Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:

Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը:

Ներկայում այլևս չկան նախկինում ընդունված «սեղան` համարներով» սննդակարգերը, դրանք արդարացված չեն, և ներկայում խիստ սննդակարգեր հաճախ չեն նշանակում: Բոլոր դեպքերում, հիմնականում գերադասվում է առողջ, ոչ ճարպոտ սնունդը:


Ինչպիսի՞ սնունդ է խորհուրդ տրվում ստամոքսի հիվանդությունների՝ գաստրիտների, խոցի ժամանակ:

Ստամոքս-աղիքային հիվանդությունների և` հատկապես խոցի ժամանակ, սննդակարգի առաջին պահանջն է` ստամոքսը երկար դատարկ չմնա. պետք է սնվել քիչ-քիչ և հաճախակի: Պետք է սնվելիս միաժամանակ հեղուկներ չօգտագործել:

Կծու, թթու, յուղոտ սնունդը, ալկոհոլը պետք է բացառել,  խուսափել գազավորված ըմպելիքներից:

Պետք է խուսափել նաև պահածոյացված սննդամթերքից, մշակված մսամթեքից՝ երշիկեղենից:

Ցանկալի է բացառել նաև սուրճը, թեյը, քաղցրավենիքը, կամ, գոնե նմանատիպ հեղուկներն ու սննդամթերքները և օգտագործել դրանք` սնունդ ընդունելուց հետ, սոված վիճակում խորհուրդ չեն տրվում:

Շատ կարևոր է առավոտյան նախաճաշելը:

Ծխելը ևս դեր ունի խոցային հիվանդության առաջացման գործընթացում: Անպայման անհրաժեշտ հրաժարվել ծխելուց:


Ինչպիսի՞ն է սննդակարգը աղիների խնդիրների ժամանակ:

Աղիքային հիվանդությունների ժամանակ (աղիների բորբոքային հիվանդություններ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, որի դեպքում աղիներում առկա են խոցեր և բնորոշ է լուծը), անհրաժեշտ են սննդային սահմանափակումներ, և դրանց ծավալը կախված է ախտաբանության տեսակից և արտահայտման աստիճանից:

Այս դեպքերում թույլատրվող սննդամթերքն ընտրելու համար պետք է հաշվի առնել պատճառագիտական գործոնները: Խոցային կոլիտի ժամանակ խորհուրդ է տրվում բացառել կաթնամթերքը:

Չի կարելի օգտագործել գրգռիչ սնունդ, հարկ է ուտել քիչ քանակներով և հաճախ, բանջարեղեն, մրգեր օգտագործելը չի խրախուսվում, կամ կարելի է միայն ջերմային մշակումից հետո:

Ցիտրուսային մրգերը նույնպես ցանկալի չեն: Ընհանրապես, մրգերը, քիչ օգտագործելուց զատ, հարկ է ընդունել միայն օրվա առաջին կեսին, որովհետև երեկոյան մրգերի կիրառումը բերում է խմորման գործընթացների և ստամոքսի տհաճ զգացողությունների:

Ինչպիսի՞ն է սննդակարգը լյարդի հիվանդությունների ժամանակ:

Լյարդի խնդիրների ժամանակ նախ` առողջ, ճիշտ սննդամթերք օգտագործելն է: Պետք է բացառել ճարպոտ սննդի, քաղցրավենիքի օգտագործումը, նաև գրգռիչ սնունդը, ալկոհոլը:

Մրգեր, բանջարեղեն կարելի է կիրառել նորմալ քանակով: Հեղուկներն, այս դեպքերում, խորհուրդ է տրվում ընդունել քիչ, բայց հաճախակի:

Լյարդային ախտաբանության դեպքում շեշտը դրվում է նաև աղիների գործունեության կարգավորման վրա, քանի որ աղիներում կուտակված տոքսինները լյարդի վրա ծանրաբեռնվածություն են առաջացնում: Լյարդը բուժելու համար, առաջին հերթին, պետք է բուժել աղիները:

Եթե առկա է պորտալ հիպերտենզիա, ապա հեղուկների հետ սահմանափակվում է նաև աղի օգտագործումը: Պետք է հաշվի առնել, որ պահածոները, երշիկեղենը մեծ քանակությամբ թաքնված աղ են պարունակում և պետք է դրանք օգտագործումը ևս բացառել:


Նախկինում լյարդի հիվանդությունների ժամանակ մսամթերքը, սպիտակուցային սնունդը խորհուրդ չեն տրվում: Ներկայում ընդունված է հակառակ մոտեցումը: Այժմ կարծիք կա, որ եթե օրգանիզմը դրսից սպիտակուց չի ստանում, կարող է իրենը քայքայել, որի արդյունքում վնասում է լյարդը:

Բարդ վիրաբուժական դեպքերի ժամանակ, երբեմն, քաղցած սննդակարգ են կիրառում, օրինակ, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումների ժամանակ և այլն:

Ադելինա Սոսի Հարությունյան,
գաստրոէնտերոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոն

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ