Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2011

Երեխաների մաշկի ալերգիկ հիվանդություններ 

Երեխաների մաշկի ալերգիկ հիվանդություններ 

Մաշկի ալերգիկ հիվանդությունների պատճառ են դառնում տարբեր ալերգեններ (սննդամթերք, դեղորայք, սնկեր, մանրէներ, քիմիական նյութեր, հոտեր և այլն), որոնց ազդեցության հետևանքով մաշկի մակերեսը բորբոքվում է:

 

Երեխաների մաշկի թեթևակի փոփոխություններ հաճախ են նկատվում: Դրանցից շատերն արագ վերանում են, սակայն կարող են առաջանալ նաև մի շարք վարակիչ հիվանդությունների ժամանակ, որոնք շտապ բուժման կարիք ունեն: Ցանը` այլ ախտանիշների հետ, կարող է հուշել որևէ վարակիչ հիվանդության առկայության մասին: Երբեմն դա կարող է լինել ալերգիայի միակ արտահայտությունը, կամ համակցվել դրա մյուս ձևերի հետ: Պետք է ուշադիր լինել հատկապես հիվանդությունը նոր սկսվելու ժամանակ:

 

Ալերգիկ ծագման մաշկաբորբերի վաղ ախտորոշման համար նշանակություն ունի հանգամանորեն հավաքված անամնեզը, որը հնարավորություն կտա պարզելու օրգանիզմի զգայունության բարձրացումն այս կամ այն ալերգենի նկատմամբ: Պետք է պարզել, թե ընտանիքում արդյո՞ք կան ալերգիայով հիվանդներ, ինչպես են ընթացել մոր հղիությունն ու ծննդաբերությունը և սնուցվել նորածինը: 

 

Սննդային ալերգիայի հայտնաբերման համար կարևոր նշանակություն ունի սննդային օրագիր կազմելը: Տետրի էջը բաժանել 2 մասի: Ձախ մասում լրացնել երեխայի ընդունած սննդի տեսակը, իսկ աջում` դրա նկատմամբ մաշկի և լորձաթաղանթների ռեակցիան: Սրա էությունն այն է, որ բացառման սկզբունքով` 7-10 օրվա ընթացքում երեխայի սննդակարգից հանվում է սննդի այն տեսակը, որը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: Փորձը համարվում է դրական, եթե ենթադրյալ ալերգենը բացառելուց հետո կլինիկական նշանները մեղմանում են կամ անհետանում: Մյուս ախտորոշիչ փորձերը կատարվում են մասնագիտացված լաբորատորիաներում` մասնագետ բժշկի հսկողությամբ: 

 

Մաշկի ալերգիկ հիվանդություններից են իսկական էկզեման, նեյրոդերմիտը` նյարդային ծագման մաշկաբորբը, շփումային մաշկաբորբը, եղնջացանը, Լայելի, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշները և այլն:

 

Մանկական էկզեմա


Ալերգիայի համեմատաբար հաճախ հանդիպող արտահայտությունն է: Սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին կիսամյակում: Նշաններն են մաշկի հիպերեմիան` արյունալեցումը, թույլ այտուցը, բշտիկային ցանավորումը: Բշտիկները պատռվում են, առաջանում է խոնավ մակերես, իսկ հետագայում` կեղևիկներ: Դա ուղեկցվում է ուժեղ քորով: Քորելիս լինում է արյունային արտադրություն, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում թարախային վարակի թափանցման համար: Ապա միանում է երկրորդային վարակը, և առաջանում են թարախային օջախներ: Էկզեմատոզ օջախները հիմնականում տեղակայվում են այտերին, ճակատին, ստորին ծնոտի տակ, իսկ հետագայում` մարմնի վրա: Արյունային և թարախային արտադրության պատճառով կեղևները լինում են գորշ-դեղնավուն: 

 

Ստրոֆուլոս 


Մաշկային ալերգիայի համեմատաբար ծանր տարբերակն է: Բնորոշ են հանգուցավոր ցանավորումը և ուժեղ քորը: Ցանն ավելի հաճախ տեղակայվում է վերջույթների վրա:

 

Նեյրոդերմիտ


Հաճախ հանդիպում է 3-5 տարեկանից մեծ երեխաների մոտ: Ունի երկու ձև` տարածուն և մեկուսացած: Տարածունի ժամանակ մաշկային փոփոխությունները հիմնականում լինում են դեմքին, պարանոցին, դաստակին, արմնկային և ծնկային փոսիկներում: 

Մեկուսացած ձևի դեպքում սահմանափակ տեղամասերում նկատվում է մաշկի համաչափ ախտահարում: 

 

Եղնջացան


Բնորոշ է մաշկի մակերեսին բարձր հանգուցիկների և բշտերի առաջացումով: Ցանն ունենում է տարբեր չափսեր` ոսպի փոքր հատիկից մինչև մեծը: Կարող է լինել նաև միաձուլված: Այն տեղակայվում է ամենուրեք, բայց ավելի հաճախ վերջույթների վրա: Ցանավորումն ուղեկցվում է քորով: Սուր եղնջացանը կարճ է տևում, մի քանի ժամ հետո կարող է անհետանալ` չթողնելով ոչ մի հետք: 

 

Կվինկեի այտուց


Տեղակայվում է այն տեղերում, որտեղ ենթամաշկային ճարպաշերտը հաստ է: Մաշկի վրա առաջանում է արագ մեծացող այտուց, որը երբեմն կարող է հասնել շատ մեծ չափսերի: Կվինկեի այտուցը տեղակայվում է դեմքի վրա, աչքերի, շրթունքների, լեզվի, կոկորդի, սեռական օրգանների շրջանում և կարող է պահպանվել մի քանի օր: Պետք է գիտենալ, որ եթե այտուցը կոկորդի շրջանում է, կարող է երեխայի մահվան պատճառ դառնալ: Ձայնի փոփոխություն և եղնջացան նկատելիս պետք է անմիջապես բժշկի դիմել: 

 

Շփումային մաշկաբորբ


Հաճախ դիտվում է մեծ տարիքի երեխաների մոտ: Առաջանում է մաշկի վրա ալերգենների ազդեցությունից: Այդպիսի ալերգեններ կարող են լինել հակաբիոտիկները, սուլֆանիլամիդային պատրաստուկները, յոդը, քսուքները, բրդյա, սինթետիկ հագուստները և այլն: Մաշկի վրա, հատկապես բաց տեղերում և այնտեղ, որտեղ ալերգենը շփվել է մաշկի հետ, առաջանում են բշտեր, տեղի է ունենում վերնամաշկի շերտազատում: 

 

Բազմաձեվ էքսուդատիվ էրիթեմա


Պատճառը վարակական և դեղորայքային ալերգեններն են: Ցանը սովորաբար տեղակայվում է ձեռքերին և ոտքերին: Կարող են լինել նաև նյարդային համակարգի և ստամոքսաաղիքային տրակտի գործունեության խանգարումներ: Մաշկի կարմրած մակերեսի վրա առաջանում են քորվող հանգույցներ և բշտեր: Այս ձևը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում: 

 

Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ


Դեղորայքային մաշկաբորբի ծանր ձև է: Այս համախտանիշի զարգացման համար ֆոն է դառնում վարակը. երեխայի օրգանիզմի զգայունությունը բարձրացած է լինում դեղորայքների նկատմամբ: Հիմնական ախտանիշներն են ընդհանուր թուլությունը, բարձր ջերմությունը, գլխացավը: Մաշկի վրա առաջանում են վառ կարմիր բծեր, հետագայում նրանց տեղում բշտեր` շճային կամ շճաարյունային պարունակությամբ: Հաճախ գործընթացի մեջ ընդգրկվում են բերանի խոռոչի լորձաթաղանթը, աչքերը, միզուկը, հեշտոցը: 

 

Լայելի համախտանիշ


Երկրորդային էրիթրոդերմիա է, որի ժամանակ լինում է վերնամաշկի մեծ մակերեսով երկրորդային նեկրոզ` մեռուկ: Համարվում է դեղորայքային ալերգիայի համեմատաբար ծանր ձևերից մեկը: Պատճառները նույնն են, ինչ-որ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշինը: Ընթանում է 3 փուլով:

 

Բորբոքային փուլի ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում են տարբեր մեծության կարմիր բծեր, հիմնականում` դեմքի, ձեռքերի և ոտքերի մատների, իրանի վրա: Լորձաթաղանթներն ախտահարվում են դեպքերի 90%-ի ժամանակ: 24-28 ժամ հետո բծերի տեղում գոյանում են բշտեր: 

 

Նեկրոտիկ փուլին բնորոշ է արյունային արտադրությամբ լցված խոշոր բշտերի առկայությունը: Այնուամենայնիվ տեղի է ունենում վերնամաշկի շերտազատում, առաջանում է մաշկի` էրոզիայի ենթարկված մակերես: Բնորոշ են բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը, սիրտ-անոթային համակարգի գործունեության խանգարման երևույթները: Բարենպաստ ելքի դեպքում սկսվում է 3-րդ փուլը: Տեղի է ունենում էպիթելացում: 

 

Մաշկի ալերգիկ հիվանդությունների դեպքում նշանակվում են սննդակարգային, վիտամինային, դեղորայքային, առողջարանային համալիր բուժում: 

 

Մայրը երեխայի ճիշտ, ռացիոնալ սնուցմանը պետք է հետևի նրա վաղ մանկական տարիքից: Օրվա սննդակարգից անհրաժեշտ է բացառել մսային արգանակները, կծու և աղի ճաշատեսակները, քաղցրավենիքը, ներկող նյութեր պարունակող սննդատեսակները, սահմանափակել դեղին գույնի մրգերի ու բանջարեղենի քանակը (գազար, դդում, ծիրան, դեղձ, նարինջ, բանան): Խորհուրդ է տրվում օգտագործել բուսական յուղ, տավարի խաշած միս, մսի ոչ ճարպոտ տեսակներ, կարտոֆիլ, հնդկացորեն, բրինձ և այլն, կաթի նկատմամբ ալերգիայի դեպքում` կաթնաթթվային խառնուրդներ. ացիդոֆիլին,«Նարինե», կաթնաշոռ: 

 

Նյարդային ծագման մաշկաբորբերի ժամանակ օգտագործվում են «B» խմբի, «A», «C» վիտամիններ, ստամոքսաաղիքային տրակտի գործառնությունը բարելավող ֆերմենտային պատրաստուկներ: Վերջիններս նշանակվում են աղիքների գործունեության խանգարման ժամանակ, փոքր չափաբաժիններով, 2 շաբաթ տևողությամբ: Օգտագործվում են նաև բույսերի թուրմեր (անթառամ, սրոհունդ, կատվալեզու), քսուքներ` հաշվի առնելով մաշկի վիճակը:

 

Քորի զգացումը թուլացնելու և հակաբորբոքային ազդեցությունն ուժեղացնելու համար կարելի է ընդունել կաղնու արմատի, երիցուկի, անթառամի, սրոհունդի, կատվալեզվի թուրմով լոգանքներ` ամեն օր կամ օրընդմեջ, 37-38 աստիճանի ջրով, 10 րոպե: Լոգանքները չեն թույլատրվում խոնավ էկզեմայի դեպքում: 

 

Մաշկի ալերգիկ հիվանդությունների ծանր ձևերի ժամանակ երեխային անհապաղ տեղափոխում են հիվանդանոց և բուժումը շարունակում ալերգաբանական մասնագիտացված բաժանմունքում: 

 

Ցուցված է առողջարանային բուժումը ինչպես տեղային առողջարաններում, այնպես էլ ծովային կլիմա ունեցող վայրերում: Ալերգիկ ծագման մաշկաբորբերի կանխարգելումն սկսում են դեռևս հղիության ընթացքում: Հսկողություն է սահմանվում հղի կնոջ սնուցման, հիգիենայի, օրվա ռեժիմի վրա, իսկ ծննդաբերությունից հետո հետևում են մանկան ճիշտ սնուցմանը: 

 

Երեխաների մաշկի ալերգիկ հիվանդությունների կանխարգելման գործում մեծ նշանակություն ունեն մանկաբույժի և մոր համագործակցված աշխատանքը: 

Հեղինակ. Լյուդմիլա Սիմոնյանց բ.գ.թ., դոցենտ,«Արաբկիր» ԲԿ մանկաբույժ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ