Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ինչպե՞ս ազատվել այրոցից. nairimed.com

Ինչպե՞ս ազատվել այրոցից. nairimed.com

Եթե երբևիցե առատ, սուր կամ չափազանց ճարպոտ սննդի ընդունումից հետո կրծքավանդակում այրվող կրակ եք զգացել, ապա, հավանաբար, ծանոթ եք այրոցի հետ։ Միլիոնավոր մարդիկ տառապում են այդ տհաճ երևույթից, որը հաճախ են առաջացնում ստամոքսաղիքային ուղու հիվանդությունները, այդ թվում` գաստրիտը, խոցային հիվանդությունը և թթվային ռեֆլյուքսը։

Որպես կանոն, այս ախտանիշի դեպքում բժիշկը դեղեր է նշանակում։ Այնուամենայնիվ, այրոցից կօգնի ազատվել նաև կենսակերպի պարզ փոփոխությունը։ Բավական է վերանայել սնուցման սովորությունները, քնի ռեժիմը, և տանջող այրոցն ինքնուրույն կանցնի։

Ի՞նչ է թթվային ռեֆլյուքսը և որո՞նք են ախտանիշները

Թթվային ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ոչ մեծ քանակություն հետ է նետվում կերակրափող։ Դա պայմանավորված է նրանով, որ սննդի դեպի կերակրափող հետադարձ անցումը կանխող կարդիալ սեղմանը կարող է թուլանալ և երկար ժամանակ բաց մնալ։

Ռեֆլյուքսն անվտանգ վիճակ է, եթե պարբերաբար չի կրկնվում։ Սակայն ռեֆլյուքսի հաճախացման դեպքում չափազանց շատ ստամոքսահյութ է անցնում կերակրափող, ինչը բերում է լորձաթաղանթի այրոցի և ցավային զգացողությունների առաջացման։ Այրոցը հաճախ ուղեկցվում է բերանում թթու համով և կլման դժվարացմամբ, երբեմն` հազով և զկռտոցով։

Այրոցի մյուս պատճառները

Որոշ սովորական մթերքներ և դեղեր, որոնք ուտում և խմում ենք, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը՝ նպաստելով այրոցի առաջացմանը։

Ահա դրանցից մի քանիսը.

  • ալկոհոլ,
  • սուրճ,
  • գազավորված ըմպելիք,
  • թթու հյութեր,
  • շոկոլադ,
  • հրուշակեղեն,
  • թթու մրգեր և բանջարեղեն,
  • ասպիրին,
  • իբուպրոֆեն,
  • նապրոքսեն։


Ծխելը նույնպես բերում է թթվայնության բարձրացման։ Այն նվազեցնում է կերակրափողի կարդիալ սեղմանի տոնուսը։

Բացի այդ, ռեֆլյուքսին կարող է նպաստել ճարպակալումը, որի ժամանակ ստամոքսը ճնշվում է շրջակա ավելցուկային հյուսվածքներով։

Այրոցի բարդությունները

Կերակրափողի կրկնվող գրգռումները և բորբոքումներն անտեսելու դեպքում զարգանում է ռեֆլյուքս-էզոֆագիտ տհաճ հիվանդությունը։ Դա քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ կերակրափողի ստորին մասում կարող են խոցեր կամ, նույնիսկ, արյունահոսություն առաջանալ։ Այս դեպքում տեղի է ունենում սպիացում, որի արդյունքում խանգարվում է նորմալ մարսողությունը։ Բացի այդ, բջիջներում փոփոխությունները կարող են բերել, այսպես կոչված, Բարետի կերակրափողի (կերակրափողում անոմալ վարդագույն լորձաթաղանթի առաջացում) և նույնիսկ` քաղցկեղի առաջացման։

Ինչպե՞ս ազատվել այրոցից

Ներկայացնում ենք այրոցի կանխարգելման մի քանի օգտակար խորհուրդներ:

1. Շատ մի կերեք։ Ձգտեք դանդաղ և քիչ ուտել։ Սննդի ընդունումը դադարեցրեք քնելուց 2-3 ժամ առաջ, որպեսզի ստամոքսը հասցնի դատարկվել՝ կանխելով ռեֆլյուքսը։

2. Ազատվեք ավելորդ քաշից։ Որովայնային ավելորդ ճարպից ձերբազատումը ստամոքսի վրայից վերացնում է ճնշումը։ Դա նվազեցնում է ստամոքսի պարունակության դեպի կերակրափող անցնելու հավանականությունը։

3. Հետևեք ցածր ածխաջրային սննդակարգին։ Չմարսված ածխաջրերը կարող են նպաստել մանրէների աճին և որովայնի խոռոչում ճնշման բարձրացմանը։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ դա էլ հենց թթվային ռեֆլյուքսի առաջացման ամենատարածված պատճառներից մեկն է։ Բացի այդ, ավելցուկային ածխաջրերը բերում են խմորման, որն էլ նպաստում է թթվագոյացման բարձրացմանը։

4. Ալկոհոլի չարաշահումը կարող է ուժեղացնել թթվային ռեֆլյուքսի ախտանիշները։ Եթե տառապում եք այրոցից, ալկոհոլի սահմանափակումը զգալիորեն կբարելավի ստամոքսի և կերակրափողի ֆունկցիոնալ վիճակը։

5. Սուրճը մի չարաշահեք։ Այս տարածված ըմպելիքը կարող է նվազեցնել կարդիալ սեղմանի տոնուսը և նպաստել այրոցի առաջացմանը։

6. Սահմանափակեք գազավորված ըմպելիքի ընդունումը կամ ընդհանրապես բացառեք դրանք։ Դրանք զկռտոց են առաջացնում, ինչը կարող է նպաստել թթվային ռեֆլյուքսի առաջացմանը։

7. Բացառեք թարմ հացը և կարագով բուլկեղենը։ Աշորայի չորահացերը այրոց զգալիորեն քիչ են առաջացնում։

8. Բարձրացրեք մահճակալի գլուխը կամ լրացուցիչ բարձ օգտագործեք։ Դա կարող է նվազեցնել ռեֆլյուքսի հավանականությունը։

9. Երբեմն ուժեղ, տանջող այրոցի ժամանակ կարելի է օգտագործել սննդային սոդայի և տաք ջրի խառնուրդ (1 թեյի գդալ սոդա` կես բաժակ ջրին)։ Սա արդյունավետ եղանակ է, սակայն չի կարելի չարաշահել։

10. Օգտագործեք կոճապղպեղի եփուկ․ այն այրոցի դեմ հնագույն ստուգված մեթոդ է։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ