Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Միակ բանը, որ կարելի է սպասել լրատվամիջոցներից, զգոնությունն է». media.am

«Միակ բանը, որ կարելի է սպասել լրատվամիջոցներից, զգոնությունն է». media.am

« Մենք հաճույք են ստանում ուրիշի տրավմաների մասին լսելով կամ տեսնելով: Եվ լրատվամիջոցները փաստորեն օգտվում են այդ ֆենոմենից »

Մարդ արարածը միշտ ուզում է հավատալ, հետևել այն պատրանքին, որ աշխարհը շատ վստահելի տեղ է: Թե՛ քաղաքական, թե՛ ֆիզիկական (ֆիզիոլոգիական) տեսակետից նրան դա պետք է: Ասենք, եթե սկսես կասկածել, որ քո շենքը ամուր չէ ու ամեն վայրկյան քեզ կարող է վտանգ սպառնալ, պարզ է, որ կառաջանա անվստահությունը, ինչը հղի է բավականին լուրջ հետևանքներով:

«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» գիտաժողովում իմ ելույթում ուզում էի փոխանցել այն միտքը, որը պնդում է հոգեկան տրավմաների ու խանգարումների այսօրվա տեսությունը: Հայտնի է, որ տրավմատիկ հոգեվիճակի հայտնվելու համար պարտադիր չէ, որ վտանգավոր իրավիճակում հայտնվենք անձամբ մենք:

Մենք կարող ենք տրավմատիկ ապրումներ ունենալ՝ մեկ ուրիշի տրավմաների մասին տեղեկանալով:

Նախկինում կարծիք կար, որ տրավմատիկ, սթրեսային խանգարումը առաջանում է միայն այն դեպքում, երբ անձամբ քո կամ քո սիրելիների մարդկանց է հետ է մի բան պատահում: Հետո այդ մոտեցումը փոխվեց. տրավմայի սպասումը մեզ կարող է երկրորդային տրավմա փոխանցել:

Եվ այստեղ է, որ շատ մեծ է լրատվամիջոցների դերը: Ես կուզեի, որ լրատվամիջոցները ցանկացած նոր տեղեկություն փոխանցելով, զգուշանան, որպեսզի ուրիշին չփոխանցեն տրավման:

Իհարկե, հասկանալի է, որ ցնցող լուրերը լավ վաճառվում են: Մարդը մի յուրահատուկ ֆենոմեն է, որը սիրում է ուրիշների տրավմաների մասին տեղեկություններ ստանալ: Դա կոչվում է պարադոքսալ հաճույք: Մենք հաճույք ենք ստանում ուրիշի տրավմաների մասին լսելով կամ տեսնելով դրանք: Եվ լրատվամիջոցները փաստորեն օգտվում են այդ ֆենոմենից:


Խնդիրն այն է, որ եթե սթրեսային տեղեկությունը սխալ ճանապարհով է մատուցվում, լսարանի մոտ մաքրագործում՝ կատարսիս, տեղի չի ունենում: Ընդհակառակը՝ ստեղծվում է երկրորդային տրավմա:

Հաճախ մեր կյանքի ընթացքում ապրած նախկին տրավմաները մեզ օգնում են դիմակայել նոր տրավմաներին: Նկատի ունեմ թե՛ կոլեկտիվ, խմբակային, թե՛ անհատական տրավմաները:


Բայց քիչ չեն այն իրավիճակները, երբ դեպքը ոչ թե օգնում է դիմակայել, այլ թարմացնում է նախկին տրավմատիկ վերքը: Ոչ ոք չգիտե այն օրինաչափությունը, թե որ դեպքերում, որ մարդկանց մոտ ինչպիսի հետևանքներ կլինեն:

Միակ բանը, որ կարելի է սպասել լրատվամիջոցներից, զգոնությունն է: Ուրիշ բան հոգեբանները պահանջել կամ խնդրել չեն կարող: Ես կուզեի, որ զանգվածային լրատվամիջոցներում հայտնվող ցանկացած լուր կամ պատկեր, դիտարկվի նաև այս տեսակետից. իսկ որքանո՞վ այն կարող է ցավեցնել իմ ընտանիքին, իմ երեխաներին, անցանկալի հիշողություններ արթանցնել: Եթե այս տեսակետը օրակարգ մտնի, առնվազն 50%-ով կպակասեն այն վտանգները, որոնք սպառնում են մեր հոգեկան առողջությանը:

Ասելով, որ լրատվամիջոցներից դրական օրինակներ ենք սպասում՝ հիշենք, որ այդ օրինակները նախևառաջ պետք է իրական ու իրատեսական լինեն: Դրական օրինակներ են, ասենք, մեր շախմատի հավաքականի հաղթանակները:

Իսկ այն տհաճ երևույթները, որոնք մեր կողքը նկատելի են և բոլորս էլ այս կամ այն կերպ առնչվում ենք դրանց հետ, մասնավոր դեպքեր են, միջմարդկային հարաբերությունների դրսևորումներ: Աշխարհի բոլոր երկրներում դրանք անխուսափելի են:

Հոգեբանության մեջ կա իշխողների կամ իշխանավորների միֆի գաղափարը:

Մեզ մոտ այդ միֆը չկա, իշխանավորների մասին բոլոր տեղեկությունները առավելագույնս հասանելի ու մատչելի են: Մենք գիտենք նրանց ընտանիքների անդամների, միջանձնային հարաբերությունների ու իրենց տիրապետության տակ գտնվող բիզնեսների մասին (ով ում եղբայրն է, խնամին և այլն):

Այս ամենի արդյունքում իշխանությունը կորցնում է իր միֆը, իսկ ժողովուրդը կորցնում է իշխանության նկատմամբ իր հարգանքը:

Կարծում եմ՝ այլ ճանապարհ չկա. իշխանությունները պետք է փորձեն վերականգնել միֆն ու ժողովրդի վստահությունը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, հասարական պահանջը պետք է հասունանա:

Հասկանու՞մ եք, առանց վստահության հնարավոր չէ առողջ լինել:

Հասարակական գիտակցության մեջ մենք այսօր տեսնում ենք, որ նույնիսկ կազմակերպված ընդդիմություն չունենք, որոշ ուժեր ժամանակ առ ժամանակ հայտնվում են, մյուսների հետ համագործակցում, հետո անհետանում: Անընդհատ խոսում եւ լսում ենք, որ ինչ-որ բան պետք է փոխել: Բայց ո՞վ է փոխողը:

Երբ իշխանավորների շարքում տեսնենք այն մարդկանց, որոնց վստահում ենք, վտանգի, վախի զգացողությունը չի տանջի:

21-րդ դարում մարդը մեկ օրվա ընթացքում այնքան ինֆորմացիա է ստանում, որքան միջին դարերում ստանում էր իր կյանքի ողջ ընթացքում: Պատկերացրեք, թե որքան ուժեղ ինֆորմացիոն ալիք է թափանցում մեր հոգեկան աշխարհ: Եվ այդ ինֆորմացիան մշակելը, մարսելը, արձագանքելը շատ դժվար է:

Ես շատ եմ աշխատում երեխաների հետ ու տեսնում եմ, որ եթե մենք չկարողանանք նրանց նոր ու հետաքրքիր բան մատուցել, նրաք ինտերնետային կախվածության տակ կմնան, իսկ շատ դեպքերում՝ ինտերնետի ստրուկը կդառնան: Չեն կարողանա կողմնորոշվել ու հանգիստ վերաբերվել քննադատությանը:

Բայց մի բան հաստատ է. նոր սերունդը մեզանից խելացի է: Բժշկական համալսարանում դասավանդելով՝ համոզվել եմ, որ իրենք շատ նպատակաուղղված ու դեպի շահը (լավ իմաստով) կողմնորոշված անձիք են:

Մենք հին ենք նրանց համեմատ, քանի որ ռոմանտիկ, սովետական գաղափարներով տոգորված անհասկանալի մարդիկ ենք: Իսկ երիտասարդները շատ ավելի կոնկրետ են: Եվ դա հուսադրող է:

Խաչատուր Գասպարյան
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գլխավոր հոգեբան

Սկզբնաղբյուր. media.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ