Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Սամվել Նիկոյան, ՀՀ ԱԺ նախագահ

«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Սամվել Նիկոյան, ՀՀ ԱԺ նախագահ

Ռազմաբժշկության կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱԺ պատվավոր մեդալով պարգևատրվեցին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Սամվել Գալստյանը, ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլի պետ Աշխեն Խաչատրյանը, ռազմադաշտային թերապիայի ամբիոնի ավագ դասախոս Վարդան Ծատուրյանը, ինչպես նաև «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Նշան Մանուշակյանը:

 

Ազգային ժողովի նախագահից ԱԺ պատվոգրեր ստացան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի դասախոս Գառնիկ Գասպարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Կամավոր Խաչատրյանը, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Լյուդվիգ Նանիջանյանը, «Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը, կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն 

Բենիամին Հարությունյանը, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի տնօրեն 

Սամվել Հարությունյանը:

 

Թեև  մեր պետական տոնացույցում ներառված Բանակի օրվանից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց կարծում եմ, որ  մեր բանակի մասին մշտապես պետք է այնպիսի զգացումներ ունենանք, ինչպես 20 տարի առաջ: 

 

Որովհետև, ստեղծվելով  իբրև անհրաժեշտություն, հայկական զինուժը միաժամանակ մեր ժողովրդի անկեղծ զգացմունքների ծնունդն է, զինվորի ու նրա ծնողի` ոգու, գիտակցության արդյունք:

 

Պատահական չէ, որ  հախուռն կամավորն ու կանոնավոր զինվորը իսկապես մեկ հոգի ու մարմին էին դարձել հանուն հայրենիքի պաշտպանության, որը հատկապես այդ օրերին իսկապես ավելի թանկ էր, քան սեփական կյանքն ու հարազատ ծնողը: 

 

Զինվորի կյանքի գինը երբեմն նաև նրանից առավել գիտակցում ու այդ մասին մտածում էին մարդիկ, ովքեր բառացիորեն պայքարում էին դրա համար: Եվ նշանակություն չուներ, թե որտեղ էր այդ պայքարի դաշտը` առաջին գծում, դաշտային հոսպիտալում, գնդակների տարափի տակ, թե խաղաղ կամ համեմատաբար խաղաղ պայմաններում: 

 

Նրանք հիպոկրատյան երդում էին տվել ո´չ մարտի դաշտում և ո´չ մարտադաշտ գնալու համար, սակայն իրենց գործով նորօրյա բովանդակություն հաղորդեցին այդ երդմանը: Եվ եթե նույնիսկ խախտեցին այն, ապա միմիայն հանուն հայ զինվորի կյանքի, հանուն այդ զինվորի կողմից պաշտպանվող, բայց բոլորիս պաշտպանության կարիքն ունեցող հայրենիքի:  Թե´ մարտադաշտում, թե´ դրանից հեռու գտնվող իրենց աշխատավայրերում նրանք իրենց հնարավորություններն ու գիտելիքներն ի սպաս դրեցին պահպանելու, ավելացնելու հայոց բանակի ուժը, ամուր պահելու զինվորի ոգին, և իհարկե, փրկելու նրա կյանքը: 

 

Պատերազմի դաշտում վիրավոր կամավորականին ու զինվորին բուժօգնություն ցույց տվողները ռազմական բժշկի մասնագիտացում չունեին, բայց ունեին հայրենիքին ծառայելու քաղաքացիական բարձր գիտակցություն, որը վերածվեց հայրենիքի զինվորի կյանքի համար պատասխանատվության, իսկ Հիպոկրատի երդումը` զինվորական երդման: 

 

Նրանք դարձան զինվորի հոգատար հրամանատարն ու հրամանատարի պարտաճանաչ զինվորը, մարմնի ցավը բուժողն ու հոգու ցավը թեթևացնողը, անծանոթ բարեկամն ու հարազատ անծանոթը: Անհրաժեշտ պահին նրանք զենք բռնեցին ու նաև իրենց կյանքը զոհեցին, թեև կյանք փրկելու էին  կոչված: Բայց, ցավոք, դա էր գինն այն  հաղթանակի, որի արդյունքը  օրեցօր ավելի վստահ քայլող մեր պետությունն է: 

 

Իսկ այդ վստահության կարևորագույն երաշխիքներից մեկը հայկական բանակն է` իր անբեկանելի մարտունակությամբ: Այդ վստահությունը ձեռք բերելու մեջ անուրանալի  է ա´յն բժիշկների ու բուժաշխատողների վաստակը, ովքեր պատերազմական գործողությունների օրերին մարտի դաշտում և թիկունքում փրկում էին զինվորի կյանքը: 

 

Մեծ է նաև նրա´նց ներդրումը, ովքեր այսօր նպաստում են պաշտպանության համակարգում բուժծառայությունների զարգացմանն ու արդիականացմանը, ապագա ռազմական բժիշկների պատրաստմանը: 

 

Սա ապացույցն է այն գիտակցումի, որ մեր առաջընթացի գրավականը բոլորիս ջանքերի մեկտեղումն է`զինվորական ծառայության մեջ, թե քաղաքացիական կյանքում: 

 

Տա Աստված, որ  այդ ամենն իրականացվի խաղաղության և կայունության պայմաններում:

 

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ