Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթոզիոլոգ Արա Պապյան. «Ես շեղվեցի` ինչպես պատերազմի բոլոր մասնակիցները…»

«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթոզիոլոգ Արա Պապյան. «Ես շեղվեցի` ինչպես պատերազմի բոլոր մասնակիցները…»

Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:


1976 թվականին ավարտել եմ Երևանի բժշկական ինստիտուտը, ապա մեկ տարի աշխատել եմ Մոր և մանկան առողջության պահպանման գիտաբժշկական իսնտիտուտում, հետո տեղափոխվել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ աշխատում եմ մինչև օրս:


Բժիշկ դառնալը երազանք չի եղել, պարզապես այդպես ստացվեց: Արվեստագետների ընտանիքից եմ՝ մայրս դաշնակահար է, հայրս՝ նկարիչ: Ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ եթե ինչ-որ բան անում ես, պետք է լավ անես:


Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:


Հայրենիքը ընկերներս են, ընտանիքս, ծննդավայրս, նախնիներիս գերեզմանները, ժողովուրդը…հայրենիքն ամեն ինչ է:


Արցախյան պատերազմ…


Արցախյան պատերազմին մասնակցության համար առաջարկ եղավ և ես գնացի: Սկզբում գնացի Շահումյան, որովհետև ասացին, որ այնտեղ վիրավորները շատ են, բայց անեսթեզիոլոգ չկա: …Չէի կարող չգնալ: Երբ տեսնում ես ոտքը կտրված երեխա, մահացած հարս, արդեն կարծես թե շեղվում ես: …Ու ես շեղվեցի, ինչպես պատերազմի բոլոր մասնակիցները: Արդեն չես կարող հետ գնալ ու հանգիստ ապրել… Ընկերներդ են այնտեղ… Դու պետք ես այնտեղ, և որքան էլ վախենաս, ցանկանաս ապրել, մտածես ընտանիքիդ մասին, մեկ է, գնում ես: Դա բոլորի մոտ կար:


Արցախում մնացի մինչև պատերազմի վերջը:


Ձեր ընկերներն այնտեղ…


Այդ տղաներն արդեն մեծ են կամ չկան այլևս. չկա Մարությանը, որն այդ բոլորը ստեղծել էր, մեծ գործ արել, բժշկական օգնության ծառայությունը հրաշալի կազմակերպել: Արտասահմանից անգամ եկել և ուսումնասիրել են այդ փորձը, որովհետև այն շատ արդյունավետ էր աշխատում: Ամեն պատերազմ իր առանձնահատկություններն ունի: Եվ քանի որ մեզ մոտ տարածքները փոքր են, առանձնահատուկ մոտեցում և ռազմավարություն էր պետք, և այն մշակվել էր:


Ի՞նչ է պատերազմը:


Պատերազմը ընկերների կորուստ է, ծանր վիրավորներ… Ես Մեղրյանի ջոկատի բժիշկն էի: Չգիտեմ, թե որքանով եմ օգուտ տվել:

Եկել էր մի տղա՝ բժիշկ, դեռ 3 ամիս ամուսնացած, և այն ուղղաթիռը, որը ես պետք է նստեի, նա է նստել և զոհվել է, ուղղաթիռը ռմբակոծվել էր: Ես չգնացի, որովհետև վիրավորվել էի աջ ուսից, և դրա համար երևի պետք է ճակատագրին շնորհակալ լինեմ:
Բիշկն այնտեղ, այդ օրերին հարաբերական իմաստ ուներ: Ջոկատը դիվերսիոն էր, և մենք էլ էինք դուրս գալիս կռվի, մասնակցում մարտերին: Իրավիճակն այնպիսին էր, որ հնարավոր չէր միայն ականատես լինել: Հետո եկավ Արմինան, որի ամուսինը զոհվեց ուղղաթիռի ռմբակոծման ժամանակ, և դարձավ հիմնական բժիշկ: Շատ քաջ աղջիկ էր, և իր մասին ավելի շատ պետք է գրվի:


Հիշողություններ…


Իհարկե՛, հիմա միայն լավն եմ հիշում:


Ամենատխուր օրը…


Շահումյանում 17 տարեկան մի տղա, ով ընտանիքի միակ տղան էր, մարտի ժամանակ զոհվեց` դիպուկահարի գնդակից… Տխուր օր էր, երբ Մոնթեն զոհվեց, Մեղրյանը զոհվեց, ո՞րն ասեմ: Գրեթե բոլորն էլ պատերազմի ժամանակ տխուր օրեր են:


Դուք, որպես մարդ՝ պատերազմից առաջ և հետո…


Բոլորը պատերազմից առաջ և հետո տարբեր մարդիկ են դառնում, փոխվում են: Ես ևս …Եթե մինչև այդ մարդու վրա չէի կարող զենք բարձրացնել, այդ ընթացքում սովորեցի: Լավ բան չէ, բայց դա մտնում է ռեֆլեքսի մեջ և…լավ բան չէ:


Փոխվում են կյանքի գնահատականը, արժեքները. այն, ինչ մինչև այդ թվում էր շատ կարևոր, դառնում է ոչ այնքան կարևոր:


Արցախը Ձեզ համար դրանից հետո:


Իմ նախնիները Արցախից են եղել՝ պապս, տատս: Երբ վիճում էին միմյանց հետ՝ արցախյան բարբառով էին վիճում: Եվ մանկությունից այդ բարբառը հասկանում էի, ու Արցախում ավելի հեշտ էր տեղացիներին հասկանալը: Մերոնք միշտ ասում էին, որ Արցախը Շվեյցարիայի նման երկիր է: Ինձ թվում էր, թե նրանց պատմածները ինչ-որ անցյալ են և ինձնից շատ հեռու: Բայց պարզվեց, որ շատ մոտ են…


Մինչև պատերազմը Արցախում չէի եղել… Դա իմ կյանքի շատ կարևոր շրջան էր:


Մարդկային փոխհարաբերություններն այդ օրերին…


Այնտեղ մարդը միանգամից երևում է իր որակով, կարելի՞ է նրա հետ ընկերություն անել, թե` ոչ: Արցախցիները մեզ որպես իրենց հարազատներ էին ընդունում:


Հավաքվո՞ւմ եք պատերազմական ընկերներով:


Նշում ենք մայիսի 9-ը և գրեթե միշտ Արցախում: Բոլորը հրաշք մարդիկ են, Արցախն ինքը հրաշքի է նման:


Ի՞նչ դասեր պետք է քաղենք մեր ապրածից:


Ընդհանրապես մենք դաս չքաղող ժողովուրդ ենք, ցավոք: Հայրենասիրությունը մեզ համար ինքնափրկության խնդիր է: Մենք պետք է կամ գնանք և հայրենիք չունենանք, կամ պետք է ամեն գնով մնանք, պայքարենք և ապրենք մեր հողի վրա:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ