Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

«Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագիծը երևանյան 8 բուհերում

«Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագիծը  երևանյան 8 բուհերում

Տարիների հետ փոխվում է մարդը, փոխվում են նրա խառնվածքն ու ճաշակը, ավելին` հաճախ տարիներին զուգընթաց անձի էության մեջ նոր ընկալումներ ու զգացողություններ կարող են բացահայտվել կամ հին ապրում-զգացողությունները հեռացած թվալ ու երբեմն վերադառնալ` իբրև վերապրում:

 

Ժամանակը կարող է հարկադրել հոգեվիճակներ, որոնք փոփոխվում են հայտնի կամ անհայտ պատճառներով, ստեղծել տրամադրություններ, որոնք պահանջ ունեն վեհի, բարձրի, գեղեցիկի ու համամարդկային այլ արժեքների հետ անմիջական շփման: Նման պահերին մարդ արարածը, անկախ տարիքից և մասնագիտությունից, անկախ իր կամքից` ցանկանում է առնչվել արվեստին, հատկապես երաժշտությանը` նրա բազմազան դրսևորումներով, քանի որ երաժշտությունը, որի բնույթին չգիտես ինչ խորհրդավորությամբ հատուկ է հուզական ազդեցությունն ամենից առաջ, սովորաբար ավելի անմիջականորեն է ներգործում, քան մյուս արվեստները: Քանի որ այն առաջին իսկ հնչյուններից սկսած` մտքին հասնելուց առաջ թափանցում են մարդու հուզաշխարհը և ստիպում հուզվել:

 

Եվ եթե բաց է հոգիդ և տրամադիր, ավելին` պահանջ ունի ընկալելու այն հրաշքի ներգործությունը, որ երաժշտություն անունն ունի` հանդիպումը կկայանա: Ինչպես այն տեղի ունեցավ օրերս` ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանի մեծ հանդիսասրահում կայացած համերգի ժամանակ:

 

Միջոցառման հյուրը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էր (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), կազմակերպիչը` ԱՄՆ դեսպանատունը, որը, ինչպես միջոցառման բացման խոսքում նշեց ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քերին Ի. Ռոբլին` փոխանցելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հաֆերնի հղումը, նպատակ ունի ներկայացնել ժողովրդականություն վայելող ամերիկյան մշակույթի ընտրանին` հոլիվուդյան կինոերաժշտության այն նմուշները, որոնք ոչ միայն չափազանց հանրաճանաչ են, այլև համարվում են ՙԱմերիկայի ձայնապնակի՚ լիիրավ բաղադրիչը: Ի դեպ` Հայաստանի համալսարաններում կայացող այս փառատոնը դեսպանատունը նվիրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան բացման 20-ամյակին:

 

Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները չափազանց ջերմորեն ընդունվեցին և երիտասադների, և առավել տարիքավոր ունկնդիրների կողմից: Հատկապես վերջիններիս համար այդ հանրահայտ գործերը դեպի երիտասարդ տարիները վերադառնալու կամուրջ դարձան, երբ ամերիկյան կինոն նոր-նոր թափանցել էր ԽՍՀՄ տարածք, իսկ կինոերաժշտությունը դարձել սիրելի ու հոգեհարազատ: Համերգը հաղորդավար չուներ, հազիվ սկսում էր հնչել ծանոթ երաժշտությունը` դահլիճը արձագանքում էր ջերմ ծափողջյուններով...

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ