Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է.Վրեժ Շահրամանյան

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է.Վրեժ Շահրամանյան

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ զրուցեցինք մեր կայքի մշտական և հավատարիմ փորձագետ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:


–   Սեռապես առողջ լինելու կարևորագույն պայմաններից մեկը ճիշտ սեռական դաստիարակությունն է: Ե՞րբ, ո՞ր տարիքից և ո՞վ պետք է երեխաների հետ խոսի սեռական դաստիարակությունից:


–   Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետևաբար, այն պետք է սկսել  կյանքի առաջին օրերից: Սովորաբար գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը` ծնողների հետ: Սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երևույթների մասին: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը: Այն իր մեջ ամփոփում է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների և կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը: Օրինակ՝ տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ: Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է: Նրա կենսափորձն այլ բան է ասում, և նա անընդհատ կպատկերացնի  իրեն լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերություների տեսարանը: Այսպիսով՝ երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջև եղած ու դեպի երեխան ունեցած նրանց փոխհարաբերություններից:

–   Շատերը սեռական դաստիարակությունը թյուրիմացաբար շփոթում սեքսի վերաբերյալ զրույցների հետ: Ի՞նչ կասեք:


–   Թյուր կարծիք է: Սեռակրթությունը սեքսի վերաբերյալ զրույց չէ: Սեռական դաստիարակության խնդիրն է`  նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի և մանկածնության գործառույթի լիարժեք ձևավորմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաև մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը: Սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ծանոթացնելն է ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ և սեռի ու սեռական կյանքի այլ տեղեկություններին: Այն սկսվում է, սովորաբար, ութերորդ դասարանից:

–   Որպես սեքսոպաթոլոգ` ինչպես եք գնահատում սեռական դաստիրակության և կրթության որակը մեզանում, հատկապես դպրոցական համակարգում. ի՞նչ է արվում և ի՞նչ չի արվում:


–   Դպրոցներում, որքան նկատել եմ, շատ հպանցիկ են քննարկվում են սեռական դաստիարակության հարցրերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման: Ինչպես գիտեմ, «Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք. օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին: Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, որը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ և խիստ պատասխանտու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցուչներին:  Հանրակրթական դպրոցներում անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որն ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում` խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանատիպ հարցերի շուրջ: Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այն վերցված է ֆիզկուլտուրայի ժամից և տարվա մեջ նախատեսված է 14 ժամ: Սակայն սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը  տարակուսելի և վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում և սպեցիֆիկ մեթոդաբանություն:


Կան որոշ դպրոցներ, որտեղ դասավանդման փորձ ունեցող և թեմային տիրապետող բժիշկ-սեքսոպաթոլոգները պարբերաբար հանդիպում են բարձր դասարանցիների հետ, կարդում դասախոսություններ՝ նվիրված սեռական դաստիարակության ակտուալ խնդիրներին: Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում: Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է:   

–   Դիմելիության տեսակետից ներկայումս ինչպիսի՞ պատկեր է: Տարբերություն կա՞, թե՞ ոչ:
 
–   Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է,  որը բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության պաշտպանն է:


Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ  մեզ դիմել: Լինում են նաև դեպքեր, երբ զույգերը խնդիրներ չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել:  

–   Օրվա կապակցությամբ Ձեր մաղթանքը:


–   «Անկողնային» անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական և ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք է չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: ԲՈԼՈՐԻՆ  ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՍԵՌԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԵՎ ՊԱՅԾԱՌ ԵՂԱՆԱԿ: Եղե՛ք իրազեկված և առողջ: 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ