Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

1922 թվական: 90 տարի առաջ բացվեցին բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոնները

1922 թվական: 90 տարի առաջ բացվեցին բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոնները

Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Վահան Արծրունու նախաձեռնությամբ հիմնադրված անատոմիայի ամբիոնում կատարվող աշխատանքներով:

 

Գոյության առաջին տարիներին ամբիոնը տեղավորված էր 3 փոքր սենյակներում: Չկային ուսումնական ձեռնարկներ և հայերեն լեզվով դասագրքեր: 1923թ. հրատարակվեց Վահան Արծրունու` հեղինակած անատոմիայի առաջին դասագիրքը, 1924-ին ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական բառարանը, որը հայկական բժշկագիտական տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ: 

 

Վ. Արծրունու նախաձեռնությամբ ամբիոնին կից ստեղծվել է անատոմիական թանգարան, որը հետագայում կոչվել է նրա անունով: Թանգարանը կարճ ժամանակում հարստացել է անհրաժեշտ ցուցանմուշներով և հետագայում մեծ դեր է ունեցել ուսանողների ուսուցման գործում: Մանկավարժական աշխատանքները, այդ թվում` դասախոսություններն ու գործնական պարապմունքները ավելի բարձր մակարդակի հասան, երբ 1925-ին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցվեց անատոմիկումի մասնաշենքը:

 

Ամբիոնում ուսուցումը ներկայումս իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով` ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների III և IV կիսամյակներում: Գործնական պարապմունքներն իրականացվում են մուլյաժների, ուսումնական ֆիլմերի, համակարգչային ծրագրերի, դիակային թաց պատրաստուկների և դիակային նյութի կիրառմամբ: Գիտելիքների ստուգումը կատարվում է թեստային հարցումով` համալսարանում ընդունված կարգի համաձայն:

 

Ամբիոնը ղեկավարել են` Վ.Մ. Արծրունին, Մ. Պ. Այվազյանը,Հ. Մ. Հակոբյանը, Լ. Ք. Մանուկյանը, Հ.Գ. Ղազարյանը, Լ.Ա. Մանուկյանը, Ա.Ս. Կանայանը, Գ.Պ. Քյալյանը, Կ. Մ. Բարոյանը:

 

Հյուսվածքաբանության ամբիոն։ Ամբիոնի առաջին վարիչը եղել է Գ.Ս. Հայրապետյանը: Սակայն ամբիոնի իրական հիմնադիրը կարելի է համարել Հայկանդուխտ Չախմախչյանին, ով երկու անգամ գործուղվել է Գերմանիա և ամբիոնը կահավորել անհրաժեշտ սարքավորումներով: Ի դեպ` գերմանացի հետազոտողների հետ Հ. Չախմախչյանը մասնակցել է Արարատի գագաթի նվաճմանը: Այնուհետև Հ.Գ. Եփրեմյանից և Կ.Հ. Կարապետյանից հետո, 28 տարի ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը: Ներկայումս ամբիոնի վարիչը պրոֆեսոր Կարմեն Սահակյանն է:

 

Հյուսվածաբանություն առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների 2-րդ կուրսի ընթացքում` III-IV կիսամյակներում:

 

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքների ձևով: Ուսումնական գործընթացի արդյունավետության և առարկայի նկատմամբ հետաքրքրության զարգացման նպատակով ամբիոնում անցկացվում են նաև ուսանողական կոնֆերանսներ, որոնց մասնակիցները հյուսվածաբանության գիտական խմբակի ուսանողներն են:

 

Վերջին տարիների ընթացքում ամբիոնում հրատարակվել են հայերեն լեզվով «Ընդհանուր հյուսվածաբանություն» և «Մասնավոր հյուսվածաբանություն» դասագրքերը: Հյուսվածաբանության ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ` թեստային հարցումներին և քննություններին պատրաստվելու համար:

 

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիաների նիստերին, որի նախագահը պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանն է:

 

Բժշկական քիմիայի ամբիոն։  1922-ին Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա նորաստեղծ բժշկական ֆակուլտետի համար ստեղծվեց ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոն: Ամբիոնի մեջ միավորվում էին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները: Ամբիոնի հետագա զարգացման համար կարևոր փուլ հանդիսացավ բժշկական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ, այնուհետև` բժշկական համալսարան: Ամբիոնը վերանվանվել է. 1967-ին` անօրգանական, անալիտիկ և կլինիկական քիմիայի, 1982-ին` ընդհանուր քիմիայի, 1993-ին` ընդհանուր և կենսօրգանական քիմիայի, 2008-ին` բժշկական քիմիայի: Ամբիոնը ղեկավարել են` Ս.Պ. Ղամբարյանը,Հ.Հ. Ակունյանը, Ա.Լ. Մնջոյանը, Ա.Ք. Հարությունյանը, Է.Ե. Մխեյանը,Գ.Ա. Չուխաջյանը, Մ.Մ. Մելքոնյանը: 

 

Ամբիոնի հիմնադիրն է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հայաստանում օրգանական քիմիայի հիմնադիր Ս.Պ Ղամբարյանը (1879-1948թթ.): Նրա ջանքերով են կազմակերպվել և նրա կողմից ղեկավարվել օրգանական քիմիայի ամբիոններ նաև համալսարանում, գյուղատնտեսական, պոլիտեխնիկական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում:

 

ԵՊԲՀ-ի բժշկական քիմիայի ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է ԵՊԲՀ գիտական կենտրոնի, ՀՀ գիտությունների ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ:

 

Օտար լեզուների ամբիոն։ Լատիներեն լեզվի դասավանդումը սկսվել է 1922–ից` Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում: Հետագայում, բժշկական ինստիտուտի հիմնադրման պահից սկսվում է օտար լեզուների ուսուցումը օտար լեզուների ամբիոնում: Լատիներեն լեզվի ամբիոնը ձևավորվել է 1938 թվականին: Ամբիոնը ղեկավարել են Պ. Հ. Սոտնիկյանը, Գ. Հ. Գյանջուցյանը, Հ. Գ. Մակարյանը: 

 

Հիշյալ երկու ամբիոնների հիմքի վրա 1955թ. հիմնադրվել է լատիներենի և օտար լեզուների ամբիոնը, որը 1987թ. վերանվանվել է  լատիներենի և օտար լեզուների ու բժշկական տերմինաբանության ամբիոն: Սկզբում այն ղեկավարել է Գ.Հ. Գյանջուցյանը, ապա` Պ.Հ.Սոտնիկյանը, Հ.Թ.Առաքելյանը, ներկայումս` Վ.Մ.Բալաբանյանը: 

 

Ամբիոնի աշխատանքի ուղղություններն են` լատիներենի և բժշկական տերմինաբանության ուսուցումը երկլեզվաբանության մեթոդի միջոցով, լատիներենի և օտար լեզուների ինտեգրված մեթոդի ուսուցումը, օտար լեզուների ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառում, լեզուների ուսուցմամբ մշակութային, հումանիտար և հայրենասիրական դաստիարակությունը: 

 

Ամբիոնը կազմակերպել է համամիութենական կոնֆերանսներ: Բացի այդ ամբիոնի աշխատակիցների հոդվածները ոչ միայն տպագրվել են հեղինակավոր արտասահմանյան ամսագրերում, այլև դասախոսները զեկուցումներով հանդես են եկել Կուրսկում, Սամարայում, Սանկտ Պետերբուրգում, Կանադայում և այլուր: 

 

2000-ից սկսած ամբիոնի անգլերեն լեզվի դասախոսներ Ն. Լ. Նազարեթյանի և Մ. Ն. Բիշարյանի ջանքերով համալսարանի հարյուրավոր աշխատակիցներ անգլերեն լեզվի իրենց գիտելիքներն են կատարելագործել Անգլիայում` հետագայում մեր արտասահմանցի ուսանողներին անգլերեն լեզվով կրթություն տալու համար: 

 

2005-ին ամբիոնին միացավ նաև ռուսաց լեզվի ամբիոնը: Արդեն 7 տարի է, ինչ ամբիոնում դասավանդվում է նաև իսպաներեն լեզու: Ամբիոնում կազմակերպվում են պարապմունքներ ասպիրանտների, կլինօրդինատորների և նախապատրաստական ֆակուլտետի ուսանողների համար: 

Հեղինակ. Լիլիթ Վարդանյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ