Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ . «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին

ԵՊԲՀ . «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին

«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժի 65-ամյա հոբելյանի առթիվ զրուցել ենք նրա հետ հետաքրքիր մանրամասներով լեցուն կյանքի ու գործունեության մասին:

Ճարտարապետության փոխարեն ընտրեց բժշկությունը


«Բժիշկ դարձա պատահաբար»,- պատմում է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ով մանկության տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: Նրա հայրը՝ Բագրատ Սահակյանը ֆիզիկոս էր, Լենինի շքանշանակիր: Հավանաբար վերջինիս ընկերությունը բժիշկ Նիկոլայ Նասիբյանի հետ, ում անունն է կրում այժմ Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը, պատճառներից մեկն էր, թե ինչու էր նա հորդորում իր երեխաներին ընտրել ամենամարդասիրական մասնագիտությունը:


1969թ. Արտավազդ Սահակյանը հոր հետ գալիս է Երևան՝ հոր ուսուցիչ, այդ ժամանակ Ճարտարապետների միության նախագահ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի մոտ 1 տարի որպես օգնական աշակերտելու, այնուհետև ճարտարագիտական ֆակուլտետ դիմելու նպատակով;

 

Սակայն դպրոցը ոսկե մեդալով ավատելու հանագամանքով պայմանավորված հայրն օգտվելով առիթից առաջարկում է դիմել բժշկական ինստիտուտ: Արդյունքում ապագա վիրաբույժը հանձնելով ընդամենը մեկ քննություն ընտրում է բժիշկ դառնալու բարդ և պատասխանատու ուղին: Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն այժմ կրում է վաստակաշատ մանկավարժ Բագրատ Սահակյանի անունը: Բժիշկ դառնալու երազանքն իրականացրին նրա չորս երեխաներից երեքը: Սուսաննա Սահակյանը սրտաբան-թերապևտ է Նոյեմբերյանում, Արարատ Սահակյանը վիրաբույժ-պրոկտոլոգ է, աշխատել է հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում, իսկ Դավիթ Սահակյանը ֆիզիկոս է, հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Իտալիայում, Չիլիում: Արդեն երկու տասնամյակ է, ինչ Դավիթ Սահակյանն աշխատում է Թայվանում, մասնագիտական տարբեր հետազոտություններ է իրականացնում: Մանկավարժ էր նաև Արտավազդ Սահակյանի մայրը՝ Արփիկ Էզդանյանը: Չընտրելով ճարտարապետությունը որպես մասնագիտացում, նրա աշխատանքի ոլորտը՝ պլաստիկ վիրաբուժությունն ու միկրովիրաբուժությունը, որոշակի զուգահեռներ ճարտարապետության հետ, այնուամենայնիվ, ունի: Ինչպես երկարամյա բժիշկն է խոստովանում՝ նրա գործունեությունը «մարմնի ճարտարապետությունն է» բառի բուն և փոխաբերական իմաստով:

Կենսագրական տվյալներ


Արտավազդ Սահակյանը ծնվել է 1953թ. փետրվարի 22-ին, Նոյեմբերի շրջանի Կողբ գյուղում: 1969-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1982-1984թթ. ուսանել է Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։ 1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա» թեմայով, Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի խրախուսական պատվոգրով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։ 1976-1982թթ. աշխատել է Դնեպրոպետրովսկի թիվ 16 հիվանդանոցում որպես ընդհանուր վիրաբույժ, իսկ 1985-1996թթ. կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար։ 1985թ. առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժն ու միկրովիրաբույժն է։ 1990-1992թթ. մասնակցել է Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին։ 1992-1996թթ. աշխատել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչի պաշտոնում։

 

1996-1998թթ. Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովման վարչության պետն էր։ 1996թ. առ այսօր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ։ 200-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է հայկական, ռուսական և արտասահմանյան ամսագրերում։ 7 գյուտի հեղինակ է։ Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS), Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միության (ESPRAS), Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի (IPRAS) անդամ է:


1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ 1998-2008թթ. Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահն էր։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2010թ. պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով: 2014թ. նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում: Արժանացել է «Մխիթար Հերացի», ԼՂՀ «Արիության համար», ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալների, ՀՀ վարչապետի հուշամեդալի: Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ է, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի։

1985 թվականի մարտի 14-ին կատարվեց մարմնի մասի առաջին փոխպատվաստումը


Նախորդ դարի երկրորդ կեսին հիմնադրված Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկը՝ Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը, Արտավազդ Սահակյանի հաջողությունների մեկնակետն է: 1984թ. նա վերապատրաստվում է Մոսկվայի երկու բժշկական կազմակերպություններում ԽՍՀՄ միկրոանոթային վիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Վիկտոր Կռիլովի, ինչպես նաև ծագումով հայ անվանի մասնագետ Գեորգի Ստեփանովի ղեկավարությամբ:


Առաջադեմ և պահանջկոտ Վիկտոր Կռիլովն Արտավազդ Սահակյանին առաջարկում է Հայաստանում հիմնադրել պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության առաջին բաժանմունքը: 1985թ. երիտասարդ գիտնականների միութենական համագումարում պրոֆեսորը կրկին հիշեցնում է իր առաջարկի մասին՝ կշտաբմելով, որ Հայաստանում չկա միկրովիրաբուժական ծառայություն: ԽՍՀՄ առողջապահության նախկին նախարար, ակադեմիկոս Բորիս Պետրովսկուն դիմելուց հետո և նրա անմիջական միջամտությամբ, չնայած առկա խոչընդոտներին և այդ նախաձեռնությունը անիրական համարողներին, Արտավազդ Սահակյանը կազմակերպում է մեր երկրում պլաստիկ վիրաբուժության մասնագիտացված առաջին ծառայությունը:


«Առաջին տարին դժոխային էր, կտրում և կպցնում էին առնետների և ճագարների վերջույթները»,- պատմում է փորձառու միկրովիրաբույժը:
1985թ. Արտավազդ Սահակյանի ու իր նորաստեղծ բաժանմունքի թիմի մասնագետների կողմից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, որն այն ժամանակ կոչվում էր Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղ, կատարվում է մարմնի մասի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: 33 տարի առաջ կատարված վիրահատությունը բժիշկը հիշում է բոլոր մանրամասներով:


«Պացիենտը մասնագիտությամբ կահույքագործ Գնունի Հարությունյանն էր, ով վիրահատությունից մեկ տարի առաջ զրկվել էր աջ դաստակի բութ մատից»,- հստակեցնում է բժիշկը: Վիրահատությունը տևել է 12 ժամ․ առաջին 8 ժամերին նրան օգնել է անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանը, իսկ հաջորդ 4 ժամերին նրան փոխարինել է վիրաբույժ Դերենիկ Գյուլումյանը:


Տասներկու ժամ անց «մարմնի ճարտարապետն» արդեն հերոս էր հիվանդանոցային միջավայրում, դրանից կարճ ժամանակ հետո արդեն նաև Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս: Առաջին վիրահատությունից հետո արժանացավ գործընկերների ծափահարություններին, անգամ նրանց, ովքեր իրեն առանձնապես չէին համակրում: 1985թ. կատարված վիրահատությունը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում, անգամ այս վիրահատության մասին հոդված տպագրվեց ռուսական «Իզվեստիա» թերթում: 1986թ. Ա․ Սահակյանը կատարել է քառասուն փոխպատվաստում, որոնցից հաջող է անցել երեսունինը: Սա այն դեպքում, երբ Համամիութենական մոսկովյան կենտրոնը կատարեց երեսուներեք փոխպատվաստում, որոնցից հաջողվեց միայն տասնյոթը: 1987թ. Ալեքսանդր Միքայելյանի հետ համատեղ կատարում են երիկամի առաջին փոխպատվաստումը: Ժպիտով է հիշում, որ հայ բժշկագիտության պատմության մեջ կարևոր այս վիրահատությանն այն ժամանակ որպես 15-ամյա սանիտար ներկա էր նաև ԵՊԲՀ ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:


«Միքայելյանը հրաշալի վիրաբույժ էր, բարդ խառնվածքի տեր անձնավորություն, որպես վիրաբույժներ անսահման վստահում էինք միմյանց, իսկ ազգային ազատագրական շարժման հարցում գաղափարական հակառակ ճամբարներում էինք»,- նշում է Արտավազդ Սահակյանը:
Հաջորդիվ, ինչպես բժիշկն է բնորոշում, վիրահատությունների հիթ շքերթը մեկնարկեց: Ականավոր վիրաբույժի հետ շուրջ երկու ժամ տևած զրույցը պարբերաբար ընդհատվում էր անգամ շաբաթ օրը՝ նրա կարիքն ունեցող պացիենտների այցելություններով:


Կատարած պլաստիկ և միկրովիրաբուժական միջամտությունների վիճակագրական տվյալները հետագայում աննախադեպ աճ գրանցեցին: Թվերի հետևում, սակայն, ամենից առաջ մարդկային ճակատագրերն են, փրկված և ապաքինված հազարավոր հիվանդներ:

Երկրաշարժ և արցախյան գոյապայքար


Երկարամյա վիրաբույժի կենսագրության մեջ անջնջելի հետք է թողել նաև 1988 թվականը: Ծանր և բարդ տարի էր՝ արցախյան շարժում, սումգայիթյան դեպքեր, Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, այնուհետև` աղետալի երկրաշարժ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը բարդ վիրահատություն էր կատարում: Բժիշկը հիշում է, թե վիրահատության ժամանակ ինչպես են սկսվել վիրահատարանի պատերը ցնցվել, բայց ինքը չէր կարող լքել հիվանդին ու շարունակել է վիրահատությունը:

Արտավազդ Սահակյանը երիտասարդ տարիներից հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ է զբաղվել: Արցախյան ազատագրական պայքարի տարիները բժիշկը ազգային ազատագրական վերելքի տարիներ է համարում: Արցախյան գոյապայքարի տարիներին, առհասարակ պատերազմական իրավիճակներում բժշկության առջև դրված խնդիրներն անկանխատեսելի են, ուստի մշտապես պետք է պատրաստ լինել բարդագույնին: Այդ տարիներին բժիշկն ու իր թիմը կարողացան ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, մաշկալաթեր, որպեսզի արտակարգ իրավիճակներում, Երևանից հեռու ռազմաճակատում հնարավոր լիներ վիրահատություններ իրականացնել: Արցախյան գոյապայքարի առաջին օրվանից մինչև զինադադար, բժիշկը Հայաստանում և Արցախում պայքարող իր հայրենակիցների կողքին էր:

 

Առհասարակ պատերազմական իրավիճակները նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության սրընթաց զարգացման պատճառներից էին:


«Արցախ առաջին անգամ մեկնեցի 1990 թվականի ապրիլին սաֆոնովյան օկուպացման շրջանում: Թիմի կազմում էին Արամ Ղազարյանը, ով Լիոնում հայտնի վիրաբույժ է, Հովհաննես Էգերյանը, Վերոնիկ Ակուջյանը, և այլք»,- հիշում է վիրաբույժը: Բժշկական խմբի առաջին այցն Արցախ ուղեկցվում է խոչընդոտներով: Նրանց ձերբակալում են և միայն երկար բանակցություններից հետո թույլ տալիս այցելել Ստեփանակերտի մարզային հիվանդանոց:


«Վեց օր հիվանդանոցում գտնվելուց հետո հրաշքով դուրս պրծանք այնտեղից և վերադարձանք Երևան»,- հավելում է զրուցակիցս: Իրենց թիմի կազմում էր նաև Լիոնի ներկայիս քաղաքապետ Գևորգ Կեպենեկյանը: Նրա ղեկավարած բաժանմունքի աշխատակիցները պարբերաբար այցելում էին Մեղրի, Նոյեմբերյան, Արցախ և այլ ռազմական գոտիներ, համակարգում վիրավորների տեղաբաշխումը, կազմակերպում բուժօգնությունը: Ինչպես փաստում է վիրաբույժը՝ տուժածների մեծ մասի մոտ առկա էին դեմքի և վերջույթների վնասվածքներ: Ռազմական գործողությունների հետևանքով Արտավազդ Սահակյանը նաև անձնական կորուստ է ունեցել: Վիրավոր ազատամարտիկներին Երևան տարհանելիս ուղղաթիռի հրետակոծվելու հետևանքով 1993թ. ապրիլի 17-ին զոհվել է նրա զարմիկը՝ վիրաբույժ, ազատամարտիկ Արտակ Խաչատրյանը, ով մեկնել էր Շահումյանի շրջան: Նրա կինը` Արմինե Նալբանդյանը, փոխարինեց նրան պարտիզանական ջոկատում և մեկ տարի շարունակ մնաց ազատամարտիկների հետ Շահումյանի լեռներում: Վերջինս 1992 թվականից մինչ այժմ աշխատում է Երևանի հանրապետական հիվանդանոցի 2-րդ վիրաբուժական բաժանմունքում։ 2015թ. Արտակ Խաչատրյանի ծննդավայր Տաշիրի ավագ դպրոցն անվանակոչվեց արցախյան ազատամարտի հերոսի անունով: Երկու տարի առաջ Արմինե Նալբանդյանի և Արտակ Խաչատրյանի սիրո և կյանքի հետաքրքիր ու դրամատիկ պատմությանն էր նվիրված արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» հաղորդաշարի թողարկումներից մեկը:

Հանդիպումներ ու ընկերություն անվանի մարդկանց հետ


1990թ. Արտավազդ Սահակյանը 6 ամսով մեկնում է Փարիզ՝ մասնագիտական ոլորտում կատարելագործվելու նպատակով: Փարիզի լավագույն կլինիկաներից մեկում՝ Սան Լուի հիվանդանոցում (Hospital Saint Louis) բուժվել է նաև հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:

 

Փարիզում ևս հիվանդին փրկելու առիթ ունեցավ, դարձավ հոսպիտալի այդ օրվա հերոսը: Օտար երկրում նա արտոնված չէր վիրահատել, սակայն ֆրանսիացի գործընկերները տեղյակ էին, որ նա անփորձ վիրաբույժ չէ: Սա բժշկի հերթական բարդ վիրահատություններից մեկն էր լինելու: Անմիջապես հիվանդանոցի ճաշարանից իրեն կանչում են վիրահատարան, միջին տարիքի կին պացիենտի մոտ կատարվում է կրծքագեղձի վերականգնում: Յոթ ժամ տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է ավարտվում, հիվանդի կյանքը փրկվում է:


Ֆրանսիայում գտնվելու ընթացքում Արտավազդ Սահակյանը տեղեկանում է, որ Իրանի կառավարության ներկայացուցիչները գալու են Փարիզ՝ պայմանագիր կնքելու համար: Փարիզում նա ծանոթանում է ֆրանսիահայ անվանի քաղաքական գործիչներ Քրիստիան Տեր-Ստեփանյանի և Պատրիկ Դևեջյանի հետ, ովքեր իրեն ջերմ ու բարեկամաբար են ընդունում և միջնորդում են Իրանի կառավարության հետ կապ հաստատելու համար: Արդյունքում նա 1990թ. հանդիպում է ունենում Իրանի առողջապահության նախարար Իրադի Ֆազելի հետ:


«Ընդունելությունն ավարտվեց փոխշահավետ համաձայնությամբ, որոշեցինք հաջորդ անգամ հանդիպել Թեհրանում: Երբ զանգահարեցի Վազգեն Մանուկյանին, պատմեցի եղելությունը, նրա ուրախությանը չափ ու սահման չկար: Սա, թերևս, Հայաստանի առաջին պաշտոնական հարաբերությունն էր օտար պետության հետ: Մեր նպատակն էր Մեղրիում կառուցել միջազգային հոսպիտալ իրանական պետության հաշվին և այնտեղ բուժել իրան-իրաքյան պատերազմի վիրավորներին: Դժբախտաբար թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում դեպքերն այնպես դասավորվեցին, որ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, Ֆազելը՝ առողջապահության նախարարի, և ափսոս, որ ծրագիրը չիրագործվեց»,- մանրամասնում է բժիշկը:


Արտավազդ Սահակյանի թե՛ հիվանդների, թե՛ ընկերների ու մտերիմների շրջանում քիչ չեն անվանի, համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ: Երկար տարիների պատմություն ունի նրա բարեկամության փոխակերպված ընկերությունը ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի հետ: Չի մոռանում, թե ինչպես 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն իր 70-ամյա հոբելյանի համերգից հետո Սանկտ Պետերբուգի Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում իրեն գիրք է նվիրեց:

 

Անձնական ծանոթություն է ունեցել նաև ԽՍՀՄ ԲԳԱ նախագահ, ակադեմիկոս Նիկոլայ Բլոխինի, ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի, այլ անվանի մարդկանց հետ:


Ուշագրավ ևս մեկ պատմություն է ներկայացնում փորձառու բժիշկը: 1988թ. հուլիսի սկզբին, երբ հայտարարվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման քվեարկության մասին Արտավազդ Սահակյանը որոշում է կայացնում հանդիպել այդ ժամանակ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր Յոզաս Օլեկասին, որպեսզի համոզի լիտվական պատգամավորական խմբին կողմ քվեարկել հայկական դիրքորոշման օգտին: Այժմ Յոզաս Օլեկասը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարն է, ում հետ Արտավազդ Սահակյանն անձնական ծանոթություն է ունեցել և առայսօր պահպանում է կապը:


Տարբեր տարիների ընթացքում բժիշկ-գիտնականը համահեղինակել է գրքեր, տպագրել հոդվածներ: Հիվանդանոցի իր աշխատասենյակում և տան գրադարանում բազմաթիվ ստեղծագործություններ հենց հեղինակների մակագրությամբ են: Չի բացառում, որ առաջիկայում մարդկանց ու իրադարձությունների մասին իր հետաքրքիր հուշերը կմեկտեղվեն մեկ գրքում, բայց սա առաջիկայում, քանի որ այսօր նա դառնում է 65 տարեկան, ակտիվ վիրահատում է, զբաղվում կլինիկական աշխատանքով, որը շատ ժամանակ է պահանջում:

Երկարամյա գործունեություն համալսարանական հիվանդանոցում


1996թ. առ այսօր Արտավազդ Սահակյանը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն է, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչը: Տասը տարի վիրաբույժը զբաղեցրել է նաև համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը:


Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության համալսարանական կլինիկան վերականգնողական, միկրովիրաբուժության կենտրոն է, որը մատուցում է բուժօգնություն 24 ժամ: Մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ այստեղ կատարվում են թիմային աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:


Կլինիկան դարբնոց է այս ոլորտի ուսանողների համար: Այստեղ ապագա բժիշկները ստանում նաև հետդիպլոմային կրթություն: Թիմը կարողանում է գեղագիտորեն լրացնել մարդկային հյուսվածքների անատոմիական և ֆունկցիոնալ բացերը, շտկել բնածին կամ ձեռքբերովի արատները, ինչպես նաև կատարել էսթետիկ միջամտություններ: 1984թ.–ից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:


Արտավազդ Սահակյանի ղեկավարած ամբիոնում կատարվում են կլինիկական և փորձարարական հետազոտություններ` ծայրամասային նյարդերի վերականգնման, միկրովիրաբուժական լաթերի փոխպատվաստման վերաբերյալ, էսթետիկ վիրահատությունների արդյունքների գնահատման, ինչպես նաև փորձեր՝ նյարդերի ռեգեներացիայի և իշեմիզացված մաշկալաթերի ախտա‎ֆիզիոլոգիայի ուսումնասիրության բնագավառում:


Անգամ երբ զբաղված էր պատգամավորական աշխատանքով որևէ օր վիրաբույժի աշխատանքը չի թողել: Նա վստահ է, որ բժիշկ դառնալու համար առաջնային նախապայմանն է լինել ազնիվ, ունենալ գիտելիքներ, լինել մարդասեր, երբեք չտառապել մեծամտությամբ: Հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին, իհարկե, դժվար է այսպիսին լինել ամենօրյա կյանքում, բայց պետք է ձգտել:


«Կցանկանայի, որ մեր երկրում օրենքը գերիշխեր, որպեսզի բժիշկները լինեին պաշտպանված և ապահոված և երբեք չդավաճանեին մարդասիրության և բժշկության գրված և չգրված օրենքներին», -շեշտում է երկարամյա մասնագետը՝ խորհուրդ տալով երիտասարդներին առանց վարանելու սովորել ավելի փորձառու գործընկերներից:


Բժիշկ է նաև Արտավազդ Սահակյանի ավագ որդին՝ Արամ Սահակյանը: Նա ևս պլաստիկ վիրաբույժ է: Պարբերաբար համատեղ վիրահատություններ են կատարում: Կրտսեր որդին Ռուբենը ռեժիսոր է, բնակվում է Մոսկվայում: Կինը՝ Մարջիկը, դիզայներ է, նկարչուհի:

Իր կյանքում անփոխարինելի տեղ ունի ծննդավայրը: Պատահական չէ, որ Տավուշի պատվավոր քաղաքացին հանգստյան մեկ կամ երկու օր ունենալու դեպքում, անկախ եղանակից, շտապում է Կողբ՝ վայելելու տեղի բնության գեղեցկությունը:


Բազմազբաղ վիրաբույժի առօրյան լցնում ու դրական լիցքեր են փոխանցում նաև թոռնիկները, որոնց հետ շփվելու առիթը նույնպես բաց չի թողնում:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Մանկության երազանքին` հավատարիմ

«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...

Բժշկի ընդունարանում
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Բժշկի ընդունարանում
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ...

Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից մշտապես հսկվում են ամենատարբեր սրտաբանական խնդիրներ ունեցող պացիենտներ (առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված...

Սրտանոթաբանություն Բժշկի ընդունարանում
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2
«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2

«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
«Տեսնելով մահը՝ մենք ավելի շատ ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն». Անատոլի Գնունի. Սալուտեմ ամսագիր №2
«Տեսնելով մահը՝ մենք ավելի շատ ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն». Անատոլի Գնունի. Սալուտեմ ամսագիր  №2

Բժշկի առաքելությունը, նրա գերխնդիրը միշտ եղել և մնում է կյանքեր փրկելը։


Պատերազմի ժամանակ սակայն, սպիտակ բանակի ներկայացուցիչները, կյանքեր փրկելու իրենց առաքելությունն...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան
Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան

Հուլիսի 16-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադիր Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է...

«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1
«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1

«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 1.2021
Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ
Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ

Տիգրան Քամալյանն անոթային վիրաբույժ է, «Վլ․Ավագյանի անվ․» բժշկական կենտրոնում է աշխատում, մի քանի գործընկեր բժիշկների հետ մասնակցել է Արցախյան  44-օրյա պատերազմին. պատմում է պատերազմում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ