Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am

Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am

Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել ախտաբանությունը և բուժման կուրս անցնել։
 
Chlamydia trachomatis հարուցիչը օրգանիզմ ներթափանցում է առավելապես չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ կամ փոխանցվում է մորից երեխային՝ ծննդաբերության ժամանակ։

Կախված նրանից, թե ո՞ր օրգաններն են ախտահարված վարակով՝ տարբերում են խլամիդիային վագինիտ, ցերվիցիտ, սալպինգիտ, էնդոմետրիտ, ուրեթրիտ, էպիդիդիմիտ, պրոստատիտ, պրոկտիտ  (ախտաբանական գործընթացը ուղիղ աղիում է)։ Բացի այդ, խլամիդիաները կարող են նպաստել թոքաբորբերի, կոնյուկտիվիտի, արթրիտների զարգացմանը։

Հիմնականում հարուցիչը սկզբում թափանցում է միզասեռական համակարգ, որտեղ ակտիվորեն  բազմանում է և, այնուհետև, ախտահարում է այլ օրգաններ, ինչը տեղի է ունենում, մասնավորապես, հիվանդության քրոնիկական ընթացքի դեպքում։ Վարակի թափանցումը թոքեր, շաղկապենի բնորոշ է փոխանցման ուղղահայաց ուղուն՝ մորից երեխային` ծննդաբերության ժամանակ։

Խլամիդիոզի առաջին բնորոշ նշաններից է  տղամարդկանց մոտ` միզուկից և կանանց մոտ` հեշտոցից ,թափանցիկ (կամ դեղնավուն) արտադրությունը։ Երբ խլամիդիաներն ախտահարում են արգանդի վզիկի լորձաթաղանթը, արտադրության բնույթը մի փոքր փոխվում է, դառնում է սպիտակ և մածուցիկ։ Հնարավոր են նաև ցավային զգացողություններ (որպես կանոն` ցածր ինտենսիվությամբ), այրոց միզարձակման ժամանակ։ Սակայն երբեմն  (հիվանդների գրեթե 40%-ի մոտ, որոնք հիմնականում կանայք են) ախտանիշները կարող են լիովին բացակայել, ինչով պայմանավորված հիվանդները բժշկի չեն դիմում, և հիվանդությունն ընդունում է քրոնիկական ընթացք։

Խլամիդիոզը վտանգավոր է բարդությունների զարգացմամբ, որոնցից մեկը անպտղությունն է։

Խլամիդիոզը՝ որպես կնոջ անպտղության պատճառ

Արգանդափողերի ախտահարման դեպքում վերջիններում առաջանում են կպումներ, որոնք խոչընդոտում են ձվաբջջի շարժմանը՝ բեղմնավորումը դարձնելով անհնարին։ Բացի այդ, խանգարվում է ֆալոպյան փողերի ֆունկցիան. քանի որ էպիթելում տեղի են ունենում ախտաբանական փոփոխություններ, փողը չի կարողանում ուղղորդել ձվաբջիջը, իսկ մկանային շերտի ախտահարման դեպքում փողը չի կարողանում նորմալ կրճատվել՝ առաջ մղելով սերմնաբջիջը և ձվաբջիջը։ Խլամիդային սալպինգիտը հաճախ նույնպես կարող է արտարգանդային հղիության պատճառ դառնալ, երբ բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում հասնել արգանդ և ամրանալ ֆալոպյան փողերի պատերին։

Վարակի արգանդ թափանցման հետևանքով (խլամիդային էնդոմետրիտ), նույնիսկ հաջող բեղմնավորման դեպքում, սաղմը չի կարողանում պատվաստվել արգանդի պատերին և զարգանալ։

Խլամիդիոզը՝ որպես տղամարդկանց անպտղության պատճառ

Երբ խլամիդիաներն ախտահարում են շագանակագեղձը, ամորձիները և մակամորձին, խանգարվում է սպերմատոգենեզի նորմալ գործընթացը  (արական սեռական բջիջների առաջացումն ու հասունացումը) և վատթարանում է սերմնահեղուկի բեղմնավորիչ ունակությունը։ Այսպիսով, առաջին դեպքում սերմնահեղուկի մաս կազմող շագանակագեղձի արտադրության ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությունը բացասաբար է ազդում սերմնաբջիջների շարժունակության վրա։ Սպերմատոգենեզի խանգարումը բերում է արական սեռական բջիջների կոնցենտրացիայի նվազման և ձևախախտված կառուցվածքով բջիջների մեծ տոկոսի առաջացման։

Բացի այդ, խլամիդիոզային վարակը նպաստում է ագլյուտինացիային և սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիային։

Անպտղության բուժումը խլամիդիոզի դեպքում

Ամուսիններից յուրաքանչյուրին նշանակված հակաբակտերիալ բուժումը՝ մասնագետին ժամանակին դիմելու դեպքում, կարող է վերականգնել բնական պտղաբերությունը։ Բացի այդ, նշանակվում են իմունակարգավորիչներ, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել հիվանդի իմունիտետը։ Բժիշկը գնահատում է այս կամ այն օրգանի ախտահարումը, և, ելնելով իրականացված հետազոտության արդյունքներից, մշակում է բուժման օպտիմալ սխեմա։ Փոքր կոնքում կպումների դեպքում հնարավոր է վիրահատական միջամտություն պահանջվել։

Երբ բուժումը դրական արդյունք չի տալիս, խորհուրդ է տրվում արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) կամ  ԱՄԲ+ԻՔՍԻ, որոնք հղիությունը հնարավոր են դարձնում վերարտադրողական համակարգի շատ խնդիրների դեպքում։

Լուրջ բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել ախտաբանությունը և անցնել բուժման կուրսը։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ