Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Դիալիզը փոխարինող թերապիա է, և այն կարող է երկարացնել մարդու կյանքը. էքստրակորպորալ դետոքսիկոլոգ Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Դիալիզը փոխարինող թերապիա է, և այն կարող է երկարացնել մարդու կյանքը. էքստրակորպորալ դետոքսիկոլոգ Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ, էքստրակորպորալ դետոքսիկոլոգ Ռաֆայել Ֆելիքսի Բաղդասարյանը:

– Որքա՞ն վաղուց է իրականացվում դիալիզային բուժումը:

– Դիալիզը շուրջ մեկդարյա պատմություն ունի, սակայն կլինիկական կիրառությունը սկսվել է XX դարի 50-ական, իսկ հայաստանում` 70-ական թվականներից: Սկզբնական շրջանում բուժումն իրականացվում էր Վիրաբուժության ինստիտուտում: Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կտրուկ զարգացում է նկատվել  այս ծառայության ոլորտում:

1988 թվականից կազմավորվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը Հոլանդիայի և Բելգիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ: Զուգահեռաբար, հեմոդիալիզի բաժանմունքներ կազմավորվել են  Գյումրիում և Վանաձորում:

– Ի՞նչ է հեմոդիալիզը:

– Կարելի է ասել կենսակերպ. հիվանդը շաբաթական 3 անգամ պետք է հաճախի հեմոդիալիզի բաժանմունք և առնվազն 4-ական ժամ ստանա անհրաժեշտ միջամտությունը: Այսինքն՝ «մենք» աշխատում ենք նրա երիկամների փոխարեն: Սա է հեմոդիալիզի հիմնական էությունը:

 

– Ի՞նչ խնդիրների դեպքում է միջամտությունը դառնում անխուսափելի:

– Քրոնիկ երիկամային բոլոր հիվանդությունների վերջնակետը սահմանային քրոնիկ երիկամային անբավարարությունն է, որի ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կյանքը երկարացնել հեմոդիալիզի միջոցով:

Սահմանային երիկամային անբավարարության կարող են հանգեցնել շաքարային դիաբետը, պարբերական հիվանդությունը, արյան զարկերակային գերճնշումը, մի շարք համակարգային հիվանդություններ և այլն:

– Հիվանդը կարո՞ղ է խույս տալ հեմոդիալիզից:

 

–  Թեև քիչ դեպքերում է հնարավոր խույս տալ որպես անխուսափելի բուժման միջոց, սակայն  նրան հանգեցնող հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը և բուժումը կարող է հետաձգել, իսկ որոշ դեպքերում` վերացնել հետագա դիալիզային բուժման անհրաժեշտությունը։

Դիալիզային բուժման հետաձգումը պետք է ինքնանպատակ չլինի, քանի որ ապացուցողական բժշկագիտությամբ հաստատված է. հեմոդիալիզային բուժման ժամանակին սկսելը կտրուկ իջեցնում է հիվանդների մահացությունը, պահպանում նրանց կյանքի որակը։


Դիալիզային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների քանակն անընդհատ աճում է։ Դա է վկայում նաև միջազգային վիճակագրությունը։ Այստեղ բժշկագիտության  զարգացումն ունի բազմակի ազդեցություն։

Մի կողմից` սահմանային երիկամային անբավարարության հանգեցնող հիվանդությունների որակյալ ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման զարգացումը նվազեցնում դիալիզային բուժման կարիք ունեցող հիվանդների քանակը։ Մյուս կողմից, մարդու, այդ թվում նաև արդեն դիալիզային բուժում ստացող հիվադների կյանքի տևողության երկարումը բերում է հեմոդիալիզային բուժման կարիք ունեցող հիվանդների թվի ավելացման: Այսպես է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում:


 «Արմենիա» ՀԲԿ , Հեմոդիալիզի բաժանմունք–   Ե՞րբ է անհրաժեշտ սկսել հեմոդիալիզային բուժումը:

– Ինչպես և ցանկացած բուժական միջոց, այն ունի իր ցուցումները։ Օրինակ, երբ նվազել է երիկամների կծիկային ֆիլտրացիայի արագությունը՝ 15 մլ/ր-ից, ինչը նորմայում 80-120 մլ/ր է:

– Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը:

– Պլանավորված տարբերակում նախապես նախաբազկի շրջանում փոքրիկ և անվտանգ վիրահատություն է կատարվում` զարկերակ-երակային ֆիստուլավորում, ինչը տալիս է մեկ երակի լայնացման հնարավորություն: Այն իրականացնում են միկրովիրաբույժները կամ անոթային վիրաբույժները: Վիրահատությունից  հետո մեկ-երկու ամիս անց սկսվում է բուժումը ծրագրային հեմոդիալիզի եղանակով։ Պայմանավորված ժամին պացիենտը ներկայանում է, և երակի միջոցով միացվում է սարքին։ Սկսվում է միջամտական փուլը: Ամբողջ ընթացքում նա գտնվում է բաժանմունքի անձնակազմի հսկողության տակ:

– Ինչպե՞ս պատրաստվել հեմոդիալիզի:

– Առանձնապես նախապատրաստում չի պահանջվում։ Ցանկալի է նախքան հեմոդիալիզային բուժումը պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ, քանի որ միջամտությունն անմիջական կապ ունի արյան հետ և անհրաժեշտ է հնարավորինս բացառել արյան միջոցով փոխանցվող հիվանդությունները: Այն կատարվում է անվճար: Հիվանդի շահերից է բխում նաև հոգեբանորեն հեմոդիալիզային բուժմանը պատրաստ լինելը:

– Ցավո՞տ է միջամտությունը:

– Ո՛չ, այնքանով, որքանով երակը ծակելը կարող է լինել ցավոտ:

 

– Պացիենտի ինքնազգացողությունը հեմոդիալիզից առաջ և հետո...

– Ինքնազգացողության հետ որևէ բան չի  կատարվում՝ ոչ առաջ, ոչ` հետո: Իհարկե՛, խոսքը սննդակարգը պահպանող պացիենտին է վերաբերում: Շատ դեպքերում հիվանդները չեն պահպանում ջրային և սննդային ռեժիմը: Յուրաքանչյուր հիվանդի համար բժիշկը հաշվարկում է համապատասխան իդեալական քաշի ցուցանիշ, ինչն իրավունք ունի տատանվել 3-5 տոկոսից ոչ ավելի՝ ըստ եվրոպական տվյալների: Շատ պացիենտներ խախտում են դա, ինչի պատճառով հեմոդիալիզի սեանսի վերջում լինում են վերջույթների ձգման երևույթներ, ճնշման անկում, թուլության զգացում: Ինքնազգացողության որևէ այլ փոփոխություն պացիենտները չեն նշում:

– Հեմոդիալիզի սեանսներ ստանալու ընթացքում պացիենտները կարո՞ղ են աշխատել:

– Աշխատունակության վրա բուժման ընթացքը, ինչ խոսք, ազդում է: Սակայն ասել, որ նրանք աշխատունակ չեն, ճիշտ չէ: Այստեղ նույնպես կարևորվում է այն փաստը, թե ինչպես է հիվանդն իրեն հետևում: Նա հասարակության համար լիարժեք անդամ է: Կան նույնիսկ հեմոդիալիզով ապրող մարզիկներ, ովքեր լեռնային հեծանվասպորտով են զբաղվում…

– Դիալիզը միա՞կ ելքն է:

– Այո, միակ ելքն է: Երբ հիվանդի մոտ երիկամներն արդեն չեն կարող ապահովել իրենց գործառույթները և կյանքի համար անհամատեղելի վիճակ է ստեղծվել, դիալիզը փոխարինող միակ թերապիան է, որը կարող է երկարացնել մարդու կյանքը:


 «Արմենիա» ՀԲԿ , Հեմոդիալիզի բաժանմունք
– Կախյալություն առաջացնու՞մ է հեմոդիալիզը:

–  Հեմոդիալիզը կախյալություն չի առաջացնում, ավելին` սուր երիկամային անբավարարության ժամանակ բուժման կարևորագույն և միակ միջոցն է. պացիենտի մոտ սեփական երիկամների փոխարեն աշխատում են արհեստական երիկամները, ինչը նաև սեփական երիկամների համար շանս է «հանգստանալու» և վերստին գործելու: Այս պահին ունենք սուր երիկամային ախտորոշմամբ հիվանդ, ում մոտ երիկամները սկսել են գործել, և շուտով նրան կհանենք հաշվառումից: Սուր երիկամային անբավարարություն կարող է առաջանալ ցանկացած առողջ մարդու մոտ` անգամ ջերմության բարձրացումից, և ո՛չ միայն: Բուժումից հետո մարդը վերադառնում է լիարժեք կյանք: Հեմոդիալիզն, անշուշտ, վախ է առաջացնում, ինչն իր հիմքերն ունի, սակայն չետք է մոռանալ, որ այն վերջին տասնամյակներում որակապես փոխվել է և նվազագույնի են հասցվել բարդությունները։

 

–  Անհրաժեշ՞տ է, արդյոք, պահպանել սննդակարգ հեմոդիալիզային բուժման ժամանակ:

–  Հեմոդիալիզ ստանող հիվանդի սննդակարգը շատ ավելի լայն է, քան նույն պացիենտինը նախքան դիալիզային բուժումը: Նեֆրոլոգի կողմից նշանակված թերսպիտակուցային՝ խնայող սննդակարգը, ավելի շատ «չիկարելիներ» է պարունակում, քան մենք պարտադրում ենք հեմոդիալիզ ստանող պացիենտներին:

–  Ձեր խորհուրդը:

–  Եթե հիվանդությունը զարգանում է և դիալիզային բուժումն անխուսափելի է, ապա հոգեբանորեն տրամադրվեք դրան: Այցելեք բաժանմունք, ստացեք համապատասխան խորհրդատվություն։ Ժամանակին իրականացվող հեմոդիալիզը հնարավորություն է տալիս պահպանել սեփական երիկամների մնացորդային, թեկուզ և չնչին գործառույթները, շեշտակի իջեցնում է բարդությունների, այդ թվում նաև ամենաանցանկալի հավանականությունը:

–  Ի՞նչ այլ մեթոդներ են իրականացվում բաժանմունքում

– Բաժանմունքում իրականացվում է նաև մեկ այլ էքստրակորպորալ դետոկսիկացիոն մեթոդ` պլազմաֆերեզ, որի կիրառությունը բժշկության մեջ նորություն չէ և տասնամյակներ շարունակ նա ապացուցում է իր արդյունավետությունն ու անվնասությունը։ Այն կիրառվում է բժշկության բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են գինեկոլոգիան, թոքաբանությունը, էնդոկրինոլոգիան և այլն։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ