Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք

ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:

 

ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախագահին ներկայացրեց հիմնանորոգված կլինիկաները, ինչպես նաև ստեղծված բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելուն:

 

Համալիրի նախկին մանկական մասնաշենքում տեղակայվել են վիրահատական ուղղվածություն ունեցող ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության կլինիկաները, ինչպես նաև նոր կազմավորված ուրոլոգիայի կլինիկաներն ու ութ նոր վիրահատարանները, որոնք բոլորն էլ նախկինում անբարեկարգ վիճակում էին գտնվում:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի նախկին շրջանավարտ Արմեն Աշոտյանը, կարևորելով իրականացված աշխատանքներն, ասաց.«Այս ամենն ապացույցն է այն ճշմարտության, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության համակարգը զարգանում է: Մեր բուհերը կարողանում են ներդրումներ կատարել` ուսանողների մասնագիտական հմտությունների ձեռքբերման համար անհրաժեշտ բազա ապահովելու նպատակով: Բժշկականն այս ոլորտում առաջատարներից մեկն է: Համալսարանը եզակի է նաև այն առումով, որ խոշոր դերակատարում ունի առողջապահական շուկայում` իր լավ մասնագետների և վերազինվող հիվանդանոցների շնորհիվ: Վստահ եմ` այսօր բացվող նոր ենթակառուցվածքները կծառայեն և ուսանողների ու երիտասարդ մասնագետների մասնագիտական կարողությունների հետագա ձևավորմանը, և լուրջ դերակատարություն կունենան մեր ազգաբնակչության առողջության պահպանման գործում»:

 

ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանը ներկայացրեց նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող կլինիկաների համար ստեղծված լավագույն պայմանները:

 

«Նոր բացված կենտրոնում միաժամանակ ութ վիրահատություն կարող է իրականացվել: Այս բաժանմունքի հարևանությամբ գտնվող նեյրովիրաբուժության կլինիկայում ևս երկու վիրահատարան ունենք: Եթե դրանց գումարենք մյուս մասնաշենքում գտնվող միկրովիրաբուժության վիրահատարանը, ապա կարելի է ասել` այս համալիրում վիրահատարանների խնդիր չունենք:

 

Սրանք սովորական վիրահատարաններ չեն, այլ առավելապես հարմարեցված են ուսանողներին գիտելիք տալու համար: Տեսախցիկները տեղադրված են վիրահատարանի լամպերին, որոնց լույսն ընկնում է ուղիղ վիրահատական դաշտի վրա: Ուսանողները մոնիտորների վրա կտեսնեն վիրաբույժի կողմից կատարվող բոլոր գործողությունները:

 

Վիրահատության ընթացքին կհետևեն նաև բժիշկների սենյակում: Իսկ վիրահատությունների համար պատասխանատու ավագ բժիշկն ուսանողների հետ հետևալով վիրահատությանը, կբացատրի ընթացքը: Բոլոր վիրահատությունները, որպես ուսումնական նյութ, կձայնագրվեն: Ուսանողները դրանք կդիտեն այդ նոզոլոգիաների տեսական ուսուցման ընթացքում: Շարունակելու ենք կլինիկաների վերակառուցումը և վերազինումը: Մեր նպատակն է համալսարանական բոլոր կլինիկաները համապատասխանեցնել միջազգային չափանիշերին: Մեզ մոտ նաև այլ կլինիկաների բժիշկներն են վերապատրաստվում: Ուրեմն վստահություն ներշնչելու համար պարտավոր ենք լավագույն պայմաններն ապահովել:

 

Մենք լուրջ քայլեր ենք կատարում գլխուղեղի անոթների ստենդավորման ոլորտում խորանալու և տարածաշրջանում առաջատարի դիրքը պահպանելու ուղղությամբ:

 

Պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ղեկավարած ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայում գլխուղեղի անոթային համակարգի հիվանդությունների արդյունավետ բուժումն իրականացվում է նորագույն մեթոդներով և եղանակներով, մասնավորապես` ներանոթային վիրահատություններով:

 

Փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի երիտասարդ ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանը դեռ նախկին` չափազանց սուղ պայմաններում, կարողացավ էնդովասկուլյար եղանակով վիրահատության մի նոր մակարդակ ապահովել: Անցած ամռանը հիվանդի որովայնային զարկերակների լուսանցքի վերականգնումն առանց կտրվածքի և տեղային ցավազրկմամբ առաջին քայլն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Նման ելքերը սովորաբար ապահովվում են բարձր տեխնոլոգիաների և լավագույն մասնագետների շնորհիվ: Հիմա նրա ղեկավարած բաժանմունքին ևս այստեղ լավագույն պայմաններ են տրամադրվել: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման բարձր որակ և արդյունավետություն է ապահովվում նաև պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի ղեկավարած ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայում: Վստահ եմ, որ, ընդհանուր առմամբ, անոթների վրա աշխատելու գործում գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում առաջատար ենք լինելու»:

 

Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում համալսարանական կլինիկաներն ամենաբարձրակարգներն են, որովհետև դրանցում աշխատում են առավել փորձառու մասնագետները, ովքեր միաժամանակ թե´ բուժում են, թե´  դասավանդում և թե´ վերապատրաստում բժիշկներին: Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում` համալսարանական կլինիկաները նաև համեմատաբար մատչելի են, որովհետև պրոֆեսորներին օգնում են նրանց ուսանողները, ովքեր լրացուցիչ վճարման կարիք չունեն:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ