Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզը մարդկության համար կարծես թե դարձել է իրական չարիք: Այն լայնորեն տարածված է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրներում և համարվում է մահացության ու անաշխատունակության հիմնական պատճառներից մեկը, իսկ զարգացող երկրներում այդ հիվանդացության աճի միտում է նկատվում: Կանխատեսվում է, որ 2025 թ. սրտանոթային հիվանդությունների 80-90%-ն արձանագրվելու է բնակչության միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում: Շատերն են տեղեկացված այս հիվանդության մասին, սակայն ոչ բոլորն են իրատեսորեն պատկերացնում խնդրի կարևորությունը:

 

Աթերոսկլերոզը (հունարեն Athere` շիլա և sclerosis` կարծրացում) ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ են արյան անոթների պատերի հաստացումը, կարծրացումն ու առաձգականության կորուստը: Այն զարգանում է աննկատ և տարեցտարի ավելի ու ավելի շատ անոթներ են ախտահարվում: 

 

Աթերոսկլերոզի ժամանակ անոթների ներքին մակերեսին առաջանում են վահանիկներ: Անոթի պատում խոլեստերինի կուտակման և շարակցական հյուսվածքի աճի գործընթացը տեղի է ունենում առավելապես խոշոր տրամաչափի անոթներում, որի հետևանքով առաջանում են աթերոսկլերոտիկ թիթեղիկներ: Դա դառնում է արյունատար անոթի պատի ձևափոխման և լուսանցքի աստիճանաբար նեղացման պատճառ, որն էլ իր հերթին հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, հաճախ էլ անոթի խցանման և արյան հոսքի կանգի: Որոշ դեպքում այն կարող է հանգեցնել ոչ միայն անոթի լուսանցքի նեղացման, այլև վերջինիս լայնացման և անևրիզմայի առաջացման, որը հղի է շերտազատման և պատռվածքի վտանգով:

 

Առաջին անգամ «աթերոմա» (հունարեն` շիլայանման գոյացություն) հասկացությունը հիշատակվել է Ալբրեխտ ֆոն Հելլերի կողմից` 1755 թ., իսկ մի քանի տարի անց Ջիովանի Մորգանյին նկարագրել է զարկերակի պատի բնորոշ կարծրացումներ: Լոբշտեյնը զարգացնելով առկա տեսությունները, առաջարկեց «հանգուցային դեֆորմացնող էնդարտերիտ» տերմինը, իսկ 1904 թ. Մարշանդն առաջին անգամ կիրառեց«աթերոսկլերոզ» հասկացությունը:

 

Աթերոսկլերոզով պայմանավորված սրտանոթային հիվանդությունները հանգեցնում են հանկարծամահության, սրտամկանի ինֆարկտի: Ուղեղը սնող անոթների ախտահարման դեպքում ուղեղի կաթվածի հավանականությունը մեծանում է: Հարկավոր է նշել, որ աթերոսկլերոզը լինելով քրոնիկական հիվանդություն և ունենալով զարգացման դանդաղ ընթացք, կլինիկորեն չի դրսևորվում, այլ ախտահարելով տարբեր օրգանների անոթները (սիրտ, աորտա, ուղեղ, երիկամներ, վերջույթներ), առաջացնում է համապատասխան օրգանի հիվանդություններ: Նշենք, որ ախտորոշումը կատարվում է միայն լաբորատոր-գործիքային հետազոտությունների հիման վրա:

 

Արդյո՞ք այդ հիվանդությունը բնորոշ է միայն մեր ժամանակաշրջանին և որո՞ նք են նրա լայնորեն տարածվածության պատճառները:

 

Աթերոսկլերոզի վերաբերյալ հետազոտություններն առավել մեծ թափ ստացան նախորդ դարում: Տարածվածության բարձր ցուցանիշները հիմք տվեցին այն բնորոշել որպես 20-րդ դարի «ժանտախտ»:

 

Չնայած այն հանգամանքին, որ աթերոսկլերոզի վերաբերյալ գիտական տեղեկությունները շուրջ 100 տարվա պատմություն ունեն, այնուամենայնիվ պարզվել է, որ աթերոսկլերոզը և նրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունները միայն ժամանակակից կենսակերպին բնորոշ հիվանդություններ չեն: Գիտնականները աթերոսկլերոզ են հայտնաբերել եգիպտական մի մումիայի մոտ, որն ունի մոտավորապես 3,5 հազար տարվա վաղեմություն: Կալցիումի նմանօրինակ հետքեր նկատվել են նաև հետազոտված 52 մումիաներից կեսի մոտ: Արդյունքները կասկածի տակ են դնում այն պնդումը, թե աթերոսկլերոզը քաղաքակրթության հիվանդություն է:

 

Ինչպիսի՞  գործոններ են նպաստում աթերոսկլերոզի զարգացմանը և ո ՞ր ազդակներն են խթանում այդ գործընթացը: 

 

Վերջին տարիներին վերանայվեցին աթերոսկլերոզի վերաբերյալ հիմնական դրույթները` պայմանավորված ոչ միայն հիվանդության զարգացման մեխանիզմների, այլև հակախոլեստերինային ոչ ավանդական բուժման մեթոդների կլինիկական կիրառության արդյունքում ստացված տվյալների լույսի ներքո: ԱՄՆ-ում և Եվրոպական մի շարք երկրներում կատարված բազմաթիվ հետազոտություններով հերքվեցին աթերոսկլերոզի առավել ծանր դեպքերի և միայն արյան խոլեստերինի մակարդակի միջև եղած ուղիղ կապը, որը փաստում է աթերոսկլերոզի զարգացման բազմապատճառային բնույթը: Խոլեստերինն օրգանիզմի բնականոն ընթացքը կարգավորող կենսականորեն անհրաժեշտ միացություն է, որով պայմանավորված են նյութափոխանակության բազմաթիվ օղակներ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ արյան մեջ խոլեստերինի և մասնավորապես բարձր խտության խոլեստերինի («լավ» խոլեստերին) մակարդակի կարգավորումը համարվում է սրտանոթային հիվանդություններով հիվանդացության և մահացության նվազեցման կարևոր պայման:

 

Քանի որ աթերոսկլերոտիկ ախտահարման հիմնական թիրախ են դառնում արյունատար անոթները, ուստի աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտանոթային հիվանդություններինը: Հետևաբար դրանց վրա ներազդելով, կարելի է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը և խորացումը:

 

Բոլոր հայտնի գործոնները, որոնք նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը, պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` կարգավորվող և չկարգավորվող: Վերջինս վերաբերում է տարիքին, սեռին և գենետիկ նախատրամադրվածությանը: Գաղտնիք չէ, որ տարիքի հետ ակտիվանում է օրգանիզմի ծերացման գործընթացը և, հետևաբար, աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Տարիքային սահմանը, որից հետո այս կամ այն չափով ի հայտ են գալիս անոթների պատի աթերոսկլերոտիկ ախտահարման նշանները, ընդունված է համարել 45 տարեկանը: Մինչև 50 տարեկան տղամարդկանց շրջանում հիվանդության զարգացման հավանականությունը կանանց համեմատությամբ չորս անգամ մեծ է, սակայն ավելի մեծ տարիքում երկու սեռերի մոտ այն հավասարվում է` պայմանավորված կանանց օրգանիզմում տեղի ունեցող կլիմակտերիկ փոփոխություններով: Այսպիսով, տղամարդկանց շրջանում աթերոսկլերոզի զարգացման համար ռիսկային է համարվում 45-ից, իսկ կանանց համար` 50-ից բարձր տարիքը, կամ վաղ դաշտանադադարը:

 

Աթերոսկլերոզի զարգացման հարցում ժառանգական գործոնի դերն ապացուցված է: Հայտնի է, որ որոշ ընտանիքների երիտասարդ անդամների օրգանիզմն այդ գործոնով պայմանավորված` աթերոսկլերոզով հիվանդանալու նկատմամբ մեծ հակում ունի, որն առավելապես դրսևորվում է մինչև 50 տարեկանը, իսկ ավելի մեծ տարիքում ժառանգական գործոնի դերը նվազում է: Մերձավոր բարեկամների մոտ (մինչև 55 տարեկան տղամարդկանց և մինչև 65 տարեկան կանանց) սրտի իշեմիկ հիվանդության առկայության փաստը համարվում է ռիսկի գործոն:

 

Աթերոսկլերոզի զարգացման ռիսկի կարգավորվող գործոններ են համարվում զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, ճարպային փոխանակության խանգարումը (դիսլիպիդեմիա), ծխախոտի օգտագործումը և ֆիզիկական անբավարար ակտիվությունը:

 

Զարկերակային գերճնշումը թերևս աթերոսկլերոզի զարգացման ռիսկի ամենատարածված կարգավորվող գործոնն է: Կարևոր է ընդգծել, որ արյան բարձր ճնշման դեղորայքային կարգավորմամբ և հսկմամբ կանխվում է աթերոսկլերոզի խորացումը և դրանով պայմանավորված սրտանոթային  հիվանդությունների բարդությունների առաջացումը, սակայն դրանով խնդիրը չի լուծվում: Այդ իսկ պատճառով զարկերակային ճնշման 140/90 մմ ս.ս. ցուցանիշներից գերազանցումը աթերոսկլերոզի ռիսկի գործոն է:

 

Ապացուցված է նաև շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի վաղ զարգացման կապը: Անոթի վիճակում արյան շիճուկում գլուկոզայի 7 մմոլ/լ մակարդակը և դրանից բարձրը ևս աթերոսկլերոզի ռիսկի գործոն է:

 

Ճարպային փոխանակության ցուցանիշներից կարևորվում են ընդհանուր խոլեստերինի 5,0 մմոլ/լ և բարձր, ինչպես նաև ցածր խտության լիպոպրոտեիդների մեկ մմոլ/լ-ից ցածր ցուցանիշները, որոնք նույնպես աթերոսկլերոզի ռիսկի գործոններ են համարվում:

 

Երկար տարիներ մարմնի ավելցուկային քաշը և ճարպակալումը համարվում էին աթերոսկլերոզի առաջացման ռիսկի գործոններ, սակայն վերջին տարիներին ապացուցվեց, որ առավել ճշգրիտ ցուցանիշ է հատկապես որովայնային ճարպակալումը. տղամարդկանց գոտկատեղի շրջագիծը 102 սմ-ից, իսկ կանանցը` 88 սմ-ից գերազանցումը:

 

Ծխախոտի օգտագործումը նույնպես աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոն է և հատկանշական է, որ այն պայմանավորված չէ օգտագործվող ծխախոտի տեսակով և քանակով:

 

Այսպիսով, աթերոսկլերոզի զարգացման կանխարգելման և բուժման ուղին ռիսկի կառավարելի գործոնների դեղորայքային և ոչ դեղորայքային կարգավորումն է: Այդ գործընթացում սկզբունքային պետք է լինի այն մոտեցումը, որ դեղորայքային բուժումը աթերոսկլերոզի բուժման հերթական փուլը կամ բաղադրիչն է, այլ ոչ թե դեղորայքային բուժման (կենսակերպի և սննդակարգի կարգավորում) այլընտրանքային տարբերակ: 

Հեղինակ. Գևորգ Պոդոսյան բ.գ.թ., բժիշկ-սրտաբան կանխարգելիչ սրտաբանության կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ