Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Վիրաբույժ Վրեժի ապրած պատերազմն ու քաղած դասերը

Վիրաբույժ Վրեժի ապրած պատերազմն ու քաղած դասերը

Մինչ զինվորներն անձնվիրաբար կռվում էին մարտի դաշտում՝ ցավին ու մահին քմծիծաղ տալով, զուգահեռ ճակատում բժիշկներն էին, որ իրենք իրենց մոռացած պայքարում էին յուրաքանչյուր կյանքի համար:

Պատերազմի առաջին իսկ օրը Արցախ մեկնած բժիշկներից էր անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանը: Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է պատերազմի դասերի մասին:

Ձեր կարիքը կա

Պատերազմի մասին իմացա սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան: Անմիջապես փորձեցի կապվել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի գործընկերներիս հետ, սակայն ոչ ոք չէր պատասխանում զանգերիս: Սա ավելի մեծ մտահոգությունների առիթ տվեց: Երկար փորձերից հետո, վերջապես կարողացա կապվել ՊԲ գլխավոր վիրաբույժ Սամվել Սոկրատիչ Գեւորգյան հետ, որն այդ պահին արդեն վիրահատության էր: Հարցրի՝ կարիք կա՞, որ մենք գանք, ասաց՝ հա: Իրենից այդ բառը լսելուց հետո արդեն պատրաստ էինք մեկնելու: Շարժվեցինք ժամը 1-ին, երեկոյան 7-ին տեղում էինք, որից անմիջապես հետո՝ արդեն վիրահատության:

Վրեժ ՀովակիմյանՃանապարհին դեռ չգիտեինք՝ ինչ է այնտեղ կատարվում, սակայն հանդիպակած ճանապարհով անցնող մեքենաների հոսքը ենթադրել էր տալիս, որ իրավիճակը շատ-շատ լուրջ է:


Ինչպես եւ բոլորը, սկզբում մտածում էին, թե Ապրիլյան պատերազմի նման կլինի: Այդ հույսով սպասում էինք հաջորդ 4 օրվան, հետո էլի հաջորդ 4 օրվան ... բայց հետզհետե ամեն ինչ ավելի էր ընդլայնվում՝ վիրավորների քանակը, ծանրության աստիճանը, բացասական լուրերը:

Առանց հանգստի

Շատ ուրախալի էր, որ ամբողջ ազգն օգնության ձեռք էր մեկնում: Առաջին 2-3 օրվա ընթացքում լրացվեց նյութերի, գործիքների պակասը, իսկ մի քանի օրից նաեւ անձնակազմն ամբողջությամբ համալրվեց:


Առաջին 10 օրը հիմնական մասնաշենքում էինք, որտեղ ամեն ինչ լավ կահավորված էր, սակայն հետզհետե քաղաքի ռմբակոծությունն անտանելի դարձավ ու մեզ ստիպված իջեցրին նկուղային հարկի պահեստային վիրահատարաններ: Այնտեղ պայմաններն այդքան էլ բարվոք չէին թե´ աշխատանքի, թե´ հանգստի տեսանկյունից:

Այդ օրերին շատ բուժաշխատողներ, հատկապես միջին անձնակազմից՝ մայրապետներ եւ բուժքույրեր, կորոնավիրուսի ախտանշաններ ունեին, բայց ոչ ոք չէր դադարեցնում աշխատանքը: Կաթիլային ներարկում ստանալուց հետո վերադառնում էին աշխատանքի, ժամերով կանգնում վիրահատության:

Չկար «իմ» եւ «քո» հիվանդ, չկար «իմ» եւ «քո» պրոֆիլ, կար ընդհանուր հիվանդ ու ընդհանուր մոտեցում, ջնջվել էր սահմանը մայրապետի, բուժքրոջ եւ բժշկի միջեւ:

 

Վրեժ Հովակիմյան
Վիրահատություն՝ թիրախի տակ

Սկզբնական շրջանում հերթափոխի հնարավորություն չունեինք, որովհետեւ երկու անոթային վիրաբույժ էինք՝ ես եւ Գենա Օրբելյանը: Կարելի է ասել, որ 24 ժամյա գրաֆիկով էինք աշխատում: Հետո արդեն համալրվեցինք ու սկսեցինք հերթափոխով աշխատել, աշխատանքը ճիշտ բաժանել:

Հիմնական մասնաշենքում մեր վերջին վիրահատությունը շատ տիպիկ բնորոշում էր ընդհանուր իրավիճակը: Վիրահատարանում ես ու բժիշկ Օրբելյանն էինք, բուժքույրը եւ անեսթեզիոլոգը: Վիրահատության կեսին էինք հասել, երբ հիվանդանոցին շատ մոտ ռմբակոծություն սկսվեց: Առաջին միտքը, որ մարդն այդ պահին կարող է ունենալ, սեփական կյանքը փրկելն է, բայց մենք չորսս պարզապես լուռ իրար նայեցինք, հետո նույն կերպ շարունակեցինք վիրահատությունն ու բարեհաջող ավարտեցինք: Հետո այդ թեմայի մասին չխոսեցինք՝ մեկս մյուսին խուճապի չմատնելու համար:

Հետզհետե այդ ամենն արդեն սովորական դարձավ, այլեւս նշանակություն չուներ՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, ռմբակոծու՞մ են, թե՞ ոչ, ի՞նչ պրոֆիլի հիվանդ է, քանի՞սն են հիվանդները: Բոլորը գիտեին՝ իրենց տրված է այս աշխատանքը, իրենք պետք է դա լիարժեք կատարեն այն հույսով, որ մյուս օղակներն էլ նույն կերպ իրենց վստահված աշխատանքն են կատարում:  

 

Վրեժ Հովակիմյան
Հոգատարության հավասարելիությունը

Մեկս մյուսով էինք ուժ ստանում: Մոտիվացնող էին մեր զրույցները, հատկապես երբ որոշում էինք՝ հաղթանակն ինչպես ենք տոնելու: Շաբաթը 1-2 անգամ հաջողացնում էինք կապվել հարազատների հետ, ու դա եւս ուժ էր տալիս: Նաեւ կապի մեջ էինք այն բուժհաստատությունների հետ, որտեղ տեղափոխում էին մեր հիվանդներին: Տեղեկանում էինք, որ լավ են, բարդացումներ չկան, ուրախանում էինք ու գոտեպնդվում:

Մինչեւ հիվանդին հոսպիտալից տեղափոխելը մի քանի հոգի միշտ շարունակում էին նրա հետ մնալ, միշտ նույն ուշադրությամբ եւ հոգատարությամբ: Վերջին օրերին նաեւ վիրավոր գերիներ կային, իրենք եւս ստանում էին նույն վերաբերմունքը: Բժշկի առաքելությունն է վիրահատել, բուժել, վերջույթ փրկել, հիվանդ փրկել, ու ազգությունը կապ չունի: Այս մոտեցմամբ էինք առաջ շարժվում անգամ պարտության լուրից հետո, մի կողմ էինք թողնում բոլոր մտքերն ու կատարում մեր աշխատանքն այն հույսով, որ գուցե մյուս թեւում ինչ-որ մեկը նույն կերպ կմտածի, քո ազգակցին նույն կերպ կվերաբերվի:

 

Վրեժ Հովակիմյան
Խուճապի հաղթահարում

Մինչեւ նոյեմբերի 11-ը Ստեփանակերտում եմ եղել: Ինչպես շատերի, այնպես էլ ինձ համար պատերազմական իրավիճակում աշխատանքը նոր էր: Այս պարագայում մեծ մարտահրավեր էր խուճապի չմատնվելը: Հատկապես մեր պրոֆիլի հիվանդներն արնահոսող վիրավորներն էին, պետք էր շատ արագ կանգնեցնել արնահոսությունը: Առաջինը փորձում էինք կյանքը փրկել, հետո վերջույթը: Ինչ-որ շրջանից հետո դա հաղթահարվեց ու սովորական դարձավ:


Մեր բժիշկներից մեկի երեխան 40 օրական էր, բայց դեռեւս չէր տեսել իր երեխային: Կարեւոր օր էր մեզ համար, ուզում էինք նշել: Պիտի դուրս գայինք նկուղից՝ տոնելու համար անհրաժեշտ պարագաները բերելու: Մի քանի հոգով միասին մեքենայով շարժվեցինք, հետո երկնքում ուժեղ լույս տեսանք, իջեցրինք մեքենայի ապակիները ու պայթյունների ձայներ լսեցինք: Ընկերս իրար խառնվեց, ասաց՝ հետ քշի, ես էլ հանգիստ արդեն իրավիճակին սովոր ասացի՝ այդպես էլ գուցե հետեւից խփեն: Հետ գնացինք ու մտածում էինք՝ ինչ կլիներ, եթե 5 րոպե առաջ դուրս եկած լինեինք: Հետո արդեն միայնակ գնացի, բերեցի ինչ-ոչ պետք էր ու նշեցինք:

Պիտի լինի վերջինը

Այս պատերազմի ժամանակ ես համոզվեցի, որ մենք, ցավոք, համախմբվում ենք միայն դժվար պահերին, չենք կարողանում նույնն անել պլանային կարգով: Ինձ նաեւ շատ է մտահոգում մեր ազգի կարճ հիշողությունը: Արդեն մոռացել ենք պատերազմը, թշնամուն, մոռացել ենք՝ ինչի միջով անցանք ու դեռ կարող ենք անցնել, ոչ մի քայլ չենք ձեռնարկում հնարավոր արհավիրքը կանխելու կամ գոնե մեղմացնելու համար:

Վրեժ ՀովակիմյանԲոլորս անընդհատ լսում ենք, որ պետությունը մեծ ընտանիք է, որ պետք է յուրաքանչյուրս բարձր մակարդակով կատարենք մեր աշխատանքը ու դրանով ինչ-որ բան կփոխենք: Պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ եթե յուրաքանչյուրն իր օղակը ճիշտ կարգավորեր՝ ինչպես մինչեւ պատերազմը, այնպես էլ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, մենք այս ավարտը չէինք ունենա: Բժշկական ոլորտում եւս ունեցել ենք բացթողումներ, բայց դասեր ենք քաղել դրանից ու դրանք ներդրել ենք մեր պլանային աշխատանքում:

Զարգանալու երկու ճանապարհ՝ ցածրացնել շրջապատիդ լավ մասնագետներն եւ դրանով նրանցից լավը երեւալ, կամ էլ աշխատել ու դառնալ ավելի լավը լավերի մեջ: Մենք միշտ առաջին տարբերակն ենք ընտրում: Ժամանակն է, որ փոխենք սա:

Ինքներս մեզ պետք է հրահանգենք, մարտահրավեր նետենք լավագույնս կատարել մեզ վստահված աշխատանքը՝ անկախ նրանից, թե վերադասը կամ ստորադասն ինչպես է կատարում իր աշխատանքը: Եթե շատանան նման մարդիկ, դրանով կփոխվի միջավայրը եւ մյուսներն արդեն ենթագիտակցորեն կձգտեն փոփոխությանը:

Մի խնդրանք ունեմ այն մարդկանց, որ կկարդան այս տողերը: Սա պետք է լինի մեր վերջին այսպիսի բացասական դասը, պիտի ճիշտ դասեր քաղենք սրանից: Մեծ Եղեռնից դասեր չքաղեցինք, Արցախյան առաջին պատերազմից չքաղեցինք, Ապրիլյանից չքաղեցինք, սա մեր չորրորդ փորձն է ու կարող է լինել վերջինը, որովհետեւ ի տարբերություն մեզ, թշնամին քաղեց այդ դասերն ու ճիշտ ճանապարհով գնաց: Մինչդեռ մենք շարունակում ենք ապրել անցյալով: Պետք է փակենք անցյալի էջն ու առաջ գնանք որպես ազգ, որպես պետություն: Պիտի ապրենք ու արարենք այստեղ՝ Հայաստանում, այլապես այս փոքր մասն էլ որ մնացել է, եւս կկորցնենք: Հուսով եմ, որ կարթնանաք այս խորը քնից, էլ երազներով չենք ապրի:

Վրեժ Հովակիմյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Սկզբնաղբյուր. mediamax.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am
Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am

Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Հայաստանում Լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագրի (GLLP) մենթորների և մասնակիցների մրցույթի վերաբերյալ...

ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը
ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կլինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։  75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ