Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Բուժաշխատողի օրվա առիթով. «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ հանդիպում պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ

Բուժաշխատողի օրվա առիթով. «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ հանդիպում պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ

– Բժշկության ոլորտում Ձեզ կարելի է տեսնել ամենատարբեր կազմակերպչական աշխատանքներում: Ձեր մասնագիտական բարձր որակներից բացի, հիացմունքի է արժանի նաև այդ կազմակերպչական ջիղը… Բժշկի համար դա ցանկալի՞ որակ եք համարում:


– Կարծում եմ կազմակերպչական ջիղը մարդու մեջ լինում է՝ անկախ ոլորտից: Առաջնորդի հատկանիշները միշտ են նկատվել իմ մեջ, իմ տեսակին դա բնորոշ է. լիդեր եմ եղել և՛ դպրոցում, և՛ համալսարանում, և՛ առաջնորդել եմ շատ փոփոխություններ կրթական համակարգում: Լիդերը միշտ տարբերվում է մյուսներից: Խմբում անպայման առանձնանում է մեկը, ով ուրիշ մարդկանց համար որոշում է կայացնում, կազմակերպում, տալիս լուծումներ, և մարդիկ շարժվում են՝ ըստ դրա: Կարծում եմ դա մեր ընտանիքի հատկանիշներից է. եղբայրս էլ է այդպիսին: Հավանաբար դա է պատճառը, որ ընտրությունն ինձ վրա կանգնեց, երբ փնտրում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար:

 

Բժիշկների շրջանում կազմակերպչական աշխատանքն ունի՞ առանձնահատկություններ:


– Չեմ կարծում, որ շատ ակնհայտ առանձնահատկություններ կան, պարզապես օրենքներ կան… Կա գիտություն, որը կոչվում է առաջնորդություն (leadership), և եթե ունես համապատասխան ունակություններ, ձեռք բերելով ավելի շատ գիտելիք, կարողանում ես շատ բաների հասնել: Եթե անկեղծանամ, առաջնորդության բավականին շատ կուրսեր եմ անցել՝ լինելով ԱՄՆ-ում, աշխատելով արտասահմանյան տարբեր հիվանդանոցներում. բժշկական ոլորտում նույնպես կազմակերպվում են նման կուրսեր, որտեղ կարելի է ձեռք բերել մարդկանց հետ հարաբերվելու շատ ու շատ գործիքներ:

 

Հանդիպում պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ Հանդիպում պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ Պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյան


Ձեզ ինչպե՞ս կբնորոշեք բժշկության ոլորտում՝ ո՞վ եք Դուք:


– Ես բժիշկ եմ, ով մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը, ով հավատում և նպաստում է կրթությանը: Կարող եմ ավելին ասել՝ լավ բժիշկ եմ (ժպտում է), քանի որ շատ սիրում եմ պացիենտի հետ աշխատանքը, կլինիկական ասպարեզում ակտիվ եմ: Բժիշկ լինելով հանդերձ՝ փորձում եմ իմ գործունեության բոլոր փուլերում նաև սովորեցնել մարդկանց: Օրդինատորների հետ աշխատելն ինձ համար մեծագույն հաճույք է: Մարդիկ կան՝ էքստրեմալ սպորտից են հաճույք ստանում, ես՝ վիրահատարանում կամ լսարանում մարդկանց սովորեցնելիս:


Ձեր խոսքերն ինձ հիշեցրեցին Դալայ Լամային, ով ասում է, որ մարդը կարող է անմահանալ միայն սովորեցնելով…


– Լիովին համամիտ եմ: Ի վերջո, մոտավորապես յոթանասուն-ութսուն տարեկանում ավարտելու ես գործդ, բայց կլինեն բժիշկներ, ում փոխանցված գիտելիքների շնորհիվ գործը կշարունակվի: Անկախ այն բանից՝ ինչի ես հասել, ամենափոքրն անգամ, որը կարողանաս փոխանցել քո անձնական փորձից, շարունակում է կյանք ունենալ, ապրում է: Չեմ ընդունում այն փաստը, երբ չեն սովորեցնում՝ կարծելով, որ դրանով ստեղծում են մրցակիցներ: Իսկապես, Հայաստանը փոքր է, և եթե ակտիվորեն սովորեցնես մի քանի բժշկի, նրանք երեք-չորս տարի անց դառնալու են քո մրցակիցները՝ նվաճելով հեղինակություն և, գուցե ավելին, տիրապետելով ավելի նոր սարքերի: Բայց, եթե նույնիսկ այդպես է, չի նշանակում, որ պետք է թողնես՝ մեռնի գիտելիքը, չսովորեցնես…

 

Պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ Պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ Պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ

 

Որպես բժիշկ՝ ընտրել եք ամենաէսթետիկ ոլորտը՝ պլաստիկ վիրաբուժությունը: Ինչպե՞ս և ինչո՞ւ:


– Դպրոցում շատ հետաքրքրված էի կենսաբանությամբ, գենետիկայով, հաղթել էի մի շարք օլիմպիադաներում: Բոլորը մտածում էին՝ դառնալու եմ կենսաբան: Սակայն ընտանիքում ունեինք բժիշկ՝ քեռիս, ով մանկաբույժ էր և նրա օրինակն անընդհատ աչքիս առջև էր, ու ինձ դուր էր գալիս: Դրան զուգընթաց բժշկի մասին մի բազմասերիալ կինոնկար էր ցուցադրվում, որից շատ տպավորված էի: Այսպես, հանգամանքները գումարվեցին, և որոշեցի ընդունվել բժշկական համալսարան: Համալսարանում լավ եմ սովորել, չկարևորելով, իհարկե, գնահատականները, պարզապես հեշտ էր ստացվում: Չորրորդ կուրսում սկսեցի աշխատել Վիրաբուժության համամիութենական կենտրոնում (ներկայիս Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը)՝ որպես ֆելդշեր, քանի որ միայն համալսարանում ստացած գիտելիքներով լավ բժիշկ դառնալ չես կարող: Ամենածանր բաժանմունքում էի աշխատում՝ վերակենդանացման, որտեղ հերթապահությունների շնորհիվ մեծ փորձ բերեցի: Հետագայում դա օգնեց ինձ՝ չվախենալ հիվանդից: Հիմա, որտեղ էլ հանդիպեմ հիվանդի, կարող եմ օգնություն ցույց տալ: Նման դեպքեր շատ են պատահել, երբ անսպասելի իրավիճակը հանկարծակիի է բերում, և ուժերի վրա վստահ լինելն ավելի քան կարևորվում է՝ հիվանդին օգնություն ցուցաբերելու, երբեմն ուղղակի կյանքը փրկելու: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ուսանողի համար շատ կարևոր է բուժքույր, ֆելդշեր աշխատելը: Աշխատելու տարիներին հանդիպեցի բժիշկ Արտավազդ Սահակյանին. երկրաշարժին հաջորդող ծանր տարիներն էին, հետո Արցախյան պատերազմը… Շատ բարդ վիրահատություններ էր իրականացնում: Նա իմ առաջին ուսուցիչը դարձավ, ով պլաստիկ վիրաբուժության ասպարեզում է, և նա էլ իմ մեջ միկրովիրաբուժության հանդեպ հետաքրքրություն արթնացրեց:

 

Պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ Հանդիպում պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ Պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանի հետ

 

Ինչպե՞ս է սովորաբար անցնում Ձեր՝ բժշկի օրը:


– Միշտ փորձել եմ կազմակերպել օրս: Նախկինում դա ընդունված չէր, ասենք, որոշում կայացվեր, որ, օրինակ, այսօր քեզ համար պացիենտի հետ խորհրդատվության օր է, և ուրիշ ոչնչով չես զբաղվելու… Ձգտել եմ միշտ օրերս կանոնակարգել: Կան օրեր, որ վիրահատարանում եմ անցկացնում, օրեր, որ հերթապահում եմ և այլն… Կարծում եմ՝ լավ մասնագետ լինելու գլխավոր պայմանը պրակտիկ աշխատանքից չհեռանալն է, որին փորձել եմ հավատարիմ մնալ:


Բժիշկ լինելու ճակատագիրը…


– Ամենակարևորը մարդասիրությունն է: Պետք է սիրես մարդկանց, փորձես օգնել, երբեք պացիենտին չդիտարկես որպես քո հավակնությունների բավարարման միջոցի: Օրդինատորների խմբերում աշխատելիս հստակ երևում է՝ ով կդառնա լավ բժիշկ, ով կարիքի դեպքում չի տարբերակի՝ որն է իր, որն է բուժքրոջ պարտավորությունը: Մարդասիրություն, կարեկցանք… Ինչու ոչ, նաև ինքանսեր լինել, որը կստիպի միշտ ձգտել նոր գիտելիքի, նոր փորձի, ինչին դեռ չի հասել ուրիշը, իսկ հետո՝ փորձել սովորեցնել…

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ