Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հայաստանում էր իտալահայ նշանավոր կոլոպրոկտոլոգ Ռուբիկ Բեհբուն

Հայաստանում էր իտալահայ նշանավոր կոլոպրոկտոլոգ Ռուբիկ Բեհբուն

Իտալահայ կոլոպրոկտոլոգ Ռուբիկ Բեհբուն մշտապես սպասված հյուր է Էլիտ-Մեդ բժշկական կենտրոնում: Օրերս նա նորից Հայաստանում էր և իրականացրեց հաստ աղիքի ուռուցքների վիրահատություններ լապարասկոպիկ եղանակով:

 

Նշանավոր բժշկի հրավերի մասին զրուցեցինք Էլիտ-Մեդ բժշկական կենտրոնի տնօրեն Իշխան Իշխանյանի  հետ:                 

–   Ինչո՞վ են առանձնահատուկ Ռուբիկ Բեհբուի վիրահատությունները:


–   Հերթական անգամ Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն էր այցելել իտալահայ մեր գործընկերը, ով աշխարհում մեծ ճանաչում ունեցող կոլոպրոկտոլոգ է: Արդեն չորրորդ անգամ էր, ինչ Ռուբիկ Բեհբուն հյուրընկալում էր մեզ մոտ: Հիմնականում զբաղվում է հաստ աղիքի ուռուցքների՝ լապարասկոպիկ վիրահատություններով: Այսօր նման մեթոդով վիրահատություններ իրականացնում են շատ քիչ մասնագետներ: Ի տարբերություն ավանդական՝ լապարատոմիկ եղանակի, այս դեպքում չկան մեծ կտրվածքներ, հետվիրահատական բարդությունները շատ քիչ են, կյանքի որակը ավելի բարձր է, հիվանդը ստացիոնարում մնում է ընդհամենը երեք օր, չմոռանանք նաև կոսմետիկ էֆեկտը: Մեզ մոտ կատարվեց նման երկու վիրահատություն. ամեն ինչ բարեհաջող անցավ և հիվանդները միջամտությունց հետո արագ ապաքինվեցին:


–   Ինչպե՞ս է կազմակերպվում բժշկի այցը, կա՞ նախնական գրաֆիկ:


–   Այո, մենք նախապես հերթագրում ենք և նախապատրաստում: Այս անգամ կատարվեց չորս վիրահատություն, քանի որ բժիշկը Հայաստանում էր միայն երեք օրով: Բժիշկ Բեհբուն մեզ մոտ կատարում է վիրահատություններ գերժամանակակից մեթոդներով, որոնք դեռևս ներդրված չեն Հայաստանում:


–   Իսկ ինչո՞ւ այդ մեթոդները դեռևս չկան Հայաստանում:


–   Առաջին հերթին տեխնիկական միջոցների անբավարարությունը, որոնք բավականին թանկ արժեն: Պարոն Բեհբուի այցելությունները հիմնականում բարեգործական նպատակներ են հետապնդում, նա իր հետ բերում է նաև անհրաժեշտ տեխնիկան: Լինելով հայ՝ ցանկանում է ինչ-որ կերպ օգտակար լինել իր ժողովրդին: Մեր բոլոր հիվանդները միշտ շատ գոհ և շնորհակալ են բժշկին:


–   Ինչպե՞ս եք ծանոթացել դոկտոր Բեհբուի հետ:


–   Հանդիպել ենք բժշկական կոնֆերանսի ժամանակ: Նա թե՛ հիանալի մասնագետ է, թե՛ գերազանց մարդ: Մինչ այս համագործակցությունը նա երբեք չէր եղել Հայաստանում:

Հայաստան այցի, կատարած վիրահատությունների մասին Մեդ-Պրակտիկին պատմեց նաև բժիշկ Ռուբիկ Բեհբուն:


–   Գո՞հ եք Հայաստանի հետ համագործակցությունից:


–   Մեծ երջանկություն է ինձ համար դոկտոր Իշխանյանի հետ ծանոթ լինելը: Նա է ինձ հրավիրել Հայաստան: Առաջին անգամ երբ եկա, կարծես թե  վիրահատություն չարեցինք, պարզապես շրջեցի Երևանում ու շատ-շատ սիրեցի: Ես չէի հավատում, որ այսքան գեղեցիկ, այսքան լավն է Երևանը: Եվ այդպես սկսվեց մեր համագործակցությունը: Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ բարեհաջող է ստացվում: Ես ուզում եմ վերադառնալ նորից ու նորից:


–   Ի՞նչ ճակատագրով եք հայտնվել Իտալիայում:


–   Ես ծնվել եմ Թեհրանում, իսկ Իտալիա գնացել էի սկզբում սովորելու նպատակով: Հետո այնտեղից մեկնեցի Անգլիա, ապա՝ Ամերիկա: Ավելի ուշ վերադարձա Եվրոպա և հաստատվեցի Իտալիայում: Վերադառնալու պատճառ հանդիսացավ համալսարանում դասավանդելու հրավերը:


–   Կուզեի՞ք տեղափոխվել Հայաստան:


–   Ես ամեն անգամ մեծ սիրով եմ գալիս, երբ ինձ հրավիրում է պարոն Իշխանյանը: Մոտ մեկուկես ամսից նորից այստեղ կլինեմ: Այնքան սիրեցի Հայաստանը , որ նունիսկ ցանկանում եմ տուն գնել Երևանում ու գուցե և մի օր տեղափոխվեմ այստեղ մշտական բնակության:


–   Ահազանգեր են հնչում, որ շատացել են աղիքների ուռուցքային հիվանդությունները: Դուք ունե՞ք նման վիճակագրություն:


–   Այո, կա նման վիճակագրություն: Դա մեծապես պայմանավորված է չոր սննդով, անկանոն սննդակարգով: Ժամանակին ստամոքսի քաղցկեղն էր մեծ տարածում գտել, այսօր՝ աղիքների:

–   Հայաստանում բժշկության Ձեր ոլորտն իր ձեռքբերումներով շա՞տ է հետ մնում Իտալիայից, եթե համեմատեք:


–   Իտալիան, իհարկե, շատ ավելի առջևում է: Կոլոպրոկտոլոգիայի ոլորտում լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ Իտալիայում իրականացվում են արդեն շուրջ քսան տարի: Հայաստանի համար դա դեռևս թանկ վիրահատություն է:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ