Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հայաստանում հոգեբուժության հիմնախնդիրներն ու ձեռքբերումները. հանդիպում Արմեն Սողոյանի հետ

Հայաստանում հոգեբուժության հիմնախնդիրներն ու ձեռքբերումները. հանդիպում Արմեն Սողոյանի հետ

Հոկտեմբերի 10-ից Հայաստանում մեկնարկել է հոգեկան առողջության մեկամսյակը: Անդրադառնալով Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրներին` Մեդ-Պրակտիկ թիմը զրուցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ: Վերջերս Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ:


–   Պարոն Սողոյան, օգտագործելով առիթը, ուզում եմ շնորհավորել Ձեզ՝ նոր նշանակման կապակցությամբ: Մանրամասնեք, խնդրե՛մ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կառուցվածքի և ընտրական կարգի մասին:


–   Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ստեղծվել է 1950 թվականին: Այսօր այն միավորում է 117 երկրներից 135 կազմակերպություն: Բոլոր երկրների հիմնական հոգեբուժական ասոցիացիաները միավորված են այս կառույցի մեջ: Ղեկավար կառույցի գլխավոր ասամբլեան 3 տարին մեկ հավաքվում և քննարկում է հիմնախնդիրներն ու ընտրում ղեկավար մարմին: Գործադիր վարչությունը բաղկացած է 8 անդամներից` նախագահ, ընտրված նախագահ, գլխավոր քարտուղար և 5 տարբեր քարտուղարներ` սեկցիաների, հանդիպումների, պետք է լինի կրթական, հրապարակչական, ֆինանսական: Յուրաքանչյուր քարտուղար ընտրվում է 6 տարով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Յուրաքնաչյուր 3 տարին մեկ ընտրվում է ընտրված-նախագահ, ով 3 տարի հետո մեխանիկորեն դառնում է նախագահ: Ընտրությունը կատարվում է գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ: Յուրաքանչյուր երկիր ունի որոշակի քանակության քվե` պայմանավորված իր անդամների թվից:

 

 Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն ՍողոյանԱյս տարի ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), գլխավոր քարտուղար՝ Ռոյ Կալիվայալիլը (Հնդկաստան), հանդիպումների քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա): Կազմակերպության ֆինանսական քարտուղարի պաշտոնում իմ մրցակիցը մասնագիտությամբ հոգեբույժ ԱՄՆ ներկայացուցիչն էր: Քվեարկության արդյունքում` 874 և 274 հարաբերակցությամբ ֆինանսական քարտուղար ընտրվեցի ես: Մինչ այդ համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատմության ընթացքում հետխորհրդային երկրներից որևէ մեկին, ինչպես նաև որևէ հայ հոգեբույժի չէր հաջողվել ընտրվել գործադիր վարչության կազմում:


–   Ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը ասոցիացիայի կազմում:


–   Ֆինանսական քարտուղարը նոր գումարներ ներգրավելու և եղած գումարը արդյունավետ բաշխելու պատասխանատվություն է կրում: Կա, իհարկե՛, պրոֆեսիոնալ հաշվապահ, ով պատրաստում է գործարքները, բայց առանց ֆինանսական քարտուղարի և նախագահի ստորագրության ոչ մի գործարք ուժի մեջ չի մտնում:


Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան–   Անկախ նոր նշանակումից, դուք շարունակում եք ղեկավարել հայկական հոգեբուժական ասոցիացիան: Ներկայացրեք, խնդրե՛մ, ասոցիացիայի գործունեությունից:


–   Ստեղծվել է 1994 թվականին և Հայաստանի խորհրդային հանրապետության «Նյարդաբանների և հոգեբույժների ընկերության» իրավահաջորդն է: Մեր ասոցիացիայի կամզում ներգրավված են մեր հանրապետությունում գործող բոլոր բժշկական կառույցներում աշխատող հոգեբույժները: Ասոցիացիայի կառուցվածքում վերջին խոշոր փոփոխությունները եղան 2009 թվականին: Ստեղծվեց խորհուրդ` բաղկացած ղեկավար պաշտոններ ու գիտական կոչումներ ունեցող հոգեբույժներից, որն ունի զուտ կառավարման գործառույթ, իսկ ղեկավարման գործառույթը վստահվեց գործադիր վարչությանը, որտեղ ավելի երիտասարդ ու եռանդուն մասնագետներ են ընդգրկված:


–   Ներկայում ի՞նչ ծրագրի վրա է աշխատում ասոցիացիայի թիմը:


–   Հիմա մեր աշխատանքը կենտրոնացրել ենք հոգեբուժության ոլորտում էթիկական նորմերի ներդրման ու պահպանման վրա: Բժիշկները և, մասնավորապես, հոգեբույժները թիրախ են դարձել տարբեր ստուգող կազմակերպությունների ու լրատվամիջոցների համար: Առանց հիվանդի համաձայնության կարող են հրապարակել նրա լուսանկարները, կարող են մի ամբողջ հանրապետության համար ցուցադրել հիվանդի մասին տեսանյութ: Հիմա մենք հետևողական ենք լինելու, որպեսզի ամեն ինչ կատարվի գործող օրենսդրության շրջանակներում, խիստ ենք լինելու հատկապես անպատասխան հրապարակումների հանդեպ:


–   Պարոն Սողոյան, առհասարակ, որոնք են հայկական հոգեբուժության հրատապ խնդիրները:


Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան–   Ես հատկապես կարևորում եմ արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման խնդիրը: Պետք է գործեն հոգեսոցիալական կենտրոններ, որոնց նպատակը կլինի մարդկանց հոգեբանական և սոցիալական արտահիվանդանոցային օգնություն ցուցաբերելը: Շատ հաճախ հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից և դրանից հետո կապը ծառայությունների հետ դրսևորվում է միայն դեղամիջոցների դուրսգրումով: Իրականում հիվանդը դուրս գրվելուց հետո պետք է անպայման գտնվի տեղամասային հոգեբույժի հսկողության տակ, սակայն նրան պետք է աջակցել նաև հոգեբանական և սոցիալական առումով: Շատ հաճախ հենց այս գործոնների բացակայության պայմաններում մարդիկ վերադառնում են հիվանդանոց:


–   Այս օրերին հայտարարված է նաև հոգեկան առողջության միամսյակ: Ի՞նչ խորհուրդ ունի այն և ի՞նչ է իրականացվում այս շրջանակում:


–   1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային ասոցիացիան հոկտեմբերի 10-ը սահմանել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս կապակցությամբ մեր ասոցիացիան հայտարարեց հոգեկան առողջության մեկամսյակ: Այս ընթացքում մենք կփորձենք բոլոր լրատվամիջոցներով հանդես գալ հարցազրույցներով, մամուլի ասուլիսներով, տեղեկատվական ելույթներով, որպեսզի ոլորտն ավելի շատ լուսաբանվի ու պարզ լինի հասարակության համար: Արցախում կկազմակերպվի գիտաժողով` նվիրված Արցախում հոգեկան առողջության ծառայությունների հիմնադրման 20-ամյակին: Այս ծառայությունը ներդրվել է Արցախում մեր ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանի նախաձեռնությամբ: Այստեղ կլինի նաև մեր ամսագրի հրատարակման 5-ամյակի հետ կապված շնորհանդես և հոգեկան առողջության հետագա զարգացման մասին գիտական քննարկում: Այս ու նմանատիպ միջոցառումների շարքը կշարունակվի մեկ ամիս:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ