Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Մեր երախտագիտական հղումները բոլոր նրանց, ում շնորհիվ Երևանի` պլանով ամենահին փողոցը կվերագտնի իր տեսքը

Մեր երախտագիտական հղումները բոլոր նրանց, ում շնորհիվ  Երևանի` պլանով ամենահին փողոցը կվերագտնի իր տեսքը

Յուրաքանչյուր քաղաք ունի իր ամենասիրելի փողոցը, որի հետ են հիմնականում կապված նույն այդ քաղաքի լավագույն ավանդույթները, հիշողությունները, միջոցառումները:

 

Աբովյան փողոցն ասես Երևանի առաջընթացի ու զարգացման յուրաքանչյուր փուլի վկան է: Հանրապետության հրապարակից դեպի Քանաքեռի սարավանդի ստորոտ է ձգվում այսօրվա Աբովյան փողոցը` Երևանի գլխավոր զարկերակը: Այն մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցն էր և´ ցերեկային, և´ երեկոյան ժամերին. հանդիպումների, գնումներ կատարելու, զբոսանքի ու ժամանցի սիրելի վայր, որտեղ մի քանի տասնամյակ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով անցնող երիտասարդ աղջիկներին:

 

Ի դեպ` փողոցը 1869 թվականին, ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ, գեներալ-մայոր Աստաֆևի կոչվեց Աստաֆևսկայա, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական` Աստաֆյան տարբերակով: Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էր Աստաֆյան փողոցը, իսկ «պլանի գլուխ» ասելով հասկանում էր, և միչև այժմ էլ այդպես է կոչում փողոցի ծայրին գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը:

 

1906-1918 թվականներին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, իսկ 1933 թվականին` քաղաքի առաջին տրամվայը:

 

Ժամանակին, երբ հեռուստացույցն ու համակարգիչը «տնային բանտարկության» չէին ենթարկել մարդկանց` չափազանց ընդունված է եղել ոչ միայն կինո և թատրոն հաճախել, այլև ուղղակի ճեմել փողոցում, շփվել իրար հետ, տեսնել միմյանց, հաղորդակցվել...

 

Երևանի համար կենտրոնական ճեմուղին Աբովյան փողոցն է եղել:

 

Աբովյան փողոցը... Երևանի մասին ցանկացած փաստագրական ժապավենի վրա առաջին հերթին այս փողոցն է, և նրա հնագույն ու յուրօրինակ գեղեցկությամբ աչքի ընկնող շենքերց մեկը` մեր համալսարանի արծաթագմբեթ շինությունը: Ուստի Աբովյան փողոցը նաև մերն է, հատկապես` մերը…

 

Հետագայում արդեն այս փողոցում էին իրականացվում համաքաղաքային փառատոների կենտրոնական միջոցառումները, հրապարակում կայացող շքերթերին այս փողոցով էին միանալու գնում մայրաքաղաքի բուհական շրջանի շարասյուները…

 

 Մեր մտավորականներից, գրողներից, արվեստագետներից շատերի հուշերից հառնում է իրենց ապրած ժամանակի շունչը, երբ Աբովյանով հանդարտ ու սեփական անձի գնահատման դրսևորմամբ քայլել են մեր ազգի մեծերը` գրողներ, դերասաններ, անվանի նկարիչներ, մեծանուն արվեստագետներ` մտերիմ մարդկանց ընկերակցությամբ, իրենց հետևից քայլող հետաքրքրասեր երիտասարդների հայացքների ուղեկցությամբ:

 

Նրանցից յուրաքանչյուրը կուռք էր: Իսկ կենդանի կուռքին տեսնելու դժվարություններ կարծես թե չկային: Ուղղակի հարկավոր էր համբերել մինչև ամառային տոթը իր տեղը զիջեր հովասուն երեկոյին, և Աբովյան փողոցը հնարավորություն կտար երիտասարդներին քայլել իրենց կուռքերի հետևից` երջանիկ, որ ոչ միայն տեսան, այլև հնարավորինս լսեցին նրանց զրույցներից իրենց հասած պատառիկները:

 

Թվում է` այսօր այդ ամենը ծիծաղելի կարող է հնչել մեր երիտասարդության համար: Սակայն նայեցեք Աբովյան փողոցով «քայլող» Ավետիք Իսահակյանին, խոսքս, իհարկե, արձանի մասին է, պատկերացրեք նրա կողքին իր ժամանակակիցներին, փորձեք պատկերացնել որևէ հարցի մասին նրանց վերլուծություն-քննարկումները, այդ առիթով մեր պատկառազդու մտավորականների գնահատականները և, համոզված եմ, կյանքի այն դասերը, որ տրվում էին Աբովյանով ճեմելիս, բնավ ավելորդ չէին լինի անգամ այսօրվա երիտասարդության համար: 

 

Այս փողոցի սալահատակին են ոտնաձայներ թողել Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը… մեր ազգի բոլոր մեծերը:

 

Ես լավ եմ հիշում Աբովյան փողոցի մերօրյա ավանդույթներից մեկը: Ամեն օր նույն ժամին Հովհաննես Շիրազը հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին... 

 

Սակայն ստացվեց այնպես, որ, ինչպես հիմա ընդունված է ասել` Երևանի «բրենդը» արժեզրկվեց` վերածվելով արևելյան երկրների շուկա հիշեցնող «բութիկների» շարքի: Չբավարարվելով փողոցի երկու կողմերի շենք-շինություններով` Աբովյան փողոցի մայթերի կենտրոնական միջնագծով իրար հետևից կառուցվեցին առևտրական կենտրոններ: Եվ երեկոյան, երբ փակվում էին խանութները, Աբովյան փողոցն ամայանում էր, լռում, խեղճանում...

 

Թվում էր` մեր քաղաքի ամենակենտրոնական և ամենաավանդաշատ հիշողություններով փողոցը անվերադարձ կորցրեց իր հմայքն ու արժեքը:

 

Բայց` ո´վ հրաշք, նորընտիր երիտասարդ քաղաքապետը խոստանում է Աբովյան փողոցը վերադարձնել երևանցիներին, և ... վերադարձնում է: Պարզ է` ոչ առանց հանրապետության ղեկավարության օգնության:   

 

Այս առիթով կայացված որոշումից 1-2 օր անց, առանց աղմուկ-աղաղակի քանդվեցին մայթերի կենտրոնական մասով կառուցված հսկայական ամրակուռ նորակառույցները` խանութներ, սրճարաններ…

 

Համոզված եմ` շատ շուտով բոլորովին նոր տեսքով, լայնահուն մայթերով, ավելացող կանաչ տարածքներով մեր սիրելի փողոցը կդիմավորի նրանց, ովքեր կքայլեն այն փողոցով, որտեղ դեռևս արձագանքում են մեր արժանապատիվ մտավորականների ոտնաձայները:

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ