Բժիշկներ
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր: Նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչն է:
Զարեհ Ավետիքի Տեր-Ավետիքյանը ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է ՀԽՍՀ Ապարանի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, այնուհետև՝ Երևանի շտապօգնության հիվանդանոցի ավագ վիրաբույժ։
1982 թվականին Նովոսիբիրսկում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 1984-1988 թթ. Մոսկվայում եղել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոնի դոկտորանտ:
1988 թ. Մոսկվայում, Խորհրդային Միության վիրաբուժության գիտական կենտրոնում պաշտպանել է թեզ՝ «Ռեկոնստրուկտիվ վերականգնողական վիրահատություններ՝ չավարտված էզոֆագոպլաստիկայի և արհեստական կերակրափողի հիվանդությունների ժամանակ» թեմայով։ 1990 թ.-ից առ այսօր Առողջապահության ազգային ինստիտուտի և հետագայում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչն է,
1998թ.-2003թ.՝ Հ.Հ.Ա.Ն. լիցենզիոն հանձնաժողովի նախագահ վիրաբուժության գծով: 2003 թվականից ղեկավարում է Երևանի վիրաբուժության բժշկական կենտրոնը: 2010 թվականից ԵՊԲՀ վիրաբուժության, վնասվածքաբանության, ուրոլոգիայի և անեսթեզիոլոգիայի մասնագիտացված գիտական խորհրդի նախագահն է։ 1998-2005թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարության, 1995-2007 թթ. Երևանի գլխավոր վիրաբույժը:
1998 թ.-ից ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի, 2008թ.-ից Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է: «Հայկական վիրաբուժություն XXI» ասոցիացիայի փոխնախագահն է։
Հայաստանի վիրաբույժների գիտական ասոցիացիայի նախագահության, Պանկրեատոլոգների համաշխարհային ասոցիացիայի անդամ է:
Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների և Եվրոպայի գիտաբժշկական հրատարակչությունների ավելի քան 200 հոդվածների, երեք մենագրությունների, մեկ ատլասի, երկու հեղինակային գյուտերի, տասը ռացիոնալիզատորական առաջարկությունների, չորս գիտամեթոդական ձեռնարկների հեղինակ է, 5 դոկտորական և 11 թեկնածուական ատեղախոսության ղեկավար:
Հարցազրույցներից մեկում Զարեհ Տեր-Ավետիքյանը բացահայտել է, որ մասնագիտության ընտրությունը կայացրել է դեռևս 9-րդ դասարանում՝ ֆիզիկայի, որով շատ էր հետաքրքրված, և վիրաբուժության միջև:
«Եթե ֆիզիկայի մասին գոնե որոշակի պատկերացումներ ունեի, ապա վիրաբուժության վերաբերյալ դրանք շատ անորոշ էին։ Դա, իհարկե, կյանքեր փրկելու մասին ռոմանտիկ երազանք էր, ոգեշնչվել էի մարդկանց օգնելու ինչ-որ խորհրդավոր, բայց հրապուրիչ ցանկությամբ, որը հիմնականում վերցնում էի գեղարվեստական և ֆանտաստիկ գրականությունից: Ծնողներս բժիշկներ չէին։ Հայրս ֆիզիկոս էր, մայրս ՝ քիմիկոս, սակայն բժիշկ շատ ընկերներ են ունեցել։ Բժիշկներ կային նաև հարազատների շրջանում։ Անկեղծ կարող եմ ասել, որ սիրահարվեցի վիրաբուժությանը այն փուլում, երբ շատ աղոտ պատկերացում ունեի այս մասնագիտության մասին, և հետագայում այս երիտասարդական ռոմանտիկ երազանքը վերածվեց սիրո, որն ինձ ոգեշնչեց ուսանողական տարիներից և մինչև այսօր չի մարել»,-նշում է Զարեհ Տեր -Ավետիքյանը՝ վստահեցնելով, որ, եթե ընտրությունն այսօր լիներ, կրկին կընտրեի վիրաբուժությունը:
«Առաջին ինքնուրույն վիրահատությունը ապենդէկտոմիա վիրահատությունն էր, որը ես արեցի շրջանային հիվանդանոցում ինստիտուտն ավարտելուց հետո: Ամեն ինչը, ինչպես առաջին անգամ է լինում՝ հուզմունք, լարվածություն և, իհարկե, աննկարագրելի ուրախություն ու ոգևորություն։ Այդ զգացողությունները դժվար է փոխանցել»,-առաջին վիրահատությունն է հիշում անվանի վիրաբույժը:
Նշում է, թե որն է մասնագիտական կատարելագործման իր դեղատոմսը: «Եթե անտարբեր չես մասնագիտության նկատմամբ և նախանձախնդիր ես, ապա անընդհատ սովորում ես, սովորում բոլորից, քանի որ քեզ մղում է չմարող ցանկությունը, գերազանցության ձգտումը՝ կատարել էլ ավելի լավը: Առաջին հերթին պետք է ունենալ սեփական անձի նկատմամբ մեծ պահանջ՝ երբեմն պեդանտիզմին մոտ, և, իհարկե, մշտական մասնագիտական զարգացում:
«Վիրաբուժական միջամտության ժամանակ քո հմտությունը ոչ մի դեպքում չպետք է դուրս գա վիրահատության հիմնավորված ցուցումներից և այն գիտական նվաճումներից, որոնք ներկայումս ունի վիրահատությունը։ Եթե անգամ անհրաժեշտություն է առաջանում դուրս գալ «թույլատրելի» սահմաններից, ապա առաջնորդվում եմ առաջին հերթին ողջամիտ նպատակահարմարության սկզբունքով ՝ ոչ մի դեպքում ի վնաս հիվանդի, թեկուզ ի վնաս իմ ամբիցիաների։ Այլ դրդապատճառներ ինձ համար անընդունելի են»,-ընդգծում է նա։
Հմուտ բժշկի փոխանցմամբ՝ ներկայումս ավանդական մեթոդներին փոխարինում է նոր տեխնոլոգիական վիրաբուժությունը, որտեղ վիրահատությունները կատարվում են էնդովիդեոլապարոսկոպիկ մեթոդով՝ հատուկ գործիքների և սարքերի օգնությամբ։ Սա, իհարկե, որոշ չափով հավասարեցրեց կամ, այսպես ասած, միասնականացրեց վիրաբույժի անհատական ձեռագործական հմտության նշանակությունը՝ ձեռքերի նուրբ և նրբագեղ աշխատանքը փոխարինելով գործիքային և ապարատային աշխատանքով։
Վիրաբույժն ակադեմիական գիտելիքների և վերլուծական մտքի հետ մեկտեղ պետք է օժտված լինի նաև ձեռագործական տաղանդով, ունենա հոգեհուզական խառնվածքի առանձնահատկությունները՝ դիմացկունություն, վճռականություն, քաջություն, արձագանքման արագություն: Երկու հիմնական տարրերից մեկի՝ գիտելիքի և «ձեռքերի» բացակայության դեպքում` անձը կամ լավ գիտաշխատող է, կամ արհեստավոր, որը վտանգավոր է ոչ ստանդարտ իրավիճակում: Միայն այս երկու հիմնական բաղադրիչների պարտադիր ներդաշնակ համադրությունը, մարդկային այլ որակների հետ միասին, կարող է հիմք ծառայել վիրաբույժի կերպարը բնութագրելու համար»,-նշում է Զարեհ Տեր-Ավետիքյանը։
Ըստ նրա՝ վիրաբուժությունն առաջին հերթին գիտություն է, բայց, ի տարբերություն բազմաթիվ այլ բժշկական մասնագիտությունների, վիրաբուժության մեջ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է տիրապետել ձեռագործության որոշակի հմտությունների։ Իսկ եթե այս ձեռագործ հմտությունը հասցվի ձեռակերտ մակարդակի, ապա, իհարկե, սա արդեն զուտ էսթետիկ կատեգորիա է, սա մոտ է արվեստին։
Վիրաբույժի խոսքով՝ ի վերջո, հնարավորության սահմաններում համարձակ կատարված վիրահատությունը ոչ պակաս գեղագիտական բավարարվածության զգացում է առաջացնում, ինչպես պոեզիան,սիրելի երաժշտությունը, լավ ֆիլմը և այլն։ Իհարկե, վիրահատությունը արվեստ չէ, անհերքելի է, բայց անհերքելի է նաև, որ վիրահատությունն առանց արվեստի, առանց ստեղծագործության, Զարեհ Տեր-Ավետիքյանի բնորոշմամբ, սովորական արհեստ է։
«Այսօրվա սերունդը լավն է, չի կարող վատը լինել: Պետք է նշեմ, որ նրանց հայացքը, ճաշակը, վերաբերմունքը շրջապատի հանդեպ ձևավորվում են այն մթնոլորտում, որում ապրում են: Իմ ցանկությունն է, որ բժշկի ճանապարհն ընտրած անձինք առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեն մասնագիտության հանդեպ, ուսումնասիրեն, տեսնեն հայտնի, լավագույն վիրաբույժների փորձը: Ես արդեն պաշտպանել էի թեկնածուական ատենախոսությունը, գործող բժիշկ էի, բայց ձգտում էի գոնե մեկ անգամ տեսնել հայտնի վիրաբույժների վիրահատությունները: Վիրաբուժությունը պետք է սիրել, վիրաբուժությանը պետք է նվիրվել: Հակառակ դեպքում, եթե աշխատանքին վերաբերվես միայն կոմերցիոն տեսանկյունից, լավ մասնագետ հնարավոր չէ դառնալ: Վիրահատությունները ևս պետք է իրականացնել նրբագեղորեն, հմտորեն, գեղեցիկ, ինչպես ցուցված է, իհարկե, բայց անել միայն անելու համար, հանցագործություն է»,-խոսքն ամփոփում է անվանի մասնագետը:
Բժշկի հետ զրուցեց Մայա Խաչատրյանը
20.01.2023 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ