Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ հանդիպում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ

«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ հանդիպում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ

«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

–   Նախորդ անգամ մեր հանդիպման առիթը Պացիենտի համաշխարհային օրն էր, հետաքրքիր հերթագայությամբ՝ այս անգամ մեր թեման Բուժաշխատողի օրն էր: Բժիշկ դառնալը սկսվում է կրթությունից, և Դուք ամենահամապատասխան մարդկանցից եք, ով կարող է խոսել այդ մասին...


–   Բժշկական կրթությունը շատ առանձնահատուկ երևույթ է, որը պահանջում է նվազագույնը երեք մարդու մասնակցություն՝ դասախոս, պացիենտ և ուսանող: Այս երեքը պարտադիր են: Բացի այս ավանդական մոտեցումից, գոյություն ունի նաև նորը, որն արդեն ներդնում ենք մեր ուսումնական գործընթացում. դա սիմուլյացիոն մեթոդով դասավանդումն է, երբ «ձևացվում» է հիվանդություն: Դա այն երևույթն է, երբ դասավանդվում է մուլյաժների, մանեքենների վրա: Չէ՞ որ հնարավոր չէ անվերջ սպասել, թե երբ կլինի համապատասխան դեպքը: Մուլյաժի վրա ձեռք է բերվում համապատասխան հմտությունը. մասնագետը  «մարզվում» է: Սա նոր խոսք է մեր բարձրագույն կրթության մեջ: Սիմուլյատոր կենտրոնն այս պահին գտնվում է շինարարության փուլում, շուտով կստանանք սարքավորումներ, և նոյեմբերից կսկսի գործել այն: Կենտրոնը հետաքրքրական կլինի ո’չ միայն ուսանողների, այլև վերապատրաստվող, վերամասնագիտացող բժիշկների համար:


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել ՆարիմանյանԲժշկական կրթությունը մշտապես պահանջում է նոր մոտեցումներ, ժամանակին համընթաց քայլեր:


–   Ի՞նչ հատկանիշներ են միավորում Ձեր ճանաչած լավագույն բժիշկներին, կա՞ն ընդհանրական հատկանիշներ:


–   Այո, անպայման: Առաջին հերթին՝ պրոֆեսիոնալիզմը: Պրոֆեսիոնալիզմ ասելով՝ ես հասկանում եմ մի շատ կարևոր հատկանիշ. անկախ նրանից, թե ինչ է կատարվում մարդու հոգում, ինչ է կատարվել իր հետ նախորդ օրը կամ նախորդ գիշերը, նա, անցնելով իր պարտականություններին, չպետք է փոխանցի դա գործին, պետք է կատարի իր աշխատանքը: Ահա ով է իր գործում պրոֆեսիոնալը: Ամփոփեմ. հոգով պրոֆեսիոնալն ամեն ինչում է պրոֆեսիոնալ: Եվ երկրորդը՝ վստահություն պետք է ձեռք բերես և փոխանցես պացիենտին: Նա պետք է վստահ լինի, որ դու հասկացար իր խնդիրը և այն կարող ես լուծել, և արդեն իսկ լուծում ես: Նա կմիանա քեզ, ու հիվանդության դեմ պայքարում դուք արդեն միասին կլինեք:


–   Փաստորեն, բժշկվելու ընթացքը պացիենտին չպետք է անպարզ լինի, ինչպես բժշկի ձեռագիրը…


–   Նա պետք է հասկանա այն չափով, որքանով դա կօգնի իրեն՝ հաղթահարելու իր խնդիրը, իսկ այդ չափը որոշում է պրոֆեսիոնալը: Բժիշկը պետք պացիենտին կարողանա դարձնել իր գործընկերը հիվանդության դեմ պայքարում:


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Բժշկությունն այն քիչ մասնագիտություններից է, որոնց կրողները երդում են տալիս… Դուք ինչպե՞ս եք նայում այդ խորհրդանշին, կփոխեի՞ք որևէ բան Հիպոկրատի երդման մեջ:


–   Մենք հիմա պատրաստվում ենք մեր ավարտական երեկոյին, և պետք է ասեմ, որ այդ գայթակղությունը՝ ավելացումներ անել երդմանը, իմ մեջ կա, սակայն, մյուս կողմից մտածում եմ՝ գուցե շատ ինքնավստահ քայլ լինի… Քանի որ Դուք եք հարցնում, ես կարող եմ օգտագործել այս առիթը և հայտարարել՝ այն, ինչ հնչում է Հիպոկրատի երդման մեջ, ինչ հնչում էր Խորհրդային Միության բժշկի երդման մեջ, և ինչ այսօր հնչում է հայ բժշկի երդման մեջ, իրականում դարերից եկած, դարերի ընթացքում մեր մասնագիտությունը բնորոշող պարտադիր պահեր են… Վերաբերմունքը դեպի պացիենտը, դեպի գործընկերը. այնտեղ ամեն ինչ գրված է… Բայց կա մի բաց, որը կարելի է լրացնել՝ ինչպես ես վերաբերվում ինքդ քեզ... Ես այստեղ կավելացնեի. «Երդվում եմ ողջ կյանքում շարունակել ուսումս...»:


–   Շատ արդիական հավելում կլինի՝ հատկապես շարունակական կրթության համատեքստում:


–   Այո, ինչպես տեսնում եք, շատ եմ կարևորում պրոֆեսիոնալիզմը: Բժիշկը պետք է լինի շարունակական պրոֆեսիոնալ կատարելագործման գործընթացում:


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Բժիշկները հիմնականում նշում են, որ իրենք բժիշկ են ամեն ժամ: Այստեղ առաջանում է ընտանեկան, անձնական կյանքի հետ բախման խնդիր: Ինչպե՞ս եք տեսնում լուծումը:


–   Այո՛, բժիշկն աշխատում է օրական 24 ժամ, շաբաթը՝ 7 oր: Իմ կինը մանկաբարձ-գինեկոլոգ է, և մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է իր առջև դրված բժշկական խնդիրները: Երբեմն երեկոները քննարկում ենք ինչ-որ դեպքեր, խնդիրներ՝ կապված մեր մասնագիտական գործունեության հետ: Լավ է, երբ կողակիցդ նույնպես բժիշկ է. սա կարող եք ընդունել նաև որպես խորհուրդ: Բայց, ինչպես ասում են, սերը մեզնից ուժեղ է: Ում սիրես, նրա հետ էլ պետք է կարողանաս կապել կյանքդ: Սերն է կարևորը...


–   Բժիշկ լինելու գլխավոր բարդությունները…


–   Բժիշկների շրջանում բավական տարածված է քրոնիկ հոգնածության համախտանիշը, և դա ունի լուրջ պատճառներ: Կան բաներ, որոնք շատ դժվար է հաղթահարել՝ ուրիշի ցավը, պացիենտի մահը, քրոնիկական հիվանդին բուժելու դժվարությունը, հիվանդ երեխան…Երբեք այս ամենին սովորել հնարավոր չէ. ես դրան չեմ հավատում… Յուրաքանչյուր սխալդ, յուրաքանչյուր կասկածդ անդադար կապված են ներքին ապրումների հետ: Բժշկի առողջությունը մեծ ռիսկի է ենթարկված՝ միշտ: Դրա համար ես իմ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը տեսնում եմ բժիշկների առողջության պահպանման համակարգ ստեղծելը. ֆիզիկական վարժություններ, ճիշտ սնունդ, ռեժիմ, հոգեհուզական լիցքաթափման տարբեր միջոցներ:


–   Ձեր բոլոր Բուժաշխատողի օրերից ամենատպավորիչը...


–   Հենց սա (ժպտում է-խմբ.): Անկեղծ եմ ասում:  Ինձ երբեք նախկինում բախտ չէր վիճակվել այս թեմայով հարցազրույց տալ:


–   Ես սպառեցի իմ հարցերը: Ի՞նչ կուզեիք ավելացնել:


–   Տարբեր հավաքույթների ժամանակ առողջության համար կենաց բարձրացնելիս ես միշտ կրկնում եմ նույն բանը. մեծամասնության համար առողջության մաղթանքները պարզապես խոսքեր են, երազանքներ, բարի հույզեր, իսկ մեզ համար դա աշխատանք է...

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ