Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԵՊԲՀ. Ապագա բժիշկը փաստում է՝ խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ մատուցված բուժօգնությունը տարբեր է

ԵՊԲՀ. Ապագա բժիշկը փաստում է՝ խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ մատուցված բուժօգնությունը տարբեր է

ԵՊԲՀ շատ ուսանողների նման, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Գուրգեն Բեգլարյանը ևս Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից եղել է բժշկական կենտրոններում,  բուժօգնություն  ցուցաբերել վիրավոր զինծառայողներին, շտապբուժօգնության մեքենաներով Արցախից, Գորիսից և Վարդենիսից նրանց տեղափոխել Երևան:

«Վիրավորների տեղափոխումը իրականացվել է անկախ օրվա ժամից, օրը մի քանի անգամ: Այդ օրերին սեփական անվտանգության մասին մոռանալով, նույնիսկ ռմբակոծության և օդային տագնապի ազդանշանի պայմաններում, փորձել ենք հնարավորինս շատ վիրավորված զինվորների տարհանել: Որոշ վիրավոր հերոսների հետ այժմ ընկերներ ենք»,-պատմում է ապագա պլաստիկ վիրաբույժը:

Նրա խոսքով՝ խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ մատուցած բուժօգնությունը տարբեր է. «Ամեն ինչ էլ ավելի դժվար է, երբ ժամկետային զինծառայող եղբայրդ կրակային դիրքերում ակտիվ մասնակցություն ունի մարտական գործողություններին: Զգում ես, որ խուճապի պայմաններում ավելի ռադիկալ ես մտածում, հիշում ես ուսանողության տարիներին սովորած նույնիսկ ամենաերկրորդային ինֆորմացիան, կարդացածիդ մանրամասնությունները: Պատասխանատվությունդ հազարապատկվում է: Միշտ չէ, որ ժամանակ կա երկար-բարակ մտածելու, շատ կարևոր է իրավիճակային, արագ և հստակ կողմնորոշումը»:

Գուրգեն Բեգլարյանը հավելում է, որ պատերազմի օրերին ավագ գործընկերներից շատ բաներ է սովորել, իսկ այն ինչ տեսել է դեռ երկար ժամանակ կմնա իր հիշողության մեջ: Նա բժիշկ դառնալ ցանկացել է դեռ մանկուց:

«Դա եղել է մորս երազանքը՝ տեսնել որդուն բժշկի ճերմակ խալաթով: Այնուհետև՝ ավելի գիտակից հասակում, հստակ որոշել եմ դառնալ բժիշկ. բժշկությունն ամենամոտն է իմ բնավորությանը, որտեղ ինձ կարողանում եմ լիարժեք դրսևորել: Նեղ մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել եմ նույն սկզբունքով: Միշտ մտածել եմ, որ պետք է գործեն ոչ միայն բժշկի միտքն ու բանականությունը, այլև ձեռքերը՝ ինչ-որ նոր բան ստեղծելու, շտկելու, փոխելու առումով»-ընդգծում է Գուրգենը:

Ապագա պլաստիկ վիրաբույժը նշում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրած ուսանողը պետք է օժտված լինի կարեկից լինելու  հատկությամբ, պատրաստակամ լինի անշահախնդիր օգնելու, լինի անսահման համբերատար, պարտաճանաչ և պատասխանատու, աշխատասեր, պատրաստ լինի անվերջ ինքնակրթվելու, ամեն օր նոր բան սովորելու:

ԵՊԲՀ սովորողն, ամփոփելով իր խոսքը, մաղթում է, որ այլևս երբեք պատերազմը չկրկնվի, որպեսզի միշտ ապրենք խաղաղ երկնքի տակ, իսկ զենքերը կիրառվեն միայն զորավարժությունների ժամանակ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ