Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյան

«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը հանրապետության ամենատարեց բժիշկներից է, բայց և հենց տարիքի հարցին վերաբերվում է թեթև ու հումորով. «Չեմ հիշում,- ապա ցածրաձայն ավելացնում է,- 93 տարեկան եմ»:

 

Սեփական անձի հանդեպ խստապահանջությունը չէր կարելի չնկատել, երբ հարցազրույցից առաջ նա ամենայն պատասխանատվությամբ ընտրում էր փողկապը՝ անհանգստանալով, թե ինչ տեսք է ունենալու կադրում:


–   Դուք միշտ և բոլո՞ր հարցերում եք այսպես բծախնդիր:


–   Շատ ճիշտ նկատեցիք:  Ես իսկապես խստապահանջ եմ ինքս իմ և նաև իմ մասնագիտության հանդեպ: Մասնագիտությունս յուրահատուկ է. այն պահանջում է և՛ ինտելեկտուալ կարողություններ, և՛ հոգեբանական մոտեցում, և՛ շրջապատի հետ հաշվի նստել: Եթե այս ամենը միաժամանակ նկատի չունենաս, երբեք լավ բժիշկ չես դառնա: Կրկնակի խստապահանջ եմ իմ գործընկերների, աշակերտների հանդեպ:


–   Դուք մի ամբողջ կյանք եք նվիրել բժշկությանը: Արդարացվա՞ծ եք համարում, երբ հետադարձ հայացք եք նետում տարիներին:


–   Ավելի քան յոթանասուն տարի բժշկությամբ եմ զբաղվում: Իմ մասնագիտությանը ծառայելը սկսել եմ դեռևս բանակում 1942 թ. շարժական հոսպիտալում՝ կռվի դաշտում, բոլոր հնարավոր ծանր պայմաններում՝ վիրահատություններ վրաններում, անհամար հիվանդներ: Այս յոթանասուն տարիների ընթացքում ես ավելի ու ավելի եմ համոզվել, որ միայն բժիշկ պետք է դառնայի:

 

Նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանի 90-ամյակի արարողությունից. ներկա էր իր ամենամոտ ընկերներից Էդիկ Միրզոյանը, ում հետ նույն դասարանում սովորել են 10 տարի՝ Կրուպսկայի անվան դպրոցում, 1930-ականներին   Նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանի 90-ամյակի արարողությունից. ներկա էր իր ամենամոտ ընկերներից Էդիկ Միրզոյանը, ում հետ նույն դասարանում սովորել են 10 տարի՝ Կրուպսկայի անվան դպրոցում, 1930-ականներին

Նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանի 90-ամյակի արարողությունից.
ներկա էր իր ամենամոտ ընկերներից Էդիկ Միրզոյանը, ում հետ նույն դասարանում սովորել են 10 տարի՝ Կրուպսկայի անվան դպրոցում, 1930-ականներին

 

 

Ձգտումը սկսվել է իմ դպրոցական տարիներից: Ես բնագիտություն շատ էի սիրում, հատկապես՝ Դարվինի ուսմունքը: Կարմիր ատեստատով ավարտեցի դպրոցը. բոլորն ինձ ասում էին՝ լավն է, չկորցնես (ծիծաղում է-խմբ.): Ընդունվեցի բժշկական ինստիտուտ, չորրորդ կուրսից եղբորս հետ՝ որպես կամավորներ, ռազմաճակատ մեկնեցինք: Մինչև պատերազմի ավարտը՝  1945 թվականը, ես ծառայեցի բանակում: Հետագայում, պատերազմի ավարտից հետո, շատ տարբեր մասնագիտություններ եմ փորձել, բայց ուրախ եմ, որ ի վերջո ընտրել եմ հենց նյարդավիրաբուժությունը:


Ես իմ կյանքը նվիրել եմ բժշկությանը, կյանքն էլ ինձ հնարավորություն է նվիրել լինելու և աշխատելու աշխարհի տարբեր երկրներում, կուտակելու շատ լավ փորձ:


–   Դարվինիզմի մասին նշեցիք… Շատ տարբեր, անգամ միմյանց հակասող ժամանակների միջով եք անցել. դժվար չէ՞, օրինակ, ընդունել մի գաղափար, հետո՝ դրա միանգամայն հակառակը:


–   Այո, դա այդպես է, բայց պետք է կարողանալ ընդունել, որ կյանքը փոխվում է՝ նոր տեխնոլոգիաներ, նոր գործիքներ… Ես միշտ հետաքրքրվել եմ ամեն տեսակ նորով, աշխատել եմ հետ չմնալ, բազմաթիվ դասընթացների եմ մասնակցել, ընդ որում՝ միջազգային կառույցներում, միշտ աշխարհի տարբեր երկրներից փորձել եմ բերել՝ լավագույն փորձը: Այդ է պատճառը, որ ինձ համարում են Հայաստանի նյարդավիրաբուժության հիմնդիրներից մեկը:


–   Այսօր հետևո՞ւմ եք նորություններին:


–   Այո, ես ստանում եմ արտասահմանյան ամսագրեր: Համացանցում ևս հետևում եմ նորություններին, չնայած այն ավելի պրիմիտիվ է: Ես իմ աշակերտներին ասում եմ, որ միայն համացանցով մասնագետ չեն դառնա:


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյան–   Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր մասնագիտության մեջ:


–   Նախ՝ ես սիրում եմ ծանր հիվանդին, որքան էլ դա տարօրինակ հնչի: Ես նրան ուղղակի նվիրվում եմ՝ անելով հնարավոր ամեն բան:


–   Այսօրվա երիտասարդ բժիշկների գործունեության մեջ կա՞ն ինչ-որ բաներ, որ Ձեզ դուր չեն գալիս:


–   Որոշ միտումներ կան, որ այդքան էլ դուր չեն գալիս: Առաջին հերթին այն , որ շատ են հիմնվում սարքավորումների վրա՝ ախտորոշման ժամանակ:


–   Ո՞րն է Ձեր՝  այս տարիքում այսքան եռանդուն, գործունյա լինելու գաղտնիքը:


–   Աշխատասիրությունը, ռեժիմին հետևելը: Ես առավոտյան շուտ եմ վեր կենում՝ սովորաբար յոթին, ապա՝ գիմնաստիկա, ինչ-որ ջրային պրոցեդուրաներ, 8:00-8:30 նախաճաշում եմ, հետո գալիս եմ կլինիկա: Այստեղ մնում եմ մինչև ժամը 4:00-5:00-ը, գնում եմ տուն, քիչ հանգստանում, իսկ իմ երեկոները տրամադրում եմ գիտական աշխատանքին, ընթերցանությանը:  Առհասարակ, կարդալ շատ եմ սիրում: Վերջերս, օրինակ, վերընթերցեցի Վիկտոր Հյուգոյի լավագույն գործերը, Դիկենսի երեսուն հատորները, մեր հայ գրողներին էլ եմ շատ սիրում՝ Մուրացանին, Րաֆֆիին, Սունդուկյանին… Հաճախ եմ նրանց գրքերը կարդում, շատ մեծ հաճույք եմ ստանում:


–   Գեղարվեստական գրականությունը հուզո՞ւմ է Ձեզ: Ասում են՝ բժշկի մասնագիտությունը ստիպում է հրաժարվել էմոցիաներից...


–   Այո, կարդում ու հաճախ եմ  ազդվում, սառնասիրտ չեմ դարձել: Ինձ թվում է՝ նուրբ սիրտ ունեմ (ժպտում է-խմբ.):


–   Ձեր երեխաներից որևէ մեկը շարունակո՞ւմ է Ձեր գործը:


–   Այո, թե՛ տղաս, թե՛ աղջիկս: Աղջիկս ապրում է Անգլիայում, նյարդահոգեբան է, պրոֆեսոր: Տղաս Հայաստանում է. առաջին մասնագիտությամբ նյարդաբան է, բայց հետագայում վերապատրաստվեց ԱՄՆ-ում և այժմ աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության ղեկավար:


–   Ի՞նչ երազանք ունեք:


–   Իմ մեծ ձգտումն ու երազանքն է, որ բժշկությունը լինի անվճար: Կարծում եմ՝ համբերություն է պետք. երբ երկրի վիճակը մի քիչ բարելավվի, մենք կունենանք անվճար բժշկություն:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ