Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Ուղիղ մեկ տարի Covid-19-ի հետ. համալսարանական մասնագետների ծավալուն անդրադարձը. տեսանյութ

ԵՊԲՀ. Ուղիղ մեկ տարի Covid-19-ի հետ. համալսարանական մասնագետների ծավալուն անդրադարձը. տեսանյութ

ԵՊԲՀ-ում այսօր համալսարանական մասնագետների կողմից ուղիղ եթերում, ակադեմիական միջավայրում ամփոփվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 365 օրը:

Մարտի 1-ից մարտի 1-ը կլինիկական տարբեր ոլորտների ներկայացուցիչները, համաճարակաբանները, բժիշկ-գիտնականները հանգամանալից անդրադարձան արձանագրված խնդիրներին և հաջողություններին:

Քննարկման սկզբին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին համավարակի հետևանքով մահացածների և պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը հիշեցրեց՝ ուղիղ 1 տարի առաջ Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ քաղաքացի, 29 տարեկան տղամարդ էր, որը կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին Թեհրանից։  Մեր երկրում Covid-19-ի դրական ախտորոշմամբ առաջին պացիենտը, ստանալով բուժօգնություն, հաղթահարել էր հիվանդությունն առանց բարդությունների: Մարտի 1-ից արդեն բժշկական հաստատություններ դիմեցին կորոնավիրուսի վարակ ունեցող նոր պացիենտներ, որոնք ժամանել էին Իտալիայից:

Մելանյա Շմավոնյանը նշում է, որ հաջորդիվ արդեն վարակակիրների մոտ արտահայտվում էին կլինիկական բոլոր այն երևույթները, որոնք բնորոշ են Covid-19-ին, մասնավորապես՝ թոքաբորբ:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը խոսեց ԵՊԲՀ-ում համավարակի շրջանակում իրականացվող հետազոտությունների մասին:

«Իրականացվում են մի քանի մեծ նախագծեր՝ պարզելու՝ արդյոք  առաջանում են հակամարմիններ, որքան երկար են մնում օրգանիզմում, որքան են դինամիկորեն փոփոխվում հակամարմինները: Սա մեր՝  գիտնականներիս «սուր» պատասխանն էր Covid-19-ին: Երկրորդ՝ բուն հետազոտությունները, որոնք  իրականացնում ենք, վերաբերում են նրան, թե ինչ երկարաժամկետ փոփոխությունների կարող է հանգեցնել Covid-19-ը, մասնավորապես՝ շեշտադրելով ուղեղի վրա թողած ազդեցությունը»,- նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ բժշկական համալսարանը, լինելով առաջամարտիկը, Covid-19-ի հակամարմինների որոշման քանակական, ազգային մակարդակի  հետազոտություն է անցկացնելու:

Ըստ նրա՝  հաստատվում է,  որ  սա նոր տեսակի կորոնավիրուս է, և հակամարմինները, որոնք ձևավորվում են,  մինչև տասը ամիս մնում են մարդու օրգանիզմում: Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակված անձիք տասը ամսվա ընթացքում պաշտպանված են կրկնավարակից, սակայն վերոնշյալը 100 տոկոս գիտական հիմնավորվածությամբ կհաստատվի և կներկայացվի հանրությանն առաջիկայում:

Անդրադարձ կատարվեց նաև ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ պատվաստումներին:

Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը շեշտեց, որ մեկ տարի առաջ այս օրը չէինք պատկերացնում, որ Հայաստանը կարող է սկսել պատվաստումները: Փետրվարի 18-ի դրությամբ ԱՀԿ-ն խոսել է 7 պատվաստանյութի մասին, որոնցից երկուսն առաջիկայում հասանելի կլինեն Հայաստանում:

 Համաճարակաբանի խոսքով՝ պատվաստանյութն այսօր այն գործիքն է, որը թույլ է տալիս փոխել խաղի կանոնները Covid-19-ի դեմ պայքարում՝ հօգուտ մարդկանց:

«Շատ բան կախված է մեր հանրության արձագանքից: Չպետք է տրվել միֆերին, թյուր կարծիքներին: Ամեն ինչ ունի գիտական հիմք, և այստեղ բուժաշխատողները շատ մեծ անելիք ունեն՝ մարդկանց ճիշտ իրազեկելու առումով»,- հավելեց համաճարակաբանը:

Խոսելով ձեռնարկված միջոցառումների արդյունավետության մասին՝ ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը հիշեցրեց, որ մեր երկրում ևս կիրառվեց վարակակիրների հետ շփման սահմանափակման մոտեցումը:

«Անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առողջապահական համակարգն արդեն կոլապսի ենթարկվեց: Հենց այդ ընթացքում ամենաշատ մահերը գրանցվեցին»,- ընդգծեց Արտաշես Թադևոսյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր էր վարակակիրների շղթան կոտրելու գործընթացը՝ սոցիալական հեռավորությունը և շփումների նվազեցումը:

ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը, խոսելով պատվաստումների մասին, նշեց, որ շուրջ 1 տարի շեշտվել է, որ հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում՝ դպրոցների, բուհերի գործունեության սահմանափակումը, զանգվածային միջոցառումների դադարեցումը, դրանց ծավալը, ուժգնությունը և տևողությունը կախված է մեկ հանգամանքից՝ երբ կստեղծվի արդյունավետ պայքարի միջոց՝ պատվաստանյութ: Գիտական մեծ ներուժի շնորհիվ կարգավորող մարմինների կողմից շուրջ 9-ը պատվաստանյութ արժանացել է հավանության: «Անվտանգության և արդյունավետության չափանիշները շատ խիստ են դրված՝ հաշվի առնելով հանրության կենտրոնացվածությունն այս հարցի շուրջ. սխալվելու իրավունք ոչ ոք չունի: Կիրառվող պատվաստանյութերն անվտանգության տեսանկյունից հուսալի են»,- ընդգծեց համաճարակաբանը՝ խորհուրդ տալով չխուսափել պատվաստումներից, այլ մեծացնել դրանց ընդգրկվածությունը՝ վարակը կառավարելու համար:

ԵՊԲՀ դասախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի ցուցանիշներին, ասաց, որ աշխարհը պատրաստ չէր դիմագրավել Covid-19-ի մարտահրավերին, ինչով էլ պայմանավորված են հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշները: «Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 115 միլիոնը, որոնցից 2,5 միլիոնը մահացել է: Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա նոր կորոնավիրուսային համավարկը ևս բացասական է անդրադարձել: Հայաստանում 2020 թվականին մահացության ցուցանիշը 35,1 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը. մոտ 7000 մարդ ավել է մահացել նախորդ տարվա համեմատ: Այս թվի մեջ ներառված չէ ռազմական գործողությունների հետևանքով մահացածների թիվը»,-նշեց Մելիք-Նուբարյանը՝ ավելացնելով, որ առավել ծանր էին համավարակի երկրորդ ալիքի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները, երբ վիրուսի հետևանքով աշխարհում մահացել է 360 174 825 մարդ: Իսկ առաջին ալիքի ամենածանր՝ հունիս ամսին, մահացել է 350 մարդ:

«Հիվանդացության ցուցանիշների վերլուծության համաձայն՝ 2020 թվականին արձանագրվել է 28 հազար կորոնավիրուսային թոքաբորբ»,-նշեց Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետը՝ շեշտելով, որ այդ ծանր բեռը առողջապահական համակարգը, բուժաշխատողները պատվով և հերոսաբար են տարել:

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ առողջապահության համակարգի կազմակերպման տեսանկյունից կարևոր է նաև արձանագրել, որ 2020 թվականին գրանցվել է 24 հազար չճշտված ախտորոշմամբ թոքաբորբ, որոնց ճնշող մեծամասնությունը փաստացի ևս կորոնավիրուսային թոքաբորբեր են: Ըստ վիճակագրության՝ նախորդ 4 տարիներին չճշտված ախտորոշմամբ թոքաբորբերը միջինում 6000 էին, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել առողջապահական համակարգի պլանավորման գործընթացում:

Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը բաժանեց երեք փուլերի՝ նախապատրաստական փուլ, երբ Հայաստանում դեռ չէր արձանագրվել Covid-19-ը ախտորոշմամբ հիվանդ, երկրորդ՝ առաջին դեպքից մինչև մայիսի վերջ, երբ գործում էր կենտրոնացված մոտեցում, և երրորդ փուլը, երբ կորոնավիրուսը վարվում է առողջապահության առաջնային օղակում և մեկուսացում չի արվում:

«Մենք դեռ երկար ենք ապրելու կորոնավիրուսի հետ: Առ այսօր արդի է ունենալ համալիր միջգերատեսչական ծրագիր՝ տեղական ինքնակառավարման մարմիների ներգրամամբ, մինչև հնարավոր լինի մեծացնել պատվաստումների ծավալը»,-եզրափակեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը խոսեց Covid 19-ի պատճառով առաջացած նյարդաբանական խնդիրների մասին: «Շատ հաճախ մարդիկ միայն համի և հոտի կորստով են հասկանում, որ ունեն կորոնավիրուս, բայց մեխանիզմները վերջնականորեն բացատրված չեն: Կան պերիֆերիկ, ինչպես նաև կենտրոնական ախտահարման ձևեր, դրանց հետ կապված հետազոտություններ, բայց վերջնական մեխանիզմը դեռևս գիտության համար անբացատրելի է: Կան կորոնավիրուսով վարակվածներ, ովքեր 8 ամսից ավել ունեն հոտառության տարբեր աստիճանի խանգարումներ»,-նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ ցավոք, միայն հոտառության կորստով չեն նյարդաբանական դրսևորումները: Բուժման ընթացքում կարող են բազմաթիվ լուրջ խնդիրներ առաջանալ, ինչպես օրինակ՝ ձեռքի և ոտքի նյարդերի վնասվածքներ, գլխուղեղի կաթվածներ՝ պայմանավորված մակարդելության համակարգի ախտահարման հետ: Բժիշկն ընդգծում է, որ մարդիկ գանգատվում են նաև հիշողության խանգարումից, սակայն դա կենտրոնացման խնդիր է, քան հիշողության օբյեկտիվ վնասում:

Պատասխանելով հայ մասնագետների պատրաստվածության մասին հարցին՝ ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը նշեց. «Մենք պատրաստ չէինք այդ ծավալի մեծաքանակ հիվանդների հոսքին: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ հիվանդները հայտնվում էին ոչ պրոֆեսիոնալների վերահսկողության տակ»:

Նրա խոսքով՝ մինչ այսօր Հայաստանում Covid 19-ով հիվանդներին բուժում են հակաբիոտիկներով: «Բացարձակ տեղյակ չլինելով վիրուսային վարակի, պաթոգենեզի և հիվանդության ընթացքի մասին, ոչ հիմնավորված, մեծաքանակ դեղեր նշանակելով՝ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում՝ հուսալով, որ օգնում ենք հիվանդին, այնինչ ուղղակի նվազեցնում ենք տվյալ հիվանդի օրգանիզմի ռեսուրսները», - հավաստիացրեց Իրինա Մալխասյանը: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, թե ինչպես է կառուցվում հսկողությունը նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերում: «Կարևոր է պատվաստումների հարցը: Հակամարմիններ ունեցող անձինք կարող են չշտապել պատվաստման. այդ քայլին պետք է դիմեն նրանք, որոնք հակամարմիններ չունեն», - ասաց մասնագետը:

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոն վարիչ Հարություն Մանգոյանը կարևորեց ապացուցողական բժշկության մոտեցումները: «Պետք է հիշենք, որ անհրաժեշտ է հիմնվել ապացույցների վրա: Մենք ունենք մասնագիտական միության կողմից մշակված ուղեցույց և ամեն ինչ անում ենք այն տարածելու համար», - ավելացրեց Հարություն Մանգոյանը:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի» բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանի հավաստմամբ՝ Covid-19-ից հետո հիվանդներն ունենում են բավականին ծանր պաթոլոգիաներ՝ սկսած շնչառական անբավարարությունից մինչև սիրտ-անոթային և երիկամային անբավարարություն: «Պատերազմը և Covid 19-ը ցույց տվեցին, որ հատկապես մեր մասնագիտության մեջ կարևոր է լինել կրթված և միշտ պատրաստ»,- տեսակետ հայտնեց ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորը:

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանի խոսքով՝ եթե հիվանդությունը բաժանենք 3 փուլի՝ առաջընթացի, պիկի և լավացման շրջան, ապա առաջին փուլում հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չունեն վիրուսի բազմացման վրա:

 «Պետք է հասկանալ՝ երբ է անհրաժեշտ սկսել հակավիրուսային, բորբոքումը պակասեցնելու և աուտոիմուն մեխանիզմներն ընկճելու թերապիաները: Մենք համալսարանական շրջանակում մշակեցինք դա՝ ունենալով մեր աշխատանքային մուլտիդիսցիպլինար ուղեցույցը», - նշեց Վիգեն Ասոյանը:

Նրա հավաստմամբ՝ սեղմ ժամկետում՝ մեկ շաբաթվա ընթացքում, ստեղծվեցին բաժիններ, որոնք հագեցվեցին թթվածնային ապահովմամբ. դա այդ պահին ամենակարևորն էր:

Մասնագիտական տասնյակ հարցերի շարքում չէր կարող չլինել նաև երեխաների առողջությունը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը և Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանն ասացին՝ ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ հիվանդությունը համեմատաբար թեթև ընթացք է ստանում, ինչը մանկաբույժների համար դրական փաստ էր:

Հռիփսիմե Ապրեսյանը խոսեց նաև մանկական բազմաօրգանային բորբոքային համախտանիշի՝ «կավասակիանման» համախտանիշի, ինչպես նաև այլ հիվանդությունների մասին, որոնք կորոնավիրուսի հետ զուգորդվեցին երեխաների մոտ: Մեկ տարվա ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Բոքսային բաժանմունքում «կավասակիանման» համախտանիշով 18 երեխա է բուժվել. որևէ մեկի մոտ կորոնոավիրուսը ծանր ընթացք չի ունեցել:

Անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին,  մասնավորապես  «այրման համախտանիշին», որն առավելապես կարող է ի հայտ գալ բժիշկների մոտ՝ պայմանավորված գերծանրաբեռնված աշխատանքով:  

 Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝  «այրման համախտանիշի» դեպքում անձի մոտ աշխատանքին առնչվող ծանրաբեռնվածության պատճառով  առաջանում է ֆիզիկական, հուզական և հոգեկան հյուծվածություն: Այսպիսով՝ ամեն օրը տվյալ մարդու համար դառնում է վատ օր, և նա կորցնում է արդյունավետությունը, ունենում է հոգնածության զգացում՝ ի տարբերություն սթրեսի, այս դեպքում մարդը չունի այդ վիճակը հաղթահարելու մոտիվացիա: Մասնագետի հավաստմամբ՝ փոխվում են նաև միջանձնային հարաբերությունների ուրվագծերը:

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Ալլա Հովհանիսյանն էլ նշեց, որ հիվանդությունը նոր է և  Covid 19-ի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունները շարունակվում են աշխարհում և Հայաստանում:   

Հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին համավարակի դեմ պայքարին վերաբերող տարբեր արդի թեմաների շուրջ:

Քննարկումն ամփոփվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ելույթով: Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանը դժվար փորձություններով է անցնում, և Covid 19-ը փաստացի դարձել է մեզ հետ ապրող ինչ-որ երևույթ:

«Այստեղ բազմաթիվ խնդիրներ և աշխատանքներ քննարկեցինք, բայց կուզեի անդրադառնալ մեկ երևույթի, որը կոչվում է համաճարակաբանական մշակույթ: Նման մշակույթ ձևավորվում է հասարակություններում արհավիրքներ անցնելուց հետո, բժշկությունը զարգանում է չարաբաստիկ արհավիրքներից, պատերազմներից, համաճարակներից հետո»,-նշեց Արմեն Մուրադյանը:

Նա անդրադարձավ նաև պատվաստումներին, որոնք շարունակում են շահարկման թեմա հանդիսանալ:

«Մենք չպետք է քննարկենք պատվաստումները, այլ պատվաստանյութը: Այդ 7 պատվաստանյութն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել»,-ասաց նա:

Արմեն Մուրադյանը բնակչությանը խորհուրդ տվեց պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ-ում համավարակի թեմայով ևս մեկ քննարկում հրավիրվել էր  2020 թվականի հունիսի սկզբին: Հանդիպումը վարում էր ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը:

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ