Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների՝  մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բնակչության 50%-ից ավելին բնակվում է քաղաքային վայրերում: Համաձայն մասնագետների կանխատեսումների՝ մինչև 2050թ.-ը այդ ցուցանիշը կհասնի 68%-ի:

ՀՀ-ում 2022թ.-ի դրությամբ բնակչության 63,9% բնակվում է քաղաքներում: Դեռ ավելին, եթե ՀՀ բնակչությունը վերջին 10 տարիներին կրճատվել է 2.2%-ով, ապա մայրաքաղաքի բնակչության թվաքանակն ավելացել է 2.5%-ով:

Երևույթը մեծ ազդեցություն ունի նաև առողջապահական համակարգի վրա, քանի որ նպաստում է ծառայությունների մատուցման հետագա կենտրոնացմանը Երևանում՝ ավելացնելով անհարկի բեռը համակարգի վրա, ինչպես նաև ձգելով երիտասարդ մասնագետներին, որոնք հաճախ չեն ուզում աշխատել մարզերում:  

Բազմաթիվ տրանսպորտային միջոցների և արդյունաբերական ու էներգետիկ ձեռնարկությունների թափոնների` շրջակա միջավայր արտանետումը հանգեցնում է վերջինիս  աղտոտմանը զանազան քիմիական վնասակար նյութերով (ածխածնի մոնօքսիդով, ծծմբի մի շարք միացություններով, ազոտի օքսիդներով, ֆտորի, քլորի միացություններվ, ծանր մետաղներով) և ռադիոնուկլիդներով:  Մթնոլորտային օդում այդ նյութերի անթույլատրելի խտությունը նպաստում է  ալերգիկ, շնչառական համակարգի հիվանդությունների, այդ թվում ասթմայի և քրոնիկ բրոնխիտի զարգացմանը: Ըստ ԱՀԿ տվյալների` քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց 91%-ը աղտոտված օդով է շնչում:

Բազմաթիվ հետազոտությունների հիման վրա ապացուցված է, որ այդ նյութերից շատերն ունեն մուտոգեն, կանցերոգեն (քաղցկեղածին) ազդեցություն և, կուտակվելով տարբեր օրգաններում, առաջացնում են օնկոլոգիական հիվանդություններ:

Քաղաքային միջավայրը, երկարատև աշխատանքային օրվա, անձնական տրանսպորտային միջոցների օգտագործման և ֆիզիկական ակտիվության սահմանափակ հնարավորությունների պատճառով, սովորաբար նպաստում է նստակյաց ապրելակերպին, որն անառողջ սնվելու սովորույթների և ստրեսային կյանքի հետ մեկտեղ, հանգեցնում է ճարպակալության, ներզատաբանական, արյան շրջանառության համակարգի և այլ հիվանդությունների զարգացմանը:

Ապացուցված է, որ քաղաքաբնակների շրջանում ավելի բարձր են դեպրեսիայի, տագնապային և այլ հոգեկան խանգարումների տարածվածության ցուցանիշները:

Քաղաքներում բնակչության բարձր խտությունը նպաստում է նաև վարակիչ հիվանդությունների սրընթաց տարածմանը, համաճարակների զարգացման ռիսկի բարձրացմանը, որը մենք արձանագրեցինք Կովիդ-19 համավարակի ժամանակ, ինչպես նաև մթնոլորտային օդի ջերմաստիճանի ավելի բարձրացմանը, որն էլ ինչպես վկայում են ԵՊԲՀ գիտնականների աշխատանքները, նպաստում են մեր երկրում մահացության աճին, քանի որ ջերմային ալիքի յուրաքանչյուր հավելյալ 1 օրը պատճառ կարող է դառնալ 5 լրացուցիչ մահվան դեպքի:

Ուրբանիզացիային բնորոշ է մեկ այլ հիմնախնդիր, որը կապված է տրավմատիզմի հետ:  Մեծ թվով հետիոտների և տրանսպորտային միջոցների առկայությունը բարձրացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների և վնասվածքների վտանգը:   Մասնավորապես, Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ՃՏՊ թիվը ավելացել է 65%-ով, տուժած անձանց թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 73%-ով, որը պայմանավորված է նաև համեմատաբար նոր փոխադրամիջոցների կիրառման ընդլայնմամբ:

Այսօր ուրբանիզացիայի արագ տեմպերը հնարավորություն չեն տալիս երկրներին, հատկապես ցածր եկամուտ ունեցողներին, ստեղծել անհրաժեշտ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք անվտանգ կդարձնեն մարդկանց կյանքը քաղաքներում:

Ուրբանիզացիայի՝ առողջության վրա վնասակար հետևանքների նվազեցման համար պահանջվում են  բազմասեկտորային և համակարգված միջոցներ, ինչպիսիք են քաղաքների պլանավորման և նախագծման արդյունավետ ռազմավարությունների մշակում, առողջության համար բարենպաստ տարածքների և պայմանների ստեղծում, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային համակարգերի ներդրման խթանում, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի միջոցառումների իրականացում, առողջ սննդի համակարգերի խթանում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչություն, առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացում և այլն:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ