Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am

Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am

Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում: Ռեակցիայի հիմքում ընկած է իմունային համակարգի ակտիվացումը, երբ արտադրվում են բորբոքային մեդիատորներ:

Այդ նյութերի ազդեցությամբ լայնանում են անոթները, բարձրանում է նրանց թափանցելիությունը և ակտիվանում են նեյտրոֆիլները: Հենց դա էլ նպաստում է մազանոթներից մեծ քանակի արյան հեղուկ մասի դուրս գալուն և այտուցների առաջացմանը:

Պատճառից կախված տարբերում են անգիոնևրոտիկ այտուցի երեք տեսակ.

  • Ալերգիկ անգիոնևրոտիկ այտուց – զարգանում է որպես սննդային, կենդանական և բուսական ալերգենների նկատմամբ ռեակցիա
  • Իդիոպաթիկ անգիոնևրոտիկ այտուց – պատճառը սթրեսներն են կամ ինֆեկցիաները
  • Դեղորայքային անգիոնևրոտիկ այտուց –որոշ դեղերի ընդունման կողմնակի ազդեցություն է

 
Ալերգիկ պատճառներից բացի կա և ոչ ալերգիկ բնույթի գործոն՝ ժառանգականությունը:

Կվինկեի ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը զարգանում է ֆերմենտ-ինհիբիտոր С1-ի անբավարարություն ունեցողների մոտ: Այդ դեպքում այտուցը տարածվում է դեմքի, լեզվի, կոկորդի և աղիների շրջանում: Մաշկի քոր, կարմրություն, չի նկատվում, պալպացիայի ժամանակ ցավը բացակայում է: Այս այտուցը որևէ կապ չունի եղնջացանի հետ, բայց երբեմն մաշկին կարող է հայտնվել մանր կետային կարմիր ցան: Նպաստող գործոններ են  ալկոհոլի ընդունումը, վնասվածքը (տրավմա), հորմոնալ խանգարումները, հուզական (էմոցիոնալ) լարվածությունը:

Կվինկեի այտուցի տարածված պատճառներն են.

  • Որոշ մթերքներ – ընկույզ, ցիտրուսներ, շոկոլադ
  • Ներկանյութեր, մթերքում արոմատիզատորների առկայություն, դիմահարդարման նյութեր
  • Դեղեր – հակաբիոտիկներ, շիճուկներ, գլյուկոկորտիկոիդներ՝ անվերահսկելի ընդունման դեպքում
  • Ցավազրկող միջոցներ
  • Իմունոմոդուլյատորներ, ինտերֆերոնի պատրաստուկներ (պրեպարատներ)
  • Կենդանու բուրդ, օձի, միջատների թույն
  • Արհեստական նյութեր – լատեքս, սինթետիկ հագուստ
  • БАД-եր բուսական և կենդանական հավելումներով

 
Ախտանշաններ

Ալերգիկ ռեակցիային բնորոշ կլինիկական ախտանշանն է ենթամաշկա-ճարպային բջջանքի արագ՝ 20-30 րոպեում զարգացող այտուցը: Հաճախ այտուցվում են դեմքը, պարանոցը, կոպերը, լեզուն, փափուկ քիմքը, բկանցքը, բրոնխները:


Երբեմն լինում է նաև սեռական օրգանների Կվինկեի այտուց: Այտուցը բնորոշվում է անհարթ եզրերով և պնդությամբ:

Ախտանշանները կախված են այտուցի տեղակայումից:

  • Փափուկ քիմք – ձայնի կորուստ, կլման խանգարում, օդի պակասի զգացողություն
  • Բրոնխներ – շնչարգելություն
  • Կերակրափող – սուր ցավ որովայնում, լուծ, փսխում
  • Դաստակ – դաստակի, մատների պնդացում, այտուց
  • Սեռական օրգաններ – կանանց մոտ սեռական շրթերի, տղամարդկանց մոտ՝ ամորձիների այտուց

 
Ծանր դեպքերում Կվինկեի այտուցը կարող է անցնել գլխուղեղի թաղանթներին՝ առաջացնելով մենինգեալ ախտանշաններ.

  • Ծոծրակային մկանների կարկամություն
  • Ուշագնացություն
  • Ցնցումներ
  • Սրտխառնոց և թեթևություն չառաջացնող փսխում
  • Ուժեղ գլխացավ, քունքերում նվվացող ցավ

 
Ախտորոշում

Զննում, անամնեզ, ալերգիկ թեստեր, արյան հետազոտություն: Եթե չի հաջողվում պատճառը հայտնաբերել, ապա դրվում է իդիոպաթիկ անգիոնևրոտիկ այտուց ախտորոշումը: Կվինկեի այտուցի դիֆերենցիալ ախտորոշումը կատարվում է կոնտակտային դերմատիտի, դերմատոմիոզիտի, վերին սիներակի փակվածության, րոզացեայի և ենթամաշկային էմֆիզեմայի հետ:

Առաջին օգնություն

Անհետաձգելի օգնությունը պետք է ցուցաբերել անմիջապես. անհրաժեշտ է .

  • Դադարեցնել ալերգենի հետ կապը: Եթե պատճառը միջատի խայթոցն է, ապա պետք է այդ տեղում դնել սառույց, իսկ դրանից վերև՝ ճնշող կապ: Եթե ալերգենը սննդային է, անհապաղ պետք է ընդունել սորբենտներ:
  • Թուլացնել սեղմող հագուստը և ապահովել թարմ օդի մուտք
  • Կանչել շտապ օգնություն


Բուժումը

Կվինկեի անգիոնևրոտիկ այտուցը, մեծ մասամբ, անհրաժեշտ միջամտությունների արդյունքում կամ ինքնուրույն անցնում է 2-3 ժամից:

Նշանակվում են անտիհիստամինային դեղեր և գլյուկոկորտիկոիդներ: Դեղորայքային պատճառի դեպքում օգտագործվում են հակահիստամինային միջոցներ և ինֆուզիոն թերապիա:

Եթե դիտվում է կոկորդի սպազմ, ապա իրականացվում է շնչափողի ինտուբացիա: Անոթների նեղացման և թափանցիկության իջեցման համար նշանակվում են կալցիումի պատրաստուկներ, ասկորբինաթթու և սիմպատիկոմիմետիկներ:

Կանխարգելում

Կանխարգելման կարևոր պայմանն է ալերգենի հետ շփման բացառումը կամ այն նվազագույնի հասցնելը: Որևէ նոր նյութ օգտագործելիս անհրաժեշտ է իրականացնել ալերգոթեստ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ