Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հանգստի ժամին

Խորվաթիա

Խորվաթիա

Երբևէ մտաբերո՞ւմ եք Խորվաթիան, երբ, ասենք, կարևոր հանդիպման կամ թատրոն գնալիս փողկապ եք կապում։ Երևի կասեք. «Ա՛յ քեզ տարօրինակ հարց»։ Սակայն խորհուրդ ենք տալիս չզարմանալ և փոքր-ինչ հապաղել մինչ պատասխան տալը։

 

Հարցն այն է, որ համաձայն ֆրանսիական հանրագիտարանում զետեղված տվյալների` փողկապ կապելու այն ձևը, որն օգտագործվում է այսօր, հորինվել, մշակվել և կիրառության մեջ է դրվել դեռևս XVII դարում խորվաթ զինվորների կողմից։ KROATA (Խորվաթիա) բառը, որը խորվաթերեն նշանակում է փողկապ, իտալերեն հնչում է Cravatta, իսպաներեն` Corbata, իռլանդերեն` Carabhat, անգլերեն` Cravat, իսկ ֆրանսերեն` Cravate։

 

Որքան էլ պատմենք ծովի մաքրության, կլիմայի մեղմության և կազդուրիչ օդի մասին, ինչպես նա` համեղ խոհանոցի, կուսական բնության և խորվաթների հյուրասիրության մասին, միևնույն է` ասելիքը համալրված չի լինի. ավելի լավ է այդ ամենը տեսնել ու զգալ տեղում։ Խորվաթիայում միայն առաջին անգամ են պատահաբար հայտնվում. այդ հիրավի հրաշք երկիրը դեպի իրեն է ձգում բոլոր զբոսաշրջիկներին և նորից ու նորից այցելելու մեծ ցանկություն առաջացնում։

 

Մի քանի տարի շարունակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խորվաթիային է հանձնում «Միջերկրական ծովի ամենամաքուր ջրային տարածքի համար նախատեսվող Կապույտ դրոշը»։ Պարգևն արդարացի է շնորհվում, քանի որ Խորվաթիայի լողափերի պես մաքուր ափամերձ տարածքներ աշխարհում գրեթե չեն մնացել։ Սոճու անտառները համադրվում են տրոպիկական բույսերի հետ, իսկ ծովում ջրի թափանցիկությունը հասնում է մինչև 50 մ։ Համարվելով Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր պետություններից մեկը` Խորվաթիան ունի նաև ռեկորդային թվով ազգային արգելանոցներ (դրանց թիվն այստեղ հասնում է 8-ի)։ Խորվաթիան հարուստ է աշխարհագրական և մշակութային տարբեր գոտիներով. 100 կմ շառավղի վրա միմյանց հերթագայում են ծովը, ժայռերը, լճերը, սաղարթախիտ անտառները, պտղատու այգիները և շատ յուրօրինակ հնագույն քաղաքները։


Խորվաթիան ճիշտ ընտրություն է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հնագույն մշակույթը, խաղաղ լողափերը, ծովային զբոսանքն ու գողտրիկ ծովային քաղաքները։ Այստեղ բնությունն իսկապես կուսական է, լուսաբացները` բորբ և կյանքով լի։
Խորվաթիայում կյանքն ասես դրախտային լինի։ Առօրյա կյանքի խելահեղ ռիթմերին տրվելով` մենք շատ հաճախ ասես մոռանում ենք ապրել, իսկ Խորվաթիայում դա գրեթե անհնար է. այստեղ դուք կգտնեք աշխարհի այն փոքրիկ անկյունը, որը նախատեսված է ձեզ համար, կազատվեք ամենօրյա խնդիրներից ու հոգսերից, որոնք դեռ երեկ ձեզ հանգիստ չէին տալիս։ Այստեղ ամեն բան կթվա դյուրին ու հեշտ հաղթահարելի։

 

Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ սիրում են իրենց հայրենիքը և այն համարում լավագույնը։ Խորվաթներն իրենց հայրենիքն անվանում են «Մեր գեղեցկուհին», ինչը հիշատակվում է նաև ազգային հիմնում։ Խորվաթիա երկրի գեղեցկության մասին շատ գրողներ են պատմել իրենց ստեղծագործություններում։ Բազում նկարիչներ իրենց կտավներում հավերժացրել են նրա գեղեցկությունը։

 

«Աստվածները ցանկացան ի տես դնել իրենց ստեղծածը և վերջին օրը աստղերից, արցունքներից և ծովի շնչառությունից ստեղծեցին Կորնատին»,- գրում է Բեռնար Շոուն` նկարագրելով Միջերկրական ծովի ամենամեծ կղզիախումբը, որը բաղկացած է 140 կղզիներից և խութերից։ Հավանաբար բոլորը գիտեն, որ Շեքսպիրի հանրահայտ «XII գիշերը» ստեղծագործության իրադարձությունները ծավալվում են Խորվաթիայում։ Խորվաթական բնապատկերների գեղեցկությամբ հիացած էին Ագաթա Քրիստին, որն, ի դեպ, իր մեղրամիսն անցկացրել է այնտեղ, Ջեկ Լոնդոնն իր «Հյուսիսային պատմվածքներ» շարքը գրելուց հետո արևի լոգանք է ընդունել Խորվաթիայում, իսկ Էժեն Իոնեսկոն իր հերթական աբսուրդ ժանրի պիեսը գրելուց հետո ուշքի էր գալիս կրկին Խորվաթիայում։ Այս վայրերում են եղել Բայրոնը և Ժյուլ Վեռնը։ Իր «Արիադնա» պատմվածքում Չեխովը ևս անդրադարձել է տեղի հովեկաշատ շրջաններին։

 

«Մեր պատուհանի տակ մի արմավենի էր աճում, որն իմ ուշադրությունը գրավեց։ Ես մինչ այդ երբեք չէի տեսել ազատության մեջ աճող արմավենի։ Ամեն առավոտ ես նայում էի, թե ինչ հեզությամբ են օրորվում նրա ճյուղերը։ Այդ արմավենուց է, որ ես սովորեցի այդպես գեղեցիկ շարժել ուսերս, ձեռքերս և մատներս»,- գրում է խորվաթական վիլլաներից մեկում 1902թ. հանգստացող հանրահայտ պարուհի Այսեդորա Դունկանը։

 

Խորվաթիային վերևից նայելիս կարելի է տեսնել ծովափնյա գողտրիկ տարածքներ, սոճու անտառներ, անթիվ-անհամար կանաչ կղզյակներ և զարմանահրաշ ջինջ, կապույտ ջուր։ Այն փոքրիկ երկիր է, ինչն ակնհայտ է առաջին իսկ հայացքից` փոքրիկ փողոցներ, փոքրիկ տնակներ, ուր դատարկ, անմարդաբնակ վայրեր գրեթե չկան։ Իհարկե, կան շատ փոքրիկ անմարդաբնակ կղզիներ, որոնք ենթակա են վաճառքի։ Այդ մասին կարելի է կարդալ տեղական թերթերում տպված հայտարարություններում։ Դրանք թվով 1185-ն են, որոնցից ընդամենը 66-ն են մարդաբնակ։


Խորվաթիայի մեծ մասը նայում է հարավ` Միջերկրական ծովին։ Այստեղ` փոքրիկ նավահանգստային քաղաքներում խարիսխ են ձգում զբոսանավերն ու ձկնորսական նավակները։ Կղզիների երկայնքով անցնում են զբոսանավերն ու առագաստանավերը, որոնք իրենցից հետո փրփուրի կոհակներ են թողնում։


Բարձր սարերը վաղ գարնանն ու ուշ աշնանը երկիրը պաշտպանում են սառը հյուսիսային քամիներից։ Գարնանը և ամռան սկզբին ծովափնյա շրջաններում ծովային զեփյուռն ապահովում է տեղանքի կայուն ջերմաստիճանը։ Ձմռանը ջրի ջերմաստիճանը 10°C-ից չի իջնում, իսկ օգոստոսին այն բարձրանում է 26°C-ից ավելի։ Մասնագետների կարծիքով այս երկրի կլիման իդեալական է ամառային հանգստի համար։ Արևային ժամերի տարեկան միջին ծավալը կազմում է 2600 ժամ, ամռանը ծովի ջրի միջին ջերմաստիճանը` 25-27°C, օդի միջին ջերմաստիճանը` 30-31°C։ Ահա թե ինչու է Խորվաթիան համարվում իդեալական տեղ` ամառային հանգստի համար։ Խորվաթիայի կենտրոնում կլիման լեռնային է, հյուսիսում` մայրցամաքային, ինչը հանգստի տարաբնույթ տարբերակների հնարավորություն է ստեղծում։


Դեռ վաղնջական ժամանակներից Խորվաթիան մշակույթների և քաղաքակրթությունների կիզակետում է եղել. IV դարում այս երկիրը սահմանակից է եղել Հռոմեական կայսրության արևմտյան և արևելյան շրջաններին, V դարում` Բյուզանդիայի և ֆրանկների թագավորությանը, իսկ X դարում կռվախնձոր է դարձել կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև։ XV դարից մինչև XVI դարը Խորվաթիան եղել է քրիստոնյա` Արևմուտքի և իսլամական Արևելքի ազդեցությունների ներքո։

VII դարում Խորվաթիան բնակեցվել է սլավոններով։ IX դարում այստեղ ձևավորվել է պետություն, իսկ 925 թ.` թագավորություն։ 1102 թ. Խորվաթիան մտել է Հունգարական թագավորության կազմի մեջ` պահպանելով ներքին ինքնակառավարումը։ 1868 թ. ստորագրված խորվաթա-հունգարական համաձայնագիրը ճանաչեց խորվաթական տարածքների միայն մի մասի անկախությունը։ 1918 թ. Խորվաթիան մտավ սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության մեջ (1929 թ.` Հարավսլավիա)։


1991 թ. հունիսին Խորվաթիան անկախության հռչակագիր ստորագրեց, որը միջազգային հանրության կողմից ճանաչվեց 1992 թ. հունվար ամսին։ Այդ օրվանից սկսած` Խորվաթիայի Հանրապետության պատմության մեջ նոր էջ բացվեց։

 

Մարկո Պոլո. համաշխարհային ճանաչում ունեցող ճանապարհորդ և հետազոտող, որը Չինաստանից Եվրոպա բերեց մետաքսի ծառը։ Նա ծնվել է Կորչուլա կղզում։

 

Չնայած այն հանգամանքին, որ Խորվաթիան իր կազմավորման ընթացքում հաճախ գտնվել է տարբեր մշակույթների ազդեցության ներքո (հունական, հռոմեական, կելտական, իլլիրիական, ավստրիական, հունգարական, բյուզանդական, իսլամական և այլն)` այնուամենայնիվ նրա պատմությունն իր ծանրակշիռ ավանդն ունի համընդհանուր եվրոպական պատմության և քաղաքակրթության կայացման հարցում։


Այսօր Խորվաթիայի բնակչության 72%-ը կազմում են խորվաթներ, 12%-ը` սերբեր և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Խորվաթերենը, ի տարբերություն սերբերենի, հիմնված է լատինական այբուբենի վրա։


Խորվաթները արմատական հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, մինչդեռ սերբերն անխտիր ուղղափառ եկեղեցուն են դավանում։ Խորվաթներն ընդունում են պատկերագրությունը և կրոնավորներին թույլ են տալիս ամուսնանալ։ Մեր օրերում հռոմեական կաթոլիկությունը, որը կոմունիստական ոգու գերակայության պայմաններում զգալիորեն ճնշվել էր, մեծ ծաղկում է ապրում։ Ամեն կիրակի տեղի եկեղեցիներում պատարագ է մատուցվում, որին հազարավոր հավատացյալներ են մասնակցում։ Երկրի բնակչության միայն 1,2%-ն է մահմեդական, իսկ բողոքականների թիվը չի գերազանցում ընդհանուր ազգաբնակչության 0,4%-ը։ Զագրեբում կա նաև շատ փոքրիկ հրեական համայնք։


Խորվաթական այբուբենը ստեղծվել է IX դարի սկզբում։ Վաղ միջնադարում Խորվաթիայում արդեն իսկ գրվել էին պատմագրական և գրական բազում ստեղծագործություններ, որոնք գրի էին առնվել տեղական լեզվով։ Այդ ստեղծագործությունները պատմում էին սրբերի և մեծոց կյանքի մասին։ Այսօր երկրի պաշտոնական լեզուն խորվաթերենն է։ Ի դեպ, Խորվաթիայում լեզվական անջրպետ գրեթե գոյություն չունի, քանի որ խորվաթերենը սլավոնական լեզվաընտանիքի մեջ է մտնում, ինչը զբոսաշրջիկներին շփման մեծ հնարավորություն է ընձեռում։


Տարօրինակ է թվում, որ Խորվաթիայի պես փոքրիկ երկիրն այդքան համաշխարհային նշանակության կոթողներ ունի։ Խորվաթիայի հուշարձաններից 4-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ են ներառված։ Դրանք են` Դուբրովնիկի պատմական կենտրոնը, Սպլիտի քաղաքային պատմական համալիրը և Դիոկլետիանոս կայսեր պալատը, Տրիգոր քաղաքը և Շիբենիկի աստվածամոր տաճարը։ Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում են ներգրավված նաև «Պլիտվիցյան լճեր» ազգային արգելանոցը և Պորեչի բազիլիկ եկեղեցին։

 

Քանդակագործ Իվան Մեշտրովիչը Խորվաթիայի գեղարվեստի բնագավառի հպարտությունն է։ Նրա ստեղծագործությունների շարքին է պատկանում նաև Զագրեբի պատմության թանգարանը։ Վարպետի քանդակագործական և ճարտարապետական կոմպոզիցիաներին հատուկ է խիստ ազգային մտածողությունը` միաձուլված դասականին։ Ներդաշնակության զգացողությունը, ի դեպ, նա ժառանգել է Օգյուստ Ռոդենից։

 

Խորվաթական ազգային երաժշտությունը ոճային առումով միօրինակ չէ։ Կոլոն սլավոնական շուրջպար է, որն ուղեկցվում է գնչուական ոճում հնչող ջութակի կամ խորվաթական մանդոլինի երաժշտությամբ։

 

ԶԱԳՐԵԲ

 

Խորվաթիայի 900-ամյա մայրաքաղաք Զագրեբը` օժտված է Կենտրոնական Եվրոպայի հին քաղաքներին հատուկ հմայքով։ Այս գեղեցիկ քաղաքը տեղակայված է Մեդվեդնիցա լեռան ստորոտին և ունի մոտ 700 հազ. բնակիչ։ Զագրեբը տնտեսական և գիտական ներուժի զգալի աճով աչքի ընկնող ժամանակակից քաղաք է։


Որպես մայրաքաղաք Զագրեբը կազմավորվել է 1557թ.` Կապտոլ և Գրադեց քաղաքների միաձուլման արդյունքում։ Միջնադարյան քաղաքի մեծ մասը մինչ օրս պահպանվել է, ինչի արդյունքում Զագրեբը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, որն ունի բազմաթիվ այգիներ, թանգարաններ և պատկերասրահներ։ Գրադցայի կենտրոն է համարվում Սուրբ Մարկոսի գոթական ոճով կառուցված տաճարը, որի կողքին գտնվում է Խորվաթիայի Ազգային Ժողովի շենքը։


Կապտոլի կենտրոնն է 1899 թ. կառուցված Սուրբ Ստեփանոս տաճարը։


Ուշադրության է արժանի նաև Իոսիպ Էլաչիչի հրապարակը, որտեղ տեղադրված է վերջինիս արձանը։ Թերևս ձեր այցելությունը կլինի թերի, եթե չտեսնեք Եվրոպայի ամենագեղեցիկ գերեզմանատներից մեկը` Միրոգոյը, ինչպես նաև գողտրիկ Դոլաչ շուկան և Կոմեդիայի թատրոնը։


Զագրեբին առանձնահատուկ հմայք են հաղորդում ողջ քաղաքով մեկ սփռված հանգստի գոտիները` բազմաթիվ սրճարաններով և բացօթյա ռեստորաններով։ Գրեթե ողջ քաղաքը զբոսայգիների ու պուրակների մի հոյակերտ շղթա է, որոնցից ամենախոշորը «Մաքսիմիր» բուսաբանական այգին է։


Խորվաթիայի հպարտություններից մեկը PLIVA դեղագործական ընկերությունն է, որը ստեղծվել է 1921 թ. և համարվում է երկրի ամենահին դեղագործական ընկերություններից մեկը։ Ժամանակին PLIVA-ն ընդամենը մի փոքրիկ լաբորատորիա էր։ Այսօր արդեն PLIVA-ն փոքրիկ լաբորատորիայից վեր է ածվել խոշոր դեղագործական ընկերության, որն ունի մեծ գիտահետազոտական ինստիտուտ, լաբորատորիաներ, արտադրամասեր` հագեցած ժամանակակից գերհզոր տեխնիկական միջոցներով։ Իր ստեղծման օրվանից PLIVA-ի հետ համագործակցում են բազում ականավոր գիտնականներ, սակայն ընկերության ամենամեծ ձեռքբերումները կապված են Նոբելյան մրցանակակիր Վլադիմիր Պրելոգի հետ։ Մեր օրերում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դեղագործական շուկայում PLIVA դեղագործական ընկերությունը համարվում է ամենախոշոր ավանդ ունեցող ընկերություններից մեկը։

 

Խորվաթիա ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը ձգտում է գնալ Իստրիայում և Դալմացիում գտնվող ծովային հանգստի գոտիներ։ Սակայն, պետք է ասել, որ յուրահատուկ ուշադրության է արժանի նաև ցամաքային Խորվաթիան իր պալատներով, միջնադարյան դղյակներով, ազգային և բուսաբանական այգիներով ու հանքային ջրերով հարուստ հանգստյան գոտիներով...

 

Ադրիատիկ ծով

 

Ադրիատիկ ծովը աշխարհի ամենամաքուր և գեղեցիկ ծովերից մեկն է։ Այդ մասին բազմիցս վկայել է Ժակ-Իվ Կուստոն, որն այդ բնագավառի ամենակարկառուն գիտակներից մեկն էր։ Խորվաթիային են պատկանում Ադրիատիկ ծովի 1777 կմ ձգվող ափերը։ Նույն ծովում տեղակայված 1185 կղզիները նույնպես պատկանում են Խորվաթիային։ Երկիրն ունի 36 հազ. հա տարածության երկայնքով ձգվող ազգային այգիներ և տարեկան 2600 արևային ժամ։ Ինքնին հասկանալի է, որ հազար կղզի ունեցող երկրի մասին հեքիաթն իրականություն է։


Ադրիատիկ ծովը, որը ողողում է Բալկանյան ևԱպենինյան թերակղզիները, ունի միջինում 252 մ խորություն, մինչդեռ հարավային մասում վերջինիս խորությունը հասնում է մինչև 1200 մ։ Խորվաթիայի ափերը ողողող ջրերը մաքուր և վճիտ են, քանի որ լեռնային գետերն այնտեղ ավազ ու տիղմ չեն բերում։ Օգոստոս ամսին Ադրիատիկ ծովի ջուրը տաքանում է մինչև 25-27°C ու համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներին։ Ծովի ջրում աղի տոկոսայնությունը կազմում է 34 մգ յուրաքանչյուր լիտրի համար։ Դա նշանակում է, որ Ադրիատիկ ծովը կրկնակի անգամ աղի է, քան Սև ծովը։ Խորվաթիա ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը ձգտում է գնալ Իստրիայում ևԴալմացիում գտնվող ծովային հանգստի գոտիներ։ Սակայն պետք է ասել, որ յուրահատուկ ուշադրության է արժանի նաև ցամաքային Խորվաթիան` իր պալատներով, միջնադարյան դղյակներով, ազգային ևբուսաբանական այգիներով և հանքային ջրերով հարուստ հանգստյան գոտիներով։

 

Իստրիա

 

Իստրիան իրավամբ համարվում է Խորվաթիայի մարգարտահատիկը։ Հինավուրց քաղաքները, կուսական բնությունն ու ճարտարապետական առումով եզակի հուշարձաններն այստեղ ամենուր են։ Ի դեպ, այստեղ ձեզ կառաջարկեն մեկօրյա այցելություն կատարել դեպի Վենետիկ, ուր դուք կարող եք հասնել ընդամենը 2 ժամում` հարմարավետ ''Prince of Venice'' զբոսանավով։ Իստրիան Ադրիատիկ ծովում գտնվող խորվաթական ամենամեծ թերակղզին է` տեղակայված Ալպիական և Միջերկրական Եվրոպայի հատման կետում։ Այն շատ մոտ է Ավստրիային, Իտալիային, Սլովենիային և Հունգարիային։ Աշխարհագրական այս տեղակայումը դեպի Իստրիա թերակղզի է ձգում հազարավոր եվրոպացի զբոսաշրջիկների։


Իստրիան Խորվաթիայի ամենահայտնի զբոսաշրջության գոտին է դարձել շնորհիվ իր հարուստ պատմության, բազմաթիվ հուշարձանների, մաքրամաքուր ջրի ևհանգստի իդեալական պայմանների։ Խորվաթիայի հարավի համեմատ կլիման այստեղ ավելի չոր և զով է։ Իստրիա թերակղզում օդի ջերմաստիճանը միջինում մի քանի աստիճանով ավելի ցածր է, քան Դուբրովնիկում և Սպլիտում։


Իստրիան ոչ միայն զբոսաշրջության, սպորտի, արևի և տաք ծովային ջրի գոտի է, այլև հռոմեական, վենետիկյան, ավստրո-հունգարական մշակույթների հիրավի հրաշալի միաձուլման արգասիք, ինչն ակնհայտ է հատկապես Պուլա, Ռովին, Պորեչ, Ումագ և Օպատիա քաղաքներում։ Բոլոր այս քաղաքներից կարելի է ուղևորություն կատարել դեպի երազանքների քաղաք Վենետիկ (ի դեպ, առանց մուտքի արտոնագրի և գրեթե անվճար, քանի որ ուղևորությունը կարժենա ընդամենը 50 ամերիկյան դոլար)։


Մի խոսքով, եթե դուք գնահատում եք գեղեցկությունը, բնությունն ու պատմամշակութային հարստությունները, Իստրիա թերակղզին այն եզակի վայրն է, ուր կա այդ ամենի չքնաղ համադրությունը։ Իստրիայի ''մայրաքաղաք'' Պուլա դուք կարող եք հասնել ինքնաթիռով։

 

Պուլա

 

Պուլան Իստրիայի ամենախոշոր քաղաքն է, որը մեծ ծովային նավահանգիստ է և միջազգային զբոսաշրջության կենտրոն։ Մի ժամանակ Պուլան եղել է հռոմեական կայսրության գաղութ, այնուհետև ամենախոշոր ավստրո-հունգարական զինվորական նավահանգիստ։ Պուլան հիմնվել է 3000 տարի առաջ և, լինելով հռոմեական գաղութ, մինչ օրս պահպանել է բազում հին հռոմեական կոթողներ` Արենա ամֆիթատրոնը, Հաղթական կամարը, Հերկուլեսյան դարպասները և Հռոմեական թատրոնը։ Սրանցից ամենանշանավորը Արենա ամֆիթատրոնն է, որը Հռոմեական Կոլիզեից հետո երկրորդ ամենախոշոր և համեմատաբար լավ պահպանված հուշարձանն է։ Ի դեպ, այն մինչ օրս գործող համերգային հրապարակ է, որտեղ համերգներով հանդես են գալիս համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Սթինգը, Խուլիո Իգլեսիասը, Վանեսա Մեյը և այլն։ Ամեն տարի Պուլայում կազմակերպվում են կինոարվեստի ևօպերային արվեստի փառատոներ։ Պուլայում հանգստանալու է գալիս տարեկան 60 հազ. զբոսաշրջիկ։

 

Ումագ

 

Ումագը գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիսային մասում։ Այն իր մեջ ամփոփում է առատ բուսականության և միջնադարյան շինարարության ներդաշնակ համադրությունը։ Այս գողտրիկ միջնադարյան քաղաքը գտնվում է Սլովենիայի սահմանի մոտ։ Քաղաքի նախկին պատմական կենտրոնը, որն անցյալում գտնվում էր առանձին մի կղզյակի վրա, մեր օրերում միացած է ընդհանուր քաղաքին։ Այս ծաղկող քաղաքում անցյալն ու ներկան յուրօրինակ համադրության մեջ են. իլլիրիացիների, կելտերի, հռոմեացիների կողմից կառուցված շինությունների կողքին վեր են խոյանում ժամանակակից հոյակերտ շենքեր։ Այսօր արդեն հին կենտրոնի տեղում գործում է սպորտային մեծ համալիր։ Ամեն տարի Ումագում տեղի է ունենում թենիսի ''Croatia Open'' միջազգային մրցաշարը։

 

Եվրոպայում առաջին դեղատունը, որն առ այսօր գործում է, բացվել է 1317 թ. Դուբրովնիկում։ Աշխարհի ամենահին դեղատներից մեկը, որը գործում է 1355 թ., գտնվում է Զագրեբում։ Այս դեղատան դեղագետն է եղել Դանթեի թոռը։ Որոշ պատմական աղբյուրներից բխող տեղեկությունների համաձայն` Տրոգորի դեղատունը բացվել է 1271 թ.։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 1-2-2008 (10)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am
Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am

Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...

Օգտակար խորհուրդներ
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am

 Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև  հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...

Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am
Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am

Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am

Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...

Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am
Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am

Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...

Սնունդը և առողջությունը
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց...

Ես
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Թեստեր Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am

Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում  պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...

ՆԱՆԵ. Շիրիմ հայրենիքում (պատմվածք)
ՆԱՆԵ. Շիրիմ  հայրենիքում (պատմվածք)

Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո  արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...

Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները
Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները

Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...

11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ
11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ

Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...

Հայելու գաղտնիքները
Հայելու գաղտնիքները

Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...

Գիտե՞ք, որ...
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից

Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...

Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից
Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից

Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...

Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը
Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը

Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ