Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Գերհասուն հղիություն. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am

Գերհասուն հղիություն. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am

Գերհասուն հղիության հետ կապված խնդիրների մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության-գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Իլյիչի Ազիզյանի հետ:

Ի՞նչ է գերհասուն հղիությունը և գերհասուն պտուղը

Նախ, խոսենք հղիության նորմալ ժամկետների և դրանց այլ խախտումների մասին. 22 շաբաթական և ավելի մեծ պտղի լույս աշխարհ գալը համարվում է  ծննդաբերություն, իսկ մինչև 22 շաբաթականը համարվում է վիժում: Տարբերում են վաղ և ուշ վիժումներ:

Հղիության 22-ից մինչև 37 շաբաթականն իրականացած ծննդաբերությունը վաղաժամ ծննդաբերությունն է, 37-ից մինչև 42 շաբաթական հղիության ժամկետը՝ ժամկետային ծննդաբերությունն է: Համաձայն վիճակագրական տվյալների, հիմնական ծննդաբերությունները տեղի են ունենում 40 շաբաթականի շրջանում: Եվ, ընդհանրապես, ենթադրյալ ծննդաբերության ժամկետը 40 շաբաթականից ելնելով է հաշվարկվում: Այն, իհարկե, կարող է 1-2 շաբաթով շեղումներ տալ:

Եթե հղիությունը 42 շաբաթական է և դրանից ավելի, արդեն կարելի է խոսել ժամկետանց ծննդաբերության մասին: Եվ հենց դա էլ համարվում է գերհասուն հղիություն:

Գերհասուն պտղի մասին հնարավոր է խոսել միայն երեխայի ծնվելուց հետո, քանի որ պտուղը կարող է 42 շաբաթական լինել, բայց չունենա գերհասունության նշաններ, քանի որ կա երկարաձգված հղիություն, որի ելքը կարող է լինել նորմալ, հասուն պտուղը:

Ի՞նչը կարող է պատճառ լինել:

Ծննդաբերության ուշացման պատճառները շատ են: Դրանք բոլոր այն դեպքերն են, երբ խախտվում են բնական ծննդաբերություն ապահովող գործոնները: Այսինքն, խանգարվում են հորմոնալ համապատասխան փոփոխությունները  (պրոգեստերոնի և օքսիդոցինների փոխհարաբերությունը):

Այդպիսի խնդիրներ հիմնականում առաջանում են դեռահասների, տարիքավոր հղիների, շաքարախտով տառապող կանանց, էնդոկրին հիվանդություններ, ճարպակալում ունեցող կանանց մոտ: Փաստորեն, բոլոր այն վիճակները, երբ կան կողմնակի խնդիրներ, կարող են բարդացնել հղիության ընթացքը:

Բայց հնարավոր է, որ ուշացած ծննդաբերություն լինի միանգամայն առողջ կնոջ մոտ:

Ինչպե՞ս են արտահայտվում գերհասուն հղիության խնդիրները:

Առաջին հերթին, դրանք ընկերքի փոփոխություններն են: Իսկ ընկերքը պտղին անհրաժեշտ նյութեր, թթվածին, սնունդ ապահովող օրգան է. ընկերքով է տեղի ունենում արյան շրջանառությունը, հեռացվում են պտղի կենսագործունեության արգասիքները: Ընկերքը պատասխանատու է նաև հորմոնալ գործունեութան համար:

Գոյություն ունեն ընկերքի հասունության աստիճաններ՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ: Կա նաև ընկերքի ծերացման հասկացություն, որի դեպքում նրա ֆունկցիաները խանգարված են:

Որո՞նք են գերհասուն հղիության վտանգները պտղի համար:

Երբ ծննդաբերությունն ուշանում է, դա անհանգստացնում է հղիին, որովհետև,  ձգվող հղիությունը որոշակի բարդությունների պատճառ կարող է դառնալ: Առաջին հերթին, պտուղն սկսում է տուժել ընկերքի փոփոխությունների հետևանքով, նրա մոտ առաջանում են թթվածնային քաղց և շատ այլ խնդիրներ:

Հաջորդն այն է, որ ուշացման պատճառով պտղի մոտ ոսկրացումն է ավելի արտահայտվում: Պտղի գլուխն ունի կարաններ և գաղթուններ, կարանները շարժուն են և կոնքի խոռոչով անցնելիս՝ կարանների շարժունության հաշվին նրա ծավալը փոքրանում է: Ուշացման ժամանակ, ոսկրացման պրոցեսի պատճառով, այդ փոփոխության հնարավորությունը նվազում է:

Բացի այդ, ժամկետը ձգվելու ժամանակ պտուղն արգանդի խոռոչում շարունակում է աճել և քաշ ավելացնել, մեծանում է նաև նրա ուսագոտին, ինչի հետևանքով ծննդաբերությունն ավելի է դժվարանում: Այդ ամենը գերհասուն պտղի համար լուրջ վտանգներ են:

Ինչպիսի՞ հետազոտություններ պետք է իրականացնել:

Երբ ծննդաբերությունն ուշանում է, անհրաժեշտ են որոշ հետազոտություններ: Առաջին պլանում են ուլտրաձայնային և դոպլեր հետազոտությունը, կարդիոտոպոգրաֆիկ հետազոտությունները, որոնք ցույց են տալիս ուշացման նշանները, արյան շրջանառության վիճակը և խնդիրները, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Դրանցից ելնելով, որոշվում է՝ թո՞ւյլ տալ դեռ հղիության շարունակությունը, կամ այն արդեն ծննդալուծել՝ առաջնորդվելով ծննդկանի և պտղի համար ամենաբարվոք լուծումով:

Ինչպե՞ս է տարվում ծննդաբերությունը գերհասուն հղիության ժամանակ:

Երբ պտուղն արդեն հասուն է, բարդություններից խուսափելու համար, 41 շաբաթականում նպատակահարմար է հղիին ծննդալուծել բնական ճանապարհով կամ վիրահատությամբ՝ կեսարյան հատումով:

Բնական ծննդաբերության դեպքում կատարվում է խթանում, որին ի պատասխան սկսվում է ծննդաբերությունը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ