Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Գլխուղեղի սուր կամ ենթասուր կաթվածների բուժման ազգային ծրագրի գրանցած արդյունքները

ԵՊԲՀ. Գլխուղեղի սուր կամ ենթասուր կաթվածների բուժման ազգային ծրագրի գրանցած արդյունքները

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, այդ թվում նաև գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածները մահվան առաջատար պատճառներից են ամբողջ աշխարհում:

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների մեծ մասը կարելի է կանխել՝ վերացնելով վարքային ռիսկի գործոնները, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և ավելորդ քաշը, ֆիզիկական անգործությունը և ալկոհոլի չարաշահումը: Կարևոր է հնարավորինս շուտ հայտնաբերել սրտանոթային հիվանդությունները, որպեսզի բուժումը սկսվի խորհրդատվությամբ և դեղորայքով:

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գլխուղեղի կաթվածը հանդիսանում է մեծահասակների մոտ ձեռք բերված ֆիզիկական հաշմանդամության հիմնական պատճառ, ինչպես նաև մահացության երկրորդ հիմնական պատճառը՝ միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` տարեկան արձանագրվում է 12,2 միլիոն ինսուլտի նոր դեպք, որը հանգեցնում է առողջ կյանքի 143 միլիոն տարի կորստի:

Կաթվածի ամենատարածված ախտանիշներից են դեմքի, ձեռքի կամ ոտքի հանկարծակի թուլությունը, առավել հաճախ՝ մարմնի մի կողմում: Այս ախտանիշները հաճախ սկսվում են անսպասելի և ներառում են դեմքի, ձեռքի կամ ոտքի թմրություն, հատկապես՝ մարմնի մի կողմում, շփոթություն, խոսելու կամ խոսքը արտաբերելու դժվարություն, մեկ կամ երկու աչքով տեսնելու դժվարություն, քայլելու դժվարություն, գլխապտույտ և/կամ հավասարակշռության կորուստ, ուժեղ գլխացավ՝ առանց հայտնի պատճառի, ուշագնացություն կամ գիտակցության կորուստ: Մարդիկ, որոնք զգում են այս ախտանիշները, պետք է անհապաղ դիմեն բժշկական օգնության:  

Սուր կաթվածի հիվանդացության և մահացության ցուցանիշներն ավելի բարձր են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնք կազմում են մահացության ընդհանուր բեռի 75%-ը:

Ոչ բավարար ռեսուրսների պայմաններում ի հայտ են գալիս ինսուլտի համապատասխան խնամքի և ծառայությունների հասանելիության բազմաթիվ խոչընդոտներ, ինչպիսիք են ինսուլտի նշանների վերաբերյալ անբավարար տեղեկացվածությունը, պետական ֆինանսավորման բացակայությունը, ուղեղի սքրինինգի հնարավորության, ինսուլտի բաժանմունքների և վերականգնողական ծառայությունների բացակայությունը կամ ցածր հասանելիությունը, առողջության ապահովագրության բացակայությունը կամ մասնագետների անբավարար վերապատրաստումը:

Հայաստանում գլխուղեղի իշեմիկ կաթվածների կառավարման ազգային ծրագիրը ներդրվել է 2019 թվականին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Էրեբունի» ԲԿ-ի, Սփյուռքի մասնագետների և ՀՀ ԱՆ արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Ծրագիրն ի սկզբանե ներդրվել է մայրաքաղաքի 2 բուժհաստատությունում՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ծրագրի հետագա հաջողված ընթացքի արդյունքում ընդլայնվել է իշեմիկ ինսուլտների բուժման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների շրջանակը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Ծրագրի արդյունավետության անուղղակի գնահատականն է 2019-2021թթ. գրանցված ցուցանիշը, համաձայն որի՝ մահացությունն ուղեղի անոթային հիվանդություններից գրեթե 9%-ով նվազել է՝ ծրագրի ներդրմանը նախորդող տարիների համեմատ:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ