Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

1922 թվական, մարտի 15: Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը Ստեղծման համառոտ պատմությունը

1922 թվական, մարտի 15: Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը Ստեղծման համառոտ պատմությունը

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում:

 

Առանձնապես մեծ էր հայ ուսանողների թիվը Անդրկովկասյան մասնավոր համալսարանում (Թիֆլիս): 

 

Սովետականացման արդյունքում Վրաստանում ինքնուրույն պետհամալսարան կազմակերպելու հետևանքով Անդրկովկասյան մասնավոր համալսարանը փակվելու շեմին էր, որն այդ տարիներին ուներ 3 ֆակուլտետ, որոնցից մեկը բժշկականն էր` 3 կուրսով: 

 

1919 թ. տեղի է ունենում խորհրդակցություն` նվիրված Անդրկովկասյան մասնավոր համալսարանը Թիֆլիսից Երևան տեղափոխելու նպատակահարմարությանը: Քննարկումների արդյունքների հիման վրա հանրային կրթության նախարարը դիմում է նախարարների խորհուրդ` համալսարանը Երևան տեղափոխելու մասին զեկուցագրով, որին կից ներկայացված ուղեկցող այլ փաստաթղթերի մեջ կարևորվում է մեկը.

 

«Հայաստանում հսկայական է բուժօգնության պահանջարկը…, քանի որ եղեռնի, պատերազմի ու ավերածությունների սարսափները վերապրած հայերը ոչ միայն կարիք ունեն խնամակալության և բուժման, այլ նաև նրանցից ծնված սերունդը նույնպես կարիք կունենա բուժօգնության: Բժշկական ֆակուլտետի բացումը հետաձգելու հիմք չկա»:

 

Զեկուցագրին կից` նախարարը միաժամանակ ներկայացնում է Երևանում համալսարան հիմնելու օրինագիծը, որի առաջին կետում նշվում է.«Երևան քաղաքում հիմնել համալսարան` 4 ֆակուլտետներով` պատմաբանասիրական, իրավատնտեսագիտական, բժշկական և ֆիզիկամաթեմատիկական»:

 

Հայաստանի Առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919-ի մայիսի 16-ին հաստատում է ՙՀայաստանում համալսարան բանալու համար 300.000 ռուբլի հատկացնելու մասին օրենքը»:

 

Հարկ ենք համարում նույնությամբ մեջբերել օրենքի առաջին 4 կետը` 

 

  • Հիմնել Երևանում համալսարան` հետևյալ 4 բաժիններով` 

    ա) պատմալեզվաբանական,

    բ) տնտեսաիրավաբանական,

    գ) բժշկական,

    դ) ֆիզիկամաթեմատիկական (տեխնիկական ստորաբաժանումներով):

  • Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում:

  • Առաջին հերթին բանալ պատմալեզվաբանական բաժինը:

  • Մնացած բաժինները բանալու ժամանակը և հերթը սահմանում է Հանրապետության մինիստրների խորհուրդը` հանրային կրթության մինիստրի առաջարկությամբ (ՙԵրևանի համալսարան՚, 1995թ. Էջ 58-59): 

 

Այսպիսով` ընդունվեց օրենք Հայաստանում համալսարան բացելու մասին:

 

Ի դեպ, հենց այս օրենքը հիմք ընդունելով մեր համալսարանում 2010 թվականին նշվեց բժշկական համալսարանի ստեղծման հոբելյանը: 


Սակայն նշենք, որ օրենքը ընդունվելուց հետո Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը բացվեց 1922-ի մարտի 15-ին:


Ելնելով այն հանգամանքից, որ բժշկական ֆակուլտետի բացման իրական տարեթիվը և ամիսը համընկնում է այս օրերին, մենք որոշեցինք անդրադառնալ բժշկական ֆակուլտետի բացման նախապատմությանը: 

 

Հայաստանում համալսարանի բացման հիշարժան տարեթվից` 1920-ի հունվարի 31-ից հետո սկսվում են բժշկական ֆակուլտետի բացման ուղղությամբ քննարկումները: 

 

Մինչև 1919թ. մայիս և հունիս ամիսները կայանում են այդ հիմնախնդրին նվիրված 3 խոհրդակցություն: Առաջին նիստում (25.05.1919 թ.)` մասնավորապես նշվում է, որ բոլոր ֆակուլտետների ուսանողները պետք է հնարավորություն ունենան ստանալու ամբողջական կրթություն, ապահոված լինեն անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներով: 

 

Գ. Տեր-Ներսեսովը խոսում է տերմինաբանության և բժշկական բառարանի կարևորության մասին և հայտնում Հայ բժիշկների միության աջակցությունը` մասնավորապես Վահան Արծրունու կազմած բժշկագիտական բառարանի խմբագրման ու հրատարակման գործում:

 

Երկրորդ նիստում (30.05.1919 թ.)` քննարկվում են բժշկական ֆակուլտետի կարգավիճակի, նրա հաստիքացուցակի նվազագույն նախահաշվի կազմման, ամբիոնների դասախոսական կազմի թեկնածուների, ինչպես նաև տարբեր երկրներից հայազգի պրոֆեսորների հրավիրման հարցերը:

 

Երրորդ նիստում (06.06.1919 թ.)` քննարկվում են բժշկական ֆակուլտետի ծրագրերի, պրոֆեսորներին հրավիրելու հարցերը և նրանց անվանաթերթերի բովանդակությունը: 

 

Այսպիսով` բժշկական ֆակուլտետի կազմակերպման հնարավորությունն ավելի իրատեսական է դառնում: Հայաստանն այդ տարիներին ծայրահեղ ծանր սոցիալտնտեսական ու սանիտարահամաճարակային անմխիթար պայմաններում էր գտնվում: Գրեթե ողջ բնակչությունը զրկված էր ամենապարզ բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով հետևողական աշխատանք էր տարվում բժշկական ֆակուլտետի բացման ուղղությամբ:

 

Ահա ինչու` հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, 1920թ. աշնանը Հանրապետության կառավարությունը ստեղծում է զուգահեռ գործող երկու հանձնաժողով` մեկը Երևանում, մյուսը` Թիֆլիսում: Վերջինիս նիստը կայանում է 1920-ի սեպտմբերի 28-ին, Գ. Մ. Չաչիկյանի բնակարանում, որի ընթացքում մանրամասն ներկայացվում է Հայաստանում, մասնավորապես Երևանում բժշկական գործի անմխիթար վիճակը: Նշվում է, որ Հայաստանում եղած առանց այն էլ փոքրաքանակ բուժհաստատությունները բժիշկների փոխարեն սպասարկվում են բուժակների կողմից: Զեկուցողը մանրամասնորեն նշում է նաև ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և հիվանդանոցների մասին, որոնք կարող են ուսումնական բազա դառնալ նորաբաց ֆակուլտետի համար: 

 

Երկարատև քննարկումից հետո ընդունվում է հետևյալ որոշումը.

 

ՙ«Ընդունելով ի գիտություն Տեր-Միքայելյանի հաղորդումը` Երևանում համապատասխան բժշկական հիմնարկի առկայության մասին, որտեղ կարելի է կազմակերպել 4-րդ կուրսի ուսանողների կլինիկական ուսուցումը, ինչպես նաև խնամարարության նախարարության պատրաստակամությունն` ըստ ամենայնի աջակցել բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը, հանձնաժողովը հնարավոր է համարում այս ուսումնական տարվանից (ճիշտ է փոքր ուշացումով) բացել բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսը, իսկ եկող ուսումնական տարվանից` 1-ին կուրսը»: 

 

Վերը նշվածն իրականացնելու համար հանձնաժողովը որոշում է`

 

  1. ներկայացնել Երևանի համալսարանի ռեկտորի կողմից ստորագրված օրինագիծը` բժշկական ֆակուլտետի առաջին և չորրորդ կուրսեր բացելու վերաբերյալ, 

  2. անցնել հրավերների ձևակերպման և անհրաժեշտ պարագաների ձեռքբերման փաստացի աշխատանքին,

  3. ընտրել հանձնաժողով, որը կմեկնի Երևան` տեղի պայմաններին ծանոթանալու և պարապմունքների սկզբի մասին վերջնական որոշում ընդունելու համար:

 

Այսպիսով` շուրջ երկու տարվա հետևողական աշխատանքից և բանակցություններից հետո, ՀՀ կառավարությունը 1920-ի հոկտեմբերի վերջին ընդունում է ՙՀամալսարանում բժշկական ֆակուլտետի բացման մասին օրենքը՚ (ՙԵրևանի համալսարան՚, 1995թ. էջ 271-272): Սակայն խոսքը գործի չի վերածվում, քանի որ 1920-ի նոյեմբերի 29-ին ավարտվում է Առաջին Հանրապետության պատմությունը և սկսվում է Հայաստանի Երկրորդ` Սովետական Հանրապետության ժամանակահատվածը: 

 

1921-ի նոյեմբերի 3-ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացել բժշկական կադրերի պատրաստման կենտրոն, որի բազայի վրա 1922-ի մարտի 15-ին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի դեկան է նշանակվում առողջապահության հմուտ կազմակերպիչ, բժիշկ Սպանդարատ Կամսարականը: 

 

Հարկ է նշել, որ ժամանակներն այնքան ծանր էին, հնարավորություններն այնքան չնչին, որ թվում էր` անհնար է հաղթահարել առկա դժվարությունները, և նորաբաց ֆակուլտետը կանգնած էր անխուսափելի փլուզման առջև: Ոմանք անգամ անհրաժեշտ էին համարում փակել ֆակուլտետը: Սակայն մեծամասնությունը դեմ էր այդ կարծիքին և համոզված, որ հնարավոր է հաղթահարել եղած դժվարությունները և պատրաստել սեփական բժշկական կադրեր` որքան էլ դժվար ու ծանր լինի այդ գործընթացը...

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ