստեոխոնդրոզ (միջողային սկավառակների դեգեներատիվ ախտահարում),
  • ողնաշարային խողովակի նեղացումը՝ ճողվածքի, տրավմայի, ողերի տեղաշարժի արդյունքում,
  • միջողային ճողվածքը,
  • սթրեսները, նյարդային գերլարումը,
  • էնդոկրին հիվանդությունները,
  • սակավարյունությունը,
  • աթերոսկլերոզը։


Մեծ դեր ունեն նաև ջրազրկումը (հաճախակի, առատ փսխում, դիարեա) և էլեկտրոլիտային խանգարումները (օրգանիզմում կալիումի, մագնեզիումի, կալցիումի անբավարարություն): Նման դեպքերում սպազմն անցնում է մկանը շփելուց և տաքացնելուց հետո:

Առավել հաճախ ակամա սպազմի առաջացման զոնաներ են ազդրերը, ձկնամկանները, ներբանները, դաստակները, որովայնը, նախաբազուկը: Սովորաբար, սպազմը տևում է մի քանի վայրկյանից մինչև 10-15 րոպե, կարող է նաև կրկնվել:

Ռիսկի խմբում են տարեցները, մարզիկները, ավելորդ քաշ ունեցողները, հղիները, շինարարները, գործարաններում աշխատողները, էնդոկրին կամ հոգեկան խանգարումներ ունեցողները:

Ախտանշանները

Մկանային սպազմի արտահայտվածությունը կարող է լինել թեթև տհաճությունից մինչև ուժեղ ցավ և մկանի գերլարում:

Կլինիկական պատկերը.

  • Ցավ ողնաշարի և իրանի շրջանում,
  • միջողային նևրալգիա,
  • միգրենի հաճախակի նոպաներ առավոտյան և երեկոյան ժամերին,
  • շարժվելիս նվվացող ցավ՝ վերջույթներում,
  • մկաններում ատրոֆիկ փոփոխություններ,
  • անհայտ պատճառի ալոպեցիա (մազաթափություն):


Հաճախ սպազմը նշվում է ասեղի ծակոցի նման, երբեմն լինում է վերջույթների տրեմոր, անհաստատ քայլվածք, ռեակցիայի դանդաղում, քնի խանգարում:

Հարթ մկանների սպազմն առաջացնում է ուժեղ, երբեմն ծակող ցավով, որն արագ անցնում է, լինում է դաշտանի, դիարեայի, միզաքարային հիվանդության ժամանակ:

Մկանային սպազմի հատուկ տեսակ է մկանային դիստոնիան, որը դիտվում է գանգուղեղային տրավմայի, էնցեֆալիտի, գլխուղեղի խնդիրների, նեյրոլեպտիկներ և անտիդեպրեսանտներ ընդունելու ժամանակ:

Եթե մկանային սպազմը երկարատև է կամ կրկնվում է, անհրաժեշտ է դիմել բժշկի: Բժշկին դիմելու ցուցումներն են.

  • սպազմի կրկնություն՝ օրը 5-10 անգամ,
  • տևողությունը 3 օրից ավելի,
  • մկանի թուլացումից հետո՝ ցավ, որն ուժեղանում է ցավազրկողներից և սպազմոլիտիկներից,
  • վերջույթներում, իրանում՝ շարժումների բացակայություն, այտուց՝ սպազմի շրջանում,
  • թուլություն, սրտխառնոց, վերջույթների թմրածություն,
  • սպազմի ի հայտ գալը գիշերը` 4-5 անգամ օրվա մեջ:


Սպազմի տեսակներն են. կլոնիկ, տոնիկ, տոնիկո-կլոնիկ ցնցումներ:

Ախտորոշում կատարվում է բժշկի զննման, և համապատասխան արյան հետազոտությունների հիման վրա, ցուցման դեպքում կատարվում է ՄՌՏ, ՀՏ, էՍԳ, էլեկտրամիոգրաֆիա:

Կանխարգելում

  • Կանոնավոր բուժական և կանխարգելիչ մերսում,
  • ֆիզիկական մարզումներ,
  • ակտիվ ապրելակերպ,
  • նպաստող գործոնների վերացում,
  • սննդակարգի վերանայում՝ բժշկի օգնությամբ,
  • ջրային բալանսի վերահսկում (օրական 1,5-2 լիտր ջուր):


Անհետաձգելի օգնություն

Սպազմի ժամանակ հարկ է պառկել կոշտ տեղում, շփել սպազմի ենթարկված շրջանը, ոտքերը դնել բարձին, խմել սպազմոլիտիկներ (Նո-շպա, Սպազմալգոն), իրանի սպազմի դեպքում կորսեթ հագնել, տաք և սառը ջեռակներ կամ թրջոցներ դնել այդ տեղում, ընդունել տաք լոգանք:

Բուժումը

Հիմնական բուժումն իրականացնել միայն մասնագետի կողմից։ Օգտագործվում է դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, պսիխոթերապևտիկ բուժում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ