Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am

Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am

Արցախյան պատերազմը մարդկային որակների ճշտման, հոգիների փորձության ժամանակ էր: Հայրենին կյանքի գնով պաշտպանելը, զինակից ընկերոջ կամ, պարզապես, զինվորի համար մարտադաշտում կյանքը վտանգելը, կամ, ոչ պակաս վտանգավոր թիկունքում՝ վիրահատական նշտարը ձեռքին, զինվորի կյանքի համար մաքառելն այդ օրերին, ասես առօրեական, սովորական մի բան էին դարձել, բայց և իսկական նվիրյալների ու հերոսների մկրտության ծես էին, որ քիչ չեղան: Եվ հենց դա էլ մեր հաղթանակի գրավականը դարձավ:

Այդ նվիրյալների մեջ էր նաև ներկայում «Արմենիա» ՀԲԿ 2-րդ ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Արմինա Ռոբերտի Նալբանդյանն իր ամուսնու՝ Արտակ Խաչատրյանի հետ: Նրանք կամավոր Արցախի Շահումյանի շրջան մեկնեցին 1993-ին, երբ Արմինան 25 տարեկան էր: Արտակի հետ բժշկականում սովորել էին միասին՝ նույն խմբում: Ավարտելուց հետո Արտակն արդեն այնտեղ էր, որտեղ օգնության կարիք կար, հոգում ալիքվող մարդասիրության ու ազգասեր հայի մղումով նախ Սպիտակի փրկարարական ջոկատին միացավ, իսկ հետո՝ քուն, թե արթուն, մտքով, թե իրականում` Արցախում էր: Որոշել էր միկրովիրաբույժ դառնալ:

Անմիջապես Արմինայի ասպիրանտուրա ընդունվելուց հետո, 1992-ի դեկտեմբերի 28-ին նրանք ամուսնացան: Կյանքի ինչ երազներով էին լեցուն և իրենց սիրո երանությունն էին կամենում վայելել: Բայց կյանքը երանության կայանում չէր և երկիրն ավելի մեծ իրավունքով իրենն էր պահանջում: Նման պահերին միայն իսկական մարդն է ճիշտ ընտրություն կատարում՝ իր շահն ու անձը մոռացած գնում արդարության կանչերի հետևից: 1993-ին՝ ձնահոսքի տակ մնացած մարդկանց փրկելու համար Արտակը Սպիտակի ջոկատի հետ Վլադիկավկազում էր, որտեղից վերադառնալիս հանդիպել էր Սերգեյ Չալյանին և տեղեկացել, որ ցանկանում են Շահումյանը հետ վերցնել ու բժշկի կարիք ունեն, որպեսզի հնարավոր լիներ ջոկատին հնարավորին մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հենց տեղում: Նույն թվականի ապրիլին Արմինան ամուսնու հետ արդեն Մարտակերտում էր՝ Եղակերի անտառներում, որտեղ էլ հանդիպեցին Շահեն Մեղրյանի հետ և նրա խնդրանքով որոշեցին Եղակերում ու Արտատափում հոսպիտալ հիմնել:

Արմինան բուժական սարքավորումներ ձեռք բերելու համար վերադարձավ Երևան: Արտակը ևս պետք է Երևան գար 1993 թ. ապրիլի 17-ին…Կարճ տևեց երջանկությունը, եթե կռվի տարուբերումներում ապրածը կարող է երջանկություն կոչվել… Շատ կարճ տևեց՝ չորս ամսից էլ կարճ… Արմինային երկար ժամանակ չէին կարողանում հայտնել ուղղաթիռի խփվելու և 11 հոգու հետ նաև Արտակի զոհվելու սարսափելի լուրը… «Նրա մասին պետք է շատ գրվի,- խոնավ աչքերը խոնարհելով ասում է Արմինան,- նա իսկական հայ էր, իսկական մարդ, համեստ, ազնիվ, անաղարտ ակունքից սերված»…

Ամուսնու զոհվելուց հետո, եղնիկի նմանությամբ, խոշոր, գեղեցիկ, լուրջ ու թախծոտ աչքերով հայուհին՝ Արմինա Նալբանդյանը արդեն ստիպված էր՝ վիշտը հոգու խորքում պահած, «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հենակետում միայնակ իրականացնել ռազմադաշտային շարժական հոսպիտալի կազմակերպման գործը, ղեկավարել այն: Երբ Հանրապետական հիվանդանոցի նրա գործընկերները Արմինային խորհուրդ էին տվել այլևս Արցախ չմեկնել. նրա պատասխանը շանթել ու լռեցրել էր բոլորին. «Եթե դուք գնաք՝ ես չեմ գնա»… Եվ դարձյալ ինքն էր գնացել…

Արմինա Նալբանդյանը մասնակցեց Շահումյանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանությանը, տեսավ պատերազմն իր ամբողջ դաժանությամբ, և իր լուսավոր էությամբ ինչ-որ չափով փորձեց մեղմել այն՝ դառնալով շատերի «քույրը», «սրբությունը», «փրկիչը»։ Օրերով քաղցում էին, մրսում, Արմինան ստիպված սունկ ու հատապտուղներ էր հավաքում՝ մարինադ ու մուրաբա պատրաստում, երբեմն, անգամ, նեխած, որդնած ալյուրից են հաց թխել: Ընկերներից ոչ պակաս սիրելի իր շունն էր՝ Վեստոչկան, այլ հովվաշներ էլ ուներ, և, չնայած միշտ զենքով էր, բայց որևէ կյանք խլել չէր կարող ու երբեք այն չօգտագործեց, երբեմն շներն էին փրկում իրենց տիրուհուն:

Բժշկուհին չի սիրում պատերազմական օրերի մասին խոսել՝ ցավոտ է հիշելը. անցյալի այդ դաժան թոհուբոհում ամուսնուց բացի կորցրել է նաև շատ թանկ ընկերներ և հետո՝ հերոսի կեցվածք ընդունելն իր բանը չէ… Գործ է՝ անում է… Պատերազմի դաշտում, թե` այստեղ, նույն կռիվն է մահվան հետ՝ հանուն կյանքի հաղթանակի, այսօր էլ նա ամեն ժամ պատրաստ է հրաշքներ գործել, միայն թե մահվան ձեռքերից ևս մեկ մարդկային կյանքի շարունակության նրա իրավունքը վերադարձնի:

Նա պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Իսկ պատերազմից հետո վերադարձավ կրկին նույն բաժանմունքը և նույն նվիրվածությամբ շարունակեց մահվան հետ իր կռիվը:

2015 թ. դեկտեմբերին ասիստենտներ Գևորգ Սիմոնյանի և Վահե Հակոբյանի հետ Արմինան հերթական անգամ զարմացրեց բոլորին՝ առաջին անգամ Հայաստանում կատարելով ենթաստամոքսային գեղձի եզակի վիրահատություն՝ նրա ոչ թե մասնակի, այլ ամբողջական հեռացումով: 64-ամյա պացիենտի մոտ առկա էր գեղձի գլխիկի քաղցկեղ և նաև ուղեկցող հիվանդություն՝ ծանր աստիճանի երկրորդ տիպի շաքարային դիաբետ: 5.5 ժամ տևած վիրահատությունը դրական արդյունք ունեցավ:

Բժշկուհին միայն հաճույքով խոսում է իր գործընկերների՝ վիրաբուժական իր թիմի մասին. «Շատ լավ, համախմբված անձնակազմ է, ավելին ենք քան գործընկերները՝ պարզապես ընկերներ ենք, օգնում ենք իրար: Իհարկե, երևի ճիշտ չէ ասել, որ վիրաբույժ ծնվում են, բայց որոշակի բնավորություն է պետք, որ վիրաբույժ դառնան, և այստեղ բոլորը հենց այդպիսին են: Եթե ինձ պետք լինի վիրահատել, ես հանգիստ կարող եմ վստահել բժիշկներից յուրաքանչյուրին: Ես չոր, կոշտ մարդ եմ, բայց նրանց նկատմամբ շատ մեղմ եմ»:

«Եզակի է իր տեսակի մեջ, բոլորի կողմից հարգված և սիրված մարդ,- ասում է բաժանմունքի բժիշկ-օրդինատոր Գևորգ Սիմոնյանը,- ծանր, էքստրեմալ դեպքեր իր հերթապահություններին շատ են լինում, բայց չենք անհանգստանում, որովհետև գիտենք, որ նա մեր կողքին է, ով միշտ օգնում է մեզ, ընդառաջում: Երբեք որևէ մեկին կոպիտ դիտողություն չի անում, խիստ նրբանկատորեն, սիրալիր կերպով ուղղում է: Շատ գրագետ է, կիրթ, խիստ համբերատար, անմնացորդ նվիրված իր մասնագիտությանը, ընկերներին, գործընկերներին, մարդկանց»:

Արմինան հիշում է՝ այդպիսին են եղել նաև իր ուսուցիչները և հատկապես Վիկտոր Ափոյանը, ով հիվանդներին չէր տարանջատում և բոլորին նույն լուրջ, հարգալից, հոգատար վերաբերմունքն էր ցուցաբերում: «Հիմա դա կարծես մոդայից դուրս է գալիս». ցավով ավելացնում է նա:
Արմինա Նալբանդյանը վիրաբույժ չի «ծնվել». նա երկար տատանվել է իրավաբանի և բժշկի մասնագիտությունների միջև, և միայն իրավաբան մոր խորհրդով իրավաբանական չի դիմել. «Մինչև օրենքը հասկանաս՝ քո ձեռքով այնքան կեղտոտ գործեր կանեն, որ հետո տակից դուրս չես գա: Երբ ես էի դառնում իրավաբան, դեռ ամեն բան ուրիշ էր, մաքուր, իսկ հիմա ուրիշ ժամանակներ են»- ասել էր մայրը:

Վստահաբար կարելի է ասել, որ Արմինան դարձել է իսկական բժիշկ, իսկական վիրաբույժ և իր ուսուցչի պես հիվանդի հետ շփվելիս բարձրությունից չի նայում նրան, անկախ նրանից, թե ով է, ինչ կարգավիճակում է: «Չեմ հասկանում, երբ ասում են. այ, սրա համար զանգել են, պետք է լավ նայել»:

Ընդհանուր վիրաբույժ է, աշխատում է էքստրեմալ վիճակներում՝ վթարներ, դանակահարություն. Ամեն տեսակի վիրահատություն կատարում է՝ անգամ սրտի վնասվածք, ուռուցք, մի խոսքով՝ ամեն ինչ: Որպես օրինակ կարելի է գործընկերների պատմած մի դեպքը հիշատակել, երբ կրկնակի դանակահարված, սրտի վնասվածքով և արդեն սրտի կանգով երիտասարդ բժշկի վիրահատություն կատարեց, չնայած հերթապահողը մեկ այլ վիրաբույժ էր: Բժշկուհին երկու-երեք րոպեում հասցրեց սիրտը կարել, սրտի աշխատանքը վերականգնել, ու երկրորդ կյանք տվեց այդ հիվանդին: Երկրորդ-երրորդ օրն այդ բժիշկն արդեն քայլում էր առանց որևէ խնդրի, այսօր էլ նա աշխատում է և ինքն է ուրիշների կյանքեր փրկում: Նման դեպքեր շատ են եղել… Շատ են լինում:

«Նրա մասին կարելի է օրերով խոսել, իր տեսակը չի եղել, չեմ տեսել և չեմ էլ կարծում, որ կտեսնեմ,- շարունակում է բժիշկ օրդինատոր Գևորգ Սիմոնյանը,- բացի այն, որ նրա վիրաբուժական ընդունակությունները պրոֆեսիոնալիզմի գագաթին են, նա նաև արտառոց է իր մարդ տեսակով: Հետաքրքիր և անհասկանալի օրինաչափությամբ իր հերթապահություններին գալիս են ամենածանրագույն հիվանդները: Երևի «վերևն Աստված կա», որ եթե դեպքը պետք է լինի՝ լինում է հենց այդ օրը: Բայց միայն մասնագիտական գիտելիքներ չէ, որ սովորել եմ, նրանից, սովորել եմ նաև կյանք, կյանքի և հարաբերությունների նրբություններ, սովորել եմ Մարդ լինել: Այս ժամանակներում, երբ ամեն տեղ հուսահատության պատճառներ են միայն, և անգամ բժշկությունն է ինչ-որ տեղ բիզնեսի վերածվել՝ տեսնելով նրա բարությունը, սրտապնդվում ես, հանգստանում, որ կա գոնե մեկ Մարդ, ով իր լույսը իր շուրջ, մեզ վրա է տարածում ու մենք ասես մաքրվում ենք…»

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Այն երիտասարդը, որ հայկական անձնագիր կը կրէ, պէտք է ծառայէ Հայոց բանակին մէջ. Տօքթ. Ռաֆֆի Ճանէցեանղ arevelk.am
Այն երիտասարդը, որ հայկական անձնագիր կը կրէ, պէտք է ծառայէ Հայոց բանակին մէջ. Տօքթ. Ռաֆֆի Ճանէցեանղ arevelk.am

«Արեւելք»ի հարցումներուն կը պատասխանէ հալէպահայ եւ երկար ժամանակէ ի վեր Հայաստան հաստատուած բժիշկ Ռաֆֆի Ճանէցեան...

ԼՂՀ ԱՆ. Հրաժեշտից առաջ
ԼՂՀ ԱՆ. Հրաժեշտից առաջ

Սիրելի  հայրենակիցներ,

Այսօրվանից դադարեցնում եմ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի լիազորությունների կատարումը...

Հայազգի պրոֆեսորը ԱՄՆ-ում բժշկության մեջ ունեցած ներդման համար պատվավոր մրցանակ է ստացել
Հայազգի պրոֆեսորը ԱՄՆ-ում բժշկության մեջ ունեցած ներդման համար պատվավոր մրցանակ է ստացել

Հայաստանի Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր պրոֆ. Ջոն Բիլեզիկյանը ԱՄՆ-ում ստացել է Վիլյամ Ֆ. Նեյմանի անվան պատվավոր մրցանակը: Այս մրցանակը շնորհվում է ոսկրամկանային համակարգի  դիագնոստիկայի և բուժման...

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` բ.գ.դ, վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյան. բժշկի համար ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` բ.գ.դ, վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյան. բժշկի համար ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է. armeniamedicalcenter.am

Վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանը բժշկի երկար և պատվաբեր ուղի է անցել և իր մեծ ավանդն ունի բժշկագիտության վիրաբուժության ոլորտում: Նա տարբեր վիրաբուժական մեթոդների, վիրահատությունների ներդրողն է...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մի՛ վախեցեք տարբերվել, մի՛ խուսափեք պատասխանատվությունից, մի՛ ընկճվեք դժվարություններից. հորդորում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը
ԵՊԲՀ. Մի՛ վախեցեք տարբերվել, մի՛ խուսափեք պատասխանատվությունից, մի՛ ընկճվեք դժվարություններից. հորդորում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը

Գիտությունը բժշկական համալսարանի առանցքային և ամենակարևոր ուղղություններից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել որևէ բարձրագույն կրթական հաստատության առաջընթացը։ ԵՊԲՀ գիտական ոլորտում տասնամյակներ շարունակ...

ԵՊԲՀ. Համավարակի առաջին օրվանից առաջնագծում պայքարող հոգով զինվորական, մասնագիտությամբ բժիշկ Կառլեն Սարգսյանը
ԵՊԲՀ. Համավարակի առաջին օրվանից առաջնագծում պայքարող հոգով զինվորական, մասնագիտությամբ բժիշկ Կառլեն Սարգսյանը

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատոր Կառլեն Սարգսյանն այսօր էլ առաջնագծում է: Ապրիլյան պատերազմին պատվով իր առաքելությունը  կատարած բժիշկը կորոնավիրուսային համավարակի առաջին օրվանից բժշկի իր...

Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»
Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Կարինե Սարգսյանը Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիրն է, որտեղ կան 20 միլիոնից ավելի նմուշներ: Եվ սա 44-ամյա մանկաբույժի, հետազոտող բժշկի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am

Գիտության նվաճումները վերջին տարիներին մեծ հնարավորություններ են տվել բժշկին: Ինչպես եք գնահատում բժշկության վիճակը նախկինում և հիմա...

Բժշկի ընդունարանում
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանը:

- Բժիշկ դառնալը մանկության օրերի երազանք էր` հատկապես վնասվածք ստացած մարդկանց օգնելու մեծ ցանկությունը...

Բժշկի ընդունարանում
Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում:

«Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը այդ մասնագիտության գծով հանրապետության ամենահին...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք էր, գնացինք»․ հիշում են Արցախյան պատերազմի մասնակից բժիշկները. oncology.am
«Պետք էր, գնացինք»․ հիշում են Արցախյան պատերազմի մասնակից բժիշկները. oncology.am

«Եթե կորոնավիրուսը չլիներ, մենք այսօր Երևանում չէինք լինի։ Ամեն տարի այս օրը մենք անցկացնում էինք Արցախում, այցելում մեր կորցրած ընկերների շիրիմները, անհայտ զինվորի գերեզմանը», - ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի...

Մաշկավեներաբան` Չալաբյան Արեգ. armeniamedicalcenter.am
Մաշկավեներաբան` Չալաբյան Արեգ. armeniamedicalcenter.am

Մաշկաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Գերմանիայի մաշկաբանների ասոցիացիայի անդամ, Պրոֆ. Քակամքարյանի անվ. մաշկաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ...

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Միքայել Գաբրիելյանի հետ. armeniamedicalcenter.am
Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Միքայել Գաբրիելյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է թունաբանության բաժանմունքը:

Բաժանմունքը գործում է արդեն 40 տարի: Այն հանրապետության միակ բաժանմունքն է, որը մասնագիտացված է...

Բժշկի ընդունարանում
Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս. 1lurer.am
Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս. 1lurer.am

Առաջին հաստատությունը, որ ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն էր:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանին տանը սպասում են արդեն մոտ մեկ ամիս...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյան: Դռներից այն կողմ մի այլ աշխարհ է. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյան: Դռներից այն կողմ մի այլ աշխարհ է. armeniamedicalcenter.am

Բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավետիսի Ավագյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ առայսօր դասախոսում է ստիմուլյացիոն բժշկության ամբիոնում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ