Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Վիրաբուժական ծառայությունները «Արմենիա» ՀԲԿ-ում կորոնավիրուսային համավարակի ժամանակ. հարցազրույց Աշոտ Կուրղինյան. armeniamedicalcenter.am

Վիրաբուժական ծառայությունները «Արմենիա» ՀԲԿ-ում կորոնավիրուսային համավարակի ժամանակ. հարցազրույց Աշոտ Կուրղինյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ն են «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ծավալները:

Արմենիա բժշկական կենտրոնն ունի մեծ հնարավորություններ: Կենտրոնում՝ վիրաբուժության ուղղությամբ, առկա են բազմաթիվ ծառայություններ՝ անեսթեզիոլոգիա, վերակենդանացում, անոթային վիրաբուժություն, նյարդավիրաբուժություն, միկրոպլաստիկ, դիմածնոտային վիրաբուժություն, ուրոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն և այլն: Առանց ավելորդ չափազանցության, հպարտությամբ ուզում եմ նշել, որ տեսնում եմ յուրահատուկ մասնագետների, որոնք առանձնահատուկ գործ են կատարում:

Մեր պոտենցիալը շատ հստակ երևաց նաև պատերազմի ժամանակ, երբ, միաժամանակ, շարունակվում էր նաև կորոնավիրուսով հիվանդների սպասարկումը:  Պատերազմի ընթացքում տարբեր վնասվածքներով և վիրավորումներով զինծառայողներին ցուցաբերած օգնության ծավալով (ավելի քան 700 զինվոր) հանրապետությունում մեր բժշկական կենտրոնն առաջիններից է:  Բոլոր ծառայություններն աշխատել են խիստ լարված, բայց որևէ խնդիր չի առաջացել՝ ռեանիմացիայից սկսած և վերջացրած վիրաբուժական բոլոր բաժիններով: Բժիշկներն ու ամբողջ բուժանձնակազմն առավելագույնն են ցուցաբերել:

Ի՞նչ փոփոխություններ է առաջացրել կորոնավիրուսային համավարակը հիվանդանոցի գործունեության մեջ:

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում շատ հիվանդանոցներ, ստիպված՝ ելնելով անհրաժեշտությունից, իրենց պոտենցիալը և հնարավորությունները կենտրոնացրել են համավարակի վրա, որի պարագայում շատ կարևոր մասնագիտական ոլորտներ, կարծես, ուշադրությունից դուրս են մղվել` հայտնվելով երկրորդ պլանում, օրինակ, նյարդավիրաբուժությունը, ուրոլոգիան, վերականգնողական վիրաբուժությունը, ուռուցքաբանությունը, որոնք խիստ անհրաժեշտ ծառայություններ են և նույնիսկ համավարակի ժամանակ հնարավոր չէ անտեսել:

«Արմենիա» բժշկական կենտրոնը, մեծ դժվարությամբ և մեծ աշխատանքի շնորհիվ, փորձում է համադրել`կարողանալ օգտակար լինել և՛ համավարակի դեմ պայքարում, և՛ մյուս ծառայություններն ուշադրությունից դուրս չթողնել: Կարծում եմ, դա ստացվում է:

«Արմենիա» բժշկական կենտրոնում` հնարավորություններից զատ, ի՞նչ առավելություններ եք տեսնում:

Հետաքրքիր բան եմ տեսնում մեր կենտրոնում: Այս ավանդույթը եղել է, կա, և դա կենտրոնի տնօրինության, գլխավոր տնօրենի կամքի, հոգածության շնորհիվ է իրականանում: Դա այն է, որ հիվանդանոցը հանրապետությունում ընդունված է անվանել «բաց դռներով» հիվանդանոց: Այստեղ չեն մերժվում այն հիվանդները, որոնք, սովորաբար, այլ հիվանդանոցներում ինչ-ինչ պատճառներով մերժվում են՝ վճարունակության, կարգավիճակի, ամենակարևորը՝ բարդություններով ընթացող հիվանդությունների, որոնց վրա ջանք, գումար, դեղորայք, մասնագիտական աշխատանք, եռանդ կենտրոնացնելը կարող է լինել տևական, իսկ արդյունքներն՝ ուշացած: «Արմենիա» բժշկական կենտրոնն այն եզակի բժշկական հաստատությունն է, որը չի տրտնջում նման հիվանդներից և, ունենալով բոլոր մասնագիտական հնարավորություններ, կարողանում է բոլոր ոլորտներում` ռեսուրսներով, տարբեր մասնագետների ջանքերով օգտակար լինել բոլորին: Վիրաբուժական բաժանմունքում հիվանդներ ունենք ծերանոցից, խնամքի կենտրոններից, քրոնիկական հիվանդներ, ովքեր հարազատներ չունեն կամ փախստականներ են, որոնք ամիսներով բուժվում են մեր հիվանդանոցում: Եվ շատ լավ է, որ կա բուժհաստատություն, որտեղ չեն մերժում   :

Այսօրվա բուժառուներից շատերը կարևորում են սպասարկման մակարդակը…

Իհարկե, դա այդպես է, մենք չենք մոռանում բավարարել նաև այնպիսի մարդկանց պահանջները, որոնք ավելի յուրահատուկ սպասելիքներ և սպասարկման կարիք ունեն: Եվ, օրենքի թույլատրման սահմաններում, անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուրին: Ունենք բավականին լավ պայմաններ, անհատական հիվանդասենյակների մշակված սխեմաներ, որոնք այսօրվա պայմաններում, անկասկած, անհրաժեշտություն է: Ուշադրության կենտրոնում են նաև սոցիալապես անապահով հիվանդները. դա ուզում եմ հատկապես շեշտել:

Մեծահասակների հիվանդանոցում մանկական ծառայություն հիմնելը մեծ խիզախություն է: Ի՞նչ քայլեր են արդեն ձեռնարկված:

Կենտրոնում արդեն գործում ենք մանկական ընդհանուր վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայություններ և, ինչպես արդեն նշեցի, այդտեղ ես ունեմ իմ համեստ ներդրումը. դա եղել է իմ առաջարկով ու ջանքերով:

Մեկ տարի է, ինչ մանկահասակ երեխաների ծառայության շրջանակում իրականացնում ենք վիրահատաություններ: Այս ընթացքում, ապրիլ-մայիս ամիսներից ի վեր, վիրահատել ենք մոտավորապես 200 երեխա  (վիրաբուժական՝ 22, ուրոլոգիա՝ 7, քիթ-կոկորդ-ականջաբանություն՝ 51 և վնասվածքաբանություն՝ 120/: Երբ ծառայություններն իրականացվեն առանձին բաժանմունքներում՝ այս թիվը 3-4 անգամ կավելանա:

Ինչպե՞ս եք լուծել մանկական մասնագետների հետ կապված հարցերը:

Երեխաներով զբաղվում են միայն երեխաների բուժման փորձ ունեցող բժիշկներ: Բաժանմունքում աշխատում է մանկական տրավմատոլոգ-օրթոպեդ Արա Աշոտի Այվազյանը, ով երկար ժամանակ աշխատել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնում: Արդեն գործում է քիթ-կոկորդ ականջաբանության բաժանմունքը:

Եվ, ամենակարևորը, մենք հրավիրել ենք և աշխատանքային պայմանագիր ենք կնքել հանրապետության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ Հրանտ Զավենի Կալենտերյանի հետ:

Սա այն թիմն է, որի անդամները մասնագիտությամբ, իրենց փորձառությամբ` մանկաբույժներ են:

Ի՞նչ այլ ծրագրեր ունեք մանկական ծառայության զարգացման համար:

Մենք դեռ բարելավելու ենք պայմանները, մտածում ենք առանձին մասնաշենքի, մասնահարկի մասին, որտեղ լիովին կառանձնացվի մանկական ծառայությունը, սկզբում` մանկական վիրաբուժությունը:  Ծառայությունը զարգացնելու համար ունենք ադմինիստրացիայի լիարժեք աջակցությունը, ինչի համար ուրախ ենք:

Որիշ ի՞նչ ծրագրեր և նպատակներ կան առաջիկայում:

Հիմա աշխատում ենք նաև մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունը մեծացնելու ուղղությամբ: Դա գինեկոլոգիական խնդիրներով տառապող կանանց, հղիների հսկողություն հիմնելը և ծավալելն է` պոլիկլինիկային կից, Աջափնյակ թաղամասի բնակչության համար, ինչը նորություն կլինի: Արդեն պայմանավորվածություն ունենք նախարարության հետ, հիմա առաջին քայլերն ենք անում` աշխատասենյակներն ենք կահավորում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ