Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Ընտրությունների արդյունքում ունենք ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ

Ընտրությունների արդյունքում ունենք  ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ

2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների տարակարգերի մասին բժշկական համալսարանի կարգը: 

 

Այս առնչությամբ է մեր զրույցը Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի գիտական քարտուղար, պրոֆեսոր Տաթևիկ Ավագյանի հետ, ում խնդրեցինք պատմել այն նոր կարգի մասին, որը օգտագործվում է ամբիոնի վարիչների և դասախոսների ընտրության ժամանակ:

 

Ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների տարակարգերի մասին բժշկական համալսարանի կարգի կիրառման արդյունքում հստակեցվել է կարևորագույն մի գործընթաց, ըստ որի` յուրաքանչյուր ամբիոնի ուսումնական և գիտական ծանրաբեռնվածությունը, որպես կանոն, պետք է կազմի նվազագույնը 5 հաստիքային միավոր: Այդ կարգում հստակ նշվում է յուրաքանչյուր հաստիքային 5 և ավել միավորների դեպքում դասախոսների տարակարգերի համամասնությունը, որով էլ առաջնորդվում ենք մրցույթ հայտարարելիս:

 

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը տրվում է առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում, համալսարանի կայքում և փակցվում է հայտարարությունների ցուցատախտակներին` ընտրությունից առնվազն երկու ամիս առաջ: Հայտարարության մեջ նշվում են մրցույթի պայմանները, պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները և դիմումների հանձնման ժամկետը: Դիմումները կարող են ներկայացվել հայտարարության հրապարակումից հետո` 30 օրվա ընթացքում:

 

Թեկնածուները հայտարարության մեջ նշված ժամկետում համալսարանի գիտական խորհրդի քարտուղարություն են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց թվում առանձնանում է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի կողմից մշակված «Դասախոսի որակավորման գնահատման հարցաթերթը»: Այն ընդգրկում է վերջին 5 տարիների ընթացքում թեկնածուի կատարած աշխատանքների ծավալը` ներառելով ինչպես ուսումնական, մեթոդական, գիտական, առկայության դեպքում` կլինիկական, վարչական, ինչպես նաև` հասարակական գործունեությունը: Հաշվի է առնվում նաև «Դասախոսը` ուսանողի աչքերով» հարցման արդյունքները: Հարցաթերթի լրացման արդյունքում հավաքած միավորները հիմք են հանդիսանում որակավորման հանձնաժողովի կողմից տրվող կարծիքի համար և կողմնորոշիչ են հատկապես մրցութային իրավիճակներում:

 

Որակավորման հանձնաժողովի նիստերում համապատասխան ֆակուլտետի գիտական քարտուղարի կողմից մանրամասն ընթերցվում է թեկնածուի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկատվություն: Որակավորման հանձնաժողովի նախագահ` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս.Ա. Ավետիսյանի և հանձնաժողովի անդամների քննարկման արդյունքում տրվում է համապատասխան` դրական կամ բացասական կարծիք: Սակայն պետք է նշեմ, որ անգամ որակավորման հանձնաժողովի և համապատասխան ֆակուլտետի խորհրդի բացասական կարծիքը չի արգելում թեկնածությունը ընտրության դնել համալսարանի գիտական խորհրդի նիստում:

 

Ամբիոնի վարիչի ընտրության համար հրավիրված գիտական խորհրդի նիստն անցկացվում է «Ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի» համապատասխան: Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում թեկնածուն համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է խորհրդի անդամների կեսից ավելին (գիտական խորհրդի կազմը ներկայացված է համալսարանի կայքում): Ընտրված թեկնածուի հետ ռեկտորը 3 օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան հրամանագրում ամբիոնի վարիչի պաշտոնում` մինչև 5 տարի ժամկետով:

 

Այն ամբիոնների վարիչները, որոնք գիտության թեկնածուներ են, նրանց հետ պայմանագիր է կնքվում մինչև 3 տարի ժամկետով: Այն հետապնդում է մեկ նպատակ` խթանել ամբիոնի վարիչի, ինչու ոչ` նաև ամբիոնի դասախոսական կազմի հետագա գիտական գործունեության ակտիվացումը:

 

Մինչ օրս այդ գործընթացին մասնակցել են 30` ինչպես բուհական, այնպես էլ հետբուհական և շարունակական կրթության ամբիոններ:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ